Շատ լավ է, որ հայ հոգևորականները նկատել են եկած հյուրի և իրենց տարբերությունը. Հովիկ Չարխչյան

6 Հլս

NewsBook-ի զրուցակիցն է գրականագետ Հովիկ Չարխչյանը:
— Պարոն Չարխչյան, օրերս Հայաստանում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հայ հասարակությանը զարմացրեց իր համեստ կեցվածքով: Այսօր մեր հոգևոր բարձրաստիճան հայրերը նման համեստություն չունեն: Ի՞նչ եք կարծում՝ այցից հետո մեզ մոտ որոշակի փոփոխություն կլինի՝ հաշվի առնելով այն, որ տեսանելի էր՝ ժողովրդի համար Հռոմի պապի կերպարն ավելի ընդունելի էր:

— Հռոմի պապը բավականին խելացի մարդ է, և նա ոչ միայն պարզապես իր համեստ կեցվածքն, իր էությունն ու ապրելակերպը ցույց տվեց, այլ մեսիջներ հաղորդեց: Նա այնքան խելացի է, որ նրա ցանկացած արարքի մեջ որոշակի հաղորդագրություն պետք է տեսնեն բոլոր նրանք, ովքեր ապրում են այլ արժեքներով ու չափանիշներով: Պատահական չէ, որ Հռոմի պապը հատկապես Հայաստանում այդպիսի կեցվածքով հանդես եկավ, որովհետև, եթե մենք հետևում ենք Հռոմի պապի` այլ երկրներ կատարած այցերը, ապա կտեսնենք, որ շատ տեղերում նա խիստ ընդգծված համեստություն չի ունեցել: Հայաստանում այս ամենը խիստ նպատակային էր, և դեռ չեմ խոսում նրա ելույթներում հնչած որոշ դիտողությունների մասին, որոնք կոդավորված մեսիջներ էին: Կարծում եմ՝ նա մինչև ՀՀ տեղափոխվելը բավականին տեղեկացված է եղել մեր երկրում տիրող բարքերի, հատկապես հոգևորականության շրջանում ու իշխող շքեղ ապրելակերպի մասին: Ժողովուրդը, որը որոշ դեպքերում գուցե հակում ունի իրավիճակը ծայրահեղացնելու և խստացնելու, ամեն դեպքում Հռոմի պապի այցին շատ ճիշտ գնահատական տվեց և հասկացավ այն, ինչ նրան մատուցվեց: Մեր իշխանավորներն ու հոգևորականները պետք է հասկանան, որ մարդու հարստությունը նրա ունեցվածքի մեջ չէ, այլ նրա էության մեջ է, իսկ խելացի, հարուստ մարդիկ երբեք ցուցամոլությամբ աչքի չեն ընկնում: Հռոմի պապի այցը մեզ համար բարոյականության մեծ դաս էր, և մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, թե հանրության մեջ սոցիալական խզվածքը որքան խորն է, մարդկային նկարագիրների մեջ ճեղքվածքը որքան խորն է և վաղուց ժամանակն է մտածել հարթեցման մասին, որպեսզի լինի այնպիսի հասարակություն, որտեղ կգնահատվի աշխատող մարդը, ոչ թե գրպանի պարունակությունը:

— Խոսեցիք Հռոմի պապի կեցվածքի ու ելույթների մեսիջների մասին: Ի՞նչ մեսիջների մասին է խոսքը:

— Հռոմի պապն անընդհատ շեշտադրումներ էր անում այն հանգամանքի վրա, որ մենք բիբլիական ազգ ենք, որ մեզնից է ծնունդ առել քրիստոնեությունը, որ մենք քրիստոնեության համար կղզյակ ենք: Այս ամենը նշանակում է, և նա շեշտում էր, որ մենք նաև պարտավոր ենք լինենք քրիստոնեական արժեքների պահպանողները: Պապը նշում էր, որ եթե մենք մեզ համարում ենք այս իմաստով եզակի, ուրեմն՝ պետք է բարի լինենք և եզակի լինենք նաև մյուս առումներով և չի կարելի միայն հղում անել պատմական փաստերին: Այս իմաստով մերոնք պետք է հասկանային, թե ինչո՞ւ էր միշտ նույն բանը թիրախավորվում: Մյուս կողմից, երբ Հռոմի պապը խոսում էր Ցեղասպանության մասին, նա մեզ զոհի կարգավիճակում չէր տեսնում, նա չէր ուզում, որ մենք հիվանդանանք այդ ախտով, թե մենք կոտորված և ջարդված ենք: Հռոմի պապը շեշտելով ասում էր, որ տեսեք` դուք այդքան զրկանք կրած ժողովուրդ եք, բայց այդ տառապանքը պետք է Ձեզ կոփած լինի, եթե դուք հաղթահարել եք նման փորձություններն, ապա բարի եղեք լինել տեր ձեր կրած տառապանքին, այսինքն՝ այնքան լավը լինեք, որ ձեր լավ հատկանիշները հատուցում լինի ձեր կրած զրկանքներին:

— Հռոմի պապի այցելության օրերին և դրանից առաջ էլ, անգամ սոցիալական ցանցերն էին ողողված Հռոմի պապի արտահայտած մտքերով: Ցիտում էին նույնիսկ քարոզից խոսքեր: Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հայ հասարակությունը կցիտի իր հոգևորականի խոսքերը:

— Ես հավատում եմ, որ կգան այդ ժամանակները, քանի որ մեր պատմության մեջ նման բան եղել է: Մենք իսկապես ունեցել են մեծ հոգևորականներ՝ Խրիմյան Հայրիկ, Վազգեն Առաջին և այլոք, որոնք մեր համար հոգևոր առաջնորդներ են եղել, իսկ նրանց խոսքը մեզ համար իրոք արժեքավոր էր: Մարդիկ իրենց վերաբերմունքով ապացուցեցին և հայտարարեցին, որ բավական է և իրենց պետք է ասել ոչ միայն խելացի խոսք, այլ նաև անկեղծ խոսք: Մեր հոգևորականությունը գուցե իր ելույթներում վեհ բաների մասին է խոսում, բաց նրանց խոսքերը չեն ցիտվում ու տարածվում, քանի որ մարդիկ կարիք ունեն երկխոսության այնպիսի մեկի հետ, ով իրենց հետ անկեղծ է մինչև վերջ, ով իրենց հետ դառը ճշմարտությունների մասին կխոսի: Այս իմաստով, այո, մեր հոգևորականները կարիք ունենք իրենց ասելիքը վերաձևակերպելու և համապատասխանեցնելու իրենց էությանը, քանի որ նախ պետք է փոխել էությունը, հետո նոր բառերի դասավորությունը: Բառերի թիկունքում անպայման պետք է կանգնած լինեն արարքները և այն արարքները, որոնք գնահատավում են:

— Տեսակետ կա, որ մեր Հայ Առաքելական եկեղեցում նույնպես կան իսկապես հարգանքի արժանի հոգևորականներ, սակայն ընդհանուր համակարգն այնպիսին է, որ մենք նրանց չենք ճանաչում, քանի որ կտրված է եկեղեցի-հասարակություն կապը: Այսօր ոչ թե ցանկանում ենք հարգել այս կամ այն հոգևորականին, այլ պարտավոր ենք հարգել:

— Իսկապես կան հարգանքի արժանի հոգևորականներ, և ես գնահատում եմ նրանց գործունեությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք՝ իբրև հոգևոր հոտի անդամներ, եկեղեցին գնահատում ենք իր ամբողջության մեջ, որովհետև մարդուն դու կարող ես անհատապես արժևորել, բայց դու նրան պետք է դիտարկես այն համակարգի մեջ, որում գործում է: Նույնն իշխանության մեջ է, քանի որ իշխանության մեջ կան ազնիվ չինովնիկներ, բայց երբ իշխանական ամբողջ համակարգն աղճատված վիճակում է գտնվում, մեր վերաբերմունքն էլ անուղղակի տարածվում է մյուսների վրա: Պարկեշտ հոգևորականները ներսում կարող են ինչ-որ բան փոխել, եթե ունենան ժողովրդի մեծ աջակցությունը: Բացի դա, մենք մեր եկեղեցուն վերաբերում ենք որպես մեր մշակույթի ու հազարամյա պատմության անբաժանելի ներկայացուցիչ և մեր կապը եկեղեցու հետ կապված է ժամանակային ու տարածական ժառանագությամբ: Մենք մի կողմից սիրում, հարգում և գնահատում ենք մեր եկեղեցին, իսկ մյուս կողմից՝ շատ խիստ պահանջներ ենք ներկայացնում, որովհետև ուզում ենք, որ այն, ինչ որ մերն է, լինի լավագույնը: Սրա մեջ որևէ վատ բան չկա, թեև մեր հոգևորականները շատ են նեղվում իրենց հասցեին հնչող քննադատություններից՝ մոռանալով, որ իրենք այդ հազարամյա մշակույթի կրողներն են և իրենք պարտավոր են ոչ թե լավը լինելու, այլ շատ լավը լինելու, քանի որ իրենց թիկունքում գտնվող պատմական ժառանգությունը դա է թելադրում: Հոգևորականներին պետք է հասկացնել, որ իրենց կրած համազգեստի տակ ահռելի մշակույթ է թաքնված, ուրեմն՝ նրանք պետք է բարի լինեն պատվով կրել այդ համազգեստը, բարի լինեն հոգևոր տաճարը պահեն մաքուր ու ազնիվ, իսկ եթե ի վիճակի չեն, ապա գնան, այլ բանով զբաղվեն: Հռոմի պապի այցը մենք իդեալականացրեցինք, քանի որ կարիք ունենք անկեղծ մարդկանց հետ շփման:

— Հռոմի պապի այցելությունից հետո որոշ քահանաներ հարցազրույցներ տվեցին, որոնցում Ձեր ասած առողջ քննադատություն ընդունելը չերևաց: Հակառակը` նրանք հայ հասարակությանն օտարամոլ անվանեցին: Փաստացի մեր եկեղեցին առողջ քննդատություն ընդունելու և հասարակություն-եկեղեցի կապն ամրապնդելու փոխարեն, մեզ օտարամոլ է անվանում:

— Միանշանակ պետք է ասեմ, որ որևէ օտարամոլության մասին խոսք լինել չի կարող, թեպետ, շատ լավ է, որ իրենք այդպես են արձագանքել, քանի որ դա նշանակում է, որ նկատել են եկած հյուրի և իրենց տարբերությունը: Հասկացան, թե ինչպես է պատահում, որ ժողովուրդը հոգևորականին կարող է ընդունել, իսկ մի այլ հոգևորականից երես թեքել, այսինքն՝ մատը դրվել է ցավոտ վերքի վրա և այդ ցավը նրանց ստիպել է խոսել ու բարձրաձայնել այդ երևույթի մասին, սակայն վստահ եմ, որ հոգևորականները իրենց ներսում հետևություններ արել են: Պարզ է, որ օտարամոլության մասին խոսք չկա, ի՞նչ է` մենք բոլոր դրսից եկած հոգևորականին ընդունելու ենք, բնականաբար, ոչ: Նույն բանը ժամանակին կար գրական միջավայրում, երբ դրսից գրող էր գալիս ու մեր մոտ ջերմ ընդունում էին, հայ գրողները սկսում էին խանդով վերաբերվել: Մենք պատասխանում էինք, որ դուք էլ լավ գրեք ու ձեզ էլ լավ կընդունեն, ո՞վ է մեղավոր: Մեր երկիր շատ օտար մարդիկ են գալիս ու գնում, մեծ ու փոքր մարդիկ են լինում, հակառակը որոշ հյուրերի համար մենք մեր երկիրը փակում ենք: Մեր հոգևորականները պետք է տեսնեին, որ մենք շատ դառը խոսքեր ասացին ու մեր երկրի դռները փակեցին ուրիշ հայ հոգևորականի առաջ՝ Պոլսո Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ու սրանից էլ պետք է հետևություններ անեին: Եթե զուգահեռներ անցկացնեն, ապա հետաքրքիր եզրահանգման կգան:

— Կարո՞ղ ենք փաստել, որ հայ հասարակությունը հեռացել է ոչ թե հավատքից կամ Հայ Առաքելական եկեղեցուց, այլ պարզապես ցանկանում է տեսել այլ եկեղեցի ու հոգևորական:

— Հայերը չեն հեռացել ու նույնիսկ Հռոմի պապը շեշտեց, որ մենք երբեք կրոնին չենք վերաբերվել որպես մի հագուստի, որը կարող են հանել ու հագնել: Մեր ներսում, մեր արյան բաղադրության մեջ շատ խորը նստած է հարգանքը եկեղեցու ու հավատցյալների նկատմամբ: Այստեղ մենք պարզապես խոսում ենք արժեքների վերաիմաստավորման վերաբերյալ մեր տեսակետի մասին, ու մենք ասում ենք, որ բարի եղեք արժանի լինել նրան, ինչը ձեզ է վստահվել երկրի ու երկնքի կողմից: Եթե արժանի չեք, ապա միշտ մեր կողմից արժանանալու են հանդիմանանքի: Իզուր են մեր հոգևորականները հիվանդագին ընդունում հայ հասարակության քննադատությունը, նրանք հակառակը, գոնե, պատճառների մասին պետք է մտածեն, թե ինչո՞ւ մի ժողովուրդ, որ մեծ հարգանք ուներ և ունի եկեղեցու նկատմամբ, սկսել է դժգոհել իր հոգևորականներից: Թող գնան ու հատիկ-հատիկ շարեն իրենց հոգևորականներին և հասկանան, թե ինչպիսի՞ կենցաղով, առօրյայով ու բարքով են ապրում, արդյո՞ք նրանց ապրելակերպը համապատասխան է այն արժեքներին, որ նրանք քարոզում են եկեղեցում:

Հարցազրույցը՝ Անի Արամիh

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s