ԳՆԱՄ ԱՐԱԳԻԼ ՀԱՇՎԵԼՈՒ

3 Հնս

Այս շարադրանքն ինձ արագիլները հուշեցին:
Ուժեղ քամին պոկել, ցած էր բերել արագիլի բույնը: Մարդիկ տներից դուրս էին թափվել, նայում էին մոլորված թևավորների զույգին, ուզում էին ինչ-որ բանով օգնել, բայց այդ պահին տեղ հասան փրկարարներն ու գործն իրենց ձեռքը վերցրին: Աստիճանը վերև ձգվեց, համազգեստ հագած տղան մագլցեց մինչև սյունի կատարը, իսկ ներքևում սկսեց եռուզեռը: Մեկը տնից տախտակներ ու մուրճ բերեց, մյուսը վազեց մեխերի ետևից, կանայք հին բարձեր տվեցին, որ միջի փետուրները հանեն, երեխաներն առվի եզրից ցախ ու շիվ հավաքեցին, մինչև որ բույնը շյուղ առ շյուղ հյուսվեց, տեսքի եկավ ու դարձավ առաջվանը:
Հետո մի ամբողջ փողոց իր հոգսն ու ցավը մոռացած՝ հավաքվել էր էլեկտրասյան շուրջն ու սպասում էր արագիլների գալուն: Երբ վերջապես նրանցից առաջինը զգուշավոր թևաբախումով նախ՝ պտույտներ տվեց և հետո իջավ նոր բնի մեջ, հավաքվածները խորը շունչ քաշեցին, իսկ մեկն ամփոփեց բոլորի մտածմունքը. «Սրանք էլ են շնչավոր, ապրելու իրավունք ունեն»:
Օրեր անց մարդաշատ մի վայրում հիշեցի ու պատմեցի արագիլների դեպքը: Ներկաներից մեկը լսեց ու ասաց. «Բան եք գտել անելու: Հիմա դրա ժամանա՞կն է»: Մարդը երևի ուզում էր ասել, թե կան դրանից ավելի կարևոր գործեր, թե միայն պարապ մարդիկ իրենց թանկ ժամանակը կվատնեն թռչնաբույն տեղադրելով և, ընդհանրապես, այս կյանքում ամեն ինչ ունի հերթականություն: Սկզբում կարևորներն են, հետո գալիս են անկարևորները:
Առաջին դեպքը չէր, որ նման կարծիք էի լսում: Ընդհանրապես քիչ չեն նրանք, ովքեր միշտ գիտեն, թե երբ ինչ է պետք անել և երբ ինչ պետք չէ անել: Դրանք այն մարդիկ են, ովքեր առաջնորդվում են ստորադասման հատուկ աստիճանակարգով, նրանց համար սկզբունքային կարևորություն ունի «հիմա»-ի ու «հետո»-ի հստակ տարանջատման պայմանը, իսկ եթե հանդգնել ես խախտել ժամանակային պայմանականությունները, եթե դու դեռ այնքան հասուն չես գտնվել հասկանալու, որ ամեն բան իր նախանշված ժամանակն ունի, այդ դեպքում դու ոչ միայն սահմանափակ ընկալումներ ունես, այլև քո թեթևամիտ էգոիզմով վնասում ես հանրային շահը, որովհետև այդ շահն ամեն օր, ամեն վայրկյան ականջներիդ տակ կրկնելու է, թե ինչն է առաջնայինը և դու միշտ մնալու ես լուսանցքում, եթե շփոթել ես հիմնականի ու անէականի տեղերը:
Կարծում եք՝ սա ընդամենը կամակոր վերաբերմու՞նք է, որ կարելի է քամահրել ու առաջ անցնել: Ցավոք, դա վաղուց արդեն արմատացած մտայնություն է, մի ամբողջ սերնդի արյան բաղադրությունը, նրա մղումների զսպաշապիկն ու համակերպումների օրենսգիրքը: Չե՞ք հավատում: Այդ դեպքում մի պահ կանգ առեք ու ետ նայեք: Ի՞նչ եք տեսնում ձեր թիկունքում: Չէ՞ որ այնտեղ նույն այդ վերապահումների հսկայական շղթան է՝ իր բազում հանգույցներով ու ոլորումներով: Չէ՞ որ երեկվա մեջ գրեթե ոչինչ չեղավ մեր ուզածի պես: Մեզ միշտ սաստեցին. «Ոչ հիմա, այժմ դրա ժամանակը չէ», և մենք հնազանդվեցինք, որ սեփական ցանկությամբ չխախտենք մեկ ուրիշի ցանկության ընթացքը, հանկարծ մեր կամքից անկախ խոչընդոտ չդառնանք և չպահանջենք ավելին, քան սահմանված ու վիճակված էր մեզ համար: Ասացին՝ հիմա պատերազմ է՝ չի կարելի, հիմա ճգնաժամ է՝ չի կարելի, անցումային շրջան է՝ չի կարելի, ձմեռ է՝ չի կարելի, հետո ամառ կլինի՝ դարձյալ չի կարելի: Եվ ընդհանրապես, չի կարելի ապրել այնպես, ինչպես ինքդ ես ուզում, որովհետև քեզնից զորեղ մի բան էլ կա՝ հանգամանքը, ու քեզ արտոնված չէ լինել նրանից կարևոր…
Եվ ահա այն օրը, երբ այդ գիտակից մարդը ցավակցող-կշտամբող հայացքով նայեց ինձ ու հարցրեց. «Հիմա դրա ժամանա՞կն է», ես չցանկացա անպատասխան թողնել նրան: Ու այդ պահին վերստին ինձ օգնության եկավ պատմությունն արագիլների մասին: Այո, հենց արագիլների մասին, միայն թե սա արդեն ուրիշ պատմություն էր, մի բան, որ կարդացել էի հին մամուլի տրցակները թերթելիս:
… 1944 թվականի գարուն: Պատերազմ: Հայաստան: Մարդիկ ապրում են տագնապների, կորուստների, թշվառության, քաղցի ճիրաններում: Թերթերի էջերը լի են ռազմաճակատից եկող հաղորդումներով: Կարծես թե ուրիշ ոչինչ չի կարող դրանից առավել էական ու կարևոր լինել: Եվ հանկարծ այդ հաղորդումների շարքում մի փոքրիկ լուր անմիջապես ուշադրություն է գրավում: Հայաստանի Գիտությունների ակադեմիայի աշխատակիցները տեղեկացնում են, որ Արարատյան դաշտում կատարվել է արագիլների հաշվառում և նրանց պահպանությունը գտնվում է իրենց հսկողության ներքո: Ապա մեկ առ մեկ թվարկվում է, թե որ հանդամասում քանի արագիլ է իջել և որ գյուղում քանիսն են բնավորվել…
Արագիլնե՞ր: Սա ի՞նչ բան է: Շուրջբոլորը գոյության կռիվ է, ի՞նչ արագիլների մասին կարող է խոսք լինել: Եվ վերջապես ու՞մ են պետք այդ արագիլները, եթե մարդկային կյանքն այլևս ոչինչ չարժե, եթե համընդհանուր ցավը սրբում է իր ճանապարհին լուսավոր ու կենսատու ամեն ինչ և առաջին հերթին՝ ապրելու կիրքը, վաղվա մեջ հույս փնտրելու շարժունակ ջիղը… Իսկ մարդիկ գնացել էին նրանց հաշվելու՝ չխորհելով դրա մասին, կամ, ավելի ճիշտ, խորհելով, սակայն գտնելով ոչ այն պատասխանը, որ գտել են այսօր. «Հիմա դրա ժամանակ չէ»…
Ծնվեմ ծնվողի հետ, թաղվեմ թաղվողի հետ, ընկնեմ ու բարձրանամ սայթաքողի ու ոտքի կանգնողի հետ, որ դիտվեմ ներդաշնակ, համահունչ, միակամ: Իսկ ե՞րբ կարող եմ չլինել բոլորի պես, այսինքն պարզապես մի փոքր ապրեմ: Ոչ թե անհնազանդ, այլ ինքնուրույն: Ոչ թե հոսանքին հակառակ, այլ ինքս իմ հունով: Կարելի՞ է: Թույլ տալի՞ս եք:
Ձեր մատը փուշ մտնելիս իմ մատն էլ փուշ մի խրեք: Դրանից ձեր ցավը չի մեղմվի: Թողեք մատներս անվնաս մնան, որ կարողանամ ձեր փուշը հանել: Մի ասեք, թե խարխլում եմ ձեր միասնությունը, որովհետև այն, ինչ ասում եք, դեպի միօրինակություն տանող ուղենիշ է՝ համատեղ լինելու անվան տակ: Իսկ միասնությունը միանման լինելը չէ, զգացմունքի ու վարքի կոլեկտիվիզմը չէ. միասին ժպտում ենք, միասին արտասվում: Եթե ինչ-որ մեկի ծիծաղն ու լացը չեն գալիս, ի՞նչ եք անելու: Կարծիքը կփաթաթեք վզին և հետո կզարմանաք, թե ինչո՞ւ խեղդվեց:
Քարկոծեք ինձ, որովհետև ես ուզում եմ գնալ արագիլ հաշվելու: Սպառնացեք, բղավեք ականջիս տակ. «Հիմա դրա ժամանակը չէ», իսկ ես ձեզ կպատասխանեմ՝ միշտ ժամանակն է: Ամեն վայրկյան, ամեն ակնթարթ ժամանակն է անելու այն, ինչ անհրաժեշտ է, որ արվի:

* * *
… Քայլում էինք արահետով: Հնձած արտի դեղին-կանաչ հարթության մեջ երեք արագիլներ էին իջել: Ես մի շյուղ բռնած՝ ուզեցի պոկվել տատիս ձեռքից ու վազել նրանց մոտ: Տատս ետ պահեց.
— Ձեռք մի տուր: Արագիլը ղսմաթ է…
Այն երեք արագիլները ո՞ր կողմը գնացին:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

hovik Charkhchyan

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s