Պահոց | 3:07 ե.

ՎԵՐՋԱԿԵՏ

25 Օգս

Գրպանումս վերջակետ կա: Արդեն քանի տարի: Մշտական ուղեկից է: Գիտեմ, որ մի օր պիտի դրվի, որովհետև մեզ ասել են` ամեն բան իր հատուցման գինն ունի: Բայց մնացել է, քանի որ հանգամանքներն անսիրալիր գտնվեցին, ժամանակը դատարկ հույսով կերակրեց, ակնկալիքների ծխի միջից տեսանելի չեղավ ճանապարհի ավարտը: Իսկ գրպանիս միջի վերջակետը տանջեց, կեղեքեց, տողը երկարեց, միտքը դարձավ ձանձրալի, պատմությունը ճահճացավ:
Հիմա ներքին ձայնս եկել ու ասում է. «Դիր վերջակետդ, անցիր առաջ»: Ու նոր տող գրել բոլորովին էլ պարտադիր չէ: Պարզապես ավարտիր: Եվ եթե նույնիսկ վերջակետը ցավալի է, ապա գոնե ազնիվ նշան է:

Հ. Չարխչյանmid_27188_2845

ՏԱՏԻՍ ԵՐԿՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25 Օգս

Լուսահոգի տատս, որ ապրեց հարյուր տարուց ավելի, չտեսավ այն օրը, երբ մեր կենցաղ մտավ ու տիրաբար բազմեց նորին գերազանցութան պոպկորնը, որովհետև երբ տատս նկուղից դուրս էր բերում ամառը հավաքած, չորացրած ու ձմեռվա շիկացած վառարանի մոտ հատկահան արվող եգիպտացորենը, նրա հրաշագործ ձեռքերի տակ փքվող ձյունաճերմակ ամպին տատս անվանում էր ադիբուդի, իսկ մենք` երեխաներս դրան կոչում էինք պտպտիկ:
Դրա համար էլ երբ այսօր ոմանք սոփեստական քննարկումներ են ծավալում օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների շուրջ, այդ աղմուկը ինձ հիշեցնում է «առաջինը հավն է եղել, թե ձուն» հավերժական վեճը, իսկ տատիս արդեն ոչինչ հիշեցնել չի կարող, թեև սկզբնապես ադիբուդին էր:

* * *
Իմ ողորմած տատը կրկնակի երջանիկ էր, որովհետև չտեսավ նաև այն օրը, երբ երկու ոստիկան մեր բակ մտան ու պահանջեցին ոչնչացնել պատի տակ աճած կանեփի թփերը: Այս շրջադարձային պահին ոչ մեր տանը, ոչ բակում, ոչ էլ ամբողջ թաղում չգտնվեց գոնե մեկ պոտենցիալ թմրամոլ, որ հակադարձեր նրանց ու կանխեր կանաչ թփերի ջարդը: Փոխարենը եղբայրս արագ դուրս բերեց գերանդին, հորիզոնական դիրք տվեց վտանգավոր բուսատեսակին ու ոստիկանները գոհացած հեռացան:
Բայց մինչ այդ ժամը այլ ժամանակներ էին և այդ անցած ժամանակների մեջ էլի տատս էր, որ տոնական օրերին բոված կանեփը խառնում էր ցորենին ու մենք բռերով ուտում էինք նրա տված աղանձի խրթխրթան ջերմութունը`անգիտակից «կակաչ-կանեփ» հնարավոր օպերացիային և դրա կասկածելի անձանց «սև ցուցակում» հայտնվելու հետևանքներին:

Հ. ՉարխչյանPopcorn_Banner

ԳԱՆՁԸ ՆԱՅՈՒՄ Է ԻՆՁ

25 Օգս

Ասում են` Հայաստանի լեռներից մեկի գագաթին (Գառնի գյուղի շրջակայքում) մի հինավուրց քար կա, որի վրա փորագրված է. «Ես նայում եմ գանձին, գանձը նայում է ինձ»: Հնագետներից շատերին ծանոթ է այդ վայրը, իսկ գանձախույզները դարեր շարունակ փորձել են գտնել թաքցված հարստությունը` կողմնորոշիչ ունենալով առեղծվածային գրությունը:
Տեղեկութուններ չկան այն մասին, թե որևէ մեկին դա հաջողել է, բաց ես կարծում եմ, որ ինքս արդեն գիտեմ հեքիաթային գանձի գաղտնիքը:
«Ես նայում եմ գանձին, գանձը նայում է ինձ» Քարը նայում է մեր երկրին, երկիրը նայում է քարին: Ավելի մեծ գանձ չկա:

Հ. Չարխչյան

704797_389325557814587_1457029877_o

ԱՆՄՈՌՈՒԿԸ

25 Օգս

Անմոռուկը այն հազվագյուտ ծաղիկներից է, որի անունը տարբեր լեզուներով նույն իմաստն ունի, թեև ամեն երկիր ծաղկի անվան առաջացման իր լեգենդն է մատուցում: Այդ պատմություններից մեկի համաձայն, Աստված անուն է տալիս բոլոր բույսերին, բացի մի փոքրիկ ծաղկից: Եվ այդ ժամանակ ծաղիկն ասում է. «Մի մոռացիր ինձ»:
— Հենց դա էլ կլինի քո անունը,- պատասխանում է Արարիչը:

information_items_12694

%d bloggers like this: