Պահոց | 10:55 ե.

ԴՐԱՆԻՑ ՉԿԱ

1 Հկտ

Ով մեր գյուղից Երևան է գալիս, մայրս հետը միրգ է ուղարկում: Հետո զանգ է տալիս, թե` գնա վերցրու: Գործս թողած տաքսի եմ նստում, փողոցներն ընկած ման եմ գալիս մրգաբեր համագյուղացուս, հետո զայրացած, անհավես տուն եմ հասնում, իսկ երեկոյան զանգ եմ տալիս մորս, որ համոզեմ.
— Այ մամ,-ասում եմ,- ախր էդ նույն մրգից մեր տնից հինգ քայլի վրա վաճառում են: Տաքսիներին տված փողով մի ամբողջ արկղ կառնեմ, ինչի՞ ես դու ուղարկում:
Մայրս ուշադիր լսում է իմ երկար, հուզական ելույթը ու հետո ասում է.
— Դրանից ձեզ մոտ չկա:
Եվ երկու օր անց նորից է ուղարկում…

Հովիկ Չարխչյան1481498901

ՆՈՒՅՆԸ, ԻՆՉ ՈՐ ԴՈՒՔ

1 Հկտ

Մի անգամ Ջոն Քենեդին այցելեց Քանավերալ հրվանդանում գտնվող ՆԱՍԱ-ի ռազմաբազա: Այստեղ հանդիպում էր նախատեսված ամերիկացի հռչակավոր գիտնականների ու գյուտարարների հետ, որոնք ձգտում էին նվաճել տիեզերքը և ոտք դնել Լուսնի վրա: Երբ փակ քննարկումն ավարտվեց և նախագահը դուրս եկավ միջանցք, հանկարծ իր ոտքերի մոտ նկատեց մի ծեր սևամորթի, որ կռացած ավլում էր տարածքը և աղբն էր հավաքում աղբակալի վրա:
Քենեդին մոտեցավ և հարցրեց նրան.
— Իսկ դու՞ք ինչ եք անում այստեղ:
Սևամորթը շտկեց մեջքը, խորին արժանապատվությամբ նայեց նախագահին և ասաց.
— Նույնը, ինչ որ դուք: Ես աշխատում եմ, որ հնարավոր դարձնեմ մարդու թռիչքը դեպի Լուսին:

600x482

 

ՌԻՉԻԻ ՀԱՄԱՐ

1 Հկտ

Կառքը սլանում էր թիֆլիսյան փողոցներով: Կառքում Չարենց էր և մի դեռատի կին` վախվորած հայացքով, լարված մատների ջղաձիգ կծկումներով: Անցան Վորոնցովյան կամուրջը, թեքվեցին Խեթագուրովի փողոցի կողմը և կանգ առան մի տան առաջ: Ներսում գրեթե ամայի էր: Մերկ պատեր, կտավե ճերմակ վարագույրներ ու մի գրասեղան` մաքուր թղթերով: Չարենցը նստեց, կնոջը խնդրեց տեղ գրավել իր դիմաց: Լուռ, երկար, թրատող հայացքով նայում էր աղջկան: Հետո սկսեց գրել:
Ժամանակն անցնում էր, իսկ նա ցասկոտ շարժումներով դեռ շարունակում էր էջերը լցնել տողերով:
Վերջապես ավարտեց: Մի պահ շունչ առավ, ապա սկսեց խուլ, ռնգային ձայնով կարդալ դրանք: Վերջին տողերն արտասանելուց հետո գլուխը կտրեց թղթերից ու նայեց կնոջը: Կինը լռում էր: Աչքերը սառն էին, անարտահայտիչ ու անարձագանք:
— Որովհետև հիմար ես,- չարացած նետեց Չարենցն ու ոտքի ելավ:
Դուրս եկան, կրկին կառք կանչեց, կնոջն ուղեկցեց մինչև տուն ու հեռացավ առանց հրաժեշտի:
Այդ կինը Ռիչի Դոստյանն էր: Վեց երգերից կազմված չարենցյան շարքը կոչվեց «Ռիչիի համար»:

pizap.com15067338095081

%d bloggers like this: