ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ

16 Փտր

Ո՞վ է եղել առաջինը, ի՞նչն է եղել առաջինը. սրանք պարզ հարցեր են, որոնց պատասխանը կփնտրի յուրաքանչյուր հետաքրքրասեր մարդ: Իսկ եթե դրանց էլ մի փոքր ազգային երանգավորում հաղորդենք, ապա պատկերը կհամեմվի ոչ թե սնափառությամբ, այլ սեփական երկրի ու ժողովրդի մասին ավելին իմանալու բնական մղումով: Իսկ նման պատմությունները բազմաթիվ են: Ներկայացնենք դրանցից երեքը:

Հայ առաջին «դզող-փչողը»

Առաջին հայացքից փոքր-ինչ անհավանական կարող է թվալ, որ պատմությունը պահպանել է հիշատակություններ այն հայի մասին, ով առաջինն է ավտոմեքենա վերանորոգել կամ, ինչպես ժողովրդի մոտ է ընդունված ասել` եղել է հայ առաջին «դզող-փչողը»: Սակայն, բարեբախտաբար, վկայություններ կան և դրանք հավաստի են:
1898 թվականին ավտոմեքենաներ արտադրող եվրոպական մի ընկերություն որոշում է ընդարձակել իր իրացման շուկաները և այդ նպատակի համար մեքենաներից մեկն ուղարկում է Անդրկովկաս` տեղում ցուցադրական վազք կատարելու համար: Մեծ տպավորություն ստեղծելու համար ընտրվում է Թիֆլիս-Կարս ճանապարհը: Եվ ահա Կարսից վերադառնալիս Լոռվա սարերում կատարվում է ամենաանցանկալին` ավտոմեքենան խափանվում է: Տեղում կարգի բերելու բոլոր փորձերը ձախողվում են: Ստիպված օգնության են կանչում լոռեցիներին, ովքեր էլ եզներ են տրամադրում ձախորդ արշավորդներին ու «երկաթե նժույգը» եզներին լծած` հասցնում են Թիֆլիս: Բայց տեղ հասնելը դեռ գործի միայն կեսն էր: Իսկ ինչպե՞ս վարվել խափանված շարժիչի հետ: Քաղաքում ոչ ոք հանձն չի առնում անել մի բան, ինչը երբեք չի արել: Եվ հենց այդ պահին էլ կատարվում է անսպասելին: Ասում են, որ Թիֆլիսի Յավորսկու օպտիկամեխանիկական արհեստանոցում կա մի հայ, ով պատրաստ է մեքենան նորոգել: Այդ երիտասարդի անունն էր Հակոբ Հարությունի Երզինկյան: Այս բանիմաց, ճարպիկ ու տրամաբանող վարպետին էլ վիճակված էր լինել հայ առաջին ավտովերանորոգողը` հիացմունք ու զարմանք պատճառելով թե օտարներին, թե տեղաբնակներին: Նաև դա էր պատճառը, որ աշխատանքը փայլուն կերպով կատարելուց հետո որոշում են արհետանոցի դիմաց լուսանկարվել` անմահացնելով հիշարժան դեպքը:111111

Հայաստանի առաջին լուսացույցը

Երանի փողոցներում լուսացույցներ (կամ ինչպես այն օրերին էին ասում` լուսաֆորներ) տեղադրելու անհրաժեշտությունը ծագեց բավականին ուշ և դա շատ պարզ բացատրություն ուներ. քիչ էին մեքենաները: Սակայն երբ այդ քչությամբ հանդերձ վթարներ արձանագրվեցին, պարզ դարձավ, որ առանց եթևեկության կանոնավորման իրավիճակը չի շտկվի: Եվ ահա 1934 թվականի գարնանը ցանկությունը վերածվեց գործի:
Այդ օրերին բնակիչներին տեղեկացեց. «Միլիցիայի գլխավոր վարչությունն աշխատանք է տանում Երևանի մի շարք փողոցներում դնելու լուսաֆորներ (լուսատու լապտերներ), որոնք ծառայելու են փողոցային շարժումը կարգավորելու համար:
Լուսաֆորները դրվելու են փողոցների խաչմերուկների կենտրոններում, հրապարակներում և ընդհանրապես այն տեղերում, որտեղ տեղի է ունենում փոխադրական միջոցների ու հետիոտն մարդկանց ուժեղ երթևեկությունը: Նախատեսված է այդպիսի լուսաֆորներ դնել Գնունի- Աբովյան փողոցների խաչմերուկի կենտրոնում, Սպանդարյան- Աբովյան, Մարքսի 26 փողոցների, Շահումյան հրապարակի և մյուս գլխավոր փողոցների խաչմերուկների կենտրոններում: Լուսաֆորներն արդեն ստացված են և կտեղադրվեն մինչև ապրիլի 10-ը»:
Հենց սրանք էլ փաստորեն դարձան մեր երկրում տեղադրված առաջին լուսացույցները: Ճիշտ է (ինչպես և պետք էր սպասել), սկզբնապես երևանցիները նորամուծությունն ընդունեցին իբրև քաղաքի ընդհանուր պատկերի վրա ավելացված հետաքրքրաշարժ ատրիբուտ, որը կարելի էր գնալ-դիտել և ընդամենը այդքանը, սակայն լուսազդանշաններին ենթարկվելու անհրաժեշտության գիտակցումը հետզհետե արմատներ նետեց և դարձավ նրանց կենցաղի անբաժանելի ուղեկիցը:16650220_1401103726627105_833824306_n

