Պահոց | 11:39 ե.

ԵՐԵՎԱՆԻ ՄԵԾ ՋՐՀԵՂԵՂԸ

25 Մյս

Եթե առիթ եք ունեցել զբոսնելու մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու` Կամերային երաժշտության տանը հարող հատվածում, ապա անկասկած տեսած կլինեք մերձակա ծառերի տակ շարված հսկա քարաբեկորները: Առաջին հայացքից` դրանք կարող են այգու յուրօրինակ ձևավորման տպավորություն թողնել: Սակայն տարեց երևանցիները կհուշեն, որ գեղագիտական ոճավորումն այստեղ ոչ մի կապ չունի, և այդ խոշոր քարերի լուռ ներկայությունը վերջին հիշողությունն է, որ մնացել է Երևանի մեծ ջրհեղեղից:
Փոքրիկ Գետառի անսպասելի վարարումի և խոշոր ավերածությունների մասին բազմաթիվ պատմություններ են շրջանառվում` հավաստի ու անհավանական: Դրանք մինչ օրս էլ հնչում են իբրև առասպել` գունազարդումներով, պատումների բազմազանությամբ, իսկ ոմանք նույնիսկ երգ էին հորինել արհավիրքի մասին.

Մայիսի 25-ին, գիշերվա իննին
Գետառը պայթեց, 
քաղաքը լցվեց:
Լցրեք, ընկերներ, վեդրոները լի,
Ջրերը հանենք մեր 
պադվալներից…

Մինչդեռ իրականությունը շատ ավելի դաժան էր և բոլորովին նման չէր ուրախ երգի:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100
1946 թվականի Երևանն ապրում էր հետպատերազմյան գարնան հոգսերով: Թեև պատերազմն ավարտվել էր, բայց բոլորը չէ, որ զորացրվել էին, և քաղաքի ամենօրյա խոսակցությունների գլխավոր նյութը շարունակում էր մնալ տղամարդկանց սպասվող վերադարձը:

Մեծ կորուստների ցավը դեռ չէր սպիացել, դժվարություններն անսահման էին, սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պակաս կար: Եվ միայն գալիք լավ ժամանակների հույսն էր, որ ուժ էր տալիս ու ապրեցնում էր մարդկանց:

Ահա այդպիսի մի օր էր նաև մայիսի 25-ը, մինչև այն պահը, երբ երեկոյան անձրև սկսվեց ու քիչ անց վերածվեց տեղատարափի: Գարնանային առատ տեղումները նոր բան չէին, և քաղաքացիներն անհանգստության լուրջ պատճառներ չունեին: Սակայն ժամը 20։30-ի սահմաններում սկսեցին տագնապալի լուրեր հասնել այն մասին, որ Գետառը վարարել, դուրս է եկել իր ափերից, փլուզել է բոլոր պատնեշներն ու հոսում է դեպի մայրաքաղաք:

Հետագայում մասնագետներին պիտի ապշեցներ այն արագությունը, որով ձևավորվել էր լեռնային հոսքերի պաշարը և ահռելի ալիքի պես փշրվել Երևանի վրա: Կատարված հաշվարկների համաձայն` տարերքի ամենաբուռն պահին հոսքը կազմել էր 150-200 խմ/վայրկյան:Getar-Hovik-5

Հենց առաջին րոպեներից ջրերի խորությունը հասավ իր առավելագույն բարձրությանն ու չնվազեց հետագա երկու ժամերի ընթացքում: Ահա թե ինչ է գրում ռուս երկրաբաններից մեկը Երևանի հեղեղի մասին. «1946 թվականի մայիսի 25-ին Երևանով հոսող Գետառը բերեց բացառապես սելավային հեղեղ` իր ծավալներով գերազանցելով վերջին 30-40 տարիներին արձանագրված բոլոր ջրհեղեղները: Քաղաք լցված սելավի ընդհանուր ծավալը կազմում էր կես միլիոն խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ հեղեղված յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին էր ընկել 380 կիլոգրամ տիղմ ու քար: Իսկ ընդհանրապես լեռներից Երևան էր հասել 60 հազար խորանարդ մետր ապարային մասսա»:

Լույսերն անջատվեցին: Քաղաքը թաղվեց մթության մեջ: Մարդիկ դուրս բերեցին լամպերն ու մոմերը:

Հոսանքն արագորեն ծածկում էր քաղաքի փողոցները` իր հետ բերելով այն ամենը, ինչ հանդիպել էր ճանապարհին: Մեկը մյուսի ետևից փլուզվում էին հողաշեն տները: Ավերվեց Գետառի հայտնի կամուրջը: Գլխավոր փողոցների բազմահարկ շենքերի նկուղներն ու առաջին հարկերը կուլ գնացին պղտոր ջրերին: Բայց ալիքը կանգ չէր առնում: Ոմանք բարձրացան տանիքները, մյուսները հեղեղի ծուղակից դուրս պրծնելու ճանապարհներ էին որոնում:Getar-Hovik-2

Սրբվել էին տրամվայի գծերը, ավերվել էին մայթերը, սալահատակ ու ասֆալտապատ ճանապարհները, արմատախիլ էին արվել ծառերը, էլեկտրասյուները, փողոցներում կայանած մեքենաները վերածվել էին անճանաչելի մետաղե ջարդոնների: Առանձնապես խոշոր ավերածություններ էին գրանցվել քաղաքի կենտրոնական և արևելյան հատվածներում:

Հայտնի կոմպոզիտոր և երաժշտագետ Ծովակ Համբարձումյանն իր հուշերում գրել է. «Երեկոյան ժամը 8-ի սահմաններում էր: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում (որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Երաժշտական կոմեդիայի թատրոնի տեղում) դիտում էի «Ֆրաու Ինգրիդը` Էստրոտից» ներկայացումը, երբ երկրորդ գործողության կեսին մեկեն բեմի թիթեղյա տանիքը սկսեց ուժգին ու աղմկալի թմբկահարվել նախ` առատ տեղացած կարկուտի հարվածներից, ապա` շուրջ կես ժամ տևած հորդառատ անձրևից:

Հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճում ո՞վ կարող էր կռահել, որ դրսում, քաղաքի հատկապես հյուսիս-արևելյան տարածքում, բառացիորեն արդեն մոլեգնում էր ջրհեղեղը… Երբ դուրս եկա թատրոնից և փորձեցի Աբովյան փողոցի սկզբնամասով վերադառնալ, ապշեցի, որ փողոցով դեպի հրապարակ է հորդում մի գետ, որի երկու «ափերին» մեկ հարկանի շենքերի կտուրներին ծվարել էին տվյալ շենքերի նկուղներում ապրող բնակիչները, հեղեղից մազապուրծ փրկված պատահական անցորդները: Փողոցներում դժոխային մութ էր, ոչինչ չէր երևում…»:

Ականատեսները պատմում էին, որ ջրածածկ էին եղել բոլոր այն տները, որոնք գտնվում էին ներկայիս Շախմատի տնից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում: Ալավերդյան փողոցն ամբողջապես թաղված էր ցեխի հաստ շերտի տակ: Ջրերը հասել էին մինչև հրապարակ: Ուժգին հոսքից փլուզվել էր Անատոմիկումի մասնաշենքը: Դա սարսափելի տեսարան էր: Բժշկական գույքի հետ դուրս էին լողացել նաև մարդկային դիակները:

Ահավոր տեղեկություններ էին հասնում քաղաքից դուրս գտնվող ռազմագերիների ճամբարից: Ըստ լուրերի, երբ հեղեղը հասել էր բարաքներին, գերիները դուրս էին նետվել ու փորձել էին անցնել փշալարե ցանկապատը: Բայց դիտակետերում կանգնած զինվորականները կրակ էին բացել փախչողների վրա:Getar-Hovik-4

Դառը ճակատագրի էին արժանացել Կենդանաբանական այգու բնակիչները: Պատմում էին, որ ներկայիս «Այրարատ» կինոթատրոնի տարածքը, որն այդ տարիներին ծառայում էր իբրև բացօթյա շուկա, գիշերը լցվել էր Գետառի բերած անշնչացած կենդանիների դիակներով:

Ծանր փորձություն էր վիճակվել նաև մայրաքաղաքում և հարակից տարածքներում տեղակայված զորամասերին: Այդ գիշեր զինվորականներից մեկի հարսանիքն էր, և ողջ հրամանատարությունը հավաքվել էր խնջույքի վայրում: Կերուխումի ամենաթունդ պահին սկսում է աղմկել հեռախոսը: Տագնապալի լուրեր են գալիս բոլոր կողմերից, սակայն ճանապարհները փակ էին, իրավիճակն` անհասկանալի, և որևէ հստակ կարգադրություն հնչեցնել պարզապես հնարավոր չէր: (Հեղեղից հետո նորապսակներին պիտի հիշեցնեին հայերի այն հավատալիքը, թե մայիսին չի կարելի հարսանիք անել. ինչպես ասում են` «մայիս-վայիս»…):

Յուրաքանչյուր ծայրահեղ իրավիճակ նաև իր հերոսներն է ծնում: 1946-ի մայիսին Երևանում նույնպես քիչ չէին նրանք, ովքեր վտանգելով իրենց կյանքը` փրկում էին աղետյալներին: Մարդկանց հիշողության մեջ հատկապես թարմ է մնացել «Դինամո» մարզական ընկերության աշխատակից, ծանրամարտիկ Ռուբեն Մանուկյանի անունը: Նրա մասին պատմում են, որ տեսնելով, թե ինչպես է հեղեղը քշում մի հնգամյա երեխայի, անմիջապես նետվել է ալիքների մեջ ու անվնաս դուրս է բերել փոքրիկին:

Մղձավանջային իրարանցման ու քաոսային տենդի մեջ հայտնված Երևանն աննկարագրելի ճիգեր էր գործադրում` աղետից փրկվելու համար, երբ կեսգիշերն անց հոսքը մեղմվեց, իսկ այնուհետև ջրերը սկսեցին հոսել Գետառի հունով այնպիսի հանգստությամբ, ասես արտասովոր ոչինչ էլ չէր կատարվել: Վնասների իրական ծավալների մասին այն տարիներին հրապարակումներ չեղան: Զոհերի մասին` ևս: Սակայն լռության թիկունքում ողբերգությունը չես թաքցնի: Այսօր արդեն մի շարք աղբյուրներում նշվում է, որ 1946-ի մայիսի ջրհեղեղը շուրջ 200 մարդկային կյանք էր խլել:Getar-Hovik-3

Ասում են, որ ջրհեղեղից հետո ռուս հայտնի երգիծաբաններ Իլյա Իլֆը և Եվգենի Պետրովը մոսկովյան «Օգոնյոկ» ամսագրում մի ընդարձակ ֆելիետոն հրապարակեցին, որտեղ իրենց զարմանքն էին հայտնում, թե ինչպես պատահեց, որ ռուսական չափանիշներով առվակ հիշեցնող գետակն այդքան մեծ ավերածությունների պատճառ դարձավ: Ֆելիետոնի հեղինակները ցավով նշել էին աղետին դիմակայելու հարցերում քաղաքային իշխանությունների անկարողության մասին: «Գետառն առաջին անգամը չէր, որ հեղեղում էր Երևանը, իսկ քաղաքային հին կամ նոր իշխանությունները` ուղտի ականջում քնած, սպասում էին նոր աղետների»,- գրել էին երգիծաբանները: Նրանք ցավալիորեն իրավացի էին:

1946-ի ամռան սկզբին կառավարական հանձնաժողով ստեղծվեց` ակադեմիկոս Իվան Ելիզարովի գլխավորությամբ, պատճառներն ուսումնասիրելու և հետևանքները վերացնելու համար: Շատ չանցած սկսեցին Գետառի ափերի ամրացման և ափամերձ պատնեշների կառուցման աշխատանքները: Իսկ քաղաքի մաքրման համար ամիսներ պահանջվեցին:

Ի վերջո, ամեն բան վերադարձավ իր նախկին հունը: Գետառը` նույնպես: Անվերադարձ մնացին միայն կորստի տրված մարդկային կյանքերը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍՎԵՆ ԼԻՆԴԳՎԻԹ

25 Մյս

Պատիվը, արդարությունը, կարեկցանքը, ազատությունը գաղափարներ են, որոնք դեռ ոչ մեկին դարձի չեն բերել: Կան միայն նրանք, ովքեր չիմանալով, չգիտակցելով, չզգալով՝ սոսկ հարբեցնում են իրենց բառերով, կրկնում են բառերը, բացականչում են դրանք՝ երևակայելով իրենց դրանց հավատացյալը, թեև իրականում չեն հավատում ոչնչի, բացի օգուտից, անձնական շահից, սեփական հաճույքներից:

Foto: Jurek Holzer/Svenska Dagbladet 2008-01-30 Författaren Sven Lindqvist intervjuas om sin nya bok Avsikt att förinta som kommer ut i januari. Bilderna är tagna i hans lägenhet på Bellmansgatan och i bakgrunden syns en väggbonad inhandlad under en resa i Kashmir.

ՍԵՐԳԵՅ ՅՈՒՐՍԿԻ

25 Մյս

Երջանիկ է նա, ով չի ափսոսում իր կատարած ընտրության համար: Իսկ նրան, ով ափսոսում է, համակում է թախիծը, հետո կարոտը, հետո հուսահատությունը: Սիրտը ճմլվում է… Բաց տեղեր տեքստում, հիշողության մեջ: Բացթողումներ՝ հանդիպումներ, հանդիպումներ, հնարավորություններ, ժամադրություններ, խնդություններ… Մի պարտքի կատարումը դուրս է մղում մյուս պարտքերը հատուցելու հոգսը: Կան առաջնայնություններ. պետք է ընտրել գլխավորը:
Նախ՝ տագնապ, հետո՝ ամոթ: Տագնապ, որ սխալվում ես, որ թույլ չեն տա իրագործել: Ամոթ, որ սխալվեցիր, որ չարեցիր այնպես, ինչպես ուզում էիր: Իսկ եթե վերադառնա՞լ, ետ պտտե՞լ: Կապվել թելի հանգույցով այն դռան բռնակին, որից մի ժամանակ դուրս ես եկել: Թող քանդվի կծիկը, թող թելն իր ետևից քաշի բոլոր շրջադարձերով, վերելքներով ու վայրէջքներով: Իսկ երբ կթվա, որ առջևում փակուղի է, բռնիր թելից ու փորձիր ետ գնալ, փնտրիր այն դուռը, որտեղից դուրս եկար դեպի բաց տարածություն… Փնտրիր այն դուռը… Չի ստացվում: Ոտքերդ հոգնել են, թելդ խճճվել է ուրիշ թելերի հետ: Եվ քո դուռը չկա: Այնտեղ հիմա դարպաս է: Կամ խուլ պատ: Միայն բռնակն է մնացել ու նրանից թել է կապված: Գուցե բնավ էլ քոնը չէ: Եթե քո կյանքի լաբիրինթոսում դու անեիր գեթ մեկ ուրիշ շրջադարձ, դա կլիներ ոչ այն: Համակերպվիր խնդիրների ու բացթողումների հետ. դրանք քո ընտրությունն էին: Կտրիր թելը: Դու ազատ ես, և յուրաքանչյուր նոր վայրկյանը նոր ընտրություն է:95765448_ya45

%d bloggers like this: