ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՕՐԵՆՔԸ

10 Հլս

Հիշել եմ՝ պատմեմ:
Երասխի կռիվների ամենաթեժ պահին ռուսական զորքը եկավ, նստեց սահմանին, իրավիճակը վերցրեց իր ձեռքը: Մեր կամավորները հայտնվեցին անորոշ դրության մեջ: Ոչ ոք դիրքերը լքելու մտադրություն չուներ, բայց որպեսզի հեռու մնային տհաճ միջադեպերից, մի խորամանկ ելք գտան: Գյուղի տների մեծ մասը դատարկված էր: Ու որոշեցին հրացանավոր մարդկանց խումբ-խումբ տեղակայել հենց այդ տներում, որ և աննկատ մնային, և ներսից հսկեին սահմանը:
Մեզ բաժին հասավ մի տուն, որ հենց սահմանի մոտ էր: 7-8 հոգի էինք: Պատուհանների մոտ հերթապահ կանգնեցրինք, մենք էլ նստոտեցինք հյուրասենյակում՝ կիսամութի մեջ: Քաղցած էինք: Սնունդն ուշանում էր: Ճարահատյալ տղաներից մեկը պտտվեց սենյակներում, հետո մտավ նկուղ ու վերադարձավ մի բանկա կոմպոտը ձեռքին: Մեր քաղցած հայացքների ներքո գունեղ մրգահյութը և նրա մեջ լողացող պտուղները երկնային մանանայի պես մի բան թվացին: Ու այն է՝ ուզում էինք բացել կափարիչը, երբ հանկարծ մերոնցից մեկն ասաց.
— Չբացեք:
— Ինչու՞
— Դա մերը չի:
— Եղածն ընդամենը կոմպոտ է:
— Հետո՞ ինչ: Մենք էստեղ նրա համար չենք, որ ուրիշի ունեցվածքը յուրացնենք:
— Ի՞նչ ես խոսում, ի՞նչ յուրացնել: Մենք նրանց տունն ենք պահպանում, մի կոմպոտ չարժի՞:
— Դու ոչ թե նրա, այլ քո տունն ես պաշտպանում: Տար, դիր տեղը…
Կոմպոտն այդպես էլ չբացվեց: Ոչ ոք ոչնչի ձեռք չտվեց: Սնունդն, իհարկե, բերեցին մեկ օր անց, իսկ մենք այդ տանը մնացինք երեք օր: Հետո շատ ուրիշ բաներ պատահեցին, բայց կոմպոտի պատմությունը չմոռացվեց:
Ես ցանկություն չունեմ փոքրիկ բաներից մեծ ընդհանրացումներ անելու, ոչ էլ ուզում եմ մարդու արժեքը գնահատել մի կոմպոտի օրինակով: Պարզապես այդ պատկերը մտքիցս չի ջնջվում, ու նաև հիշում եմ, որ պատերազմ էր: Իսկ պատերազմում ոչինչ հենց այնպես չի լինում, որովհետև նա ընդմիջում չի տալիս կշռադատումների համար: Նրա ամուր ձեռքը պարզապես ճանկում ու դուրս է քաշում այն, ինչն արդեն կա ներսում: Դու ժամանակ չես ունենում այլակերպման համար: Նա ժամանակ չի ունենում զանազանման համար:
Մարդիկ սրան ասում են պատերազմի օրենք, իբրև թե նա է թելադրում վարքականոնը՝ օրերի էության հանգույն: Մարդիկ նաև ասում են, որ լավ պատերազմ չի լինում՝ ինչ նպատակի համար էլ այն ծառայի, և հետևաբար նրա օրենքները նույնպես լավը լինել չեն կարող: Այդ օրենքները պահանջում են ոչնչացնել, որպեսզի քեզ չոչնչացնեն, զրկել, որ զրկված չլինես, հարվածել, քանի դեռ քեզ չեն հարվածել: Ու դժվար է վիճել նրանց հետ, ովքեր ուզում են լինել՝ չլինելու պահանջին հակընդդեմ:
Չէ, վիճաբանել եմ ուզում: Բայց ուզում եմ նույն օրերի մի դրվագ էլ հիշել, որի ականատեսը եղա:
Հավանաբար ձմեռ էր: Կամավորներով լի մեքենան կանգ առավ մի փոքրիկ կրպակի մոտ: Երկուսն իջան ու սկսեցին առևտուր անել: Լցրեցին ուսապարկերը, հետո ասացին, որ չեն վճարելու: «Կռվող տղերքի համար է»,- ասացին: Վաճառողը խեղճացավ, սկսեց բացատրել, որ ապրանքն իրենը չէ, ինքն ընդամենը աշխատող է ու չի կարող ձրի ոչինչ տալ, թեև շատ հարգում է զինվորներին: Բայց բացատրությունն իզուր էր: Վեճը շուտով վերածվեց քաշքշուկի, ապա սկսեցին փշրվել շշերը, ապրանքը փողոց շպրտվեց, իսկ «առևտրականներն» իրենց ավարն առած՝ նստեցին մեքենան ու գնացին:
Սա էլ է եղել: Ցավոք: Եվ երբ դա հիշում եմ, պատերազմի չգրված օրենքները դառնում են անընթեռնելի, պատերազմի վարքը ինձ սփոփանք չի բերում: Փոխարենը մխիթարվում եմ մեկ ուրիշ պատմությամբ, որ լսել եմ իմ ծանոթից: Դեպքն այսպես է եղել: Ազատագրված տարածքներում մերոնք մի դատարկված գյուղ են մտնում: Անցնում են տնետուն, հետո տեսնում են գրադարանը: Ներս են գնում ու կռվողներից մեկը, որ պատմաբան էր, զարմանքով նկատում է, որ դարակներում բազմաթիվ հազվագյուտ ու արժեքավոր գրքեր կան: Սկսում է ընտրել: Մի 15-20 գիրք է առանձնացնում, թելերով կապում ու դնում է մեքենայի մեջ: Բայց հենց շարժվում են, խնդրում է կանգ առնել: Դուռը բացում է, գրքերը թղնում է ճամփեզրին ու ասում է.
— Դատարկ ձեռքերով եկել եմ, դատարկ ձեռքերով էլ տուն եմ գնալու…
Փշրված շշերի, ընտրված գրքերի ու դատարկ ձեռքերի մեջ պատերազմի ի՞նչը պիտի փնտրեմ, որ ինձ տանի դեպի մարդը: Որքանո՞վ է ազնիվ ամեն անգամ մեղքը բարդել պատերազմի վրա կամ պատերազմի տիղմի մեջ պահ տալ մաքրության երաշխիքները: Ես չեմ հավատում այդ խաղին: Ես չեմ հավատում պատերազմի օրենքի գոյությանը, և երբ մարդիկ սկսում են խոսել դրա մասին, միշտ սպասում եմ, թե երբ նրանք կմտաբերեն մյուսը՝ մարդու օրենքը: Միայն թե ոչ ոք դա մտաբերելու պատճառ չունի, քանի որ չկա այդպիսի բան, երբեք չի եղել ու լինել չի կարող: Ի՞նչ մարդու օրենք: Ո՞վ կարող է սահմանել անսահմանելին, համակարգել արարքների ու մտքերի օրինակելի աստիճանակարգը, եզրագծել, թե որտեղ է սկսվում ու ավարտվում մարդը: Սա սոսկ ներքին մի պահանջ է, որ որակական տարբերակման միջոցով պիտի փորձի տարանջատել թույլատրելին անթույլատրելիից, հաստատականը՝ ժխտականից և վերջապես՝ մարդկայինը անմարդկայինից:
Գայլը չի մտահոգվում գայլ լինելու համար, թռչունը չի ջանում մնալ թռչուն, մրջյունը չի պնդում, թե ինքը մրջյուն է, և միայն մարդն է, որ տվայտում է մարդ լինելու պահանջից, որովհետև վստահ չէ, որովհետև դեռ կասկածը կրծում է սիրտը, որովհետև հեշտ չէ լինել այն, ինչը լինելը բավարար չէ, դեռ կայանալ է պետք:
Ես գիտեմ, թե ինչ կարող է անել պատերազմը մարդու հետ: Ես գիտեմ, թե ինչ է անում մարդը պատերազմի հետ: Բայց վստահաբար գիտեմ նաև մի բան. երբ մարմնիդ մեջ թույն է ներարկվում, դու սկսում ես հակաթույն որոնել:
Ուրեմն փնտրենք և գտնենք այդ փրկագործ շիճուկը: Ու եթե ձեզ անհրաժեշտ է պայմանականությունը, եթե պետք է մի բան, ինչից կառչելը կազատի անկումներից, եթե կարիք ունեք փոխարինել առկան թեականով, ուրեմն թող լինի, ապրելու իրավունք առնի մարդու օրենքը: Ու մի օր, երբ արհավիրքը կրկին կգա ու կանցնի, ես էլ պիտի ձեզ հետ միասին ասեմ. «Այնուամենայնիվ, մարդը կա»: Կնշանակի՝ մարդկանց օրենքը դեռ հաղթում է: Դեռ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆhov

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s