Պահոց | 7:18 ա.

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՏԱԿ

27 Հնվ

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի կյանքի մի տևական ժամանակահատված կապված է մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հետ: Այստեղ էր նրա հայրական տունը: Բայց 1992 թվականին, համաձայն շինարարական նախագծերի, այդ տունը քանդեցին: Կապուտիկյանը լուսանկարվեց կիսավեր շինության մոտ, իսկ հետո գրեց այս բանաստեղծությունը:

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՏԱԿ

Իմ մանկության տնակ Ամիրյանի վրա,
Հիմա քարուքանդված, խեղճ ու անօգ.
Քեզ չփրկեց ոչինչ, քեզ չփրկեց ոչ ոք,
Ոչ էլ երգս` հարկիդ ներքո գրված:
Հիմա կանգնած եմ ես` ավերակիդ կքած,
Հոգուս մեջ էլ` փլված պատ ու տանիք,
Ավեր տուն չես միայն, այլ ավերված մի կյանք,
Ավերակված հողիս խորհրդանիշ:
Տունս` ոչինչ, հողս ոտքի կանգնի միայն,
Տանս մոխրի վրա լույս եղիցի,
Ինչպես ատրուշանի աճյունների վրա
Կանգնեց մի օր հայոց եկեղեցին:
28 հունիսի, 1992 թ.1992

%d bloggers like this: