ՍՐՏՆԵՂԱԾ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆՆ ՈՒ ԱՐՔԱՅԻ ՍՈՒՐԸ

23 Մյս

Հայ նշանավոր գրող Երվանդ Օտյանը 1898 թվականին գրված մի պատմվածք ունի: Կոչվում է «Լևոն թագավորի սուրը»: Պատմությունն այն մասին է, թե ինչպես մի քանի ընկերներ այցելում են Աթենքի անկախության պատերազմի թանգարան՝ տեսնելու Կիլիկիո արքա Լևոն Զ Լուսինյանի սուրը: Իսկ հետո հեղինակը գրում է. «Այդ սուրը ուրիշ անգամ տեսած էի արդեն: Դաշույն մըն էր` ոսկեզօծ նրբակերտ պատյանով մը, որուն վրա Լևոն թագավոր Հայոց բառերը փորագրված էին, հետո թվական մը, Ի թվին Քր. ՌՄԻ: Այդ դաշույնը շինված էր, ինչպես պատմեցին ինծի, Պոլսո շուկայի վարպետ հայ արհեստագետ մը ու և հաջողած էր իբրև հարազատ բան մը կլլեցնող հնության հավաքիչ անգլիացիի մը ու ծախել մեծկակ գումարի մը փոխարեն: Անգլիացին Աթենք գտնված միջոցին նվեր տված էր թանգարանին, խաբեբայությունը հասկնալե ետքը: Հիմա հոն դարանի մը անկյունը նետված կը մնար…»:

Ինչպես հայտնի է, պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Թագավորական կեղծված սրի մասին այս պատմվածքի հրատարակումից գրեթե 4 տասնամյակ անց կատարվեց մի դեպք, որն անկեղծորեն պիտի զարմացներ Օտյանին, եթե նա կենդանի լիներ: Իսկ դեպքը տեղի ունեցավ 1935 թվականին: Այդ տարի Խորհրդային Միությունում նշվում էր պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսու ծննդյան 1000-ամյակը: Ամենուր զանազան միջոցառումներ էին անցկացվում և այդ առումով ետ չմնաց նաև Լենինգրադի Էրմիտաժը: Թանգարանում բացվել էր պարսկագիտական ցուցահանդես: Եվ ցուցահանդեսի պատվավոր հյուրերի թվում էր շատ անսպասելի մեկը՝ հայ մեծահարուստ, բարերար, արվեստների սիրահար Գալուստ Գյուլբենկյանը: Կապիտալիստ Գյուլբենկյանի ներկայությունը պրոլետարական երկրում, այն էլ հրավիրյալի կարգավիճակով, իրոք որ բացառիկ էր: Սակայն դա իր պատճառներն ուներ: Ժամանակին, երբ սովետների երկիրը ծանր դրության մեջ էր ու ստիպված վաճառքի էր հանել արվեստի նշանավոր գործեր, Գյուլբենկյանը դարձել էր գնորդներից մեկը՝ բավականին պատկառելի գումար վճարելով տասնյակ կտավների դիմաց:Gulbenkian

Սակայն 1935-ին նրա ներկայությունն Էրմիտաժում միայն այդ հանգամանքով պայմանավորված չէր: Բանն այն է, որ հայ մեծահարուստը նաև Սասանյան ժամանակաշրջանի պատմական իրերի հարուստ հավաքածու ուներ, և մի քանի նմուշներ բերել էր Լենինգրադ՝ ցուցադրության: Եվ հենց այստեղ էլ նա առիթ է ունենում հանդիպելու Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Տեսակցությունը շատ ջերմ էր: Խոսում են երկրի ներկա վիճակից, ապագա ծրագրերից: Եվ ոգևորված Գուլբենկյանը հայ գիտնականներին խոստանում է ոչ միայն դրամական օժանդակություն ցույց տալ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կառուցման համար, այլև իր մասնավոր հավաքածուից թանգարանին նվիրաբերել հայկական ծագում ունեցող պատմական իրեր:

