ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻՆ

24 Հլս

Մեծ մարդկանց մեծ մեղքեր են վերագրվում: Սա օրինաչափություն չէ, սակայն կա նման հակում. մարդկային մի ներքին մղում կարծես պահանջ ունի նվազեցնել տարբերությունն իրենց և նրանց միջև, ովքեր բացառիկ են կոչմով ու անհատականությամբ: Համանման վերաբերմունքի մի դրվագ էլ մեր եկեղեցու պատմության մեջ ենք հանդիպում, որն առնչվում է Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Խրիմյանի՝ Խրիմյան Հայրիկի բարենորոգչական գործունեության հետ:
Այդ ծրագրերի մասին եկեղեցու աղբյուրներն այսպես են գրում. «Կաթողիկոսի գահակալության օրոք շարունակվում են Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները: Նա մի շարք կարգադրություններ է կատարում Տաճարի վերանորոգման աշխատանքներն սկսելու համար: Սակայն ինչ-ինչ պատճառներով Հայրիկի նպատակադրվածությունը կյանքի չի կոչվում, իսկ սկսված աշխատանքներն էլ մնում են անավարտ»:0000001315
Որ մտահղացումները կարող էին նաև չիրագործվել, միանգամայն բնական է: Զարմանալին այս պատմության մեջ մեկ այլ բան է: Խոսքը Խրիմյան Հայրիկի հասցեին հնչող ծանր մեղադրանքների մասին է: Մասնավորապես կաթողիկոսն ամբաստանվում է այն բանի համար, որ նրա ձեռնարկումների արդյունքում զոհաբերվել են թանկագին մշակութային արժեքներ, մեծ վնաս է հասցվել Մայր տաճարի ներքին հարդարմանը, անհետ կորել են գեղարվեստական գործեր: Բայց որքանո՞վ են հիմնավոր ու փաստարկված նման պարսավանքները: Դատենք ըստ իրադարձությունների հաջորդականության:
Խրիմյան Հայրիկը 1895 թվականին ձեռնարկում է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգումը: Դրանից 15 տարի անց՝ 1910 թվականին հայտնի գրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը վրդովմունքով արձանագրում է, թե տաճարի զարդերն ու նկարները Խրիմյան Հայրիկը «քանդած ու փչացուցած է անհավատալի վանդալությամբ՝ անհասկանալի քմայքը գոհացնելով»: Չոպանյանն ասում է, որ տաճարից հաջողվել էր փրկել միայն գմբեթի որմնանկարները, այն էլ՝ Պետերբուրգի հնագիտական ընկերության մասնագետների միջամտությունից հետո, իսկ եկեղեցում կախված գեղանկարչական աշխատանքներին դուրս էին բերվել և ուղարկվել էին տարբեր գյուղերի եկեղեցիներ:էջմիածին 1874
Ոչ պակաս նշանավոր մեկ այլ անձնավորություն՝ հայագետ, պատմաբան Մաղաքիա Օրմանյանն իր «Ազգապատում» աշխատության մեջ գրեթե նույնն է պնդում՝ տեղեկացնելով, որ Մայր տաճարի ներքին զարդարանքներն ու Նաղաշ Հովնաթանի կտավները ոչնչացվել են ու «120 պատկերներեն հազիվ 20 հատ անխնամ կերպով մնացեր են թանգարանին մեջ նետված»:
Կա նաև Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի վկայությունը, ով ժամանակին ցավով նշել է, թե «Խրիմյան կաթողիկոսի օրոք մեծ սխալ էր կատարվել հայ արվեստի նկատմամբ»: Նա գրում է, որ առանց նախապես հոգալու ֆինանսական ծախսերը, նորոգման համար անհրաժեշտ նյութերը, առանց մասնագետների ու նկարիչների հետ խորհրդակցելու քանդվել են որմնանկարները, սրբվել են նախշազարդերը, պատերից ցած են բերվել կտավները, որոնք արդեն սկսել էին խոնավությունից պոկոտվել ու թափվել:
Իսկ ահա գրող Կոստան Զարյանը հեգնանքով ամփոփում է թեման՝ ասելով. «Լուսավորյալ» մի կաթողիկոս՝ նույն ինքը Խրիմյանը, հանուն առաջադիմության և քաղաքակրթության, հին բաներ անվանելով, ծեփել է տվել անողոք կերպով որմնանկարի գեղեցիկ մի մասը, և ոչ մի սպառնացող ատրճանակ չի արգելել այդ ոճիրը»:
Մի՞թե այս բոլորը ճշմարտություն է: Արդյո՞ք Խրիմյան Հայրիկի պես շրջահայաց ու խելամիտ անձնավորությունը կարող էր նման անհեռատեսություն ու կամայականություն հանդես բերել, երբ խոսքը հոգևոր ժառանգության ճակատագրին էր վերաբերում: Եվ արդյո՞ք նրա արարքն իրոք ոճրագործություն էր, որը պիտի կանխվեր ատրճանակով:10704_b
Այս հարցերին պատասխան գտնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք նկատառումներ: Սկսենք այն փաստից, որ Վեհափառին վանդալիզմի համար մեղադրող անձանցից և ոչ մեկն այդ իրողության ականատեսն ու վկան չի եղել: Նրանք բոլորն էլ իրենց կարծիքը շարադրել են դեպքերից ավելի ուշ, այս կամ այն խոսակցությունների, տեղեկությունների ազդեցության տակ՝ առանձնապես խորամուխ չլինելով բուն խնդրի նրբերանգների ու մանրամասների մեջ:
Վերցնենք թեկուզ անհետ կորած 100 կտավների պատմությունը, ինչի համար պատասխանատու է դիտվում Խրիմյան Հայրիկը: Ի՞նչ նկարների մասին է խոսքը, ովքե՞ր են եղել դրանց հեղինակները, որտե՞ղ են ցուցադրվել: Չկան հաստատ ու վստահելի վկայություններ այն մասին, թե այդ շրջանում Մայր տաճարում 100-120 կտավներ են եղել: Փոխարենը այն, ինչն առկա էր, գրեթե բոլորն էլ հասել են մինչև մեր օրերը: Եթե տվյալ դեպքում ակնարկը վերաբերում է Նաղաշի գեղանկարչական աշխատանքներին, ապա, այո, դրանց զգալի մասը ոչնչացվել է, միայն ոչ թե 19-րդ դարի վերջին, այլ ավելի վաղ՝ 18-րդ դարում, երբ գահակալած որոշ կաթողիկոսների օրոք տաճարից հաճախակի հանվել են հնացած պատկերները՝ փոխարինվելով նորերով: Ընդ որում՝ հետաքրքիր մի հանգամանք. նոր գործերը արվել են Նաղաշի որդիների ու թոռների ձեռքով, այսինքն հենց նրանք էլ եղել են հները պատերից իջեցնողն ու նորերով փոխարինողները: Իսկ եթե նույնիսկ ընդուենք այն պնդումները, թե իբր Խրիմյանի կարգադրությամբ ընդհանրապես հանվել էին բոլոր կտավները՝ անհանդուրժելի համարելով Մայր տաճարում պատկերներ ցուցադրելու երևույթը, ապա սա դեռ չի նշանակում, որ դրանք ոչնչացված են:
Նմանապես հիմնավոր չեն այն հավաստիացումները, թե Խրիմյան Հայրիկը չի առաջնորդվել մասնագետների ու նկարիչների խորհուրդներով: Օրինակ, պահպանվել է Խրիմյանի մի նամակը՝ գրված 1894 թվականի օգոստոսի 5-ին: Հասցեատերն է Մկրյան քահանան: Ահա այս նամակում կաթողիկոսը գրում է, որ ձեռնարկել է նոր մատենադարանի կառուցումը, ինչպես նաև տաճարի ձևավորումը և փնտրում է մի արվեստավոր, «պատկերահան»: Այնուհետև նա հավելում է. «Էջմիածնա տաճարի ներսի նորոգություն ևս առաջիկա գարնան պիտի սկսվի, որոյ մեջ թե պատկերուն նկարներ և թե հին ու նոր կտակարանի պատմական նշանավոր պատկերն պիտի պատրաստվի»: Այս նպատակի համար սկզբնապես Էջմիածին է հրավիրում պոլսեցի նկարիչ Պետրոս Սրապյանին: Ավելի ուշ նոր որմնանկարչական աշխատանքների համար Մայր Աթոռ է գալիս նկարիչ Վարդգես Սուրենյանցը:

King_Tiridates_with_his_wife_Ashkhen_and_sister_Khosrovidukht_by_Naghash_Hovnatan
Կաթողիկոսն իրոք պատրաստվում էր հեռացնել տաճարի որմնանկարները և հայկական ոճով նկարազարդել ամբողջ կառույցի ներսը: Սակայն այդպիսի քայլի նա դիմում էր հարկադրաբար: Բանն այն է, որ տարիների ընթացքում վատ պայմանները, անձրևաջրերը, խոնավությունը լիովին գունաթափել ու վնասել էին նկարազարդ շերտերը: Այս մասին բազմաթիվ վկայություններ կարելի է գտնել նույն շրջանում Էջմիածին այցելած մարդկանց գրառումներում: Ելքը մեկն էր. տաճարի որմնանկարները հատվածաբար դուրս բերել և տեղափոխել ավելի ապահով վայր, իսկ այնուհետև ձեռնամուխ լինել նորի ստեղծմանը, ինչն էլ արել է Խրիմյան Հայրիկը: Մայր տաճարի որմնանկարների մի մասը կաթողիկոսի ցուցումով հանվել ու պահվել են վանքի թանգարանում, դրանց որոշ նմուշներ այսօր էլ կարելի է տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում:
Գալով այն հարցին, թե ինչու՞ ծրագիրն անկատար մնաց, ապա սրա համար պատճառները չափազանց շատ էին: Եվ խոսքը միայն միջոցների ու հնարավորությունների սղությունը չէր: Հայտնի փաստ է, որ 1890-ականներին վերջին ծայր առան հակախրիմյանական տրամադրություններ: Դրանք խմորվում էին ինչպես հասարակության առանձին շերտերում, այնպես էլ կղերական միջավայրում: Այդ արհեստածին կրակն ամեն գնով թեժ էին պահում միաբանության մի շարք անդամներ, նաև «Մշակ» թերթը՝ լիբերալ հայացքների շղարշի տակ: Նույն ժամանակներում ծավալվող քաղաքական իրադարձություններն իրենց հերթին անելիքների ու հոգսերի այնպիսի մի ծանրություն բերեցին Հայոց եկեղեցու առաջնորդի համար, որ Խրիմյան Հայրիկին ուրիշ ոչինչ չէր մնում, քան անկատար թողնել իր ծրագիրը և զբաղվել առավել հրատապ ու կենսական հարցերի լուծմամբ: Իսկ անհաստատ ու անկայուն ժամանակների թոհուբոհում չկա ավելի դյուրին բան, քան մեղավորների փնտրտուքն ու մեղադրանքների շռայլումը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Advertisements

One Response to “ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻՆ”

  1. Sos Movsisyan Հուլիսի 24, 2016 at 3:08 ա. #

    Հարգելի Հովիկ մեծ հետաքրքրությամբ կարդացի ձեր հոդվածը Խրիմյան Հայրիկի մասին: Միայն մի տեղ սպրդել է մի սխալ` «պահպանվել է Խրիմյանի մի նամակը՝ գրված 1994 թվականի օգոստոսի 5-ին»: Հասկանալի է, որ սա վրիպակ է,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s