Պահոց | 11:46 ե.

ՈՒՂԵՓԱԿՈՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

29 Սպտ

Կյաժ Խչոն իր բեռնատարով գնացել, բախվել էր գնացքին: Երբ Խչոյին հիվանդանոցից տուն բերեցին, տղերքը գնացին նրան տեսնելու:
— Այ անհաջող ճանապարհատրանսպորտային պատահար, բա հսկա գնացքը չտեսա՞ր,- հարցրել էին նրան: Ու Խչոն ցավերի միջից դժգոհ ձայնով ասել էր.
— Ինչի՞ պիտի տեսնեմ: Ճանապարհն իմն էր:
Հետո Կյաժ Խչոն մեռավ: Ոչ վթարից, ուրիշ պատճառով: Բայց մինչև վերջ էլ մնաց իր համոզմունքին, որ ուղեփակոցից այն կողմ դարձյալ իր ճանապարհն է: Եվ քանի դեռ գնացքները չգիտեն այդ շատ տարածված մոլորության մասին, մեր կյանքում վթարների պակաս չի լինի:

Հովիկ Չարխչյան

xw_1091457

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԸ

29 Սպտ

Մի անգամ Նիցշեին հարցրեցին, թե նա իր իրավացիությունն ապացուցելու անհրաժեշտություն զգու՞մ է: Նիցշեն պատասխանեց.
— Չի կարելի ամբողջ կյանքում պնդել քո անփոփոխ իրավացիությունը: Մարդկային գոյության պայմանը հանդիսանում է ժամանակ առ ժամանակ սխալվելու հնարավորությունը:

Цитаты-великих-людей-Фридрих-Ницше

ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ

29 Սպտ

Զիգմունդ Ֆրոյդն իր կյանքի մայրամուտին երկմտանք էր ապրում, թե արդյո՞ք մարդկության բազում ձեռքբերումները կարելի է համարել առաջընթաց: Իր վերջին ակնարկներից մեկում, որը վերնագրել էր «Մշակույթի անհարմարությունները», ծեր հոգեվելուծաբանը հաճոյախոսություններ էր շռայլում տեխնիկական նվաճումների հասցեին, որոնց շնորհիվ, օրինակ, նա մեծ ուրախությամբ լսում է հարազատ տնից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող որդու ձայնը: Բայց հետո Ֆրոյդը գրում էր. «Եթե չլիներ գնացքը, որն իմ որդուն տարավ այդքան հեռու, ինձ անհրաժեշտ չէր լինի հեռախոսը` նրա ձայնը լսելու համար: Եթե մարդիկ հսկայական նավեր չկառուցեին, ինձ անհրաժեշտ չէր լինի հեռագիրը` աշխարհի մյուս ծայրում գտնվող հարազատից լուր առնելու համար»:

zig-frejd-5

ՄԻ ԿԱՆԳՆԻՐ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ

29 Սպտ

Մի կանգնիր աշնան գիշերվա անձրևի տակ: Իզուր է: Նրանք, ովքեր քեզնից առաջ կանգնում էին, հետո տուն էին տանում թրջված հագուստներ, մի թեթև հարբուխ և ինքնախաբկանքն այն բանի, թե մարմնի չարչարանքը հատուցման գին ունի: Չէ, մի կանգնիր անձրևի տակ, սպասված գնի կեսն անգամ քեզ չեն տալու ոչ ամպը, ոչ մութը, ոչ էլ նա, ում համար գիշերն ընտրեցիր:
Մեր հիասթափությունների համար միշտ էլ մեղավորը մենք ենք լինելու, քանի որ ակնկալեցինք ավելին, քան պիտի տրվեր: Մեր կորուստներից ցավ ապրեցինք, քանի որ նախընտրեցինք լինել կողոպտված, երբ կարող էինք պարզապես հրաժարվել: Մեր նվաստացումների կսկիծը վերջին վերքերի մեջ լցվեց, երբ առաջինները ապաքինեցինք մոռացումով:
Դե ուրեմն մի կանգնիր անձրևի տակ, որովհետև եղածն ընդամենը անձրև է. կգա, կթացացնի, հետո կչորանա, կանցնի-կմոռացվի: Հավատա, հարբուխդ ավելի երկար կհիշես, քան այդ վարար տեղատարափը, ինչպես որ մտապահվելու են ճանապարհները, բայց ոչ քայլերը: Իսկ նա, ով իրապես քոնն է, աշնան գիշերներին իր հետ անձրևանոց կբերի:

Հովիկ Չարխչյան

foto-zontiki-05

%d bloggers like this: