ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԸ

7 Սպտ

Երևանի Գրիգոր Լուսավորչի (նախկին Կարմիր բանակի) փողոցում մի հանրահայտ շենք կա, որտեղ տարիներ ի վեր տանիք ունեին զանազան խմբագրություններ: Այդ շենքի մուտքից ձախ պահակատունն էր: Ու քանի որ այն տարիներին բջջային հեռախոսներ չկային, մենք օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպված էինք լինում օգտվել պահակատան հեռախոսից: Այստեղ մի տարեց, պատկառելի դեմքով ու կիսաճաղատ մարդ էր նստում. պահակն էր կամ պարետը (այդպես էլ չիմացանք): Ոմանց նա մերժում էր, ոմանց թույլ էր տալիս զանգել: Միշտ մռայլ էր, գրեթե չէր խոսում, և հիմա նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե ինչպես կարողացա շահել նրա համակրանքը, որովհետև ինչ-որ պահի այնքան մտերմացանք, որ նա ոչ միայն սկսեց խոսել, այլև երբեմն-երբեմն ինձ էր վստահում իր նվիրական գաղտնիքները: Դրանցից մեկը հատկապես տպավորիչ էր:
Պարզվեց, որ երբ նա երիտասարդ է եղել, երազել է դառնալ տիեզերագնաց: Եվ ոչ միայն երազել էր: «Գագարինի թռիչքից հետո ես նամակ գրեցի տիեզերագնացների պատրաստման կենտրոն: Նամակիս մեջ գրել էի, որ ցանկանում եմ իմ անձը տրամադրել գիտությանը, պատրաստ եմ նույնիսկ զոհվել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինձ պատասխանեցին, որ չեմ համապատասխանում իրենց պահանջներին: Հետո մի քանի նամակ էլ զանազան հասցեներով ուղարկեցի, ու դարձյալ ոչինչ չստացվեց»,- պատմում էր նա:
Հիմա էլ հիշում եմ, թե խոսելիս նրա հանգած հայացքն ինչպես էր պայծառացել, լցվել անբնական կրակով: Իսկ հետո լույսը նվազեց, պատմությունն անսպասելի ընդհատվեց և նա այլևս երբեք ոչինչ չասաց իր անկատար երազի մասին: Հետագա օրերին դարձյալ տեսնում էի նրան՝ միշտ նույն անկյունում, միշտ լռակյաց ու խոժոռ: Միայն թե այժմ ես տեսնում էի բոլորովին ուրիշ մեկին՝ մի երկատված մարդու, ում մտքերն ու երազները դեռ շարունակում էին սավառնել տիեզերքում, իսկ մարմինն անշարժացել էր պահակատան աթոռակի վրա:

Հովիկ Չարխչյանstarik-i-more-2

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s