ԹՈԹՈՎԵՆՑԻ ԱՂՈԹՔԸ

23 Ապր

Տեր, օրերդ լուսաշող են և գունագեղ, դրախտներդ` անհուն, երգերդ` քաղցրագին, արևներդ` ալեկոծ…
Քու Անունիդ արձագանքը, Արարիչ, կսարսռա Աստղե Աստղ, Երկինքե Երկինք, Ծավալե Ծավալ…
Տիեզերական երկրպագություն մը կխոնարհի քո Տաճարիդ եթերային բյուրեղներուն առջև…
Տեր, ահա իմ հոգին, ահա իմ սիրտը ու ահա իմ թևերը բաց` քու Կամքիդ, քու Բանիդ ու քո աստվածային Լռության առջև…
Կերկրպագեմ քեզի հավատքով ու երկյուղածությամբ, ահա համբույրներս կհասնին քու ոտքերուդ:
Տեր, իմ բարկությունս կարտասվե քու առջև, վասնզի իմ եղբայրներս աչքեր ունին ու չեն տեսներ, ուղեղ ունին ու չեն խորհիր:
Արտասվագին կպաղատեմ, Տեր, որ իսպառ հեռացնես կուրությունը իմ նմաններուս հոգևոր խավար ընդերքեն:
Կբանամ աչքերս ու թևերս, կըմպեմ ու կգրկեմ լույսերդ, ու բուրումներդ, բայց իմ եղբայրներս վրաս կծիծաղին, կհեգնեն իմ հափշտակությունը, կհեգնեն իմ վերընծայումը, կհեգնեն խրախճանքը տիեզերական խորհուրդին:
Բաց աչքերը, Արարիչ, իմ եղբայրներուս, քու ստեղծած թշվառ արարածներուդ, որոնք կխարխափին լույսի մեջ իրենց խավարի տիրապետության տակ:
Բաց աչքերը անոնց, Տեր, որպեսզի քեզ փառաբանեն, քեզի բարձրանան:
Մենք բոլորս միասին կբաղձանք հասնիլ, միասին կբաղձանք մեր երգը հյուսել և ողջակեզը, որ պիտի վառենք քու տիեզերքիդ ուրախությանը ի նվեր` կբաղձանք, որ միասին հավատանք և միասին այրենք:
Խուլ են իմ եղբայրներուս շատերին ականջները:
Տիեզերական համանվագը անծանոթ կմնա անոնցմե շատերու հոգիներուն համար:
Բաց ականջները, Տեր, իմ եղբայրներուն:
Ես կբաղձամ, որ բոլորը տեսնեն և բոլորը լսեն, ահա, թե ինչու ես չեմ մասնակցիր քու երաժշտության, ինչու իմ երգերը չեմ խառներ քու հանդիսավոր բանաստեղծության:
Իմ եղբայրները կույր են և խուլ:
Տեր, մասնակից ըրե զանոնք ալ ընդհանուր լույսի, թրթռումի և սարսուռի խրախճանքին:
Մեծ առավոտները և մեծ իրիկունները կուգան ու կանցնին:
Տեր, ինչու՞ կզրկես իմ եղբայրներս շողի ու շռայլի ծովեն…
Ինչու՞, Տեր, Ինչու՞…

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ9041

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s