ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԱԴԱՄԱՆԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ

1 Հլս

Աշխարհի ամենաթանկ ադամանդներից մեկը, որ կրում է ռուս իշխան Օրլովի անունը և կշռում է 40 գրամ (194, 5 կարատ), զարդարել է ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի գայիսոնը: Սակայն քչերին է հայտնի, որ այդ թանկարժեք քարը՝ ռուսական ինքնիշխանության խորհրդանիշներից մեկը հայկական «ծագում» ունի: Իսկ այս հետաքրքրական, փոքր-ինչ խորհրդավոր պատմությունը ծայր առավ 1767 թվականի ամռանը , երբ պարսկական էնզելի նավահանգստում խարիսխ նետեց շաքարով բեռնված մի նավ: Նավից իջնող հայ վաճառականը, որ ծնունդով Ջուլֆայից էր, հենց նոր մի խոշոր ու եկամտաբեր գործարք էր կնքել անգլիացիների հետ, գոհ էր իր վաստակից և մտածում էր, թե ինչպես կարելի է տնօրինել հավելյալ գումարները: Ու հավանաբար նրա հետագա կյանքը բոլորովին այլ ընթացք ստանար, եթե այդ պահին…
Ահա հենց այս կետից պատմությունը տարատեսակ ճյուղավորումներ է ստանում: Վարկածներից մեկի համաձայն վաճառականը, որի անունը Գրիգոր Սաֆրասով (Խոջամինասով) էր, հանդիպում է մի աֆղան զինվորականի և վերջինս նրան առաջարկում է գնել իր մոտ եղած թանկարժեք իրերը, որոնք Նադիր շահի կողոպտված գանձերն էին: Մեկ այլ տարբերակով Սաֆրասովն անձամբ է եղել շահի պալատում, իսկ այստեղ պատրաստվում էին ռազմական արշավանքի, ու միջոցների սղություն կար: Եվ հենց դրա համար էլ նրան առաջարկում են գնել կապտականաչավուն, աղավնու ձվի մեծության հնդկական մի ադամանդ:
Ամեն դեպքում առաջին իսկ վայրկյանից հայ վաճառականը մեկընդմիշտ գերվում է քարի կախարդիչ տեսքից և անմիջապես ձեռք է բերում այն: Սակայն մի բան էր տեր լինել աշխարհի հրաշագույն գանձերից մեկին, մեկ ուրիշ խնդիր էր` հոգալ դրա պահպանությունը, քանի որ ադամանդի գոյությունն արդեն իսկ նրան պիտի վերածեր կողոպտիչների թիրախի: Եվ այդ ժամանակ Սաֆրասովը որոշում է քարը տեղափոխել որքան հնարավոր է հեռու: Նա ծածուկ կերպով ադամանդը տանում է Ամստերդամ և հանձնում տեղի բանկերից մեկի հատուկ պահոց: Հիմա արդեն կարելի էր հարմար գնորդ որոնել դրա համար:800px-Ivan_Lazarev_by_Lampi
Նախընտրելի գնորդների թվում առաջին հերթին Սաֆրասովը տեսնում էր եվրոպական երկրների թագավորական տները՝ գերազանց հասկանալով, որ միայն նրանք կվճարեն իր ակնկալած գինը: Սակայն եվրոպացիները չարդարացրեցին նրա սպասելիքները: Շուրջ հինգ տարի՝ մինչև 1767 -ը ադամանդը մնաց Ամստերդամի բանկում, մինչև որ հայ վաճառականին օգնության ձեռք մեկնեց մեկ այլ հայ՝ Հովհաննես Լազարյանը: Միլիոնատեր Լազարյանը, ով այդ տարիներին Սանկտ Պետերբուրգի առևտրական ընկերության ղեկավարն էր, իսկ ավելի ուշ պիտի նշանակվեր Ռուսաստանի կայսերական բանկի կառավարիչ, որոշեց միջնորդի դեր ստանձնել ոչ պատահաբար: Նախ և առաջ այս երկու նշանավոր հայերը ազգակցական կապեր ունեին: Եվ հետո գործարար Լազարյանը՝ լինելով խիստ հաշվենկատ մարդ, ակնկալում էր այդ գործարքից բավականին պատկառելի շահույթ ապահովել իր համար (ի դեպ, իրադարձություններից առաջ ընկնելով `ասենք, որ Լազարյանը քարը գնեց 120 հազարով և կարողացավ այն վաճառել 400 հազար ռուբլով՝ դրա հետ մեկտեղ արժանանալով բազում պարգևների ու տիտղոսների):
