Պահոց | 11:54 ե.

ԿԻՍԱԲԱՑ ԴՌՆԵՐ

9 Հկտ

Վատ բան է կիսաբաց դուռը: Վերապահ, անհաստատ, երկիմաստ: Անկեղծություն չկա կիսաբաց դռան մեջ, և երբեք չես գուշակի, թե մի թեթև քամուց որ կողմ է շրխկալու իր ամբողջ հուսահատությամբ: Նա, ով հիմա նայում է դռներին, պիտի այդպես էլ չիմանա` հեռացո՞ղն իր ետևից կիսաբաց թողեց, թե՞ վերադարձողի սպասումով չփակեցին: Բայց շեմքին ոչ ոք չկա, որովհետև կիսաբաց դռների առաջ կանգնածները միշտ պիտի վարանեն, ինչպես կիսաբաց սրտերի դեմ-հանդիման կարկամում են ցանկությունները, ինչպես կիսաբաց աչքերի շաղված պատկերները հավատ չեն ներշնչում, ինչպես կիսաբաց շուրթերի տակ բառերը շշուկներ են դառնում:
Եվ ուրեմն վեր կաց ու կամ փակիր դուռդ ավարտուն վստահությամբ, կամ բացիր լայնորեն, ինչպես գիրկն է բացվում տեղ հասած երազանքի առաջ:

opening-doors-summer15-banner

ԱՂՋՆԱԿ ՌԻԼԿԵՆ

9 Հկտ

Այս լուսանկարում պատկերված աղջնակն իրականում ավստրիացի նշանավոր բանաստեղծ Ռիլկեն է: Նրա անվանը երկու կանացի անուններ են կցված` Ռենե և Մարիա: Բանն այն է, որ Ռիլկեի ծննդից առաջ նրանց ընտանիքում մահացել էր գրողի մանկահասակ քույրը: Եվ ծնողները որոշել էին տղային մեծացնել իբրև աղջիկ: Մինչև 5 տարեկան դառնալը մայրը Ռիլկեին աղջկական հագուստներ էր հագցնում և խաղալու էին ուղարկում ուրիշ աղջիկ երեխաների հետ:

Rilke_23

ԱՐՋԸ ՂԵԿԻ ՄՈՏ

9 Հկտ

Հայտնի է մի դեպք, երբ կրկեսային արջին պաշտոնապես վարորդական իրավունք են շնորհել: Խոսքը Վալենտին Ֆիլատովի կրկեսի վարժեցրած կենդանու մասին է: Երբ նրանք հյուրախաղերով գտնվում էին Շտուտգարտում, գերմանացիները` տպավորված Դևոչկա անունով արջի մոտոցիկլետ վարելու վարպետությամբ, նրան հանձնեցին վարորդական իրավունք: 10 տարի անց կրկեսային խումբը նորից այդ քաղաք այցելեց: Եվ այդ ժամանակ տեղի ադմինիստրատորը որոշեց գովազդային ակցիա կազմակերպել` ցուցադրել արջի հմտությունը քաղաքի փողոցներում: Արջը հեշտությամբ անցավ մի քանի թաղամաս, նույնիսկ արգելակեց կարմիր լույսի տակ, միայն թե վերջում այնուամենայնիվ հարվածեց հենց ադմինիստրատորի «Մերսեդեսին»: Բայց հետո ոստիկանները պարզեցին, որ վթարի մեղավորը ոչ թե արջն էր, այլ մի «Ֆոլքսվագենի» վարորդ:

1441_640

ԽԱՎԱՐԸ

9 Հկտ

Մի անգամ ընկերներով գնացել էինք Վայոց Ձոր, և մեզ առաջարկեցին մտնել տեղի հանրահայտ քարանձավներից մեկը: Անպատրաստ էինք, ոչինչ չկար հետներս, բայց ցանկությունը մեծ էր և անմիջապես համաձայնեցինք: Նեղ խոռոչից ներս անցանք, սկսեցինք կքված, երբեմն էլ ծնկած առաջ սահել, հետո ընդերքը ճյուղավորվեց, մենք ավելի սեղմվեցինք քարերի կոկորդում, և այնուհետև եղավ այն, ինչ պիտի լիներ` վրա հասավ անթափանց խավարը:
Ոչինչ երբևէ ինձ չի ճնշել այնպես, ինչպես բացարձակ մութը: Այդ թանձրության մեջ կորցնում ես ոչ միայն տարածության ընկալումը, այլև ինքդ քեզ զգալու կողմնորոշումը: Արդեն չգիտես` որտեղ է սկսվում և ավարտվում մարմինդ, որտեղ է իրական աշխարհի նյութի և զգացականի յուրացման սահմանը: Ոչնչացման կատարյալ գործիք է, որ ստորակարգում է ամբողջ էությունդ, խցանում է ըմբոստացման բոլոր ելքերը, կաթվածահար է անում միտքդ ու տագնապներիդ մեջ ներծծում է ցնորական մի վհատություն:
Այսպիսի բան է խավարը քարանձավում ու քարանձավից դուրս: Եվ այսպիսին է լիակատար խավարը մեր հոգիների:

Հովիկ Չարխչյան

SONY DSC

ՇԱՀԵՑ ՈՒ ԽՄԵՑ

9 Հկտ

1842 թվականին Ռուսաստանում` Ուրալում հայտնաբերվեց ամենախոշոր ոսկու բնակտորը: Այն կշռում էր 36, 2 կիլոգրամ և ստացավ «Մեծ եռանկյունի» անունը (այժմ պահվում է ՌԴ Ալմաստե ֆոնդում):
Ճորտին, որ գտել էր այդ հարստությունը, ոչ միայն ազատություն պարգևեցին, այլև նվիրեցին այնքան փող, որով կարելի էր գնել 10 գյուղ` իր բնակիչներով հանդերձ: Սակայն երջանիկ հաջողակը իրեն առանձնապես նեղություն չպատճառեց և ամբողջ գումար տվեց խմիչքին: Ինչպես ասում են, ջրի բերածը ջուրն էլ տարավ:

Верстка-170_51.cdr

%d bloggers like this: