Որտե՞ղ են թաղված Սարդարապատի հերոսները

28 Մյս

Հայաստանի անկախացումից հետո ամեն տարի` մայիսի 28-ին, նշվում է Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնը: Եթե մայիսյան հերոսամարտերում եւ հատկապես Սարդարապատում 1918-ին հայերը հաղթանակ չտանեին, ապա թուրքական զորքերն անարգել կմտնեին Էջմիածին եւ Երեւան: Այսօր մենք այցելում ենք Սարդարապատի հուշահամալիր, գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը իրենց արյան գնով պաշտպանած նահատակների հիշատակի առաջ: Սակայն մեզնից քչերն են տեղյակ, թե այդ հայորդիները որտեղ են թաղված. նրանց հուղարկավորման վայրերի մասին մեր պատկերացումները շատ աղոտ են: Հայաստանցիներն առ այսօր չգիտեն այն մյուս վայրերը, որտեղ կարող են այցելել, գլուխ խոնարհել հայ մարտիկների հիշատակի առաջ: Մինչդեռ արխիվային վավերագրերը տալիս են դրա պատասխանը: Պատմաբան Հարություն Թուրշյանը ուսումնասիրություն է կատարել եւ հստակեցրել այդ վայրերը: Այդ մասին տպագրվել է «Պատմա-բանասիրական հանդես» ամսագրում (1978թ., 2-րդ համար). «Մեծ էր Սարդարապատի տակ ընկածների թիվը։ Զոհված աշխարհազորայիններից շատերը թաղվեցին իրենց գյուղերում, դրսեցիներից զոհվածներին թաղեցին Գայանեի վանքի բակում (Խենթի գերեզմանի կողքին՝ եղբայրական գերեզմանի մեջ), բնիկ երեւանցիներին բերեցին Երեւան եւ թաղեցին ներկայիս Կոմիտասի անվան այգում»։ Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ»-ին բացառիկ տեղեկություններ է հայտնել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Նրա խոսքով` գրող Դերենիկ Դեմիրճյանը, ով Թիֆլիսում էր բնակվում, այդ օրերին գործի բերումով եկել էր Երեւան եւ ակամա ականատեսն ու մասնակիցն էր դարձել մեր ժողովրդի հերոսական պայքարի: «Սարդարապատում զոհված հերոսների մի մասի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսյան մի օր, քաղաքի Մլեր գերեզմանատանը (ներկայիս Կոմիտասի անվան այգու տարածքում): Նրանք թաղվեցին մի վայրում` եղբայրական գերեզմանում, եւ հանգան նույն շիրմաթմբի տակ: Հավաքվել էր մեծ բազմություն: Շատերը հրաժեշտի ու գնահատանքի խոսքեր էին հնչեցնում: Եվ, ահա, հենց այդ պահին թափորի միջից դուրս է գալիս Դեմիրճյանը, մոտենում է թարմ շիրիմներին, գրպանից դուրս է բերում մի թուղթ եւ հուզված ձայնով սկսում է ընթերցել: Դա Սարդարապատի հերոսներին նվիրված առաջին բանաստեղծությունն էր: Հաջորդ օրը նրա չափածո հուզիչ խոսքը «Հայաստանի աշխատավոր» թերթի խմբագրատանը վերածում են թռուցիկի եւ փակցնում Երեւանի բոլոր փողոցներում: Ժամանակի ընթացքում այդ թերթիկները պոկվեցին ու անհետացան: Բարեբախտաբար, փրկվել է թռուցիկներից մեկը, որն այսօր էլ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»,-նշեց գրականագետը: Նա մեզ տրամադրեց նաեւ Դեմիրճյանի` հրաշքով փրկված բանաստեղծությունը (աղբյուրը` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Դ. Դեմիրճյանի լրացուցիչ ֆոնդ, համար 48 ), որը ներկայացնում ենք ստորեւ:

13256363_1062868593794206_4887271793117983089_n

 
Այսօր, այս վեհ ուրախության և խոր սուգի հանդեսին,
Ո՜վ մարմարե նահատակներ, կանգնած ձեզ հետ միասին,
Ո վ խնկելի Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան,
Խոսեցնում եք իմ բերան։

Սակայն ինչպե՞ս խոսեմ ձեզ հետ` ցավի դողը իմ շուրթիս,
Ի՜մ, ապրողիս խղճի խայթով՝ մեռածներիդ հանդիման,
Ինչպե՞ս հնչեմ ձեր անունը՝ ամոթանքը ճակատիս,
Գովեմ ձեր բառն աննման։

Բայց և ինչպե՜ս լռեմ հիմա, ինչպե՜ս լռե իմ բերան՝
Վերհիշելով Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան.
Դուք գնացիք, սակայն ինչպե՞ս իմ լուռ հոգին այսուհետ
Չխոսի ձեր շուքի հետ:

Ահա տեսնում եմ ձեզ մահատեսիլ, խստադեմ,
Երր որ մահը մեռցնելու դուք գնացիք մահի դեմ,
Եվ դուք գտաք ձեր պտրածը—ձեզ համար՝ մա՛հ չարաթույն,
Հայրենիքին փրկությո՛ւն։

Եվ այլ ինչ բան պիտի սազեր հերոսական ձեր սրտին,
Բուն այդ կատակն օրհասական հանդեպ մահվան գոռ աստին.
Ո՞վ ավելի արհամարհեց, տեսավ մահը չըմեռած,
Եվ մեռնելիս չըդողաց։

Ահա այս վեհ ռազմադաշտում, որտեղ լսվեց մի մեծ օր
Ձեր ռազմական խրոխտ գոչը, վերջին գոչը փրկության՝
Մենք երկու տոն ունենք այսօր—մեկ ձեր տոնը «սգավոր,
Մեկ մեր սուգը խնդության»:

Ահա ուժգին որոտում է ժողովուրդը ամբոխված,
Ձեր խնկելի շուքերի հետ, ռազմադաշտում Հայրենի.
Ահա’ կարմիր դրոշակներ՝ ձեր արյունով կարմրած
Եվ արյունով բյուրերի։

Դուք հաղթեցիք, ով ընկածներ, մահվամբ զմահ կոխեցիք։
Դուք հաղթեցի՜ք, և չըթողիք ոչինչ էլի հաղթելու.
Մկրտվեցիք դուք մահի մեջ, մահվամբ դառաք գեղեցիկ,
Զեզ փա՜ռք հավետ, ալելո՜ւ:

Աննա Բաբաջանյան13323551_1062868380460894_8735069679331297437_o-600x257

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s