Պահոց | 12:32 ա.

ՎԵՐՋԻՆ ՆՎԵՐԸ

30 Դկտ

Իմ բարձի տակ վերջին անգամ ե՞րբ Ամանորի նվեր դրեցին: Չեմ հիշում: Ի՞նչ դրեցին: Չեմ հիշում: Որովհետև մարդը չի կարող հիշել այն օրը, երբ ավարտվում է մանկությունը: Որովհետև մանկությունը չի կարող ավարտվել ինչ-որ մի օր` նվերի կամ հիշողության չգոյության պատճառով: Որովհետև եթե կա մի բան, ինչն ավելի երկարակյաց է, քան մեր հուշը, էլի ու նորից մանկությունն է: Հիմա էլ նա քնած է իմ ներսում: Քնած է ճիշտ այն օրվա խորունկ քնով, երբ մայրս թաքուն վերջին նվերը դրեց գլխիս տակ: Քնած է ճիշտ նույն սպասումով, որ ձմռան առավոտի հետ ձեռքերի մեջ երազանք կունենա: Քնած է իմ մանկությունը` ամեն վայրկյան արթնանալու պատրաստ, որ հորս ժպիտի մեջ տեսնի այդ երազի անցած ճամփան…
Չեմ հիշում վերջին նվերը, բայց եթե երբևէ որևէ մեկն ինձ հարցնի, թե հեքիաթային այն գիշերը ի՞նչ կար իմ գլխատակին, ես առանց կասկածի ու վարանումի կասեմ. «Մի աշխարհ երջանկություն ու սեր կար, որ մարդուն կարող են նվիրել միայն իր ծնողները»:

Հովիկ Չարխչյան

interesniepodarkinadenzashitnikaotechest_0A0AFF21

%d bloggers like this: