«Մտավորականն իրավունք չունի նախագահի հետևից գնալու, նա նախագահից առաջ պիտի քայլի»

4 Դկտ

Հարցազրույց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

Գիրքը կենդանի օրգանիզմ է

-Մշակույթի նախարարությունում քննարկումներ են ընթանում ժամանակակից հայ գրականությունը պետաջակցության ծրագրից հանելու մասին: Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այդ գործընթացում, եթե դադարեցնեն աջակցությունը, հեղինակն արդյոք մենակ է մնալու:

-Իրականում մեր բոլոր հեղինակներն էլ մեծ հաջողությամբ տպագրվում էին տարբեր հրատարակչություններում առանց պետության դուռը գնալու, առանց ձեռք պարզելու այս պետությանը: Թեև բոլորս էլ գիտենք, որ մեր գրողները մի արտակարգ, մեծ հարստությամբ փայլող անհատներ չեն, բայց ամեն մեկը, ոնց ասում են, իր գլխի ճարը գտնում է, կարողանում է գտնել հովանավորներ, համաձայնության գալ հրատարակչությունների հետ: Պարզագույն տրամաբանությամբ դատենք. եթե ես հեղինակ եմ, գիրք եմ գրել, որի վրա աշխատել եմ մի քանի տարի, բնականաբար, ակնկալում եմ որոշակի եկամուտ, գոնե իմ չարչարանքն ինչ-որ կերպ պիտի փոխհատուցվի: Եվ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ պիտի այդքան հեշտությամբ համաձայնեմ, իմ տարիների աշխատանքը տանեմ-հանձնեմ պետությանը, և դրա դիմաց ստանամ չնչին, չնչինագույն գումար, և դրանից հետո նաև տեր չլինեմ ամբողջ տպաքանակին: Էստեղ որտե՞ղ է տրամաբանությունը:

-Պարոն Չարխչյան, եթե հեղինակը ֆինանսական եկամուտ չունի, սոցիալապես ապահով չէ, այդ դեպքում իր համար շահեկան է պետպատվերով տպագրելը, որ գոնե իր աշխատանքը տպագրված տեսնի:

-Շահեկան է ի՞նչ իմաստով, որ էլի մնաց ոչ ապահով, այդ դեպքում թող ուրիշ բանով զբաղվի:

-Իսկ ի՞նչով զբաղվի, եթե գրելը, ստեղծագործելը համարում է իր առաքելությունը: Գուցե մի քիչ բարձրահունչ է, բայց…

-Իրականում բարձրահունչ է, որովհետև դա էլ սովորական աշխատանք է, թեև գրողները սիրում են հատուկ կարգավիճակ շնորհել իրենց աշխատանքին: Հասկանալի է, որ նաև ինչ-որ ակնկալիքներ ունես այդ ամենից: Չեմ կարծում, որ կան գրողներ (խոսքս լավ գրողների մասին է), որոնք պատրաստ են գրել և թղթերը փողոցներում ցրել, ասել՝ վայելեք հանճարիս ստեղծագործությունը, դրա դիմաց ոչինչ չեմ պահանջում: Դա ֆանտաստիկայի ժանրից է:

-Ձեր գրքերը երբևէ տպագրվե՞լ են պետաջակցությամբ:

-Երբեք չեն տպագրվել, և երբեք էլ չեմ անի դա, նույնիսկ եթե պետությունը խնդրի ու աղաչի:

-Ինչո՞ւ:

-Նախ ուզում եմ ինքս տնօրինել իմ գրքերի ճակատագիրը, ուզում եմ իրական պատկեր տեսնել, այսինքն՝ ուզում եմ իմանալ արդյոք իմ գրքերը հասնում են ընթերցողին, և ինչպիսին է արձագանքը: Չեմ ուզում, որ իմ գրքերի վրա դարերի փոշի նստի, կիսամութ պահեստներում մնան: Մտածում եմ, որ գիրքը կենդանի օրգանիզմ է, որին ապրել է պետք: Իսկ դրա համար պետք է տեղափոխես ազատ միջավայր, այլ ոչ թե հանձնես ինչ-որ մեկի քմահաճույքին՝ էդպես էլ չիմանալով, թե ինչ կատարվեց:

Ինչո՞ւ գրողներին անտոկոս վարկ չտրամադրել

-Պետաջակցությամբ տպագրելու դեպքում գրքերի առյուծի բաժինը հրատարակչությանն է մնում, հեղինակին տալիս են միայն պայմանական փոքր տպաքանակ:

-Դա արդեն խնդիր է, հենց էստեղ է, որ պիտի խոսենք կարգավորման մեխանիզմների մասին: Գիտենք, որ պետությունը գոնե գրահրատարակչական ոլորտին ահռելի գումարներ է տալիս այդ գրքերի իրացման համար: Իսկ գուցե այլ մեխանիզմներ մտածենք: Մի պարզագույն, սովորական տարբերակ ասեմ. ինչո՞ւ գրողներին անտոկոս վարկ չտրամադրել իրենց գրքերը տպագրելու համար: Պատկերացրեք, ես հեղինակ եմ, գիրք եմ գրել, որոշակի գումար եմ վերցնում պետությունից, մեղքը իմ վիզը, եթե չկարողանամ իմ գիրքն իրացնեմ, ուրեմն, վատ գիրք եմ գրել: Այդ դեպքում պետությունը շատ ավելի մեծ օգնություն ցույց տված կլինի գրողին և հատկապես գրականությանը, քան մեխանիզմը, որ այսօր կիրառվում է: Մի տեսակ ձրիակերության ատրիբուտներ կան այդ ամեն ինչի մեջ:

-Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ պետպատվերի շրջանակներում միշտ տպագրվել են գրքեր, որոնք չեն սպառվել, այսինքն՝ պահանջարկ չեն ունեցել: Իրականում ո՞րն է խնդիրն այս ոլորտում:

-Պետպատվեր բառն արդեն հուշում է, որ պետությունը պատվիրում է գրականություն, որի անհրաժեշտությունը երկիրն ունի, այսինքն՝ այդ գիրքը որոշակի ֆունկցիա պիտի կատարի և լրացնի ինչ-որ բաց, որ գոյություն ունի ընդհանուր դաշտում: Եկեք նայենք այն բոլոր գրքերը, որոնք տպագրվել են, դրանց քանի՞ տոկոսն է այդ գործառույթն իրականություն դարձնում: Այստեղ չկա այդպիսի մոտեցում, չկա մշակված հատուկ քաղաքականություն, որ այս տարի ես պիտի պատվիրեմ այս կարգի գրականություն, որպեսզի պահանջարկը բավարարեմ: Կամ էլ հեղինակն այդ ոլորտներում ծանոթ, ընկեր տղաներ է գտնում, խնդրում, որ իր գիրքն էլ անցկացնեն ցուցակներում: Գիրքը տպագրում են, մի քանի օրինակ տալիս հեղինակին, իրար ձեռք սեղմում ու գնում տուն: Էստեղ ի՞նչ պետություն, ի՞նչ պետպատվեր, ի՞նչ գործառույթ, ի՞նչ նպատակ, ի՞նչ քաղաքականություն: Այդ հարաբերություններում այդ ամենը բացակայում է:

Գիտեք, խոհանոցից ծանոթ ենք, ի վերջո, մեր ընկերներն են նաև իրենց գրքերն այդ եղանակներով տպում: Եվ եթե էսօր մեկը կգա, հեքիաթներ կպատմի, թե այդ ամեն ինչն այդպես չէ, հավատացնում եմ՝ նման բան գոյություն չունի, շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում և ինչպես է կատարվում:

2012-ին նամակով դիմեցինք այն ժամանակվա վարչապետին, հատկապես շեշտը դրեցինք պետպատվերի վրա, թե նախ ինչու թափանցիկ չէ, ինչու չի հրապարակվում պետպատվերի համար նախատեսված ցանկը, ովքեր են ընտրություն կատարում, ինչ սկզբունքներով են ընտրություն կատարում, գումարներն ինչքանով են տեղին ծախսվում (այնտեղ մի դժգույն գրքույկի համար ֆանտաստիկ թվեր էին ասում, ախր, մենք էլ ենք գիրք տպագրում, գիտենք, չէ՞, իրական գրքի արժեքն ինչ է որ տպաքանակի դեպքում, այդ հաշվարկները կատարելը բարդ չէ): Այդ ամեն ինչի մասին ասվել է շատ-շատ ամբիոններից, և այնպես չէ, որ պատերի տակ ենք զրուցել: Սակայն դա անարձագանք մնաց, և երբ հիմա նախարարը խոսում է դրա մասին. ուղղակի երեկ նա տեսավ այն, ինչ մենք տեսել էինք 6-7 տարի առաջ: Նույն պահեստներում հավաքված ահռելի ծավալով գրականության մասին էինք ասում, թե ինչու դրանք տեղ չեն հասնում: Մարզեր, գյուղեր գնալիս տեսնում ենք, որ վերջին անգամ 20 տարի առաջ են նոր գիրք ստացել, բա ինչի՞ն է ծառայեցվում պետպատվերը, ինչո՞ւ այդ գրքերը չեն գնացել ու տեղ գտել դարակների մեջ:

