ԵՐԵՎԱՆԻ ՄԵԾ ՋՐՀԵՂԵՂԸ

25 Մյս

Եթե առիթ եք ունեցել զբոսնելու մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու` Կամերային երաժշտության տանը հարող հատվածում, ապա անկասկած տեսած կլինեք մերձակա ծառերի տակ շարված հսկա քարաբեկորները: Առաջին հայացքից` դրանք կարող են այգու յուրօրինակ ձևավորման տպավորություն թողնել: Սակայն տարեց երևանցիները կհուշեն, որ գեղագիտական ոճավորումն այստեղ ոչ մի կապ չունի, և այդ խոշոր քարերի լուռ ներկայությունը վերջին հիշողությունն է, որ մնացել է Երևանի մեծ ջրհեղեղից:
Փոքրիկ Գետառի անսպասելի վարարումի և խոշոր ավերածությունների մասին բազմաթիվ պատմություններ են շրջանառվում` հավաստի ու անհավանական: Դրանք մինչ օրս էլ հնչում են իբրև առասպել` գունազարդումներով, պատումների բազմազանությամբ, իսկ ոմանք նույնիսկ երգ էին հորինել արհավիրքի մասին.

Մայիսի 25-ին, գիշերվա իննին
Գետառը պայթեց, 
քաղաքը լցվեց:
Լցրեք, ընկերներ, վեդրոները լի,
Ջրերը հանենք մեր 
պադվալներից…

Մինչդեռ իրականությունը շատ ավելի դաժան էր և բոլորովին նման չէր ուրախ երգի:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100
1946 թվականի Երևանն ապրում էր հետպատերազմյան գարնան հոգսերով: Թեև պատերազմն ավարտվել էր, բայց բոլորը չէ, որ զորացրվել էին, և քաղաքի ամենօրյա խոսակցությունների գլխավոր նյութը շարունակում էր մնալ տղամարդկանց սպասվող վերադարձը:

Մեծ կորուստների ցավը դեռ չէր սպիացել, դժվարություններն անսահման էին, սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պակաս կար: Եվ միայն գալիք լավ ժամանակների հույսն էր, որ ուժ էր տալիս ու ապրեցնում էր մարդկանց:

Ահա այդպիսի մի օր էր նաև մայիսի 25-ը, մինչև այն պահը, երբ երեկոյան անձրև սկսվեց ու քիչ անց վերածվեց տեղատարափի: Գարնանային առատ տեղումները նոր բան չէին, և քաղաքացիներն անհանգստության լուրջ պատճառներ չունեին: Սակայն ժամը 20։30-ի սահմաններում սկսեցին տագնապալի լուրեր հասնել այն մասին, որ Գետառը վարարել, դուրս է եկել իր ափերից, փլուզել է բոլոր պատնեշներն ու հոսում է դեպի մայրաքաղաք:

Հետագայում մասնագետներին պիտի ապշեցներ այն արագությունը, որով ձևավորվել էր լեռնային հոսքերի պաշարը և ահռելի ալիքի պես փշրվել Երևանի վրա: Կատարված հաշվարկների համաձայն` տարերքի ամենաբուռն պահին հոսքը կազմել էր 150-200 խմ/վայրկյան:Getar-Hovik-5

Հենց առաջին րոպեներից ջրերի խորությունը հասավ իր առավելագույն բարձրությանն ու չնվազեց հետագա երկու ժամերի ընթացքում: Ահա թե ինչ է գրում ռուս երկրաբաններից մեկը Երևանի հեղեղի մասին. «1946 թվականի մայիսի 25-ին Երևանով հոսող Գետառը բերեց բացառապես սելավային հեղեղ` իր ծավալներով գերազանցելով վերջին 30-40 տարիներին արձանագրված բոլոր ջրհեղեղները: Քաղաք լցված սելավի ընդհանուր ծավալը կազմում էր կես միլիոն խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ հեղեղված յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին էր ընկել 380 կիլոգրամ տիղմ ու քար: Իսկ ընդհանրապես լեռներից Երևան էր հասել 60 հազար խորանարդ մետր ապարային մասսա»:

Լույսերն անջատվեցին: Քաղաքը թաղվեց մթության մեջ: Մարդիկ դուրս բերեցին լամպերն ու մոմերը:

Հոսանքն արագորեն ծածկում էր քաղաքի փողոցները` իր հետ բերելով այն ամենը, ինչ հանդիպել էր ճանապարհին: Մեկը մյուսի ետևից փլուզվում էին հողաշեն տները: Ավերվեց Գետառի հայտնի կամուրջը: Գլխավոր փողոցների բազմահարկ շենքերի նկուղներն ու առաջին հարկերը կուլ գնացին պղտոր ջրերին: Բայց ալիքը կանգ չէր առնում: Ոմանք բարձրացան տանիքները, մյուսները հեղեղի ծուղակից դուրս պրծնելու ճանապարհներ էին որոնում:Getar-Hovik-2

Սրբվել էին տրամվայի գծերը, ավերվել էին մայթերը, սալահատակ ու ասֆալտապատ ճանապարհները, արմատախիլ էին արվել ծառերը, էլեկտրասյուները, փողոցներում կայանած մեքենաները վերածվել էին անճանաչելի մետաղե ջարդոնների: Առանձնապես խոշոր ավերածություններ էին գրանցվել քաղաքի կենտրոնական և արևելյան հատվածներում:

Հայտնի կոմպոզիտոր և երաժշտագետ Ծովակ Համբարձումյանն իր հուշերում գրել է. «Երեկոյան ժամը 8-ի սահմաններում էր: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում (որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Երաժշտական կոմեդիայի թատրոնի տեղում) դիտում էի «Ֆրաու Ինգրիդը` Էստրոտից» ներկայացումը, երբ երկրորդ գործողության կեսին մեկեն բեմի թիթեղյա տանիքը սկսեց ուժգին ու աղմկալի թմբկահարվել նախ` առատ տեղացած կարկուտի հարվածներից, ապա` շուրջ կես ժամ տևած հորդառատ անձրևից:

Հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճում ո՞վ կարող էր կռահել, որ դրսում, քաղաքի հատկապես հյուսիս-արևելյան տարածքում, բառացիորեն արդեն մոլեգնում էր ջրհեղեղը… Երբ դուրս եկա թատրոնից և փորձեցի Աբովյան փողոցի սկզբնամասով վերադառնալ, ապշեցի, որ փողոցով դեպի հրապարակ է հորդում մի գետ, որի երկու «ափերին» մեկ հարկանի շենքերի կտուրներին ծվարել էին տվյալ շենքերի նկուղներում ապրող բնակիչները, հեղեղից մազապուրծ փրկված պատահական անցորդները: Փողոցներում դժոխային մութ էր, ոչինչ չէր երևում…»:

Ականատեսները պատմում էին, որ ջրածածկ էին եղել բոլոր այն տները, որոնք գտնվում էին ներկայիս Շախմատի տնից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում: Ալավերդյան փողոցն ամբողջապես թաղված էր ցեխի հաստ շերտի տակ: Ջրերը հասել էին մինչև հրապարակ: Ուժգին հոսքից փլուզվել էր Անատոմիկումի մասնաշենքը: Դա սարսափելի տեսարան էր: Բժշկական գույքի հետ դուրս էին լողացել նաև մարդկային դիակները:

Ահավոր տեղեկություններ էին հասնում քաղաքից դուրս գտնվող ռազմագերիների ճամբարից: Ըստ լուրերի, երբ հեղեղը հասել էր բարաքներին, գերիները դուրս էին նետվել ու փորձել էին անցնել փշալարե ցանկապատը: Բայց դիտակետերում կանգնած զինվորականները կրակ էին բացել փախչողների վրա:Getar-Hovik-4

Դառը ճակատագրի էին արժանացել Կենդանաբանական այգու բնակիչները: Պատմում էին, որ ներկայիս «Այրարատ» կինոթատրոնի տարածքը, որն այդ տարիներին ծառայում էր իբրև բացօթյա շուկա, գիշերը լցվել էր Գետառի բերած անշնչացած կենդանիների դիակներով:

Ծանր փորձություն էր վիճակվել նաև մայրաքաղաքում և հարակից տարածքներում տեղակայված զորամասերին: Այդ գիշեր զինվորականներից մեկի հարսանիքն էր, և ողջ հրամանատարությունը հավաքվել էր խնջույքի վայրում: Կերուխումի ամենաթունդ պահին սկսում է աղմկել հեռախոսը: Տագնապալի լուրեր են գալիս բոլոր կողմերից, սակայն ճանապարհները փակ էին, իրավիճակն` անհասկանալի, և որևէ հստակ կարգադրություն հնչեցնել պարզապես հնարավոր չէր: (Հեղեղից հետո նորապսակներին պիտի հիշեցնեին հայերի այն հավատալիքը, թե մայիսին չի կարելի հարսանիք անել. ինչպես ասում են` «մայիս-վայիս»…):

Յուրաքանչյուր ծայրահեղ իրավիճակ նաև իր հերոսներն է ծնում: 1946-ի մայիսին Երևանում նույնպես քիչ չէին նրանք, ովքեր վտանգելով իրենց կյանքը` փրկում էին աղետյալներին: Մարդկանց հիշողության մեջ հատկապես թարմ է մնացել «Դինամո» մարզական ընկերության աշխատակից, ծանրամարտիկ Ռուբեն Մանուկյանի անունը: Նրա մասին պատմում են, որ տեսնելով, թե ինչպես է հեղեղը քշում մի հնգամյա երեխայի, անմիջապես նետվել է ալիքների մեջ ու անվնաս դուրս է բերել փոքրիկին:

Մղձավանջային իրարանցման ու քաոսային տենդի մեջ հայտնված Երևանն աննկարագրելի ճիգեր էր գործադրում` աղետից փրկվելու համար, երբ կեսգիշերն անց հոսքը մեղմվեց, իսկ այնուհետև ջրերը սկսեցին հոսել Գետառի հունով այնպիսի հանգստությամբ, ասես արտասովոր ոչինչ էլ չէր կատարվել: Վնասների իրական ծավալների մասին այն տարիներին հրապարակումներ չեղան: Զոհերի մասին` ևս: Սակայն լռության թիկունքում ողբերգությունը չես թաքցնի: Այսօր արդեն մի շարք աղբյուրներում նշվում է, որ 1946-ի մայիսի ջրհեղեղը շուրջ 200 մարդկային կյանք էր խլել:Getar-Hovik-3

Ասում են, որ ջրհեղեղից հետո ռուս հայտնի երգիծաբաններ Իլյա Իլֆը և Եվգենի Պետրովը մոսկովյան «Օգոնյոկ» ամսագրում մի ընդարձակ ֆելիետոն հրապարակեցին, որտեղ իրենց զարմանքն էին հայտնում, թե ինչպես պատահեց, որ ռուսական չափանիշներով առվակ հիշեցնող գետակն այդքան մեծ ավերածությունների պատճառ դարձավ: Ֆելիետոնի հեղինակները ցավով նշել էին աղետին դիմակայելու հարցերում քաղաքային իշխանությունների անկարողության մասին: «Գետառն առաջին անգամը չէր, որ հեղեղում էր Երևանը, իսկ քաղաքային հին կամ նոր իշխանությունները` ուղտի ականջում քնած, սպասում էին նոր աղետների»,- գրել էին երգիծաբանները: Նրանք ցավալիորեն իրավացի էին:

1946-ի ամռան սկզբին կառավարական հանձնաժողով ստեղծվեց` ակադեմիկոս Իվան Ելիզարովի գլխավորությամբ, պատճառներն ուսումնասիրելու և հետևանքները վերացնելու համար: Շատ չանցած սկսեցին Գետառի ափերի ամրացման և ափամերձ պատնեշների կառուցման աշխատանքները: Իսկ քաղաքի մաքրման համար ամիսներ պահանջվեցին:

Ի վերջո, ամեն բան վերադարձավ իր նախկին հունը: Գետառը` նույնպես: Անվերադարձ մնացին միայն կորստի տրված մարդկային կյանքերը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s