ԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ԱՌԿԱԽ ԳԻՐԸ

21 Հնվ

Եթե մի փոքր խտացնենք գույները, ապա կարելի է առանց ավելորդ խղճի խայթի (բայց ոչ առանց ափսոսանքի) արձանագրել, որ անկախության շրջանի հայ գրականությունը առավելապես ժամանակագրական, քան մշակութաբանական երևույթ է: Եվ դա բնական է, քանի որ անկախ պետականության հաստատումը՝ լինելով քաղաքական իրադարձություն, մշակութային նշանակություն կարող էր ձեռք բերել միայն այն դեպքում, եթե գրականությունը դիտարկեր իբրև իր գաղափարական հենարան: Սակայն, չունենալով հստակ նախանշված գործառույթ, այդ բախտորոշ փուլում գրողական ընտանիքին վիճակված էր ստանձնել սոսկ դիտորդական առաքելություն և իրադարձությունների հետագա զարգացումներում ընդամենը արձանագրել իրենց համար կենսական նշանակության փաստը, այն է՝ բաժանարար գիծ քաշել, համաձայն որի անկախությունը դիտարկում էր իբրև վերացականություն, իսկ ռեալությունը նրանց համար ազատ արտահայտման իրավունքը և բաց սահմաններն էր:
Սահմանների հարցում միտումը քիչ թե շատ հասկանալի է՝ ընդլայնված հորիզոն, նոր առնչություններ և, իհարկե, ազդեցություններ: Իսկ ահա ստեղծագործական ազատության գայթակղությունը մասամբ ստվերում էր թողնում դրա իմաստային հատվածը: Գեղեցիկ է հնչում՝ ազատ գրականություն: Իսկ ի՞նչ ասել է ազատ գրականություն. ահա մի հարց, որ պատասխան չուներ, քանի որ ուներ բազում պատասխաններ: Եվ հենց այս բազմազանությամբ էլ տրվեց անկախացած երկրի նորագույն գրականության մեկնարկը, որտեղ կար ամեն ինչ, բացառությամբ ազատության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ չափի զգացման:
Նոր գրական միջավայրի ձևավորումը սկզբնական շրջանում ուղեկցվում էր գերազանցապես ժխտողականությամբ. «Այն, ինչ հին է, վատն է, այն ինչ նոր է, լավ է»: Բարեբախտաբար, այս հիվանդագին մտայնությունից հաջողվեց արագորեն հրաժարվել, թեև դրա հետևանքները նշմարելի են մինչև օրս: Փոխարենը բավականին ժամանակ և ջղեր վատնվեցին, որ հասարակական ու մշակությային միտքը հանգեր մի պարզագույն ճշմարտության. գրականությունը անկախ լինել չի կարող: Գրականությանը հակացուցված է անկախությունը, ավտոնոմ հակումներն այստեղ միշտ բախվելու են հանրային պատվերի, էսթետիկ պահանջների և զարգացման տրամաբանության անբեկանելի համառությանը: Եվ քանի որ կար այդ ոսկե կանոնը, բայց բացակայում էր դրա լիարժեք գիտակցումը, այդ իսկ պատճառով էլ գրեթե մի ամբողջ տասնամյակ հայ գրողական նոր միջավայրի ձևավորումը, առանձին հոսանքների և ուղղությունների ուրվագծումը, գեղագիտական արժեքների համալրումը առավելապես ինտուիտիվ, քան համակարգված բնույթ կրեց, ինչն իր հետ անխուսափելիորեն պիտի բերեր ադապտացման պրոցեսի դանդաղեցում: Եվ եթե խոսենք գրական արտադրանքի վրա տվյալ ժամանակահատվածի կարևորագույն իրադարձությունների ուղղակի կամ անուղղակի ազդեցության մասին, ապա կարող ենք փաստել, որ դրանք (անկախության հռչակում, պատերազմ, երկրաշարժ, երկրի տնտեսական ֆորմացիայի փոփոխություն և այլն) այս բոլորը քիչ թե շատ իրենց արձանագրումը գտան բազմաթիվ ստեղծագործություններում, բայց դրանք սոսկ իրավիճակային նկարագրություններ էին, այլ կերպ ասած՝ թեմատիկ արձանագրում, բայց ոչ երբեք լեյտմոտիվ յուրահատկություն, որով պիտի անկախության շրջանի գրական հունձքը տարբերվեր պատմական այլ շրջանի գրավոր ժառանգությունից:
Ըստ այդմ մոլորություն չի համարվի, եթե պնդենք, որ արդեն 25 տարի մեր նորագույն գրականությունը ինքնահաստատման դռներն է ծեծում ու ներկայումս հասել է մի եզրագծի, որտեղ իր համար կարգախոս կարող է ունենալ «Ժամանակն է ընտրում գրականությունը, այլ ոչ թե հակառակը» սահմանումը: Սակայն այս սահմանային անցակետում դեռ անհրաժեշտություն կա ստանալու վավերականացման ևս մի կնիք, քանի որ հատկապես այժմ օրակարգում է ավանդների ու ժառանգականության հարցը: Թե ինչպիսի պաշարով մեր գրականությունը կշարունակի իր ուղին, հենց դա էլ կպայմանավորի նրա ճամփորդության երկարատևությունն ու արդյունավետությունը: Ուղեբեռի ծանրությունն է, որ կապահովի անվտանգ հավասարակշռություն, իսկ պարունակությունը գոյության երաշխիքը կլինի:

Հովիկ Չարխչյան

«Գարուն» ամսագիր, 2016 թ. թիվ 1default

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s