ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԱՌԱՔՅԱԼ

16 Ապր

— Քրիստոսը հայ է: Մորական կողմից,- ասաց Պետրոսը, և իբրև անհերքելի փաստարկ, մի փունջ կանաչին խրեց աղամանի մեջ, բերանը տարավ:
Երեկոյի երկնքի տակ հացի նստոտած սեղանակիցները պապանձվեցին: Ու միայն միթևանի Հակոբը բերանը ճպպացրեց, մռմռաց. «Կպատահի…»:
— Ձեռ քաշի,- հերսոտեց գինովցած Հովսեփը:- Աստծուն տեր կանգնելը մեր բանը չի:- Աչքերով սեղանի վրա կծու պղպեղ փնտրեց, վերցրեց ու կերավ շաքարի նման:
— Տո, ինչի՞, է: Մեր ձեռը չի՞,- տեղում ծուլ եկավ Սիմոնը: Օղին լեզվին էր խփել, բառերը կպչուն էին ծամոնի պես: Իրենով լիներ՝ կլռեր, բայց խոսք էր, քարի պես առավ ու նետեց:
— Չէ, ախպեր, մերը հավատալն է: Էդ մի բանը սովորել ենք խղճով անել: Մեզ աստված տուր ու մի կողմ քաշվիր: Մնացածը մենք գիտենք,- մեջ ընկավ Հակոբը և մեկեն ձայնը փոխեց,- Հովհաննես, մի էդ շիշը էս կողմ հրի…
— Ես ձեր մարդ ասողի…,- տրաքեց Պետրոսը,- անաստված շանորդիք, տո դուք ի՞նչ հայ եք: Ես ձեզ մարդավարի բան եմ ասում, դուք ինձ ծե՞ռ եք առնում…
— Պետրոս ջան, հոգուդ մեղք մի արա, ցավդ տանեմ, խոսքդ հետ վերցրու,- մղկտաց Հովհաննեսը,- բա մեղք չի՞ այդ մարդը:
Արյունը խփեց Պետրոսի գլխին: Փրփուրը բերնին ուզեց պոկ գալ, հետո հաղթանդամ մարմնով փլվեց աթոռին, ու լեզուն թրթռաց ատամի տակ:
— Ափսոս, ձեր տանն ենք, Հովհաննես, հազար ափսոս…
— Չէ, դուք հլա մի ինձ լսեք,- կռնչաց Եղիան՝ ճաղատ գլուխը քսելով որթատունկի տերևներին,- մեր Պետրոսի ասածի մեջ ոնց որ ճիշտ բան կա: Ոնց գցում-բռնում եմ, էլի մենակ հայը էդքան դարդ ու ցավ տանելուց հետո հարություն կառնի:
— Թե որ Քրիստոսը հայ է, Հուդան էլ հայ կլինի,- աչքի պոչը Պետրոսի կողմը պարզած ասաց Թաթոսը ու ինքն էլ ապշած իր ասածից՝ սուր զկռտաց՝ ձեռքը բերանին:
— Զահլա մի տար, զավզակ,- փնչաց Հակոբը: Նրա սրտով չէր սեղանից կտրող խոսք ու զրույցը ու Թաթոսի սմքած մատները, որ ախորժակ էին փակում: Ի նշան բողոքի, Հակոբը ափսեի մեջ նետեց մսի մի կտոր ու կռացավ վրան:
— Հա, Թաթոս, Հակոբը ճիշտ է ասում, ամեն բան մարդու երեսով չեն տա:
— Սիմոն ջան, տղերք ջան, ախր ի՞նչ կլինի, էդ բանը մի ասեք: Ախր, մեղք է, չէ՞: Հիմա էլ էդ անաստվածի անունն եք տալիս,- կուչ եկավ Հովհաննեսը՝ շշուկը շուրթին:
— Լավ, էլի, Հովհաննես…
— Հերիք է, էլի, այ մարդ…
— Եղիա, քո ողորմած պապը տերտեր էր, դու էդ բաները լավ գիտես: Մի ասա՝ տեսնենք, էդ պատմությունը ոնց եղավ:
— Հուդա Իսկարիովտացի կոչվածը գնաց քահանայապետերի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Ու նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան,- արտասանեց Եղիան իր ժառանգությունը:
Պետրոսը խնդաց.
— Երեսուն արծաթ: Մեր փողով էդ ինչքա՞ն կլինի:
— Մի երկու ամսվա աշխատավարձ երևի:
— Ավելի շատ…
— Ավելի քիչ…
— Մի հաշիվ է: Շատ էժան է ծախել շանորդին…
Հովսեփը հազաց կոկորդը թռած պատառից, գինի խմեց, ու թևքով սրբելով բեղի ծայրը՝ ծոր տվեց.
— Ես որ տեսնում եմ, էդ Քրիստոսը միամիտ մարդ է եղել:
— Միամիտ որ չլիներ՝ ո՞վ կհավատար:
Հովհաննեսը հարբած էր, լաց եղավ: Լացն էլ լացի նման լիներ, անարցունք խռխռաց: Պետրոսը դեմքը շուռ տվեց:
-Մի կողմից էլ Հովհաննեսը ճիշտ է ասում,- խոսեց Հովսեփը:- Ինչի՞ մերը լինի որ: Օտարինը մենք մեր ունեցածից շատ ենք սիրում:
— Մերն էլ ենք սիրում, երբ արդեն մերը չի,- գեղգեղաց Եղիան գլուխը շոյելով:
— Էս ի՞նչ է ասում, էս ի՞նչ է ասում: Այ մարդ, էդ ի՞նչ եք ասում,- կատաղեց Պետրոսը:- Աստված էլ տվեցին, տեր չկանգնեցինք:
— Պետրոս ջան, թե որ էդ մեզ համար լավ է, թող էդպես լինի, թե որ չէ՝ շառ ու փորձանքից հեռու,- մանևրեց Սիմոնը:
— Տո, ավել կտորը աչքդ կհանի՞,- որոտաց Պետրոսը՝ բռունցքներով սեղանը ծեծելով:
— Մեկ-մեկ հանում ա, Պետրոս ջան, մեկ-մեկ հանում ա,- չզիջեց Սիմոնը՝ լավաշի մի մեծ կտոր իր կողմը քաշելով:- Էս էինք մենք, հիմա էս ենք,- մի չոր փշրանք պոկելով՝ բերանը նետեց ու ծամեց ծուլորեն,- Քրիստոսն էս պատառին կարոտ չի:
Աղմկեցին, գոռգոռացին, Եղիան էլի արտասանեց, Հակոբը միս չթողեց սեղանին, Պետրոսը բաժակ ջարդեց, Սիմոնը ոչինչ չջարդեց, ու ժխորի մեջ կորավ¬գնաց Հովհաննեսի խեղդված մայունը. «Տղերք ջան, Պետրոս ջան…»:
Կեսգիշեր էր, երբ վեր կացան: Օրորվեցին, սայթաքեցին, բաներ հիշեցին, բաներ մոռացան ու գնացին, ինչպես քամու տարած խաշամ: Ավերակ սեղանին կռթնած Հովհաննեսը սթափվեց շշերը հավաքող կնոջ ձայնից.
— Վեր, այ մարդ, վեր, տուն գնա, քամի կառնի մեջքիդ, էլի պիտի տքտքաս:
— Սրտովս գնա, այ կնիկ…
— Էհ, Հովհաննես, ջուրն եկել, ջրաղացն է տանում, դու էլի…,- ձեռքը թափ տվեց,- ամեն բան կիսեցինք, էս մեկն էր մնացել:
Որթատունկի տերևների միջից լուսինը լուսապսակ էր նետել գինով ողողված հողին: Կիսվում էր ամառվա գիշերը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆstariki

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s