Պետք է հասկանանք, թե ինչու չօգտագործվեց առավելագույն հզորությամբ զինտեխնիկան. Հովիկ Չարխչյան

10 Ապր

NewsBook-ի զրուցակիցն է գրականագետ, 1996-98 թթ. ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետի տեղակալ Հովիկ Չարխչյանը:

— Պարոն Չարխչյան, Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարեց, որ մենք հակառակորդին դիմակայում ենք 80-ականների զենքերով: Ի՞նչ է սա նշանակում, որ մենք իմանալով, որ պատերազմի մեջ ենք, գումար չենք ունեցել կամ ունեցել ու չենք տրամադրել ԶՈւ զինանոցը թարմացնելու համար:

— Մինչ այս գործողությունները մեզ բազմիցս հավաստիացրել են, որ հայոց բանակը ստանում է նորագույն սպառազինություն՝ գիտության, տեխնոլոգիաների վերջին նորություններով համալրված: Տվյալներ էին տրամադրվում, թե որ զինատեսակը որ երկրից է ներկրվում, ու հիմա նախագահի նման հայտարարությունն առնվազն տարօրինակ է, այն էլ մարտական գործողությունների ժամանակ: Մյուս կողմից կա տպավորություն, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ թե իրականությունն էր արձանագրում, այլ փորձում էր ռազմական գործողությունների պատկերն ավելի տպավորիչ երանգներով ներկայացնել, իսկ իրականում, որքան ես հասկացա, մեր կողմից օգտագործված զինատեսակներն այնքան էլ հին չէին, որքան կարող էր տպավորություն ստեղծվել: Ամեն դեպքում, կարծես թե փաստեցին, որ մեր ԶՈւ-ն այն աստիճան համալրված չէ, որքան մենք կցանկանայինք, իսկ վկայություններից մեկն այն է, որ այսօր համաժողովրդական դրամահավաք է զինտեխնիկա գնելու համար և նաև այն, որ ՌԴ-ի 200 միլիոնի վարկի դիմաց զենքերը դեռևս տեղ չեն հասել: Սրանք հարցեր են, որոնք շատ ավելի լուրջ ու փաստարկված պատասխաններ են ակնկալում, քան թե հիմնվենք ենթադրությունների ու կասկածների վրա: Կարծում եմ՝ վերջին 4-5 օրվա պատերազմից հետո ավելի լուրջ կվերաբերեն այս խնդիրներին:

— ՀՀ-ն այս կամ այն ծրագրի իրականացման համար միլիոնավոր վարկեր էր վերցրել, գումարներ ծախսել, բայց փաստն այն է, որ հայտարարվեց, թե մենք հին ռազմական տեխնիկա ունենք:

— Այս պատերազմը շոշափեց մեր հիվանդոտ տեղերից մեկը՝ պետական միջոցների մսխում և արդյունավետ օգտագործման խնդիր: Հիմա ինչ ինֆորմացիա կարդում են, հասկանում են, որ մարդիկ ավելի շատ այս խնդիրներին են ուշադրություն դարձնում, թե ինչու այս կամ այն ոլորտներում հսկայական ծախսեր կատարվեցին, մինչդեռ դրա դիմաց կարող էր արդիականացնել պաշտպանական համակարգը: Նկատեցի, որ նույնիսկ հիշել են 170 հազար արժողություն ունեցող չարաբաստիկ բիոզուգարանները, այնինչ դրանց փոխարեն կարելի է մի երկու անօդաչու սարք գնել:

— Այս ամենի համատեքստում ի՞նչ եք կարծում՝ արժե, որ շարունակվի եկեղեցաշինության մոլուցքը:

— Հիշենք Րաֆֆու խոսքերը, ով 150 տարի առաջ ասում էր` փոխանակ եկեղեցիներ կառուցելու պետք է բերդեր կառուցենք: Բայց չեմ կարծում, թե մեր մեծագույն ողբերգությունն այն է, որ մենք եկեղեցի, այլ ոչ թե բերդեր ենք կառուցում, համենայն դեպս, պետք է ամեն ինչ արվի չափի մեջ, քանի որ երբ չափի զգացողությունը խախտվում է, ապա դա անպայման իր վատ հետևանքները թողնում է: Ամեն դեպքում ես հակված եմ մտածելու, որ Հայաստանն ու Արցախը ներկա պահին անհրաժեշտ քաղաքականության զենքեր ունեն իրենց իրավունքներն ու սահմանները պաշտպանելու համար: Կարծում եմ, որ մեր կողմը ընդամենն իր ունեցածն առավելագույն կերպով չօգտագործեց՝ ելնելով իրավիճակից: Եթե իրադարձությունները շատ ավելի հեռու գնային, ապա մենք առիթ կունենայինք տեսնելու մեր իրական ուժի ծավալներն ու հզորությունը: Ես այսպես եմ կարծում և չեմ ցանկանում իրավիճակն այդքան ողբերգական գույներով ներկայացնել, թե մենք պատերազմի գնացինք պարսատիկներով, հաստատ այդպես չէր: Սակայն պետք է նաև փորձեն հասկանալ, թե ինչո՞ւ չօգտագործվեց առավելագույն հզորությամբ զինտեխնիկան, քանի որ սա էլ հարց է, որ պետք է պատասխան ստանա: Ես լավ հասկանում եմ, որ հիմա էմոցիոնալ դաշտը բարձրացել է վերին շերտ և մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի կրքերը հանդարտվեն, ու մենք անցած 4 օրերի իրադարձությունները մի փոքր ավելի սթափ և ռեալ գնահատենք:

— Այս պահին մեզ մոտ սրվել է հակառուսական տրամադրվածությունը, նույնիսկ մարդիկ, ովքեր կողմ են արտահայտվել ԵՏՄ-ին, հիմա այլ բան են ասում: Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ-ն դասեր կքաղի, կմտածի, որ տարածաշրջանում իր վերջին դաշնակցին է կորցնում, թե պատմությունը կկրկնվի, և ՌԴ-ն, ինչպես Արցախյան գոյամարտի ժամանակ, աջակցում էր Ադրբեջանին, այնպես էլ կշարունակի հիմա:

— Իմ տպավորությունն այլ է, քանի որ այս պահին ես ոչ թե հակառուսական տրամադրություն են տեսնում, որքան վատ տրամադրվածություն մեր արտաքին քաղաքականության դեմ: Խոսքն ավելի շատ գնում է այն մասին, որ մենք սխալ ենք կառուցել մեր արտաքին քաղաքականությունը, ոչ թե հասցեագրված է կոնկրետ երկրի: Եթե մենք ակնկալիքներ ենք ունցել ինչ-որ երկրից և դրանք չեն արդարացվել, գուցե մեղավորն ինքներս ենք, որ չափից ավելին ենք սպասել և հիմա դա չենք ստանում, այլ ոչ թե նրանք, ովքեր պետք է գային ու մեզ հովանավորեին կամ օգնության ձեռք մեկնեին: Կարծում եմ՝ մենք պետք է մի փոքր ավելի լրջանանք և շեշտենք, որ կա ազգային և պետական շահ, արժանապատվություն, որպեսզի ամեն անգամ վիրավորվածի ու մոռացվածի կարգավիճակում չհայտնվենք: Պետք է մի քիչ ավելի խելացի լինենք, ուշադիր ընտրենք այն խմբերը, որոնց անդամակցում ենք, այն դաշինքներն, որոնց անդամակցում ենք և ամեն պատահական փաստաթղթի տակ չստորագրենք՝ չիմանալով, թե իրականում ինչ է մեզ սպասում: Հիմա շատ բաներ կարող են գրել ՌԴ-ի, Բելոռուսի, Ղազախստանի և մյուսների հասցեին, սակայն դրանից բան չի փոխվում և մեր վիճակը չի լավանում, այլ ավելի ճիշտ կլինի մի քիչ լրջանանք և մտածենք, թե այս ամեն ինչից հետո ինչպես են շարունակելու կառուցել մեր արտաքին քաղաքականությունը:

— Անկախ ամեն ինչից` ի՞նչ եք կարծում՝ պատմության կրկնություն կլինի նույն ՌԴ-ի պահվածքի հարցում, ինչպես եղավ Արցախի ազատագրական շարժման ժամանակ:

— Պատմությունը մի վատ սովորություն ունի, այն է` անընդհատ կրկնվելու, մոռացվածը դարձյալ վերհիշելու սովորությունը: Ընդունված է ասել, որ մարդիկ միայն իրենց սխալներից են դասեր քաղում, սակայն կարծես թե ոչ մի դաս էլ չեն քաղում, այլ ամեն ժամանակաշրջան գալիս են ու նորից մատը դնում են ցավոտ վերքի վրա և կրկին հիշեցնում, թե ինչն ինչպես պետք է անեինք ու չենք արել: Միակ ուրախալի և ոգևորող հանգամանքն այն է, որ ներկա պահին մեր երկրում համախմբվածության այնպիսի աստիճան գոյություն ունի, որով, նույնիսկ, կարելի է սարեր շուռ տալ ու չօգտագործել այս պահի տրամադրությունները, համաժողովրդավարական միասնությունը կլինի մեր մեծագույն բացթողումներից, իսկ մնացած բոլոր խնդիրները ժամանակին լուծվող խնդիրներ են: Կորցնել ժողովրդի վստահությունը հերթական անգամ, նորից հասցնել հիասթափության դա ոչ մի կերպ որևէ մեկին երբեք չի ներվի: Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ պետք է լինեն պատժվողներ, քանի որ այս ընթացքում ունեցանք ձեռքբերումներ, բայց ունեցանք նաև բացթողումներ: Այս ամենը պետք է դիտարկել և հասկանալ` որտեղ էին սխալները, ովքեր էին սխալների պատասխանատուները, քանի որ եթե հիմա չպատժենք սխալների մեղավորներին, ուրեմն՝ վաղը նորից ենք սխալվելու:

— Ռազմական գործողությունները նախկին 4 օրերի նման հուժկու չեն, բայց այսօր խոսվում է Արցախում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին: Ձեր գնահատականը` որքանո՞վ է ճիշտ, որ այսքան տղաների զոհվելուց հետո այդ հողը խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ անցնի:

— Մեծագույն սխալ է և դրա մասին, նույնիսկ, երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ ցանկացած օտար զինվորի ներկայությունը մեր երկրի տարածքում, դա արդեն վատ է մեր ազգային անվտանգության համար: Ես չեմ կարծում, որ մենք այնքան անհույս վիճակում ենք կամ կորցրել ենք ինքներս մեզ պաշտպանելու կարողությունը, որ մեր տարածքը միայն կարող են խաղաղապահ ուժերը վերահսկել: Խաղաղապահ ուժերին բերում են ծայրահեղ դեպքերում, երբ իրավիճակը անվերահսկելի է և այլևս տեղի ուժերն ի զորու չեն լուծել իրենց առջև դրված խնդիրները: Այսօր մենք շատ լավ ապացուցեցինք, որ պատրաստ էինք դիմանալ այդ հզոր ու անակնկալ հարվածին և հսկայական կորուստներ էլ չունեցանք՝ տարածքային իմաստով: Այս դեպքում ի՞նչ խնդիր պետք է լուծի խաղաղապահ զորքն այս տարածքում, ես կոնկրետ ոչ մի կերպ չեմ հասկանում: Այս խոսակցությունների մեջ ավելի շատ տեսնում եմ 3-րդ երկրների միտումն իրենց զինուժն այս տարածաշրջանում տեղակայելու մեծ ցանկությամբ:

Հարցազրույցը՝ Անի Արամիes-1

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s