ՊԱՏԱՌՈՏՎԱԾ ԶՍՊԱՇԱՊԻԿ

22 Սպտ

Ժամանակների ու բարքերի մասին այնքան շատ ու այնքան դիպուկ են գրել, որ նույնը կրկնելն այս պահին անիմաստ պիտի լինի: Այդ պատճառով էլ ընդամենը կփորձեմ հիշեցնել այն ճշմարտությունը, որ ոչ թե ժամանակն է վերափոխում բարքերը, այլ այդ ժամանակի մեջ ապրող մարդը՝ իր համար թիրախներ ընտրելով: Եվ քանի որ ընտրությունն այնպիսի բան է, ինչը չի կարող միշտ անսխալ ու արդար լինել, թիրախների պարագայում նույնպես մարդը հակված է սխալվել, երբեմն նույնիսկ շատ չարաչար ու անհեթեթ: Նման օրինակներ դուք ավելի շատ կիմանաք, ես ընդամենը երկուսի մասին պատմեմ:
Եղել է ժամանակ (ի դեպ, ոչ այնքան հեռավոր անցյալում), երբ մեզ մոտ արգելվել է տներում տոնածառ զարդարել: Դա համարվել է քաղքենիական դրսևորում, հղփացած բարքերի մնացուկ: Խաղալիքներով եղևնին ներկայացվել է որպես հին կյանքի խորհրդանիշ: Թե ինչով պիտի եղևնին խանգարեր նոր մտայնությունների հաղթարշավին, մեզ համար հիմա դժվար կլինի հասկանալ, բայց փաստը մնում է փաստ, որ եղել են «գիտակից» մարդիկ, ովքեր դա «հասկացել են» և դուրս են եկել կռվի զարդարուն ծառերի դեմ:
Իսկ հետո հերթը հասավ կրկեսին: Վերստին գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին պնդել, թե կրկեսը գաղափարական տեսանկյունից անհարիր երևույթ է, պետք է վերջ դնել այդ անպտուղ ժամավաճառությանը, որը ընդամենը մեկ նպատակ է հետապնդում՝ մոլորեցնել մարդկանց և փչացնել նրանց ճաշակը: Անմիջապես ձևավորվեցին մարտնչող խմբերը (ներկայիս բնորոշմամբ՝ քաղհասարակությունը): Սրանք պատերից պոկում էին կրկեսային ազդագրերը և հանդիմանում այն քաղաքացիներին, ովքեր հերթական ներկայացման տոմս էին գնում, մամուլում հանդես էին գալիս ծաղրական հրապարակումներով:
Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ մի գեղեցիկ օր Երևանը զրկվեց իր կրկեսից: Պահպանվել է այդ ցավալի փաստն արձանագրող վավերագիրը: Այնտեղ ասված է. «1924 թվականի մարտի 2-ին, առավոտյան ժամը 10-ին Երևանի հրապարակում, քաղաքային կշեռքի վրա կկատարվի հրապարակային աճուրդ նախկին կրկեսի տեր, քաղաքացի Ալեքսանդր Պետրովիչ Ալեքսին պատկանյալ շարժական գույքը՝ որպիսին և ցուցակագրված է 1924 թ հունվարի 22-ին, կրկեսի շենքը, որը գտնվում է Նազարյան և Տեր-Ղուկասյան փողոցների անկյունում, և նրան պատկանող զարդերը, այսինքն ոսկեղեն, բռլյանտեղեն և այլն, և գնահատվում է 3150 չերվ. ռ., ի հատուցում նույն կրկեսի 13 բանվորների…»:
Այս երկար պատմությունն անելու անհրաժեշտությունը չէր լինի, եթե հիշատակված դեպքերն իրենց նորագույն դրսևորումները չունենային նաև մեր օրերում: Միայն թե դրանք հիմա բոլորովին այլ անուն ունեն, իսկ գործողությունը կոչվում է՝ «փշրել կարծրատիպերը»:
Կարծրատիպ բառը հորինողները հնարավոր ամեն բան արել են, որ այն բացասական ենթատեքստ ձեռք բերի: Բայց բավական է ընդամենը մի կողմ թողնել բառաձևն ու հասկանալ դրա իմաստային-բովանդակային տարողությունը, և պատկերն անմիջապես կփոխվի: Ի՞նչ է իրենից ներկայացնում կարծրատիպ ասվածը: Դա նույն սովորույթն է կամ ավանդականը: Ոչ ավելին: Իսկ ավանդույթի և սովորույթի մեջ վտանգավորության աստիճանն այնքան բարձր չէ, որքան հակված են ներկայացնել: Եվ ուրեմն ինչու՞ փշրել, կործանել, ավերակների վերածել մի բան, ինչն իր գոյությամբ որևէ մեկին վնաս չի պատճառում ու բոլորովին էլ այնքան կարծր չէ, որքան ցանկություն կա տեսնելու: Ի վերջո, ժամանակն իր բնական ընթացքի մեջ առանց ավելորդ ցնցումների մի օր դուրս է մղելու հինն ու հնացածը և ճանապարհ է բացելու նորի համար: Բոլորովին հարկ չկա անիմաստ ու հորինովի ճակատամարտեր հրահրել՝ նորարար ու ազատամիտ երևալու համար: Ամեն ինչ՝ իր հունով: Ամեն ինչ՝ իր հունով:

* * *
Հիմա՝ մի քանի խոսք ազատամիտների մասին:
Մեր ժամանակակից գրողներից մեկը մի պատմվածք էր գրել՝ համեմված հայհոյախառն երկխոսություններով ու գռեհիկ պատկերներով, և տարել էր ընթերցելու մի հավաքույթում, որտեղ լինելու էին իր նման «անկաշկանդ» մտածողության տեր ունկնդիրներ: Լսել էին, քննարկումից հետո ամսագրերից մեկի խմբագիրն առաջարկել էր դա տպագրել իրենց հանդեսում: Հեղինակն ուրախացել էր, բայց հետո մոտեցել էր խմբագրին ու ասել էր, որ հրապարակման դեպքում ստիպված է պատմվածքից ջնջել բոլոր «անբարո» հատվածները:
— Ինչու՞,- զարմացած հարցրել էր խմբագիրը:
— Դե, ամսագիրը կարող է մեր ընտանիքի անդամների ձեռքն ընկնել,- բացատրել էր գրողը:
Այսինքն մարդն ազատ ու անկաշկանդ էր մինչև իրենց տան դուռը: Ներսը պաշտպանված է ու մաքուր, իսկ դրսում կարելի է աղբ ներտել ու բարձրաձայն հայհոյել, որովհետև ազատությունը դա արտոնում է: Ու քանի որ այդ կարգի ազատությունը միշտ աղմկոտ է, այնտեղ գրեթե լսելի չեն այս հորդորները. ազատ, ոչ թե սանձարձակ, ազատ, ոչ թե անպարկեշտ, ազատ, ոչ թե անհարգալից:
Ազատամտությունը ենթադրում է ազատ մտքի առկայություն: Մտքի, ոչ թե մտայնության: Եվ ազատությունն էլ այդ միտքը օժտում է այնպիսի լուծումներ ու ելքեր գտնելու ունակությամբ, որը ինքնահաստատվում է ոչ թե ոչնչացման գնով, այլ ներդաշնակ համակեցությամբ:
Համակեցությունն իր հերթին պահանջում է անձեռնմխելիություն այն ամենի համար, ինչը քոնը չէ՝ ներառյալ սեփական կեցության ձևն ընտրելու ինքնավարություն: Ու երբ հայտնվում է մեկը՝ վստահ, որ ավելի լավ գիտի քո պատշաճ ապրելու եղանակը, կյանքդ վերածվում է միջամտված անազատության: Եվ հենց այդ չափը կորցրած ազատությունից փրկվելու համար է, որ օգնության է հասնում հին զսպաշապիկը, որին շատերն անվանում են կարծրատիպ, իսկ ես դրան կկոչեմ չափի զգացում:
Պետք չէ պատառոտել զսպաշապիկը: Այդպես ոչ թե ազատ եք դառնում, այլ ցնցոտիավոր:

* * *
Մի պատմություն էլ դրա մասին պատմեմ: Մի փոխնախարարից եմ լսել: Իրենց գերատեսչություն է գալիս միջազգային ինչ-որ կառույցի ներկայացուցիչ և հայտարարում է, որ պատրաստ են Հայաստանում պայքարել գենդերային անհավասարության դեմ, մեր երկրում արմատախիլ անել կնոջ շահագործումը, նվաստացումը, բռնությունները: Զարմացած փոխնախարարը փորձում է հակաճառել՝ բացատրելով, որ դա չափազանցված պատկերացում է, մեր ընտանիքներում մեծարում ու աստվածացնում են կնոջը: «Ասացի՝ չեմ բացառում, բռնության դեպքեր լինում են, բայց կարո՞ղ եք աշխարհում գոնե մի երկիր ցույց տալ, որտեղ նման բան չի պատահում: Բայց տեսնեմ՝ չէ, սա իրենն է պնդում, անընդհատ կրկնում է, թե պետք է վերացնել գենդերային կարծրատիպը, իսկ հետո տեղեկացրեց, որ այդ նպատակի համար պատրաստ են Հայաստանին խոշոր դրամաշնորհ տրամադրել: Ու այդ ժամանակ մտածեցի, որ միևնույն է, սրանց հակառակը չեմ ապացուցի, ավելի լավ է վերցնենք այդ դրամաշնորհի գումարները, գոնե մի քանի տասնյակ մարդ երկրում աշխատանք կունենա, աշխատավարձ կստանա: Հիմա նրանք ու մենք համատեղ պայքարում ենք ազատագրվող կնոջ իրավունքների համար: Նրանք նոր բարքեր են ներմուծում, իսկ մենք շարունակում ենք սիրել մեր կանանց առաջվա պես՝ առանց դրամաշնորհի»:

* * *
Արդեն 30 տարի է՝ ես օգտվում եմ միևնույն մոխրամանից: Փայտե փորագրված մոխրաման է, մի անկյունն էլ ճաքած ու վնասված: Այս ընթացքում աստված գիտի, թե քանի-քանի ուրիշ մոխրամաններ են մտել մեր տուն ու անհետացել՝ ավելի գեղեցիկ, ինքնատիպ, թանկարժեք: Բայց իմը մնում է անփոփոխ և որևէ մեկի մտքով երբևէ չի անեցել կոտրել իմ կաղապարված կապվածությունը:
Կասեք՝ եղածը չնչին բան է: Համաձայն եմ: Բայց դա իմ չնչին բանն է, ոչ թե ձերը:

Հովիկ Չարխչյան1935583_961845640517435_3740883757439545041_n

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s