Պահոց | Հունիսի, 2017

ԿԱՖԿԱՆ ԵՎ ՏԻԿՆԻԿԸ

13 Հնս

Մի անգամ քաղաքային այգում զբոսնելիս Ֆրանց Կաֆկան տեսավ արտասվող աղջնակի: Երեխան կորցրել էր իր տիկնիկը: Կաֆկան սկսեց նրան հանգստացնել. «Բայց քո տիկնիկը բոլորովին էլ չի կորել, նա պարզապես տեղ է գնացել: Ես քիչ առաջ հանդիպեցի ու զրուցեցի նրա հետ,- ասաց գրողը:- Նա ինձ խոստացավ, որ քեզ նամակ կգրի: Վաղը ճիշտ այս ժամին նորից արի այգի և ես քեզ կբերեմ նամակը»:
Հաջորդ օրը Կաֆկան իսկապես նամակ բերեց, որտեղ տիկնիկը պատմում էր իր ճանապարհային արկածների մասին: Եվ դրանով սկիզբ դրվեց մի իսկական տիկնիկային նամակագրության, որը տևեց շաբաթներ ու դադար առավ միայն այն ժամանակ, երբ ծանր հիվանդ Կաֆկան ստիպված էր փոխել բնակության վայրը: Պատմում են, որ նույնիսկ կյանքի վերջին օրերին նա դեռ հիշում էր տիկնիկի նամակին սպասող աղջնակին:

Презентация1

ՄԱՐԿԵՍԻ ՍԵՐԸ

12 Հնս

Գաբրիել Գարսիա Մարկեսն իր ապագա կնոջն առաջին անգամ հանդիպել է պարահրապարակում, երբ Մերսեդեսը բոլորովին դեռատի էր: Հենց առաջին հայացքից գրողը սիրահարվել է և աղջկան առաջարկել է ամուսնանալ: «Ես միայն հիմա հասկացա, որ իմ բոլոր ստեղծագործությունները գրվել են քեզ համար: Եղիր իմ կինը»,- ասել է Մարկեսը: «Համաձայն եմ: Միայն, եթե թույլ կտաս, ես նախ ավարտեմ դպրոցը»,- ամենայն լրջությամբ պատասխանել է Մերսեդեսը:

135137878_3906024_image

ԿԱՐԱՍԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

10 Հնս

Պատմության հիշողությունը կարող է նաև անողոք լինել: Առաջին Հանրապետության հերոսական տարեգրության և մեծ նվիրյալների անունների կողքին պահպանվել են նաև հիշատակություններ այնպիսի դրվագների ու դեմքերի մասին, որոնք թվում է` վաղուց պիտի ջնջված ու մոռացված լինեին: Բայց նրանք դեռ կան…
Ասում են, այն հեռավոր օրերին ապրում էին երկու հայտնի հայեր` Գյոդակլեցի Գեղամն ու Էվջիլարցի Արշակը: Սրանք ճանաչված էին նրանով, որ անընդհատ քեֆերի ու խնջույքների մեջ էին` նշանակություն չտալով ոչ ազգային ցավերին, ոչ կոտորածին ու սովին: Միայն այն ժամանակ, երբ խմիչքն իր գործը տեսնում էր, սկսում էին կենացներ ու ճառեր հնչեցնել հայրենասիրության մասին: Պատմում են նաև, որ սրանք մշտապես մրցության մեջ էին, թե իրենցից որ մեկն ավելի շատ գինի կխմի: Այդ պատճառով էլ նրանց կոչում էին «կարասի հերոսներ»:

Հ. Չարխչյանslug-53517

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

9 Հնս

Երևանը, նրա մթնոլորտը լցված է հայության ձայնով, հայերենով, օրեցօր, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան լցվում է հայությամբ ու հայերենով: Ականջդ միալար հայության մեջն է, հայերի: Պառկում ես և լսում` ծառերը հայերեն են սոսափում, թռչունները հայերեն են ծլվլում, առվակները հայերեն են խոխոջում: Ամեն քար ու իր, աստղ ու երկինք հայերեն, հայկական, հայաշունչ:
Մարդը միայն իր հայրենիքում կարող է մնալ հարազատ ազգային:

1965 թsddefault

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

8 Հնս

Լեզուն անփոխարինելի է:
Եվ անթարգմանելի:
Հայ խոսքը հայերեն միայն կասվի: Եթե ուզենանք թուրքերեն ասել` ուրիշ բան պիտի ասենք (նման, բայց ուրիշ):
Traduttore- traditore (թարգմանիչը դավաճան է), ասում է իտալական առածը:
Եթե լավ թարգմանես,- ասում է իր հերթին Վ. Հյուգոն,- ճիշտ չի լինի: Եթե ճիշտ թարգմանես` լավ չի լինի: Նրբություններ են սրանք, որ թերևս անկարելի է վերլուծել ու բացատրել: Բայց այս նրբությունների մեջ է խոսքի ամբողջ համը, հաճախ նաև ամբողջ իմաստը:

Kajaznuni-1-696x876

ՕԿՏԱՎԻՈ ՊԱՍ

7 Հնս

Այդ պահից ի վեր ժամանակը ճաք տվեց, և ավելի ու ավելի: Եվ տարածությունը փշրվեց: Պատմությունն անընդհատ կրկնվում էր: Ինչ-որ լուր, պատահական նախադասություն, թերթի վերնագիր, մոդայիկ մի երգ դրսի աշխարհի գոյության ապացույց էին և սեփական թափանցիկության բացահայտումը: Ես զգացի, որ աշխարհը ջարդվում է և ես ներկայում չեմ:
Իմ հիման մասնատվում էր, ընդ որում, իսկական ժամանակը ինչ-որ այլ տեղ էր: Իսկ իմ ժամանակը` այգու, թզենու, ընկերներիս հետ խաղերի, կեսօրվա երեքին խոտերի մեջ քնատ թմրածության, հանց ածուխ սև-վարդագույն ճաթած թուզի, միայն թարմ ու քաղցր` այդ ամենը մոգոնած ժամանակ է: Ի հակառակ իմ զգացողությունների վկայության, ճշմարիտ, իսկական ժամանակը ժամանակն էր այնտեղից, այլոց ժամանակը: Եվ ես ընդունեցի անընդունելին, և մեծահասակ դարձա: Այդպես սկսվեց իմ արտաքսումը ներկայից:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյանoctavio-paz

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

7 Հնս

Ազգային խոշոր փլուզումների, թշվառության օրերին, երբ կատաղության և ավերածի մրրիկները քչքչալով անցնում են օրհասների վրայով, ամեն ինչ անցնում է.
Եվ իշխան և զորական.
Եվ փառք ու ծիրանի.
Եվ գանձ ու ճոխություն.
Եվ դղյակ ու բերդեր.
Եվ պալատ ու ապարանք… Ու մնում են կանգուն միայն գիրն ու լեզուն, որոնք իրենց խորհրդավոր ծոցում հարազատ մոր քնքշությամբ ծածկում ու պահպանում են անաղարտ այն ամենը, ինչ փլել է ու խորտակվել, բոլորը, ինչ մի նկուն, ավերված ազգ կարող է ըղձալ, հուսալ և երազել:
Սիրենք գիրն ու լեզուն:

aharonianfeat

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

5 Հնս

***
Այս գիշեր, քույր իմ, մինչև լուսաբաց
Ես քեզ հետ էի երազներիս մեջ,
Հեկեկում էիր, գլուխս գրկած,
Քեզ ներում էի երազներս մեջ:
Դու դարձել էիր իմ գիրկը նորից,
Ու ես քոնն էի երազներիս մեջ:
Դու լալիս էիր զղջումով անբիծ,
Ես ժպտում էի, ես ցնծում էի,
Մենք ծաղկում էինք երազներիս մեջ,
Ես մեր բաժանումն անիծում էի
Ու ցնծում… բայց, ա՜խ, երազներիս մեջ:

shiraz-634x445

ՀՈՒՍԱԼՔՈՒՄ

4 Հնս

Հոգուս խորքերից ցայտող ցոլքերը, որ խավարի միջով անցնելուց հետո կայծակների նման փայլում են, հավերժական մոռացումի համա՞ր են ծնվել արդյոք: Ունա՞յն էր փառասիրությունս և ցնո՞րք էր երազս: Մեկն եմ, ով զրկվա՞ծ է հոգու թռիչքից: Պաղ ու դատա՞րկ են գրվածքներս:
Ուրեմն լռեք, ներաշխարհի ձայներ: Եթե չկարողացա ձեզ ըմբռնել, թողեք, որ ապրեմ ամբոխի մեջ ու մեռնեմ անհիշատակ:

ՀԵՆՐԻԿ ԻԲՍԵՆ1414402732618

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

4 Հնս

***
Մի լար, մի թացիր աչքերդ:
Աչքիդ լույսն ափսոս է, կանցնի:
Մի տխրիր, վարդ գարուն հասակդ մի օր է,
Վառ մայիս կանցնի:

Ի՞նչ ես, ջան, էդ դարդին գերվել,
Դա էլ մի գիշեր է, կանցնի,
Էս կյանքն էլ հեքիաթ է էսպես,
Մի՛ շտապիր, մի տանջվիր, կանցնի…

դերենիկ դեմիրճյան

%d bloggers like this: