Պահոց | Ապրիլի, 2015

ԷՆՆ ԼԱՄՈԹ

20 Ապր

Կարծում եմ, պրոֆեսիոնալիզմը ծնվում է անառողջ հավատից առ այն, որ եթե կյանքում շատ զգույշ քայլես` ամբողջ ժամանակ մտածելով, թե որտեղ դնես ոտքդ, դու չես մեռնի: Իրականում, իհարկե, ամեն դեպքում մեռնելու ես: Իսկ նրանցից շատերը, ովքեր նույնիսկ չեն էլ մտածում, թե ուր են գնում, կյանքից ավելին են քաղում, քան մյուսները և շատ ավելի ուրախ են ապրում:lamott_rect

ԴԺՈԽՔՈՒՄ

19 Ապր

… Այդպես գնալով հասանք Խոշաբի շրջանի Զեունակ գյուղի մոտերքը: Ես բեռան վրա պառկած էի, երբ լսեցի իմ եղբայր Սողոմոնի գոռոցը, կանչեց.
-Եղբայր, մաման Նշանին գցել է (մեկուկես տարեկան):
Գոռացի.
— Սողոմոն, ինձ բեռան վրայից իջեցրու:
Ինձ իջեցրեց, բոլոր երեխաները հավաքվեցին գլխիս, սկսվեց լացուկոծ բացօթյա դաշտում: Իմ հարցին, թե մաման Նշանին որտեղ է գցել, խեղճ մայրս հեկեկոցից չէր կարողանում պատասխանել: Երեխաները հավերի ճուտերի նման նստած էին մորս ծնկներին, ուսերից կախված` վժվժում էին: Պարզ էր, որ նրանք էլ Նշանի բախտին կարժանանային: Մայրս պապանձվել էր. չգիտեր` ինչ ասեր կամ աներ: Հազիվ լեզուն շարժվեց, ասաց.
-Նշանին էն քարի տակն եմ դրել, քարերը լցրել եմ առաջը, քարերի հետ խաղում է, գնացեք բերեք:
Մոտ 40 մետրի վրա գցել էր: Սողոմոնը գնաց, բերեց:
-Մամա, ինչո՞ւ Նշանին գցեցիր:
— Բալա, ուժասպառ եմ եղել, ուժ չունեմ հինգ փոքրիկ երեխաների շալակով և ոտքով տանել, ուժասպառ եմ եղել: Որոշոցի Նշանին գցել, որ մյուսներին գոնե ազատեմ:
— Մամա, միևնույն է, մեզ պետք է կոտորեն: Մենք մենակ ենք մնացել չոլերում: Արի չգնանք, թող մեզ միասին սպանեն: Երեխաներին մի գցիր, դու էլ ուժասպառ ես, չես կարող գնալ:
— Բալա ջան, ինչպես չգնալ: Կատուն էլ իր ձագն ազատում է վտանգից: Ես մի կատվի զգացմունք էլ չունեմ: Ես համաձայն չեմ մնալու: Կամաց- կամաց գնանք: Աստված մեծ է, մի դուռ կբացի մեզ վրա: Սրանից հետո խոստանում եմ երեխաներին չգցել:
Շարունակեցինք ճանապարհը: Խոշաբն անցանք: Ժողովրդի հետքը չգտնելով` գիշերը մնացինք չոլի մեջ: Առավոտյան ճանապարհ ընկանք: Մինչև ճաշ հասանք մի ավերակ գյուղի մոտ: Տեսանք` առջևից զինված ձիավորներ են գալիս: Մայրս կարգադրեց բոլորիս հավաքվել իր շուրջը: Ասաց. «Բալիկներ, եկողները քրդեր են, մեր վերջն է, համբուրեք իրար»: Մենք բոլորս իրար համբուրեցինք: Մայրս նորից սկսեց մեկ առ մեկ համբուրել և լաց լինել: Մենք բոլորս սկսեցինք լացել: Առաջին ձիավորը մոտենալով` հայերենով բղավեց` դուք հա՞յ եք: Մայրս արցունքոտ աչքերով պտասխանեց` հայ ենք:
-Քույրիկ, մենք Իշխանի խմբի կամավորներն ենք, ձեզ փրկելու համար ենք եկել: Վեր կացեք, ուղիղ այս ճամփով գնացեք, մինչև երեկո կհասնեք ժողովրդին: Մենք հետ պետք է գնանք ժողովրդին բերելու:
Այսպես մենք շարունակեցինք ճանապարհը: Երեկոյան հասանք ժողովրդին: Երկու օրից հետո հասանք Աղբրակի շրջանի ս. Բարդուղիմեոս վանքը, որտեղ գտնվում էր ռուսական բանակը…6f0788d0f126d830f0611300ad12a873

Ցեղասպանությունը վերապրած Կարո Գևորգյանի հիշատակարանից

1937-Ի ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

18 Ապր

(Դերենիկ Դեմիրճյանի օրագրից)

«Հունվարի 7
Երեկոյան ժամը 5.20-ին սկսվեց երկրաշարժի մի շրջան Երևանի համար: Միջակ ցնցում եղավ, որին հետևեց, 1 ժամ հետո, ավելի ուժեղ ցնցում, ապա երկու փոքր ցնցում ևս, և կարծես թե դադարեց: Ժամը 11-ին սկսվեց երկրորդ շրջանը, այսինքն մարդկանց համար, որովհետև երևի սեյսմիկ կայանը ցույց է տալիս ավելի հաճախակի դեպքերը:
Երևանի երկրաշարժը համարվում է սպառնալից. 17-րդ դարու երկրաշարժի հիշողությունը նպաստում է դրան:
Գիշերվա ժամը 3-ն է: Մերոնք չեն թողնում քնել, ստիպված եմ արթուն հսկել. մանավանդ, որ տղաս քնում է և նրան զարթեցնելու դժվարություններ կան: Ավելի հիմար և նվաստացնող դրություն չկա: Քույրս ասում է.
— Չեն թողնում մի հանգիստ ապրենք:
— Ո՞վ:
— Ես ինչ գիտեմ, բնությունը:
— Այո, բայց ո՞վ է մեղավոր:
Իսկ երեկոյան փողոցում հանդիպեցի Քսպեին, որը վրդովված ասաց.
— Ինչու՞ մի 10 ժամ առաջ չեն զգուշացնում բնակչությանը, որ երկրաշարժ է լինելու…
Բժիշկ Վ. Պետրոսյանն ասաց. «Երևի կհայտնեն, թե հետևյալ ցնցումը երբ կլինի»:
Մեր տան բակում սպասում են գիշերվա ժամը 3-ի ցնցումին. այդպես է ասել իբրև թե մեր տան Կոմիտեի նախագահուհին:
Դուռը ծեծեցին: Լ. Արիսյանն է, հարցնում է Ալեքսանդր Հակոբյանին, որը սեյսմիկ կայանի դիրեկտորն է: Եկել է երևի տեղեկանալու… Ի՞նչ, ի՞նչ կարող է ասել Հակոբյանը հետևյալ ցնցումների մասին: Դա գիտական կնճռոտ պրոբլեմ է: Բայց Արիսյանի համար խնդիրը իրոք, որ գործնական է, այնպես, ինչպես վաղվա հացի փռների խնդիրը և պետք է,- ինչ ուզում է լինի,- մի դրական բան իմանալ…
Գեոլոգ Հովհ. Կարապետյանն ասել էր, որ իր կարծիքով` շարժը վերջացավ. նույն կարծիքն արտահայտեց ռադիոյով մի երկրաբան: Բայց շարժը կրկնվեց առաջիններից թերևս ավելի ուժեղ»:yerevan. 1931 nalbandyan po.

ԱԼԱՆ ԼԱԿԵՅՆ

17 Ապր

Կամքը վայրի նժույգ է: Եթե ցանկանում եք նրան ընտելացնել այն բանի համար, որ կատարի հանրօգուտ աշխատանքը, ապա դուք նրան վարժեցնել չեք կարող, եթե թույլ տաք լինել ազատության մեջ: Ձեզ անհրաժեշտ է շփման մեջ լինել նժույգի հետ: Հաջողության հասնելու միայն մի միջոց գոյություն ունի. թամբել նժույգը և հեծնել նրան: Ջանացեք վարգել` նրա սանձը բռնած: Հնարավոր է, որ մի քանի անգամ ձեզ գետին նետի, բայց մի հուսահատվեք: Գլխավորը թամբին մնալն է, նույնիսկ եթե նա սլանում է ոչ ճիշտ ուղղությամբ:ui-525bb0d42426e7.14776587

ԻՐԻՆԱ ԽԱԿԱՄԱԴԱ

17 Ապր

Երբ քո աշխարհը փոքր է, յուրաքանչյուր չնչին անախորժություն կարող է վերջ տալ նրան ու ոչնչացնել: Իսկ եթե դու կարողացել ես այն ընդարձակել մինչև իրական աշխարհի չափերը, կարողացել ես տեսնել ու զգալ այդ ծավալները, ապա նախկին մրջնային վշտերը կորցնում են իրենց նշանակությունը:
Երջանիկ լինելը հեշտ է: Պարզապես պետք է չվախենալ կյանքից:7acb19f0f84f4eeeee3db19c1274287f

