Պահոց | 3:22 ե.

ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ՌՆԳԵՂՋՅՈՒՐԸ

27 Դկտ

1861 թվականին Միքայել Նալբանդյանը մեկնել էր Հնդկաստան: Այնտեղ Կալկաթայից հայ մեծահարուստ Մասեհ Բաբաջանյանը մի կտակ էր թողել, համաձայն որի իր մահից հետո հսկայական հարստությունը պիտի փոխանցվեր Նոր Նախիջևանի հայությանը, և Նալբանդյանը նպատակ ուներ օրինականացնել այդ գումարների փոխանցումը հայրենակիցներին:
Կալկաթայում անցկացրած վերջին շաբաթների ընթացքում Նալբանդյանը իր միջոցներով մի ռնգեղջյուր է գնում: Նրա ցանկությունն էր այդ կենդանին նվիրել Մոսկվայի նորաբաց կենդանաբանական այգուն: Եվ քանի որ ետդարձի ճանապարհին այլ ծրագրեր էլ ուներ, հանձնարարում է ռնգեղջույրը առանձին ուղարկել Ռուսաստան:
Հսկայամարմին կենդանին Մոսկվա է հասնում երկու տարի անց: Այս մասին հետաքրքիր վավերագրեր ու պատմություններ են պահպանվել: Նրան բերել էին ծովով, հատուկ պատրաստված վանդակով, որը չորս անիվներ ուներ: Ականատեսները պատմում են, որ կենդանին շատ էր հոգնել երկար ճանապարհից: Նրա պարանոցին ծանր օղ էր անցկացված՝ երկար շղթայով: Կենդանուն կերակրել են, իսկ շղթան ամրացրել ցցին՝ երկար ժամանակ պահելով շղթայակապ: Ասում են նաև, որ վանդակի վրա մի ցուցանակ են փակցրել, որի վրա մեծ տառերով գրված էր. «Հնդկաստանի ռնգեղջյուր, Ն. Նախիջևանի հայ հասարակության կողմից, Մ. Նալբանդյանի նախաձեռնությամբ ու աշխատանքով»:
Արխիվային փաստաթղթերում նշվում է, որ ռնգեղջյուրին Մոսկվա է հասցրել Նոր Նախիջևանի քաղաքագլուխ Հայրապետովը: Վերջինս նվերը հանձնել է Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին: Նալբանդյանն անձամբ հանձնել չէր կարող, քանի որ այդ ժամանակ արդեն ձերբակալված էր ու կալանված Պետրոպավլովյան ամրոցում:
Կենդանու առաջին խնամակալն էր ունտեր-սպա Կոնոն Իվանովը: Նրան տեղեկացրել էին, որ Հնդկաստանում ռնգեղջյույին կոչել էին Սեմիրամիդ: Սակայն Իվանովը որոշում է կրկին անվանակոչել գազանանացի նոր բնակչին: Նախ անվանում է Միրեմիս, իսկ հետո՝ ուղղակի Մոնկա կամ Մոնյա:
Նալբանդյանի «հոգեզավակը» ապրեց մինչև 1887 թվականը: 28 տարեկան էր, երբ սատկեց: Այսօր էլ այդ կենդանու խրտվիլակը ցուցադրվում է Մոսկվայի կենդանաբանական թանգարանում: Մոսկովյան արխիվներում հրաշքով պահպանվել են Նալբանդյանի ռնգեղջյուրի երկու լուսանկար:

© Հովիկ ՉարխչյանMonka zoo

ԳԱՌՆԻԿ ՔԱԼԱՇՅԱՆ

27 Դկտ

Լճակը գրկեց մութը գաղտնապահ,
Լճակի ափին սպասում եմ քեզ…
Աստղերը նազով ընկել են ճամփա,-
Իմ կյանքի Աստղիկ, դու ե՞րբ կծագես:

Դու կգաս՝ մթնում անձև պատկերով,
Փափուկ մատներով կգգես հոգիս,
Նիրհած սեզերից՝ ցողոտ ոտքերով
Իմ քնքուշ եղնիկ, կմարես գրկիս:

Եկ, համակիր ինձ բույրով հարբեցման,
Հանցանքի ծաղկունք գրկումդ ծփան…
Արձակ մազերդ երազի նման
Մութով պարուրեն, ծածկեն իմ ճամփան:

Եվ ես միշտ անհագ հայցեմ մոռացում,
Հեզիկ տարածվեմ, Աստված իմ, քո դեմ-
Եվ խելառության ու կրքի բոցում
Ես քեզ աղոթեմ, ես քեզ աղոթեմ:
1908 թ.գառնիկ քալաշյան

ՄԵՐԻ ՍՏՅՈՒԱՐՏ

27 Դկտ

Հավանաբար միայնության զգացումը պայմանավորված չէ որևէ հանգամանքով կամ վայրով: Հավանաբար այն թաքնված է մարդու ներսում: Որտեղ էլ մենք գտնվենք՝ ինքներս ենք մեզ շրջապատում միայնությամբ…
Կարծում եմ, ինձ անհրաժեշտ է այնպիսի մի վայր, որտեղ ես կարող եմ առանձնանալ, հեռու լինել կատարվող իրադարձություններից: Մտորելն ու կյանքը ծրագրելը մի բան են, գործելը՝ մեկ այլ բան: Մարդը չի կարող մշտապես «գործել»:
«Բյուրեղյա քարայրը» գրքիցMStewart-2-Obit-blog427

%d bloggers like this: