Պահոց | 4:21 ա.

ԽԱՉՈՒԿԸ

20 Դկտ

Մեր մանկության տարիներին արհեստական տոնածառ չկար: Բնական եղևնի էինք զարդարում: Նոր Տարուց մի քանի օր առաջ հայրս բերում էր, հղկում էր կոթը ու ամրացնում փայտե հատուկ ոտնակի մեջ: Մենք դրան խաչուկ էինք ասում: Խաչաձև փայտ էր, մեջտեղում՝ անցք: Տոնածառը հանում էինք հին Նոր Տարվա հաջորդ օրը: Եղևնին դուրս էինք տանում, իսկ խաչուկը մնում էր մինչև հաջորդ Ամանոր:
Հիմա, երբ գյուղ եմ գնում, երբեմն նկուղ եմ իջնում ու այնտեղ մի անկյունում միշտ աչքիս է ընկնում բոլորից մոռացված, չգործածվող խաչուկը: Հազիվ թե երբևէ այն կրկին արժանանա տոնածառ պահելու պատվին: Եվ ու՞մ մտքով կանցներ, որ մանկության հուշերը կարող են ապրել նաև նկուղում՝ փայտի սովորական մի կտորի հետ:

Հովիկ  Չարխչյան5abee0f51be32ce87698ddfaa0de043b

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՕՐԱՑՈՒՅՑԸ

20 Դկտ

Կար ժամանակ, երբ Ամանորի նախօրեին տներում գալիք տարվա պատի օրացույց էին կախ տալիս (հիմա նման օրացույցներ գրեթե չկան): Մետաղե փոքրիկ բռնակներ ուներ հակառակ կողմում, ծալում էին ստվարաթղթի վրա, ամրացնում երևացող տեղում, և տարին բացվում էր նրա անբաժան ներկայությամբ:
Եղածն առանձնապես մեծ բան չէր, բայց զարմանալի, խոստումնալից ներգործություն ուներ: Ասես երաշխիքն էր եկող ժամանակի, պատից նայող վաղվա օրն էր: Առարկայական, շոշափելի: Առնվազն մեկ տարվա հույս: 365 օրերի հաջորդական շարան, որտեղ ընդհատումներ լինել չէին կարող, քանի որ դա էր խոստանում թերթիկների տրցակը, այդ թերթերից յուրաքանչյուրը՝ վստահեցնելով, որ դու անպայման պոկելու ես այն՝ հաջորդ օրը բացելու համար:
Ու ամեն տուն ունենում էր պատից կախված մի տարի:

Հովիկ  Չարխչյան762

ՍՐԲԱԳՐՎԱԾ ԹԵՐԱՑՈՒՄ

20 Դկտ

Մի անգամ սուլթանը մեծ խնջույք էր կազմակերպել: Հրավիրել էր բոլոր երևելի անձանց, միայն դերվիշին էին մոռացել: Բայց հենց խնջույքը սկսեց, սա արդեն հյուրերի շարքում էր և իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում:
Շփոթված սուլթանը նրան մի կողմ տարավ ու հարցրեց.
— Ինչպե՞ս է, որ դու այստեղ ես: Ախր քեզ չէին հրավիրել:
— Եթե տերը թերանում է ու ինձ չի հրավիրում, ապա դա իրավունք չի տալիս ինձ թերանալ և չլինել բարեկիրթ հյուր,- պատասխանեց դերվիշը:80481612_3185107_nasreddin

%d bloggers like this: