Երկու խոսք Երևանի մասին

25 Դկտ

Այսօրվա Երևանը նման է մի կնոջ, ում դեմքը պլաստիկ վիրահատության են ենթարկել ու հիմա նա նույնիսկ հարազատների համար է դարձել անճանաչելի: Դիմագծերը կարծես թե համաչափ են, սակայն անհետացել է նախկին հմայքը, յուրօրինակ ոգին, բացառիկ ինքնատիպությունը: Նորացող քաղաքը պարզապես վերածվել է խայտաբղետ շինությունների հավաքատեղիի՝ անկանոն, թափթփված, անճաշակ կառույցների խորդանոցի: Ու մի չարամիտ հետևողականությամբ դեռ շարունակվում է նրա դիմազրկման դիտավորությունը՝ այս անգամ էլ զանազան «նորամուծությունների», տգեղն ավելի տգեղացնելու, վատը վատթարագույն դարձնելու մոլագարությամբ: Ներկվում են խարխլված պատերը, փողոցները հեղեղվում են տձև դիզայներական իրերով, ծաղկային ու բուսական ինչ-որ սարսափազդու համադրություններով ու թվում է՝ ոչ թե քայլում ես քո սիրելի քաղաքում, այլ ընկել ես արևելյան մի փնթի շուկա, որտեղ էժանագին հնոտի ու կահկարասի են վաճառքի հանել: Բուն Երևանից սոսկ փշրանքներ են մնացել և դրանք էլ շուտով կուլ կգնան կեղծ շքեղության ու դատարկ բովանդակության երդվյալ ջատագովների «գեղագիտական» դատարկամտությանը:
Քաղաքը դարձել է ծերացած տիկին, որ անհավանական գռեհկացման աստիճան շպարվում է՝ փորձելով ետ բերել իր երիտասարդությունը, բայց դրանից դառնում է շատ ավելի վանող ու տհաճ:
Ինձ համար երբեք չի կարող լինել այնպիսի մի բաժանարար գիծ, որը պիտի տարանջատի Երևանը հնի ու նորի միջև, քանի որ նման որակումներն իրենց խորքում ունեն ոչ այնքան ժամանակային, որքան հոգևոր նախաշերտ: Քաղաքի էությունն է անփոփոխ, որքան էլ տարիներն անցնեն: Եվ երբ ինչ-որ մեկը փորձ է անում աղճատել Երևանի դիմագիծը, նա ձեռք է տալիս հենց էությանը, այլ ոչ թե հին կամ նոր շինություններին:
Մենք պիտի կարողանանք ի վերջո մայրաքաղաքն ընկալել իր համահավաք ամբողջության մեջ, գիտակցենք նրա կարևորությունը յուրաքանչյուր հայի համար, տեսնենք, որ չկա ու չի կարող լինել կռիվ անցյալի և ներկայի միջև: Ամեն բան փոփոխվում է, բայց փոփոխվում է ոչ թե ժխտման, այլ ինքնահաստատման հաշվին: Եվ Երևանն էլ պիտի նորացվի չկործանելու, այլ վերաշինման ճանապարհով: Միայն դա կարող է լինել բոլորի Երևանը, բոլոր սերունդների հարազատ տունը:a

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s