Պահոց | 4:11 ե.

ԳՅՈՒՂԻ ՏՂԱՆ

28 Օգս

Գյուղն առանց առուների գյուղ չէ: Գյուղի երեխան պիտի ոտքերը թրջի այդ առուների ջրերի մեջ, պիտի քսվի առվեզերքին աճած դաղձի ու եղինջի տերևներին, պիտի ցեխոտվի ու մաքրվի, պիտի քրտնի ու մրսի, պիտի սայթաքի ու վեր կենա, որ դառնա գյուղի տղա: Գյուղի տղան պիտի մկրտվի ջրով, արևով, փոշով ու ցավով լցված ազնվության ավազանի մեջ:
Գյուղի տղայի ձեռքերի մեջ բահից, մանգաղից, որձաքարից պիտի առաջին կոշտուկները դուրս գան, ճամփի շեկ ավազների ու հողերի վրա ոտնատակը պիտի խանձվի, պիտի կռիվ անի ու հաշտվի, քթից եկող արյունը պիտի սրբի թևքով: Գյուղի տղան պիտի իմանա սիրո միայն մի ձևը` լուռ սերը, պիտի մեծանա ավագ եղբոր շորերի մեջ, պիտի ցանկանա ու չունենա, պիտի հարցնի, նոր վերցնի, պիտի հիշի ու չափսոսա:
Հետո իր կյանքում շատ ուրիշ բաներ կտեսնի, կդառնա կամ լավը, կամ վատը, բայց մի բան նրան երբեք չի լքի: Էն առվի քչքչոցը:

Հովիկ Չարխչյանwrinkly

%d bloggers like this: