ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ «ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»

12 Հնս

1872 թվականին, 21 տարին դեռ չբոլորած, վախճանվեց բանաստեղծ Պետրոս Դուրյանը: Այդ անսպասելի ու ծանր կորստի պահին նրա ընկերները հանկարծ հիշեցին, որ տաղանդավոր երիտասարդը նույնիսկ լուսանկար չուներ: Շտապ կանչեցին նկարիչ Աբրահամ Սարգայանին, որ գոնե մահվան մահճում Դուրյանի դիմանկարը վրձներ: Բայց մահն այնպես էր աղավաղել Դուրյանի դեմքը, որ նկարիչը հրաժարվեց այդ փորձից: (Ավելի ուշ հիշողությամբ, հարազատների նմանությունը օգտագործելով պիտի ստեղծվեր պայմանական մի կերպար, որ Պետրոս Դուրյանի դիմանկարն էր համարվելու երկար տարիներ): Նրա մարմինը հողին հանձնեցին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը: Այսպես անցավ 85 տարի:

71609_518020394883268_1523132163_n
1957 թվականին թուրքական իշխանությունները հանկարծ որոշեցին, որ գերեզմանատան տարածքով պիտի նոր մայրուղի անցնի և դիմեցին բնակիչներին՝ իրենց հարազատների շիրիմները տեղափոխելու հորդորով: Շատերի հետ վտանգվել էր նաև Դուրյանի գերեզմանը: Պոլսո Հայոց պատրիարքարանը անմիջապես ստանձնեց բանաստեղծի վերաթաղման հոգսը: Այն օրերին պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի հանձնարարությամբ ու մասնակցությամբ Դուրյանի մասունքները հանվեցին ու տեղափոխվեցին շիրմատան խորքը:
Բայց այդ օրը տեղի ունեցավ ևս մի դեպք, որը հայտնի դարձավ տարիներ հետո: Պահպանվել է ականատես Կարպիս Տողրամաճյանի գրավոր վկայությունն այդ մասին, ուր մասնավորապես ասված է. «Ես` սրորագրյալս` Կարպիս Տողրամաճյան, Թուրքիո Հայոց պատրիարքարանին բարապանը եղած եմ 1950 թվականեն ի վեր: Կվկայեմ, որ ես անձամբ ներկա էի հանգուցյալ Գարեգին Ս. պատրիարքի կողքին 1957 թվականին, երբ Պետրոս Դուրյանի գերեզմանը կփորվեր անոր ոսկորները գերեզմանին ավելի ներսերը փոխադրելու համար, քանի որ հին գերեզմանին տեղը ընդարձակվելուն՝ ճամփու պիտի հատկացվեր: Ես անձամբ տուփի մը մեջ բերի գանգին ոսկորները նախ` դպրեվանք, ուր մնաց քանի մը ամիսներ և ապա փոխադրեցինք պատրիարքարան, ուր կման մինչև այսօր»:850
Նույնատիպ մի վկայություն էլ թողել է գերեզմանափորը՝ Միհրան Ակտաղը, և նրա գրությունն այսօր պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում: 1967 թ. սեպտեմբերին նա հաստատում էր, որ հենց ինքն է դուրս բերել Դուրյանի փշրված գանգը և հանձնել հայ հոգևորականներին:
Թե որն էր պատրիարքի մտադրությունն՝ այնքան էլ հստակ չէր: Ամեն դեպքում, բանաստեղծի գանգը նրա մոտ պահվում էր կիսածածուկ և միայն եզակի, վստահելի մարդկանց էր նա արժանացնում այն տեսնելու պատվին: Վերջինիս մահից հետո Դուրյանի մասունքների պահպանությունն անցնում է Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանին: Նորընտիր պատրիարքն այդ օրերին հարկ է համարում մի հավաստագիր գրել, որտեղ ասվում էր. «Հանգուցյալ Պատրիարքը ինձի ցույց տված է Պետրոս Դուրյանի գանգին ոսկորները և ըսած է, որ զանոնք հանել տված է Դուրյանի գերեզմանեն 1957 թվականին, երբ Սկյուտարի Պաղլար- Պաշըի մաս մը կհատկացվեր հարակից ճամփուն… Մեր պատրիարք ընտրվելեն ասդին մեծ բանաստեղծին այս պատվական նշխարքը կմնա մեր հոգածության ներքո»:
Հանգուցալուծումը վրա հասավ 1969 թվականին: Օգտագործելով Էջմիածին մեկնելու անհրաժեշտությունը, պատրիարքը որոշում է Դուրյանի գանգն իր հետ տանել Հայաստան: Նա կարծում էր, որ բանաստեղծի աճյունի մյուս մասի հանգրվանը պիտի հայրենքը դառնա, իսկ նրա պոեզիայի սիրահարների համար այդ երկրորդ շիրմատեղը պիտի լինի ուխտատեղի: Պատմում են, թե ավելորդ անախորժություններից խուսափելու համար զգուշավոր պատրիարքը գանգը թաքցրել էր իր սքեմի տակ և այդպես անցել սահմանը:duryan_04
Շնորհք արքեպիսկոպոսը բանաստեղծի գանգը հանձնում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ ի տնօրինություն: Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի շտապում կազմակերպել դրա վերաթաղումը, այլև իր հերթին այն տալիս է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Բանն այն է, որ Վեհափառը մեկ այլ մտադրություն ու ցանկություն էլ ուներ: Նա ուզում էր մասնագետների օգնությամբ, գանգաբանական սկզբունքներով վերականգնել Դուրյանի իրական դեմքը, ինչից հետո արդեն կորոշվեր գանգի ճակատագիրը:
Այդ տարիներին մեծ համբավ ու հեղինակություն էր վայելում մարդաբանության լաբորատորիայի հիմնադիր, գանգաբան Անդրանիկ Ճաղարյանը, ով պլաստիկ անատոմիայի նորագույն մեթոդների գործադրմամբ կարողանում էր գանգի բեկորների հիման վրա վերարտադրել դեմքի եռաչափ պատկերը: Հենց նրա օգնությանն էլ ապավինել էր Վազգեն Առաջինը՝ Դուրյանի գանգն ի պահ հանձնելով թանգարանին: Եվ թանգարանի աշխատակիցները չհապաղեցին:
Ճաղարյանը հետագայում այդ նշանավոր պահը շատ անգամ պիտի մտաբերեր, և ոչ առանց հուզմունքի. «1970 թվականի մայիսն էր… Թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ս. Մելիքսեթյանը գուրգուրոտ հոգածությամբ ինձ հանձնեց փայտյա մի փոքրիկ տուփ, որի մեջ ամփոփված էին խունացած ոսկորներ և մի բուռ հող. «Պետրոս Դուրյանի գանգի բեկորներն են, փորձենք վերականգնել բանաստեղծի դեմքը»: Վերականգնել Դուրյանի դեմքը…Ընդունե՞լ առաջարկը, թե՞ մերժել: Իմ գիտական կյանքում հուզումներ շատ եմ ունեցել, բայց խոստովանում եմ, որ այն, ինչ համակեց ինձ այդ պահին, անկարելի է բառերով արտահայտել: Ոչ, դա ուրախության կամ հպարտության սոսկական զգացում չէր, դա գուցե ամենից առաջ վախ էր: Այո, ես վախենում էի Դուրյանից, նրա անկրկնելի հմայքից…»:71699_518020008216640_1752874978_n
Բայց գիտությունն ու էմոցիաները համատեղվել չեն սիրում, և մասնագետը գործի է անցնում: Պահպանվել է նույն տարվա մայիսի 19-ին կազմված արձանագրությունը գանգի ընդհանուր անատոմիա-մարդաբանական նկարագրական նշանների մասին: Այնտեղ մասնավորապես ասվում էր. «… Գանգը շատ վատ է պահպանված, փշրված բեկորներ, բացակայում են աջ այտային աղեղը, աջ այտոսկրի ճակատային ելունը, աջ կողմնաոսկրի մի մասը, ծոծրակոսկրի մի մասը, պահպանված է 20 ատամ, ձախ ճակատոսկրի վրա սուր գործիքից առաջացած ակոսավոր վնասվածք, որը թափանցում է ոսկորի սպունգանման շերտը, 2սմ երկարությամբ (հավանաբար դամբարանը փորելու ժամանակ բրիչի հարվածից փշրվել է գանգը)… Գանգը վերևից հնգանկյունանի (պենտագոնալ) ձևի , դեպի ծոծրակը լայնացող ձվի տեսքով, ճակատը բարձր, թմբերը` թույլ զարգացած, ունքամեջը հարթ, վերունքային աղեղները`միջին բարձրության, պտկաձև ելունները` միջակ, ձախ ելունի վրա` բազմաթիվ անցքեր, որոնք վկայում են, որ կենդանի ժամանակ Դուրյանն ունեցել է միջին ականջի բորբոքում` հավանաբար հյուծախտային ծագմամբ և բորբոքումը տարածվել է ոսկորի վերադիր հյուսվածքների մեջ…»:

77042_518022458216395_1263027382_n
Իսկ հետո մեկը մյուսին են հաջորդում մանրակրկիտ աշխատանքի երկարատև օրերը՝ լի տարատեսակ բարդություններով և նաև անսպասելի անակնկալներով: Օրինակ, ինչ-որ մի պահի հանկարծ պարզվում է, որ գանգակամարի ոսկրաբեկորների մեջ կան կտորներ, որոնք պատկանում էին տարիքն առած կնոջ: Շփոթված գիտնականն առաջին պահին չի հասկանում, թե բանն ինչ է: Եվ միայն հետո հաջողվում է ճշտել, որ Դուրյանի հարևանությամբ թաղված է եղել նրա մայրը և գերեզմանը տեղափոխելիս մոր գանգի ոսկորները խառնվել են որդու գանգի ոսկորներին:
Ի վերջո վրա է հասնում այնքան սպասված պահը: Ճաղարյանի աշխատասենյակում տեղադրված էր Պետրոս Դուրյանի կիսանդրին: Պրոֆեսորը համոզված էր. բանաստեղծը եղել է հենց այս դեմքով: Մնում էր, որ հանրությունը նույնպես ընդունեն նրան այնպիսին, ինչպիսին գիտությունն էր ծնունդ տվել՝ վերացականությունից հասնելով մինչև առարկայության:
Թե ինչեր տեղի ունեցան հետո, արդեն հանրահայտ փաստեր են: Հայաստանցիների մեծ մասը դրական գնահատեց բանաստեղծի դեմքի վերականգնումը, իր աշխատանքի մասին Անդրանիկ Ճաղարյանը մի ամբողջ գիտական աշխատություն գրեց, իսկ Դուրյանի մասունքները 2012 թվականին զմռսվեցին Պանթեոնի հուշապատի մեջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ5931359.854cdefd.560

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s