ԻՄ ԵՐԳԸ ԲՈՒՐՈՒՄ Է

3 Փտր

Երգեր կան, որոնք երբեք չես սիրելու: Գուցե և լավ երգեր, բայց դրանք քոնը չեն: Կհնչեն-կանցնեն ու ոչինչ չի մնա՝ ոչ թրթիռ, ոչ մեղեդու պատառիկ: Կլինի ձայնը ու հետո լռությունը: Ուրիշ ոչինչ: Կան երգեր էլ, որոնք արթնություն են բերում: Զվարթ ու տխուր, հարազատ ու քնքուշ: Կարևոր չէ: Նստած ես դու ինչ-որ տեղ կամ սպասում ես ինչ-որ մեկին և հանկարծ լսում ես երգը: Վազվզող աչքերդ կանգ են առնում, շունչդ պահում ես, որ երգը չխրտնի: Թաքուն նայում ես այնտեղ, որտեղից նա եկավ, հայացքդ սրում ես ու հանկարծ աշխարհը դառնում է ուրիշ, երգի պես թեթև, անմարմին: Դու էլ առաջվանը չես: Դու այնպիսին ես, ինչպես երգն է ուզում, որ լինես:
Բայց հազար-հազար հին ու նոր երգերի մեջ լինում է մեկը՝ քո երգը: Դու գտնում ես նրան հետո, երբ արդեն կրծքիդ տակ ջերմությունն է ապրում հիշողության տեսքով, երբ օրը անուն ունի, երբ ամեն անգամ քաղցր է վերապրումն ու սփոփանք է նրա մեջ թաթախվելը: Այնժամ դու հիշում ես երգը: Նա եղել էր այնտեղ, քո երազի պահին, նա երգել էր քո տաք գիշերների մեջ, նա բառեր էր տվել քո հույզերին՝ մնալով երգ:
Եվ կանցնի ժամանակը ու մի օր, բոլորովին պատահաբար ինչ-որ մեկը քեզ կհարցնի.
— Դու նկատե՞լ ես, որ այդ երգն իր բույրն ունի…
Ու դու կասես՝ ունի: Կասես՝ գիտեմ, որովհետև դա հենց այդպես է: Իմ երգը բուրում է…

Հովիկ Չարխչյան

تقسیمات-صوتی-صدای-انسان-600x330

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s