ԻՄ ԸՆԿԵՐ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ

14 Մրտ

Ասելու բան էլ չի, բայց քանի որ մտքովս անցավ` գրեմ:
Բազմաթիվ ծանոթներ ու ընկերներ ունեմ, որոնք մեծ ու փոքր պաշտոններ են զբաղեցնում պետական կառույցներում: Հիմնականում լավ մարդիկ են, ոմանք` խելացի, ոմանք` ոչ այնքան: Բայց էականը դա չէ: Այդ ծանոթ-ընկերները, որոնցից շատերին երկար տարիներ գիտեմ, հանկարծ ընդհատակ են անցնում կամ խուսափում են շփվել ինձ հետ, եթե ես իրենց գերատեսչության ղեկավարի կամ անմիջական շեֆի հասցեին ինչ-որ քննադատող խոսքեր եմ ասում: Այսինքն մարդիկ հայտնվում են պարզ ընտրության առաջ ու նախապատվությունը տալիս են գործատուին: Սա էլ կարող եմ ինչ-որ տեղ հասկանալ: Բայց ոչ մի կերպ հասկանալ չեմ կարող հավատարմություն ցուցաբերելու այդ ձևը: Այսինքն ի՞նչ է ստացվում: «Շեֆ ջան, տես, թե քեզ ինչքան եմ նվիրված, որ կարող եմ հանուն այդ նվիրվածության խզել կապերս իմ վաղեմի ծանոթների հետ»:
Այնպես չէ, որ դրանից հետո ես վշտից սկսում եմ կոշիկներով քնել: Չէ, նման բան չկա: Պարզապես սիրտս ցավում է այդ մարդկանց համար, որովհետև նրանց արարքը ոչ թե հարկադիր, այլ կամավոր ստրկություն է: Եվ տխուր է տեսնելը, որ մարդը, ով հետաքրքիր մտքեր, դատողություններ, աշխարհընկալում ուներ, հանկարծ վերածվում է ինչ-որ մի պաշտոնյայի շարժական կցորդի, նրա քմահաճությունների կամակատարի, ապրում է նրա սրտի զարկերի ու շնչառության ռիթմով, համացանցի իր էջը ողողում է այդ չինովնիկի լուսանկարներով: Մարդը վերանում է, նրա փոխարեն հայտնվում է մի բան, որը համաձայնել է լինել մեկ ուրիշի ստվերը, բայց նույնիսկ ստվեր դառնալը պահանջում է գոնե մի փոքր լույսի առկայություն, իսկ այստեղ համատարած խավար է:
Իմ սիրելի ստրուկ ընկերներ, եղեք երջանիկ: Միայն թե իմացեք, որ երջանկությունը ոչ թե իմ բարևին բարևով պատասխանելու կամ չպատասխանելու մեջ է, այլ թեկուզ միայնակ, բայց արժանապատիվ, ազնիվ ու ազատ գոյության ծիրում: Եղեք հաջողակ, որ գոնե ձեր նվաստացումը հատուցվի ինչ-որ բանով: Ու հիշեք նաև, որ կամավոր ստրկությունը նույնքան մեծ ձեռքբերում է, որքան կամավոր ստորությունը:

Հ. Գ.- Հա, ի դեպ, եթե որևէ մեկը սկսի կասկածել, թե արդյո՞ք տողերս նաև իր մասին չեն, ապա միանգամից ասեմ. «Այո, քո մասին էլ են, եթե սկսել ես կասկածել»:

Հ. Չարխչյան

28003

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s