Հանդիպումից մի քանի ամիս անց Երևանում իսկապես ստացան խոստացած ծանրոցը: Կից գրությամբ տեղեկացվում էր, որ դա Լևոն թագավորի սուրն է: Նվիատուն հայտնում էր նաև, որ սուրը ձեռք է բերել Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանից: Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցները սկսեցին զննել բացառիկ նվերը: Դա կովկասյան դաշույնի ձև ունեցող, երկու խոր քիվերով մի զենք էր, որի փղոսկրե դաստապանի վրա Լևոն թագավորի հայտնի փորագրաքանդակն էր, իսկ պատյանը ծածկված էր կաշվով: Բայց մասնագետների եզրակացությունը լսելուց հետո ընդհանուր ուրախությունն անմիջապես փոխվեց հիասթափության: Սուրը կեղծ էր: Փորձառու Գյուլբենկյանին նույնպես կարողացել էին մոլորեցնել:

Պետք էր նրան ասել այդ մասին: Թանգարանի կողմից նամակ ուղարկվեց Լոնդոն: Նամակում շնորհակալություն էին հայտնում՝ ցուցաբերած ուշադրության համար,  բայց միաժամանակ տեղեկացնում էին, որ առաքված նվերը ոչ մի կերպ չէր կարող Կիլիկիո արքայինը լինել: Իսկ հետո հաջորդեց երկարատև լռությունը: Պատասխան այդպես էլ չստացվեց: Թե ինչպես էր նվիրատուն ընկալել ցավալի լուրը՝ հայտնի չէ: Ասենք միայն, որ այդ դեպքից հետո թանգարանը ոչ խոստացած դրամական օժանդակությունը ստացավ, ոչ էլ այլ ցուցանմուշներով հարստացավ: Գալուստ Գյուլբենկյանը կարծես թե խորապես վիրավորվել էր: Սակայն ումի՞ց: Գուցե այդպես էլ չէր կարողացել ներել ինքն իրե՞ն, որ լինելով պատմության և արվեստների հմուտ գիտակ, միամտաբար կուլ էր տվել զեղծարարների նետած խայծը:Меч Левона 6-ого, последнего короля Киликийской Армении

Բայց վերադառնանք Կիլիկիո թագավորի զենքի ճակատագրին, որովհետև պատմությունը դեռ շարունակություն ունի: Թե հատկապես ինչո՞վ էր Լևոն արքայի սուրն արժանացել կեղծվելու այդ բացառիկ հետևողականությանը, դժվար է կռահել: Միայն պիտի ասենք, որ թագավորական նորանոր սրերի պակաս հետագայում էլ չնկատվեց: Նմանատիպ դեպքեր դարձյալ արձանագրվեցին: Այսպես, Վարդան Հայր վարդապետ Հացունին դեռևս 1923 թվականին իր «Պատմություն հին հայ տարազին» աշխատության մեջ նկարագրում էր Լևոն արքայի սուրը և այն համարում էր սովորական կեղծիք: Մեկ այլ սուր ժամանակին հայտնվեց Էջմիածնի ազգագրական թանգարանում: Նրա մասին պատմում էին, որ դամասկոսյան պողպատից շինված երկսայրի այդ սուրը շատ խոշոր էր, իսկ վրան դրոշմված էր մի գաղտնագիր, որն իբրև թե պիտի վկայեր պատկանելիությունը Լևոն Զ թագավորին: Բայց, ինչպես դժվար չէ կռահել, դա նույնպես կեղծ էր: Հաջորդ կեղծված սուրը գտնվել էր Փարիզի հայկական եկեղեցու թանգարանում: Դրա նույնիսկ արտաքին տեսքն էր մատնում, որ որևէ առնչություն չուներ հայկական զինատեսակների հետ: Իսկ այսօր հայտնի և ցուցադրվող միայն մեկ սուր կա, որը գտնվում է Սուրբ Ղազար կղզու թանգարանում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆլևոն սուրը

Advertisements

One Response to “ՍՐՏՆԵՂԱԾ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆՆ ՈՒ ԱՐՔԱՅԻ ՍՈՒՐԸ”

  1. Sos Movsisyan Մայիսի 24, 2016 at 1:23 ա. #

    Հովիկ շատ ապրես դու, ( ես քեզ դիմում եմ «դու»-ով, նկատի ունենալով մեր տարիքային մեծ տարբերություը), քո բոլոր գրառումները շատ հետաքրքիր են և ես, մեծագույն հաճույքով եմ դրանք կարդում: Դու շատ մեծ ու շնորհակալ գործ ես կատարում մեր մշակութային, պատմական հարստության, հաճախ մոռացված, հատվածները վերակենդանացնելու և հրապարակային լայն ասպարեզ հանելու գործում: Ես, որ առանց գրականության իմ կյանքը չեմ պատկերացնում, շատ բարձր եմ գնահատում քո այդ քայլերը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s