Մարդկանց համբերության բաժակը լցվել է, այլևս տեղ չկա. Հովիկ Չարխչյան

19 Օգս

NewsBook-ի զրուցակիցն է գրականագետ Հովիկ Չարխչյանը:

— Պարոն Չարխչյան, այսօր որոշները քննդատում են այն լրատվամիջոցներին, որոնք հաճախ են քննադատաբար անդրադառնում Արցախից հող զիջելու գաղափարին և պնդում են, թե նման բան իրականում չկա: Չէ՞ որ հայտնի ասացվածք կա՝ առանց կրակ ծուխ չի լինում:

— Լուրջ բանակցություններ են գնում և այսօր սեղանին հայտնվել է մի տարբերակ, որտեղ խոսք կա փոխզիջումների մասին, դա անհերքելի է: Անժխտելի է հենց այն պատճառով, որ մինչ այս պահն իշխանության որևէ ներկայացուցիչ կտրականապես դա չի հերքել, նրանք միայն հարցերին պատասխանելուց պնդում են, թե խոսքը խելամիտ զիջումների մասին է: Ի՞նչ ասել է խելամիտ փոխզիջում, ի՞նչ ենք մենք պատրաստ զիջել, ինչի՞ դիմաց ենք պատրաստ զիջել, այս հարցերի շուրջ որևէ կոնկրետ պատասխան չկա: Եթե հակառակ կողմից մենք ակնկալում ենք ԼՂՀ անկախության ճանաչում և ընդունում, որ դա զիջում է, այդ դեպքում մենք ի՞նչ ենք դրա դիմաց տալու: Պարզ չէ՞, որ խոսքը կարող է միայն տարածքային զիջման մասին լինել: Անկախությունը վերացական հասկացություն է, քանի որ այսօր կարող են ճանաչել, իսկ վաղը հրաժարվել այդ ճանաչումից և դեռ չեմ խոսում այն մասին, որ մոլորակի վրա բազմաթիվ երկրներ կան, որոնք առանց իրենց անկախության միջազգային ճանաչման էլ շատ նորմալ ապրում են: Անկախության ճանաչումը գերագույն նպատակ չէ և առանց այդ անկախության էլ ԼՂՀ գոյություն ունի և դեռ հարյուրավոր տարիներ կարող է գոյություն ունենալ: Մյուս կողմից մեզ փորձում են վախեցնել պատերազմով, եթե մենք չենք համաձայնում, և պնդում են, թե այս տարբերակն այլըտրանք չունի: Իսկ ո՞վ ասաց, որ այլընտրանք չունի: Եթե լինես հզոր երկիր, ունենաս հզոր բանակ, ապա ոչ մեկը ռիսկ չի անի քեզ հետ պատերազմի գալ: Իսկ ուժեղ և հզոր լինելու նախապայմանը մեկն է՝ թալանչիներին բռնել, երկրի միջոցները խնայել և ծառայեցնել պաշտպանական նպատակների համար: Այդ ժամանակ փոխզիջումների մասին էլ խոսք լինել չի կարող:

— ԼՂՀ հիմնախնդիրը հայությունը շատ սուր է ընկալում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահն է հրաժարական տվել հենց այս խնդրի հետ կապված հարցերի պատճառով, իսկ ապրիլյան պատերամզից հետո նույնիսկ փոխզիջումների գնալու տարբերակը ժողովուրդը չի էլ լսում: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն այս կամ այն հանդիպման ժամանակ զիջումների մասին խոսալով վա-բանկի չի գնում:

— Մեր ժողովուրդը ցույց տվեց, որ նույնիսկ հողերի հանձման մասին խոսակցություն չի կարող հանդուրժել, էլ ուր մնաց դրա կիրառումը: Մեր ժողովուրդն ապացուցեց, որ չկա այդպիսի մարդկանց խումբ, որոնք կարող են երկրի, առավել ևս տարածքների ճակատագիր որոշել, և սա նույնիսկ թափանցիկ ակնարկ էր այն մասին, թե ինչպիսի պատիժ է սպասում նման քայլի գնացողին: Սակայն իշխանությունները մեզ կարող են հավաստիացնել, թե կա արտաքին այնպիսի ճնշումներ, որ այլևս նահանջի տեղ չունեն և ստիպված են գնալ զիջումնային քայլի: Այս պարագայում էլ մենք պետք է իշխանություններին հարցնենք, թե ինչու՞ է ձեր վիճակը դարձել այդպիսին, որ բանը հասել է վերջին խաղաքարտին: 2-րդ՝ նրանք պետք է պատասխանեն, թե ում կարծիքն են հարցրել, արդյո՞ք հարցրել են ժողովրդին՝ նրանք համաձայն են այս տարբերակին, արդյո՞ք հուլիսյան իրադարձությունները սրա արդյունքը չէր և պատասխանը էր, թե ինչ կարող է լինել, եթե իշխանությունը զիջումների գնան: ԼՂՀ-ում ասում են, որ Արցախի ժողովուրդն է որոշելու ԼՂՀ ճակատագիրը, իսկ ես ծավալները կընդարձակեմ և կասեմ, որ հայ ժողովուրդն է որոշելու՝ ԼՂՀ-ում, ՀՀ-ում և սփյուռքում ապրող հայը: Սա մի այնպիսի գլոբալ, համազգային հարց է, որ այստեղ անհատն ու անհատների խումբը չեն կարող այս հարցը լուծել, սա ինչ-որ մեկի հետ տնտեսական դաշինք կնքելու կամ երկրի տարածքով գազամուղ անցկացնելու հարց չէ: Պատմության մեջ հողերի հարցը միշտ էլ լուծվել է պատերազմի ճանապարհով, մեր ժողովուրդն էլ պատերազմել է, արյուն է թափել ու հազարավոր զոհեր տվել, և այսօր որևէ մեկը ո՛չ իրավական, ո՛չ բարոյական տեսանկյունից նույնիսկ դա քննարկելու իրավունք չունի: Եթե պետք էր, որ այս մասին նաև դրսում իմանան, ապա ինձ թվում է՝ դրսում արդեն իսկ շատ լավ պատկերացում ունեն այս մասին, իշխանություններն այս պահին մանիպուլյացիա են անում, սակայն չկա այնպիսի մի ճնշում, որ կարողանա մեր ժողովրդի կամքը կոտրել, ինչպես նաև պետք է ասենք, որ մենք բոլորովին չենք վախենում պատերազմելուց, մենք այնքան երկար ենք պատերազմել ու չենք վախեցել, որ դա բոլորին է հայտնի:

— «Սանսա ծռեր» խմբի պայքարի շարժառիթներից մեկը հենց Արցախից հողեր զիջելն էր, նրանց աջակցեց նաև հանրությունը, քանի որ 20 հազարանոց հանրահավաքներ էր լինում: Սակայն իշխանությունը, փոխանակ առերեսվի խնդրի հետ, պնդում էր, թե նման զինված պայքարները ՀՀ-ին տանում են կործանման: Հիմա փաստացի պայքարը մեզ վնաս չտվեց:

— Նախ պետք է նշենք, որ հասարակության վերաբերմունքը չի չափվում միայն փողոց դուրս եկած մարդկանց քանակով: Եթե դրսում կար մի քանի հազար մարդ, ապա իշխանությունը հրաշալի պիտի իմանա, որ իրենց աշխատավայրերում կամ տանը կան հազարավոր մարդիկ, ովքեր առաջին իսկ վտանգի դեպքում պատրաստ էին միանալ հավաքված մարդկանց: Այդ պահին հասարկության առավել ակտիվ մասն էր այնտեղ, սակայն դա դեռ չի նշանակում, որ մյուսները չեն կիսում հավաքվածների կարծիքը: Եթե իշխանությունն ուսումնասիրություն կատարեր, ապա կհասկանար, որ հասարակության ճնշող մեծամասությունն այդ պահին նրանց հետ էր: «Սասնա ծռեր»-ին աջակցում էին ոչ միայն նրա համար, որ նրանք դեմ էին հողերի հանձմանն, այլ նաև նրա համար, որ նրանք դուրս էին եկել այն իշխանության դեմ, ովքեր փաստացի վերծվել են իրենց ժողովրդի թշնամու: Մեր երկրին այսօր այնպիսի ծայրահեղ դրության մեջ է, որ միայն թշնամին կարող է մարդուն հասցնել այս վիճակին, մարդկանց համբերության բաժակը լցվել է, այլևս տեղ չկա:

— Որոշ քաղաքական ուժեր, հասարակական դեմքեր մեղադրեցին «Սասնա ծռեր»-ին զենքով պայքարելու համար, բայց արդյո՞ք ՀՀ-ում քաղաքական պայքարով խնդիրներ լուծվում են, այս իշխանությունների հետ ունեցած փորձը դա հուշո՞ւմ է:

— Մենք այս պահին խոսում ենք հարցը լուծելու մեթոդների մասին: Պետք է արձանագրենք, որ եթե հարցեր կան ու ինչ-որ մեկն էլ փորձում է դրանք լուծել, ապա նախ պետք է հասկանա, թե որտեղից առաջացան այդ հարցերը և ինչու՞ են դրան այնպիսի հարցեր, որ մարդիկ արդեն սկսել են ընտրություն չկատարել, թե ինչ մեթոդով պետք է լուծել՝ ընտրությունների՞, թե՞ ավտոմատների: Սակայն այս հարցերին պատասխանելու փոխարեն սկսում են քննարկել, թե ով ինչ անօրինական քայլ կատարեց: Աշխարհում հարյուրավոր ապստամբություններ են եղել, ո՞ր մեկն է քննարկել դրա անօրինական կամ օրինական լինելը: Եթե հասունացել է պահը, այդ դեպքում հասարակությունը չի էլ մտածում, թե ինչ մեթոդներով պետք է ճանապարհը հարթի: Մարդ, երբ ծայրահեղ հիվանդ է, չի նստում քննարկում՝ պետք է իրան վիրահատեն, թե դեղերով բուժվի, գնում է ցանկացած քայլի, որպեսզի բուժվի: Այսօր որևէ մեկը չի ցանկանում ուշադրություն դարձնել նպատակին, որպեսզի հասկանա, թե ինչու մարդիկ գնացին նման քայլի, մի՞թե դա արվում էր երկիր ավերելու և թշնամուն հանձնելու համար: Իհարկե ոչ, արվում էր միայն նրա համար, որ մենք էլ մարդավարի ապրենք: Երբ այս պահանջներն ու կատարման մեթոդները համադրում ես, ապա անտրամաբանական բան չես տեսնում: Իսյ ինչ են անում իշխանությունները երկիր նկատմամբ՝ արդյո՞ք դա ահաբեկչություն չի իր հասարակության նկատմամբ, երբ առավոտից իրիկուն գողանում են, բռնանում մարդկանց կամքի վրա, շրջանցում են օրենքը, երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, սրանից ավելի վատ ահաբեկչություն ու հանցագործություն որտե՞ղ կարելի է տեսնել: Համեմատության եզրեր անգամ չի էլ կարելի որոնել, քանի որ նա, ով կփորձի ցույց տալ իմ վերքը, ապա ես ցույց կտամ նրա ամենախորը հիվանդությունները:

— Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունները կշարունակեն խոսել փոխզիջումների մասին, թե նրանց հույսը 2011-ի նման այն է, որ կստորագրվեն փաստաթղթեր, բայց Ադրբեջանը չի համաձայնի, ինչպես Կազանի պայմանագրի դեպքում էր:

— Կարծում եմ՝ ներկա դրությամբ իշխանությունները փոքրիկ հետքայլեր են կատարում, այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք ոգևորված էին հողի հանձման գաղափարով, սակայն հիմա նրանք հասկացան, որ դա պարզապես անհնար է: Թե ինչ կտա նրանց թեթև նահանջն այս պահին, դժվարանում եմ ասել, բայց ամեն դեպքում այս պահի տրամադրությունն ու իրավիճակը բոլորովին չի բխում իշխանության շահերից: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իրենց գոյությունը կարող է չտևել մինչև 2017 թվականի ընտրություններ: Պետք է մի փոքր սպասել՝ հասկանալու համար, թե որ կողմի վրա է այժմ իրադրությունը թեքվում: Ցանկացած իրավիճակի պարագայում կա պատճառահետևանքային կապ և ԼՂՀ հողերի հանձման խնդիրն առանձին վերցրած գոյություն չունի, այդ երևույթը շատ այլ հանգամանքներով է պայմանավորված:

— Կարող ենք արձանագրել, որ «Սասնա ծռեր»-ի զինված ապստամբությունը ժողովրդի մեջ ընտրություններից առաջ արթնացրեց իշխանություններին «ոչ» ասելու զգացումը:

— Իշխանություններին «ոչ» ասելու, մերժելու գաղափարն ու զգացումը ժողովրդին երբեք չի լքել և շատ վաղուց ու շատ խորը հուսվածքներ է թողել: Հիմա մենք միայն դիտում ենք դրա տարատեսակ դրսևորումները՝ մի դեպքում սովորական ցույցերի, բողոքներ, երթերի տեսքով, մեկ այլ դեպքում «Սասնա ծռեր»-ի ընդվզումուվ, իսկ վաղը կարող ենք այնպիսի անսպասելի իրավիճակի առաջ կանգնել, որքան «Սասնա ծռեր»-ի պարագայում էր: Սա շարունակական է և վերջը չի երևում, որովհետև որքան իրավիճակը խորանա, այնքան արտահայտման ձևերն ավելի ստվար գույներով կդրսևորվեն:

Հարցազրույցը՝ Անի Արամի
Նյութի աղբյուրը ` Newsbook.am13934910_1089439437758054_7823683616357597686_n

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s