ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ

14 Մյս

Տխուր մարդն ամաչում է իր տխրության համար: Նա նստում է քեզ հետ, կատակներ է անում, ծիծաղում է ամենաբարձրը, սակայն տխրությունն աչքերից այնպես է ծորում, որ նա ոչինչ չի կարող անել այդ հոսքն ընդհատելու համար: Նրա բառերը հատու են և անարժեք, նրա շարժումները կտրուկ են, իսկ մատներն՝ անհանգիստ: Նա դեռ շարունակելու է հավատալ, թե ոչինչ չի կարող մատնել իր տխրությունը: Նա ազնվորեն չի ցանկանում լսել այդ մասին, ու եթե անզգուշաբար հարցնես, կասի՝ ամեն ինչ կարգին է, հետո նորից կկրկնի, որ ինքն էլ համոզվի: Նա կմնա քեզ հետ երկար ու կերազի միայնության մասին: Նա ինքը բազում հարցեր կտա ու պատմություններ կհիշի, սակայն ուզածը լռությունն է լինելու: Բայց նա սարսափում է թե մեկից, թե մյուսից: Ամեն ինչ, միայն թե ոչ լռությունը միայնության կողքին, ամեն ինչ, բայց ոչ անզորությունը: Տխրությունը վիշտ չէ, որ փարատես, ցավ չէ, որ մեղմես մխիթարանքով: Դրա համար էլ տխրել չի ուզում, ինչ էլ որ լինի: Ինչ էլ որ լինի:
Ուրեմն պետք չէ տխրել նաև անցնող օրվա համար, և ամպամած երկնքի համար, և չարդարացված հույսերի համար, և այրված ծխախոտի համար, և անորոշ սպասման համար, և դատարկ բառերի համար, և մեռած մարդկանց համար, և քաղցր հուշերի համար, և թափված գինու համար, և երկրի պտույտի համար: Ոչնչի համար պետք չէ տխրել: Ընդամենը ափսոսալ է պետք: Ու մենք բոլորս էլ ափսոսալու ենք, որովհետև երբ կանցնի ժամանակը, օրը, տարին, դարը, տխրությունից ոչինչ չի հիշվելու, սակայն երկարակյաց կլինի ափսոսանքը՝ մարդու համար արարված:

Հովիկ Չարխչյան

teen-depression-e1511358524718-1440x564_c

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s