Պահոց | 3:35 ա.

ՍԻՐՈ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

25 Ապր

Հին հույների մոտ սիրո տարբեր նշանակությունների համար գործածվում էին տարբեր բառեր: Այսպես, «էրոս»` նշանակում էր տարերային, հիացական սիրահարվածություն, սիրո օյեկտի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունք: «Ֆիլիա»` նշանակում էր սեր-բարեկամություն կամ սեր-կախվածություն` գիտակցված ընտրությամբ: «Ստորգեն» քնքուշ սերն էր, հատկապես ընտանեկան: «Լյուդուսը» սիրախաղն էր` անվստահության հակվածությամբ: «Ագապեն» զոհաբերվող սեր էր, «պրագման»` հաշվենկատ սերը, իսկ «մանիան»` սեր-մոլուցքը:

iubire-465x390

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՎԵՆԴԵՏԱՅԻ ՄԱՍԻՆ

25 Ապր

Անցած օրը Նիկոլը հայտարարեց. «Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. վենդետա չի լինելու»: Դե, սա հասկանալի է, մենք վայրենի չենք, արյան վրեժով պետություն չեն կերտում: Բայց եթե ատելության մթնոլորտի էջը փակվում է, պիտի բացվի արդարության էջը, որն իր հերթին պիտի ենթադրի արդարադատության մթնոլորտի հաստատումը: Իսկ սա գոնե ինձ համար նշանակում է, որ բոլոր հանցագործները, թալանչիները, ժողովրդի հաշվին միլիոններ կուտակածները, հալածանքների ու հաշվեհարդարների հեղինակները պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Եթե դա չի իրագործվելու սոսկ «վենդետա չանելու» պատրվակի ներքո, եթե սա չի արվելու իբրև թե «ներքին համերաշխություն» ապահովելու նկատառումներով, ապա այս հեղափոխությունն ինձ համար որևէ արժեք չի ունենա:
Արդարության վենդետա պիտի լինի:

Vendetta-film

ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱ ԱՌԱՎՈՏԸ

25 Ապր

Կատարված երազանքի առաջ մարդը կանգնում է միայնակ, հիացած ու շփոթ: Այն, ինչ երեկ չկար, այսօր կա, և երկար սպասումների խիզախումից հետո առաջին պահին մարդը կորցնում է իր գտածը իր դիրքերից տեսնելու հորիզոնը: Սիրտը ցնծում է, բայց մարմինը դեռ նոր պիտի բացվի, գրկի մեջ առնի ու իր ներսում կրի այդ ցնծությունը: Շունչն ալեկոծ է, բայց հևքը նոր պիտի սովորի նավարկել այդ ալիքների վրա: Աչքը տեսնում է, բայց միտքը նոր պիտի համտեսի այդ տեսիլքի քաղցրությունը:
Եվ բացվող առավոտի լույսի հետ ի վերջո կգա երազի հետ մերձենալու երանելի պահը, և լսելի մի ձայն քեզ անպայման կասի.
— Դու արդեն ունես քո երազանքը: Հիմա երազանքը պիտի ունեա քեզ:

Հովիկ Չարխչյան

matahari

%d bloggers like this: