ԳԻՍԱՍՏՂԻ ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ

14 Օգս

Կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն 1997 թվականի գարունը, երբ երկնքում հայտնվեց Մեծ գիսաստղը: Հետո պիտի իմանայինք, որ դրա անունը Հեյլ-Բոպպ է: Բայց այն գիշեր, երբ մեքենայով վերադառնում էինք Երևան և երկնքում տեսանք այդ պայծառ հրաշքը, նա մեզ համար դեռ անանուն էր ու հեքիաթային: Մեքենան արգելակեց ճամփեզրին, բոլորս դուրս եկանք ու հմայված նայում էինք խավարի մեջ անշարժացած լուսավոր անցվորին:
Ընկերս ասաց, որ թերթում կարդացել է այն մասին, թե այս լուսատուն մեր մոլորակի մոտով մյուս անգամ կանցնի մոտավորապես 4390 թվականին: Իսկ հետո նա հավելեց մի բան, որի հիշեցումի անհրաժեշտությունը բնավ չկար: Ընկերս ասաց. «Մեզնից ոչ ոք այլևս չի տեսնելու այս գիսաստղը: Սա առաջին ու վերջին անգամ է»:
Եվ հանկարծ այդ պարզ բառերը, որ անսպասելի ոչինչ չունեին իրենց մեջ, այնպես ներգործեցին մեզ վրա, ինչպես պիտի սիրտը ճնշվեր սարսափելի բոթից: Կարծես միայն հիմա հասկացանք, որ կան ու եղել են բաներ, որոնք մեզ տրվել են միայն մեկ անգամ՝ կրկնության իրավունքից զրկված, բացառիկ լինելու շնորհով, եզակի մնալու անեծքի հետ, իսկ հետո դրանք հեռացել են անվերադարձ ու երբեք, երբեք չենք վերագտնի նրանց ոչ սպասումով, ոչ զոհաբերմամբ: Մի գիսաստղ և կամ մեր մի կյանքը՝ ի՞նչ տարբերություն…
Մեր ապրած օրերի երկինքներում, մեր երազանքների գիշերների մեջ, կորստի տված ժամանակի ճամփաներին քանի-քանի գիսաստղեր եկան, լուսարձակեցին ու գնացին մեկընդմիշտ, իսկ մենք այդպես էլ նրանց չտեսանք, չիմացանք անունը, կորցրեցինք հետագիծը…

Հովիկ Չարխչյանhale-bopp

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s