Ինչո՞ւ չեն վերացնում գրահրատարակչության ՊՈԱԿ-ը

-Այդ դեպքում դա նաև նախարարության թերացումն է:

-Բոլոր օղակների… Կառավարության ղեկավարն այսպիսի առաջարկ էր արել, չէ՞, վերացնել բոլոր կարգի ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը: Գրահրատարակչությունն էլ է ՊՈԱԿ, բա ինչո՞ւ չեն վերացնում: Ինչո՞ւ է որոշումը տարածվում այլ կառույցների վրա, իսկ գրահրատարակչության վրա չի տարածվում: Տեսեք, սփյուռքի նախարարությունը եթե ուզում է որևէ գիրք հրատարակել, հրատարակում է, դրա համար գումար է հատկացված, դա էլ է պետպատվեր, չէ՞, պաշտպանության նախարարությունը եթե ուզում է որևէ ամսագիր տպագրել, գումար գոյություն ունի դրա համար, այսինքն՝ կառավարության ցանկացած կառույց կարող է զբաղվել հրատարակչական գործունեությամբ, էդ դեպքում իմաստը ո՞րն է մի ամբողջ գրահրատարակչություն պահելու, բաժանեք այդ գումարն առանձին օղակներին, թող ամեն մեկն իրականացնի իր ծրագիրը, և վերջանա այս պատմությունը: Իսկ այդ 160-170 միլիոն դրամն էնքան ազնիվ նպատակների համար կարելի է ծառայեցնել:

-Բայց, կարծես, նախատեսվում է ժամակակակից հայ գրականության պետպատվերով հրատարակելու գումարը տրամադրել գրադարաններին, որոնք հրատարակիչներից գրքեր ձեռք կբերեն: Այսինքն՝ այդ դեպքում էլ այդ 160-170 միլիոն դրամը ծախսվելու է գրականություն ձեռք բերելու համար, չէ՞:

-Որքան ես գիտեմ, գրադարանները պատկանում են համայնքներին, այսինքն՝ ֆինանսավորվում են համայնքների կողմից, եթե նրանք ցանկություն են ունենում գիրք ձեռք բերելու, կարող են դիմել իրենց համայնքի ղեկավարությանը, այդտեղից գումար վերցնել: Որ ասում են՝ այդ գումարները պետք է տրամադրվեն գրադարաններին, հասկանալի է, որ անմիջականորեն կտրամադրվեն ոչ թե գրադարանին, այլ համայնքին: Եվ դարձյալ կասկածելի կդառնա, թե այդ գումարն ինչի վրա ծախսվեց, որտեղ ծառայեցվեց: Մեխանիզմը պետք է պարզեցնել: Եթե նախարարն, իսկապես, հակված է ինչ-որ բան վերափոխելու, պետք չէ դրա համար մեկին ազատել, մյուսին նշանակել, համակարգը պետք է վերաձևել, նայել, թե որտեղ են խութերը, դրանք վերացնել և ոլորտը դարձնել շատ թափանցիկ:

Բայց չի էլ հայտարարվում, չէ՞:

-Իհարկե, ինչի՞ համար հայտարարեն, որ հետևողական լինե՞ն, թե որտեղից ինչ գնաց, ուր գնաց: Կառավարությունը մի դանակ-պատառաքաղ է առնում, տեղյակ ենք լինում, թե ինչքան գումար հատկացվեց, ումից առան, քաղաքապետը կոնյակ ու արծաթե սպասք է առնում, այդ նախասիրությունների գինն էլ գիտենք, իսկ ինչո՞ւ պետպատվերը չգիտենք, ինչո՞ւ չկան ցուցակները:

Կասեն՝ դիմեք, տրամադրենք:

-Իսկ ինչո՞ւ պիտի դիմեմ, պետության բյուջեից տրամադրված գումարը չե՞ս ծախսում, վաղուց պարտավոր ես ներկայացնել հանրությանն առանց մեր դիմելու, առանց հատուկ նամակագրության: Այդ ցուցակները դիր քո կայքում տեսնենք՝ ինչ ես արել, ինչ հեղինակներ ես տպել, քանի անգամ ես նույն հեղինակին տպել, իսկ մի ուրիշ հեղինակին մոտիկ չես գնացել, ո՞նց ես բացատրում այս հատուկ վերաբերմունքը մեկի նկատմամբ և այդ արհամարհական վերաբերմունքը մյուսի նկատմամբ:

Երբ մարդկանց ասում ես մշակույթ, պատկերացնում են մի կիասաքանդ եկեղեցի, պատից կախված մի նկար

Մենք խոսում ենք գրահրատարակչության մասին: Բայց դա ընդամենը համակարգի մի փոքրիկ ոլորտն է, իսկ այնտեղ շատ ավելի բարդ խնդիրներ կան: Քանի անգամ խնդրեցինք մի 5 տարով գրահրատարակչության, գրավաճառության ոլորտին արտոնություն տալ, մինչդեռ վրա վրա գրախանութներ էին փակում, այ մարդ, մի քանի տարով այս մարդկանց ազատեք հարկերից, ոտքի կանգնեն, ծավալվեն, հետո նորից ձեր հարկերը դրեք: Հետո մեր բյուջեն հաստատ գրքի վաճառքով չի լցվում: Որ Երևանում մի շքեղ հրավառություն չանեն, գրքերի հարցն ամբողջապես կլուծվի: Բայց ոչ մեկը ո՛չ արձագանքեց, ո՛չ ընդառաջ քայլ արեց:

Ամբողջ խնդիրը գիտե՞ք ինչից է. ցավոք, մենք դեռ չենք հասկացել, թե ինչ բան է մշակույթը: Անկեղծորեն եմ ասում, մշակույթի լիարժեք գիտակցությունը գոյություն չունի: Երբ մարդկանց ասում ես մշակույթ, պատկերացնում են մի կիասաքանդ եկեղեցի, պատից կախված մի նկար ու մի հատ էլ գրախանութում դրված գիրք: Դե արի բացատրի, որ մշակույթը բոլորիս հոգեկերտվածքն է, իսկ իմ թվարկածներն ընդամենը գործիքներ են, որոնք այդ հոգեկերտվածքը ձևավորում են: Մշակույթը նույնքան կարևոր է, որքան բանակը. էս մեկը սահմաններդ է պահպանում, էն մյուսը՝ քո ներքին նկարագիրը, և եթե քո նկարագիրը վատն է, ոչ ոք չի կարող պաշտպանել քեզ: Եթե կարողանանք մինչև էդ աստիճան գիտակցական ընկալում ունենալ, այն ժամանակ մեր վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ ուրիշ կլինի, կհասկանանք, որ պետպատվերը թող տասնապատիկ ավելին լինի, բայց ճիշտ ծառայեցվի: Եթե էսօր դու քո մշակույթն ես պահեստավորում, վաղը մի ուրիշ բան կպահեստավորես, մյուս օրը՝ ուրիշ… Ու մեր ամբողջ երկիրը մի օր կվերածվի մի փակ պահեստի, որտեղ ամեն ինչը փտում, վերանում, մոռացության է տրվում, որտեղ ոչ ոքի ոչինչ պետք չէ:

Մշակույթը պետք է փնտրենք այլ տեղ

-Իսկ ի՞նչ պետք է անել, ուղղակի հետևե՞լ, սոցցանցերում սկսել քննարկե՞լ:

-Մշակույթը գոյություն ունի անկախ նրանից՝ մշակույթի նախարարություն կա, թե ոչ: Մշակույթը ոչ մի ընդհանուր բան չունի մշակույթի նախարարության հետ: Մշակույթն ուրիշ տեղ է ապրում, մշակույթի նախարարությունը՝ բոլորովին այլ տեղ, չի կարելի ամեն ինչ պայմանավորել նախարարությամբ: Նախարարությունն ընդամենը մի կառույց է, որն իբրև թե պիտի խթանի, բայց չի գալու ո՛չ ստեղծագործի, ո՛չ արժեքներ ստեղծի, այդ գործառույթը չունի ու նույնիսկ հնարավորությունն էլ չունի, այսինքն՝ ամեն ինչ պայմանավորել միայն նախարարությամբ ու այդտեղ կատարվող իրադարձություններով սխալ մոտեցում է: Մշակույթը պետք է փնտրենք այլ տեղ, հենց սկսում են մշակույթը որոնել մշակությի նախարարությունում, մենք՝ որպես մշակույթ կրողներ, դադարում ենք իրականությունն ընկալել այնպես, ինչպես ուզում ենք տեսնել: Եվ դրանից տուժում է մշակույթը:

Երբ Ամիրյանն ասում է՝ հանդիպում եմ մշակույթի ներկայացուցիչների հետ, տեսնում ես, որ հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր համաձայն են իր հետ: Իսկ ովքեր համաձայն չեն, կարող են առարկել, չի հանդիպում: Հենց էստեղից էլ գալիս է ամենամեծ սխալը: Գրականությունը վաղուց է գրողների միությունից դուրս: Բազմաթիվ գրական կառույցներ կան՝ հասարակական կազմակերպություններ, ակումբներ, խմբակներ որոնք եղանակ են ստեղծում, ժամանակակից գրականություն են ստեղծում: Նույնը նկարիչների միությանն է վերաբերում:

Ընդհանրապես բոլոր կարգի ստեղծագործական միությունները, որոնք խորհրդային իրականությունից ենք ժառանգել, սպառել են իրենց, դուրս են մնացել դաշտից: Եթե մշակույթի նախարար ես, պիտի տեսնես ամբողջ դաշտը: Այսօր այդ կառույցները ոչ մի գործառույթ չեն կատարում, բացի անդամատոմսեր բաժանելուց: Ընդ որում՝ արդեն բաժանում են նրանց, ովքեր «Ֆեյբսուքում» երկու ոտանավոր են գրել: Որակազրկման մեկ այլ կարգի քայլ է արվում: Այս ամեն ինչը պետք է տեսնել, արձանագրել և հաշվի նստել իրականության հետ, այլ ոչ թե երևակայության: Որ ասում եմ՝ մշակույթի նախարարությունը մի կառույց է, որ պետք է խրախուսի մշակույթը, այլ ոչ թե միջամտի, դա նկատի ունեմ:

Հեռուստացույց եմ նայում ու ասվում է՝ նախագահը մի խումբ մտավորականների հետ… Այսինքն՝ նախագահը գնում է, և մի խումբ մտավորականներ հետևից գնում են: Մտավորականն իրավունք չունի նախագահի հետևից գնալու, մտավորականը նախագահից առաջ պիտի քայլի, ծայրահեղ դեպքում նրա կողքով, որովհետև երբ հետևից ես քայլում, քեզ մոտ նախրային ինչ-որ կեցության ձևեր են ձևավորվում, իսկ էդպիսինները չեն կարող լինել մշակույթ կրողներ: Մենք պիտի նաև մտավորական ձևավորենք էն լավագույն հատկանիշներով, լավագույն դրսևորումներով: Մտավորականն իշխանավորների մեջ ի՞նչ գործ ունի, մշակույթ ես ստեղծո՞ւմ: Դու էդտեղ անելիք չունես, գնա էնտեղ, որտեղ քո կարիքը կա, այդտեղ քո մտավորականությունը բանեցրու: Ի՞նչ գործ ունես նախարարություններում, նախագահականներում, ինչ-որ հանդիսությունների սրահներում, նիստերի դահլիճներում: Ասում եք՝ ի՞նչ պիտի փոխել, էդ կարգի բաներ պիտի փոխել, ու երբ էս մեծ բաները փոփոխվեն, էն փոքր բաներն ինքնըստինքյան կփոխվեն: Երբ գրահրատարակչություններ պատվերներ կգան, էն մարդը, որ կներկայացնի այդ ոլորտը, կհասկանա, որ ինքն այդ հսկայական մեխանիզմի մի մասն է ու պիտի գործի էնպես, ինչպես այդ մեխազնիմն իրեն թելադրում է:

Հարցազրույցը վարեց Մարինե Մարտիրոսյանը

http://hetq.am/arm/news/73359/mtavorakann-iravunq-chuni-nakhagahi-hetevic-gnalu-na-nakhagahic-araj-piti-qayli.html

13249580_1185935558123659_1332079177_n

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s