Դեպքերի հետագա զարգացման մասին աղբյուրները կրկին իրարամերժ տեղեկություններ են հաղորդում: Ու որպեսզի չխճճվենք դրանց մեջ, այս անգամ նախապատվությունը տանք 1838 թվականին Մոսկվայում լույս ընծայված եռահատոր մի աշխատության, որն ամփոփում էր հայ ժողովրդի պատմությանն առնչվող զանազան իրավական և պետական վավերագրեր, ինչպես նաև հայ նշանավոր անձանց հետ կապված առանձին դրվագներ: Ահա հիշյալ ժողովածուի երկրորդ հատորի 301-րդ էջում գրված է հետևյալը. «Եկատերինա Երկրորդ թագուհու գահակալության շրջանում Աստրախանի վրայով Ս. Պետերբուրգ է գալիս մեծահարուստ մի հայ՝ Գրիգոր Սաֆրասովը (Խոջամինասով), որն աշխարհի զանազան հեռավոր երկրներում ճամփորդելու ժամանակ ձեռք էր բերել արտասովոր մեծության, փայլի և լավագույն ջրի մի ադամանդ, որն իր մեծությամբ և բարձր հատկություններով անգին էր: Իշխան Գրիգորի Գրիգորևիչ Օռլովի միջոցով այս քարը ներկայացրեց կայսրուհուն: Նորին մեծությունը հրահանգեց տեղեկանալ ադամանդի գնի մասին: Սակայն երբ Սաֆրասովը հայտնեց, որ ինքը գին չի կարող նշանակել, այլ այդ բանը թողնում է կայսրուհու կամքին, այդ ժամանակ Եկատերինան, չկամենալով գին որոշել, բարեհաճեց հայտնել, որ այս ադամանդը չափազանց թանկ տեսակից է, մինչդեռ դրամագլուխները, պատերազմի բերումով անհրաժեշտ են պետական այլ կարիքների համար»:1024px-Orlow_(Diamant)
Սաֆրասովը, լսելով այդ պատասխանը, որոշում է մեկնել արտասահման՝ ադամանդն այնտեղ վաճառելու համար, բայց մինչ այդ նախընտրում է նույն առաջարկով ներկայանալ իշխան Օրլովին: Կայսրուհու ֆավորիտ Օրլովը Հովհաննես Լազարի Լազարևի միջոցով տեղեկանում է ադամանդի վերջնական գնի մասին ու համաձայնում է հայ վաճառականից քարը ձեռք բերել 400 հազար ռուբլի պետական թղթադրամով: Այնուհետև նույն աղբյուրը գրում է. «Զատկի առաջին օրը իշխան Օրլովը շնորհավորանքի ժամանակ այդ քարը մի տուփի մեջ դրած, որը ճենապակյա հավկիթի ձև ուներ, մատուցեց Նորին մեծությանը: Կայսրուհուն այդ անակնկալը զարմանք պատճառեց: Նա հրահանգեց, որ հիշատակված գումարը վճարվի պետական գանձարանից, իսկ Սաֆրասովին շնորհեց Կոմերցիայի խորհրդականի տիտղոս: Այդ թանկարժեք ադամանդը դրվեց և այդպես էլ մնում է ցայժմ Եկատերինա 2-րդ կայսրուհու գայիսոնի գլխին»:
Ի դեպ, ականատեսները պատմում են, թե որքան մեծ է եղել կայսրուհու հիացմունքը: Վերջինս նույնիսկ կարգադրել է քարը մի քանի օր պալատում դնել ցուցադրության, իսկ հետո հրավիրվել է իտալացի վարպետ Բորջիոն, որն էլ մշակման է ենթարկել ադամանդը՝ գայիսոնի վրա տեղադրելու նպատակով: Սակայն վերստին շտապենք հիշեցնել, որ ոչ բոլորն են համաձայն պատմության նման շարադրանքի հետ: Օրինակ, ռուս Ճանապարհորդ, բնագետ, ակադեմիկոս Պյոտր-Սիմոն Պալասը 1801թ. լույս տեսած իր հիշողությունների գրքում գրում է. «Աստրախանում ապրածս օրերին ես ծանոթացա մի հայի հետ, ով Գրիգորի Սաֆրասի ժառանգն էր… Այդ ադամանդի մասին նրա պատմությունն այնպես է տարբերվում համանման մյուս պատմություններից, որ ես, հավանաբար, կարող եմ հաճույք պատճառել իմ ընթերցողներին, քանի որ այդպիսով կարող են հերքել բազմաթիվ կեղծ վկայություներ»:
Ինչ խոսք, այսպես պատահում է լեգենդների հետ: Ամեն ոք ունենում է իր պատմությունը: Սակայն անժխտելի է, որ այսօր Ռուսաստանի Ալմաստե ֆոնդում պահվող աշխարհի ամենաարժեքավոր ադամանդը հայկական հետքեր է կրում և վկայում է հայ գործարար համբավի դարավոր ավանդույթների մասին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆCatherine_II_by_Alexey_Antropov_(18th_c,_Tver_gallery)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s