Հայերի առաջին ծամոնը

Խոսքն այս դեպքում հանրահայտ սարի ծամոնի մասին չէ. այն միշտ է եղել: Ոչ էլ այն ծամոնի մասին է, որ խորհրդային տարիներին դրսից Հայաստան էր հասնում սփյուռքահայերի կամ զբոսաշրջիկների ձեռքով և ավելի շուտ վերածվում էր ցուցադրման առարկայի, քան ծամվում էր: Մայրաքաղաքի բնակիչները հավանաբար կհիշեն նաև այն տարեց կնոջը, ով Աբովյան փողոցի նրբանցքներից մեկում հատիկով արտասահմանյան մաստակ էր վաճառում` յուրաքանչյուր ծամոնի դիմաց գրպանելով կլորիկ մի գումար: Այս անգամ պատմությունն այն մասին է, թե ինչպես ԽՍՀՄ-ում մի օր որոշեցին ծամոնին «ռեաբիլիտացնել» և հիմք դնել դրա արտադրությանը:
Նույնիսկ կարող է զարմանալի թվալ, բայց ծամոնի արտադրության առաջին հոսքագիծը շարք մտավ հենց Հայաստանում` Երևանի հրուշակեղենի ֆաբրիկայում, 1977 թվականին: Այսպիսի ընտրության համար տարատեսակ պատճառներ կարելի է թվարկել, բայց գլխավորն այն է, որ հայերը մեծ ոգևորությամբ ստանձնեցին առաջինը լինելու դժվարին առաքելությունը և պատվով հանձնեցին քննությունը: Ավելի ուշ մերոնք որոշեցին էլ ավելի առաջ անցնել ու արտադրել բուժիչ ծամոններ: Սննդի արդյունաբերության մասնագետների և բժիշկների համատեղ աշխատանքը տվեց իր արդյունքը: Նորելուկը կոչվում էր «Գամիբազին» և նախատեսված էր դառնալ թե ծանոն, թե հականիկոտինային դեղամիջոց: Նրանք, ովքեր գնում էին այդ ծամոնը, թղթի դարձերեսին կարող էին տեսնել այսպիսի գրություն. «Արդյունքների և ձեր ցանկությունների մասին խնդրում ենք հայտնել Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը»: Եթե վստահենք այդ տարիների արձագանքներին, ապա հայկական ծամոնի բուժիչ ներգործությունը բավականին արդյունավետ է եղել, և հարյուրավոր մարդիկ իսկապես հրաժարվել են ծխելու սովորությունից:
Իսկ հետո եկավ նոր տեսականին: Հայրենական պոլիմերային հիմքի վրա, որը մշակել էր «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական միավորման Երևանի բաժանմունքը, խանութներում հայտնվեցին «Նարնջի», «Անանուխի» և «Ելակի» ծամոնները: Համաձայն վիճակագրության, 1979 թվականին արդեն թողարկվել էր 4 հազար տոննա ծամոն, իսկ 1981-ին ծավալը կրկնապատկվեց: Իր արտաքին տեսքով և համով հայկական ծամոնն առանձնապես չէր փայլում, բայց դա մեր ծամոնն էր: Իսկ սա միշտ էլ փաստարկներից ամենածանրակշիռն է եղել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

26333_300

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s