Պահոց | 10:04 ա.

ԼԵԳԵՆԴ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՄԱՍԻՆ

9 Մյս

Մի գեղեցիկ լեգենդ կա Հայոց արքա Տիգրան Մեծի մասին: Ասում են, որ հեռավոր արշավանքներից վերադառնալիս նա ընտրում էր Հայրենիք տանող այն ճանապարհը, որն անցնում էր որևէ ջրվեժի մոտով: Կանգ էր առնում, մտնում էր գահավիժող սառնորակ ջրի տակ, ցողում էր հաղթ մարմինը զուլալ շիթերով և միայն հետո ուղևորվում էր դեպի իր ապարանքը:
Հպատակներին զարմանք էր պատճառում արքայի այդ տարօրինակ քայլը, սակայն չէին համարձակվում հարցնել, թե ի՞նչ է նշանակում ջրօծման ծեսը՝ իմանալով, որ Տիգրանը չէր սիրում բացատրություններ տալ իր արարքների մասին: Բայց մի օր նրա զորավարներից մեկն, այնուամենայնիվ, քաջություն է ունենում դիմելու նրան.
— Տեր իմ,- հարցնում է նա,- ինչու՞ ես դու ընտրում այս վայրի ջրվեժը, երբ մարմինդ կարող են լվանալ քո ծառաները ոսկեպատ ավազանի մեջ, վարդաջրով ու անուշահոտ հեղուկներով:
Եվ Տիգրան Մեծը պատասխանում է նրան.
— Ես մարմինս մաքրում եմ օտար փոշիներից իմ երկրի սրբազան գետերում, քանզի Հայրենիքի անապական ջուրն է միայն, որ ինձ տալիս է կենարար ուժ և հզորություն:tigranes-the-great

Երբ վարչապետն արտասվում է

9 Մյս

Տարիներ առաջ «Հավերժական շարժիչ» վերնագիրը կրող իր պատմվածքում Վազգեն Սարգսյանի հերոսները ելք որոնելու հույսով դիմում էին երկրի հզորներին, որոնք, սակայն, նրանց պահանջն ունկնդրելուց հետո ոչինչ չէին ասում, այլ միայն արտասվում էին: Ու այդ արցունքներից նեղսրտած մարդիկ գնում էին` ինքնուրույն որոնելու հնարը: Անկախության օրվա զինվորական շքերթից հետո վարչապետ Վազգեն Սարգսյանն արտասվեց, երբ փորձում էր առավել քան անկեղծ պատասխանել հեռուստալրագրողի հերթապահ հարցին:
Տեսարանն իսկապես ազդեցիկ էր, ինչպես կարող է լինել յուրաքանչյուր անգամ, երբ մարդն է արտասվում: Միայն թե այս դեպքում արցունքները երկրի վարչապետինն էին, այն մարդունը, որ տարիներ շարունակ ժողովրդի պատկերացումներում կերպավորվել է ամենահակասական հատկանիշներով, երբեմն նաեւ` ծայրահեղության հասնող բնորոշումների արժանացել: Անսովոր, գուցե նաեւ զարմանալի էր այդ հուզմունքը: Մարդը լալիս էր ոչ թե կորստի ցավից, այլ հարազատության կարոտից, այն իրողությունից, որ «մինչեւ հոդացավ» ծանոթ է հրապարակը քայլերթով կտրողներին ու ձեռքով է շոշափել հռնդացող յուրաքանչյուր զրահապատը: Վարչապետն արտասվում էր, որովհետեւ գիտեր, թե ինչի համար է արտասվում: Իսկ մենք նայում ու շփոթվում ենք, որովհետեւ մեզ համար լաց լինող իշխանավորները դեռ միայն գրքերում են ապրում, որովհետեւ մեր ցավը հոգսերն ու ապրումները սեփական ձեռքերով շոշափողներին վաղուց մոռացել ենք: Երբ երկրիդ վարչապետը երբեմն նաեւ լալիս է, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է:
Նույնիսկ եթե խոստովանենք, որ մենք, այնուամենայնիվ, մի քիչ սենտիմենտալ ժողովուրդ ենք:

 
Հովիկ Չարխչյան
«Հայկական ժամանակ», սեպտեմբերի 23, 1999վազ

%d bloggers like this: