Հովիկ Չարխչյան. «Նոր սերնդի ու նոր որակի ականատեսն ենք՝ իշխանությունները տագնապելու բոլոր հիմքերն ունեն»

4 Մյս

Շարունակվող հանրահավաքներն ու ակցիաները, ըստ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի, նախկին կանխատեսումների տրամաբանական զարգացումն են:
«Օրեր, ամիսներ շարունակ ահազանգվում էր, որ հասարակության համբերությունն անսպառ չէ, որ մի օր պայթելու է, այդ հեղեղը լցվելու է քաղաքի փողոցներն ու այլևս շատ դժվար է լինելու այն կասեցնել: Մենք այսօր այդ կանխատեսելի զարգացման ականատեսն ենք և այստեղ ես որևէ զարմանալի, անսպասելի ու չնախատեսված բան չեմ տեսնում: Այլ խնդիր է, որ իշխանությունները մինչև վերջին պահն էլ փորձում են այս ամենը «մի խումբ մարդկանց խժդժություններ» ներկայացնել, թեև իրենց հոգու խորքում շատ լավ հասկանում են, թե երկրում ինչ է կատարվում, և սա ինչի հետևանքն է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Չարխչյանը:
Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, նա նկատեց. «Բնության մեջ գոյություն չունի այնպիսի հասարակություն, որ զուրկ է պայքարելու, ընդվզելու ընդունակությունից: Հասարակության սպասումները և դադարները չպետք է նույնացվեն ապատիայի կամ իր հիասթափությունների հետ: Ամեն ինչ իր ժամանակն ու պահն ունի: Այնպես որ՝ ոչ ոք չի կարող օրացույցային ժամկետներ նշել ու ասել, թե՝ գիտեք, ամսվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում հասարակությունը պետք է ընդվզի, իսկ մյուսում՝ դադար տա: Գուցե շատերին թվա, թե այն, ինչ մեզ մոտ կատարվում է, ուշացած է կամ ավելի վաղ պետք է լիներ: Բայց այդ ասելուց առաջ փորձեք հասկանալ. ինչու չեղավ, ենթադրենք, մեկ կամ կես տարի առաջ: Երբ նորից վերանայում ենք իրադարձությունների ամբողջ շղթան, տեսնում ենք, որ ամեն ինչն իր բնական ընթացքի մեջ է: Ես քիչ առաջ եմ փողոցից եկել. երբ տեսնում ես հսկայական բազմությունը, հոսքը, նրանց փայլող աչքերը, մինչև վերջ գնալու պատրաստակամությունը, բոլոր տեսակի կասկածները ցրվում են»:
Մեր զրուցակցի խոսքով՝ կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոտքի է կանգնել հատկապես երիտասարդությունը. «Իսկ երիտասարդությունը յուրաքանչյուր ժողովրդի, երկրի ու հասարակության ամենապայծառ, ամենաակտիվ, ամենաանկասելի, էներգիայով լի ու բոլոր տեսակի վախերից ազատված հատվածն է: Նրանց հեշտ չէ բերել ու գցել ցանկացած հունի մեջ: Այնպես որ՝ իշխանություններն այսօր մտահոգվելու, անգամ տագնապելու բոլոր հիմքերն ունեն: Առհասարակ, շատ ուշադիր եմ հետևել եմ այն ամենին, ինչն իրականացնում էր Նիկոլն իր խմբի և մյուս ակտիվիստների հետ: Պետք է ասեմ, որ բավականին գրագետ ու նաև շատ յուրահատուկ քայլեր են: Այսօր կյանքի են կոչվում պայքարի մեխանիզմներ, որոնք նախկինում երբեք չեն իրագործվել: Բացի այդ, դրանք ապացուցում են իրենց կենսունակությունը: Այսինքն՝ մենք տեսնում ենք և՛ գործողությունը, և՛ դրա հետևանքը, և՛ արձագանքը: Տա Աստված՝ մեր երեխաներից և ոչ ոքի մատը փուշ չմտնի, խուսափենք կորուստներից, ցավալի իրավիճակներից: Կազմակերպիչներն իրենք են ասում, որ քաղաքացիական անհնազանդություն է, բայց առանց բռնությունների: Իսկ ովքեր ամբիոն են բարձրանում նման կոչերով՝ հեռացվում են: Սա դրական է ու կարևոր հենց իրենց համար. մյուս կողմը չի կարող կառչել նման կոչերից, քանի որ դրանք չկան»:
Հովիկ Չարխչյանը շեշտեց՝ երկրի իշխանությունները հակափաստարկներ չունեն:
«Նրանց հակափաստարկը ոստիկանությունն է ու պատժիչ գործողությունները: Սա նշանակում է, որ իշխանությունները լիովին սպառված են և գործի են դրել ուժային մեթոդներով այս ամենը ճնշելու, խեղդելու ու նման կերպ ասպարեզից հեռացնելու գործողությունները, ինչը երբեք արդյունքի չի բերել: Ի դեպ՝ բոլորովին կարևոր չէ, թե շարժումը կհաղթի, թե՝ ոչ: Կարևորն այն է, որ այսօր մենք նոր որակի ականատեսն ենք: Տեսնում ենք այն սերնդին, որն այլևս ոչ մի գնով թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները, կեցության ձևերը: Նրանք, ովքեր այսօր փողոցում են՝ արդեն հաղթել են: Իսկ հաղթողին չեն դատում»,-եզրափակեց Հ. Չարխչյանը:

Աննա Բադալյան
22 ապրիլի, 2018 «Փաստ»

օօօօօ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s