Պահոց | 3:24 ա.

Գտնվել են 1921թ-ին Չարենցի կողմից գրված մինչ օրս անհայտ բանաստեղծություններ․ մեկնաբանում է Հովիկ Չարխչյանը

22 Հկտ

«Անհամբերությունս զսպել չկարողացա և շտապում եմ ուրախությունս ձեզ հետ կիսել: Գտնվել են Չարենցի մինչ օրս անհայտ մի քանի բանաստեղծություններ: Շուտով դրանք կհրապարակեմ հանդեսներից մեկում»։ Երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում հենց այսպիսի գրառմամբ հանդես եկավ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը և փոթորկեց «չարենցասերների» հոգիները։

— Պարոն Չարխչյան։ Չարենցի ֆենոմենը իր բնույթով, արդիականությամբ եզակին է հայ գրականության մեջ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն խորքային պատճառը, որ Եղիշե Չարենցի պոետիկան մինչև մեր օրերը մնում է ակտուալ։ Բազմաթիվ ժամանակակից գրողներ փորձում են գրել Չարենցի ոճով, տարեկան կտրվածքով բազմաթիվ գիտական աշխատանքներ են լույս ընծայվում, ինչպես նաև Չարենցի միտքը ներթափանցել է արվեստի այլ բնագավառներ, մասնավորապես երաժշտությունը։

— Չարենցի բացառիկության հմայքը նաև այդ անբացատրելիությունն է, քանի որ, ի տարբերություն շատերի, նրա պոետիկան տրոհելի կամ բաղդատելի չէ, շարունակում է մնալ իբրև կուռ համաձուլվածք և չի պահանջում համեմատության եզրեր: Արդիականության իմաստով նրա գրականությունը ճիգեր չի գործադրում դառնալու նորագույն հնչեղությունների կրողը, քանի որ իր խորքում արդեն իսկ ունի բոլոր հնչերանգները ամենատարբեր դիապազոնների համար: Սինֆոնիկ կերտվածք է, կենսական նյութի համակցություն է, որտեղ ամեն ոք կարող է գտնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է, եթե միայն փնտրի: Այդ պատճառով էլ նրա գիրը երկարակյաց է, ինչպես որ մնայուն է այն տունը, որն ամուր հիմքերի վրա է կառուցված:

— Մի փոքր պատմեք այդ գտնված բանաստեղծությունների մասին, ինչպե՞ս է պատահել, որ մոտ մեկ դար այն մնացել է ստվերում։ Եվ խնդրում եմ, նշեք, թե ինչ թեմաներով են։

— Իրականում Չարենցի անտիպ և անհայտ ստեղծագործությունների ծավալը շատ ավելի մեծ է: Եթե միայն նշենք այն գործերը, որոնց մասին հիշատակումներ կան, ապա դրանք հայտնաբերելու դեպքում կարելի է մի ամբողջական ու ստվար հատոր ունենալ: Նաև դա է պատճառը, որ որոնումները երբեք չեն ընդհատվում և երբեմն նույնիսկ հայտնի է լինում այն դաշտը, որտեղ հնարավոր է դրանք գտնել: Այս մի քանի բանաստեղծությունները, որոնց մասին նշել եմ, գրվել են 1921 թվականին, բովանդակային առումով սիրային, անձնական բնույթի են:

— Մի փոքր շեղվենք թեմայից։ Ի՞նչ կարծիքի եք հայ ժամանակակից գրականության վերաբերյալ, ի՞նչ միտումներ ու մարտահրավերներ կան։

— Ժամանակակից գրական միջավայրի գլխավոր թերացումն այն է, որ նա դեռևս որևէ հստակ ազդակ չի տալիս իր որդեգրած կամ դավանած արժեհամակարգի մասին` մնալով կաշկանդված ինչպես արտաքին հոսանքների, այնպես էլ ներքին զսպիչների ակցանի մեջ: Մենք կարող ենք հիշատակել հաջողված գործեր, շնորհալի հեղինակների անուններ, բայց դրանք ընդամենը առանձին դրսևորումներ են, որոնք որակական իմաստով շրջադարձային փոփոխության չեն հանգեցրել: Ցավոք, ես ինքս այս պահին հրապարակի վրա չեմ տեսնում այնպիսի մեկին կամ գրողների խմբի, որոնք ունակ են հայ գրականությունը մղել մեծ թռիչքի: Եվ քանի դեռ չկա թռիչքը, կարելի է գոնե հոգ տանել այն մասին, որ վաղվա սավառնումների համար կարգի բերվի թռիչքուղին և որոշակիացվի դրա ուղեծիրը:

— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք: Մոտ ապագայում հայ ընթերցասերները կարո՞ղ են կարդալ նոր գիրք։

— Այո, նոր գրքեր կան, հուսամ, որ առաջիկայում դրանք լույս կտեսնեն: Խոսքն այս պահին ինչպես գեղարվեստական ստեղծագործության, այնպես էլ կենսապատում ուսումնասիրության մասին է:

— Եթե հնարավոր է, կարո՞ղ եք հրապարակել Չարենցի գտնված բանաստեղծություններից մի երկտող։

— Հազիվ թե այդ երկտողը մոտավոր պատկերացում տա ամբողջ ստեղծագործության մասին: Սակայն մերժած չլինելու համար մեջբերեմ այս հատվածը.
Թող իմ սիրտը օրորեն
Անցած օրերը էն թեն,
Մրրիկներում էս սրի,
Օրերում էս սրադեմ:

Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի

http://asekose.am

D59C8EE2-9BD1-4A29-BFA6-C885296C3150_cx49_cy19_cw50_w1023_r1_s

1926-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

22 Հկտ

1926 թվականի հենց այս օրը` հոկտեմբերի 22-ին Լենինականում տեղի ունեցավ ուժգին երկրաշարժ: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ ավերածություններ եղան քաղաքում և հարակից 44 գյուղերում: Այդ աղետի մասին են պատմում այս բացառիկ լուսանկարները: Այն օրերին դրանք հրատարակվել էին բացիկների տեսքով, որպեսզի վաճառքից եկած գումարները ծառայեցվեն աղետյալներին օգնելու համար:

լենինական երկրաշարժ 1926-1

լենինական երկրաշարժ 1926

լենինական երկրաշարժ 1926-2

լենինական երկրաշարժ 1926-3

լենինական 1926

Elementary

22 Հկտ

Գուցե անհավատալի թվա, բայց Արթուր Կոնան Դոյլի հերոսի` Շերլոկ Հոլմսի հայտնի արտահայտությունը` «Elementary», որ կարելի է լսել նրա մասին պատմող բոլոր ֆիլմերում, երբեք չեք հանդիպի հանրահայտ խուզարկուի մասին գրված գրքերում: Իրականությունն այն է, որ հիշյալ արտահայտությունը հորինել էին Կոնան Դոյլի վեպերի մոտիվներով թատերական մի ներկայացման բեմադրիչները: Իսկ դետեկտիվ գրքերի հեղինակն այդ բառն ընդամենը մեկ անգամ է գործածել` «Կուզիկը» պատմվածքում:

Sherlock-Holmes-007

 

%d bloggers like this: