ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐԻ ԵՐԿՈՒ ՔԱՐԵՐԸ

31 Հնվ

Հայտնի հնագետ ու գիտնական Աշխարհբեկ Քալանթարի ծառայությունները մեր երկրի պատմությանն ու մշակույթին անգնահատելի են: Ստալինյան բռնաճնշումներին զոհ դարձած այդ մեծ մտավորականի գրչի տակից դուրս եկած ավելի քան 80 աշխատություններն այսօր դարձել են այն հենասյուներից մեկը, որի վրա խարսխվում է հայկական հնագիտությունը: Եվ իր կյանքում շատ բաներ տեսած, շատ փորձություններ հաղթահարած, բազում բացահայտումների ու հայտնագործությունների հեղինակ այս մարդուն պիտի որ չափազանց դժվար լիներ զարմացնել ու հիացնել: Սակայն արի ու տես, որ նրա կենսագրության մեջ կա երկու դրվագ, որ Քալանթարի զարմացական հիացմունքի արժանանալու բոլոր հիմքերն ունեին:02-11-1926_ashxarhabek_qalantar-01
Դրանցից առաջինը 1926 թվականին էր, երբ հայտնի հնագետը իր արշավախմբի հետ ուղևորվեց Սևան` տեղում ուսումնասիրելու Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև ընկած «Օձաբերդ» հնավայրում հայտնաբերված ուրարտական արձանագրությունը: Ռուսա Առաջին թագավորին վերագրվող այդ սեպագիրը գտնվել էր դեռևս 1862 թվականին, Մեսրոբ Արքեպիսկոպոս Սմբատյանցի կողմից: Լճի ափամերձ հատվածում, հենց ջրից վեր խոյացող ժայռի հյուսիսհայաց երեսի վրա առկա անհասկանալի նշաների մասին Սմբատյանցին պատմել էին տեղաբնակները: Ավելի ուշ հետազոտողը պիտի գրեր. «Երբ 1862 թվին Ալիչալուի (Արծվանիստ) մոտ բևեռագիր արձանագրություն օրինակեցի, Սևանա ծովի մակերևույթը այնքան բարձր է, որ ջուրը հավասար էր արձանագրին և մենք նավակով գնալով ջրի վրա… օրինակեցինք: Իսկ 1883 թվին նույն արձանագիրը համեմատելու համար 10 ոտնաչափ սանդուղք դնելով ծովի ցամաքած գետնից մինչև արձանաքարը, այնպես օրինակեցինք: Ըսդ այսմ` ուրեմն 20 տարվա ընթացքում ջուրը պակասելով իջել էր 10-ն աստիճան ցած, այն է` 20 ֆուտ կամ ոտնաչափ»:
Մեսրոբ Արքեպիսկոպոսը միակը չէր, ում պիտի հրապուրեր արձանագրության վերծանումը: Հետագա տարիներին շատերը կրկնեցին նրա փորձը: Ի դեպ, դրանց թվում էր նաև գերմանացի Վոլդեմար Բելքը, ով երեք ժամ շարունակ մինչև գոտկատեղ ջրի մեջ կանգնած փորձել էր կրկնօրինակել արձանագրությունը, բայց կարողացել էր 19 տողից միայն երեքը ընթերցել: Եվ ահա 1926 թվականին Աշխարհաբեկ Քալանթարը որոշեց «նվաճել» հազարամյա գաղտնիքը` գործադրելով իր նոր մոտեցումը: Թե ինչպես նա վարվեց` դրա մասին է պատմում բացառիկ մի լուսանկար, ինչպես նաև ականատեսների վկայությունները: Համաձայն դրանց, պրոֆեսոր Քալանթարը սկզբում ցանկանում էր պատճենել Ռուսա Ա արքայի ժայռակերտ արձանագրությունը` նավակի վրա կանգնած: Բայց մի քանի փորձերը լիովին ձախողվեցին, որովհետև ջրերի ճոճքը խանգարում էր, իսկ քամին մոմաթուղթը պոկում ու տանում էր:d5b0d5b6d5a1d5a3d5a5d5bf-d5a1-d684d5a1d5acd5a1d5b6d5a9d5a1d680
Եվ այդ ժամանակ հնագետները դիմեցին հնարամիտ մի միջոցի: Նրանք պարանով ժայռից կախ տվեցին վիմագրագետ և պատմաբան Սեդրակ Բարխուդարյանին ու վերջինս կարողացավ այդ էքստրեմալ դիրքում էստամպաժ եղանակով կրկնօրինակել արձանագրությունը: Պահպանված լուսանկարում կարելի է տեսնել ժայռի գլխին կանգնած, սպիտակ գլխարկով Աշխարհբեկ Քալանթարին, ով լարված, բայց համբերատար կեցվածքով հետևում է գործողությանը: Նա արդեն վստահ է, որ իրենց ձեռնարկը հաջողությամբ է պսակվելու: Ու նաև գիտի, որ երբեք չի մոռանալու այդ բախտորոշ ժամերը:
Տասնամյակներ են անցել այն օրերից: Հիմա լիճը նահանջել է, ջրերն այլևս չեն լիզում հանրահայտ ժայռը: Փոխարենը այդ վայրում կանգնեցվել է գեղեցիկ մի հուշասյուն, որ պատմում է Ռուսա արքայի, արձանագրության և այն մարդկանց մասին, ովքեր գիտեն հազարամյակների լեզուն:
Հաջորդ զարմանալի պատմությունը, որ պիտի վիճակվեր Աշխարհբեկ Քալանթարին, տեղի ունեցավ երկու տարի հետո` 1928 թվականին: Դա ձմեռնամուտին էր, երբ հնագետը մի նամակ ստացավ Ղուրդուղուլիից (այժմ Արմավիր): Նրան գրում էր տեղի չինովնիկներից մեկը` Գնունի Եփրեմյանը: Եփրեմյանը հայտնում էր, որ Ջանֆիդա գյուղում մի տարօրինակ քար է գտնվել` զարմանալի նշաններով և ըստ ամենայնի այդ գտածոն իրենից պատմական արժեք է ներկայացնում: Նման պնդումն առաջին հայացքից անսովոր էր: Բանն այն է, որ Ջանֆիդան նախկինում բնակեցված էր եղել քոչվոր, մահմեդական ցեղերով, իսկ հետագայում` 1915-1918 թթ. Արևմտյան Հայաստանից այստեղ էին գաղթել մեծ թվով հայեր` հաստատվելով կիսադատարկ գյուղում: Տեղում որևէ նշանակալի հուշարձան կամ հին բնակատեղի չկար և ուրեմն որևէ հնածոյի գոյությունը չէր կարող առաջին իսկ պահից կասկած չհարուցել:12074564_917164481652218_855239878450301456_n
Ամեն դեպքում Քալանթարը շտապ կարգով Ջանֆիդա գործուղվեց: Այն, ինչ նա տեսավ տեղում, վեր էր իր բոլոր սպասելիքներից: Դա մի հնագույն սեպագիր արձանագրություն էր` բաղկացած 10 տողից: Հնագետը նաև արագ կռահեց, որ արժեքավոր քարի ներկայությունը Ջանֆիդայում զուտ պատահականության արդյունք է. այն, ըստ երևույթին, տարիներ առաջ բերվել էր մեկ այլ վայրից (ամենայն հավանականությամբ՝ Արմավիր հնավայրից) և օգտագործվել իբրև շինանյութ: Քարի ընդանուր ձևը հաշվի առնելով` գյուղացիները դա դարձրել էին տան աստիճան: Իսկ երբ նախկին թուրք բնակիչների փոխարեն գյուղ էին եկել հայերը, նոր տանտերը՝ Նազար Հարությունյանը, որոշել էր շինությունը ձևափոխել: Եվ հենց այդ ժամանակ էլ շարվածքից դուրս էր բերել քարը և նկատել դրա վրայի գրությունը:
Դեկտեմբերի 7-ին Լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանին հասցեագրված պաշտոնական զեկուցագրում Քալանթարը գրում էր. «Գտնված է մի սեպագիր արձանագրություն, որը հանդիսանում է գիտական նորություն: Արձանագրությունը բաղկացած է տասը տողից, որի մեջ կարդացվում է Սարդուրի անունը` գրված մի քարի վրա (բազալտի), որն ամբողջական ձևով մշակված է… Նորագյուտ արձանագիր քարը կոմիտեի կողմից անմիջապես փոխադրվեց Էջմիածնի պետական թանգարանը, ուր կենտրոնացված են Արմավիրի շրջանում գտնված բոլոր սեպագիր արձանագրությունները»:
Բայց մինչ այս ամենը տեղի կունենար, Քալանթարը իրականացնում է ևս մի բան, ինչը նա պակաս կարևոր չէր համարում, քան սեպագիր գտնելը: Հանձնարարում է ջանֆիդացի տանտիրոջն ու քարը գտնողին լուսանկարել Արգիշտիի որդի Սարդուր 2-րդի սեպագիր արձանագրության հետ: Այդ լուսանկարը պահպանվել է մինչ օրս` իբրև վավերագիր ու ապացույց այն բանի, թե ինչպես դարերի խորքից վերադարձվեց արքայական գիրը և դա արվեց հասարակ հայ շինականների ձեռքով:img_0294_0

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Advertisements

One Response to “ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐԻ ԵՐԿՈՒ ՔԱՐԵՐԸ”

  1. Ջավահիր Եղիազարյան Փետրվարի 2, 2017 at 10:03 ե. #

    Շատ հետաքրքիր հոդված էր…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s