ՄԻՏՉ ԷԼԲՈՄ

17 Ապր

Շրջապատող աշխարհը պատկերացում չունի ժամանակի մասին: Թռչունները չեն կարող ուշանալ: Շները հայացք չեն նետում թվատախտակի վրա: Եղջերուները չեն վշտանում այն բանի համար, որ մեկ տարով էլ մեծացան: Միայն մարդն է, որ չափում է կյանքի ակնթարթները, ուշի-ուշով հետևում է ժամերի ընթացքին: Այդ պատճառով էլ մենք կաթվածահարող վախ ենք զգում` մյուս էակների համար անհասկանալի սարսափ, թե ժամանակը կսպառվի:mitch-album-banner12

ԱԼԱՆ ԼԱՅԹՄԱՆ

16 Ապր

Աշխարհը, որտեղ ժամանակն իրենից ներկայացնում է բացարձակ մեծություն, այն աշխարհն է, որ մխիթարություն է տալիս, քանի որ մարդկանց շարժումն անկանխատեսելի է, իսկ ժամանակի շարժումը` կանխատեսվող: Եթե մարդիկ կասկածելի են, ապա ժամանակն անկասկած է: Եթե մարդիկ տրվում են մտածմունքներին, ապա ժամանակն առաջ է ընթանում առանց ետ նայելու: Սրճարաններում, պետական հիմնարկներում, նավակներում, որ լողում են Ժնևյան լճի վրա, մարդիկ նայում են ժամացույցներին և ապաստան են գտնում ժամանակի մեջ: Բոլորը գիտեն, որ ինչ-որ տեղ դրոշմվում է րոպեն:585_lightman

ՊԱՏՐԻՑԻԱ ՀԱՅՍՄԻԹ

15 Ապր

Եվ այդ ժամանակ նա բացահայտեց սարսափելի ճշմարտությունը, ճշմարտություն, որ արդարացի է բոլոր ժամանակների համար, բոլոր մարդկանց համար, ում նա գիտեր նախկինում և կիմանար ապագայում: Յուրաքանչյուրը, ով կանգնել էր կամ պիտի կանգներ նրա առաջ, մի գիրք էր` յոթ կնիքով կնքված, և նա պիտի կրկին ու կրկին համոզվեր, որ ուրիշ մեկին ճանաչելն անհնար է: Բայց էլ ավել վատ էր մեկ այլ բան, այն, որ ողջ կյանքում նրան պիտի թվար (ընդամենը թվար), թե իբր գիտի, որ օտար հոգին համահունչ է իր հոգու հետ և նրանց հարաբերությունների մեջ գերիշխում է լիակատար ներդաշնակությունը:

«Տաղանդավոր միստր Ռիփլին» գրքից539w

Արվեստանոց. Հովիկ Չարխչյան

15 Ապր

Հանրային հեռուստատեսության «Արվեստանոց» հաղորդման հյուրն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՍԵՎԱԿԻՆ

14 Ապր

Ես իսկապես տեսել եմ Սևակին: Միայն մի անգամ: 1970-ի դեկտեմբերին: Մեր բարեկամուհու հարսանիքն էր, և ծնողներս իրենց հետ տարան հարևան գյուղ: Վեց տարեկան էի: Աղմկոտ խնջույքը ինձ հրապուրել չէր կարող, իսկ դրսում առատ ձյուն էր եկել, ու մենք երեխաներով թավալվում էինք սպիտակ կույտերի մեջ:
Հետո մայրս դուրս եկավ, թափ տվեց վերարկուս և ասաց. «Արի ներս գնանք, քեզ ցույց կտամ Պարույր Սևակին»: Ես չգիտեի, թե ով է Սևակը, բայց մայրս այդ բանն ասաց այնպիսի ձայնով, որ մանկական պարզամիտ հետաքրքրությունն ինձ հուշեց. դա մի բան է, որը պետք է տեսնել:
Հարսանքատանը` ընդարձակ սրահի վերջում դրված սեղանի մոտ կանգնել էր առատ մազերով, կոպիտ դիմագծերով մի մարդ և բաժակը ձեռքին խոսում էր: Մայրս ականջիս շշնջաց. «Տես, նա է»: Ես նայեցի նրան, հետո հիշեցի դրսի ձյունը ու փողոց վազեցի:
Դա վերջին անգամ էր: Մի քանի ամիս անց մեր տանը բոլորը տխուր էին, և ինձ ասացին, որ մահացել է Պարույր Սևակը: Ես անմիջապես հիշեցի հարսանիքը, կոպտադեմ մարդուն ու էլ երբեք չմոռացա:

Հովիկ Չարխչյանsevak-harsaniq

ՍԵԼՄԱ ԼԱԳԵՐԼՅՈՖ

13 Ապր

Բայց եթե մարդը վերածվել է դռան տակի փալասի և ամեն անգամ նրան տրորում են ոտքերով, այդ դեպքում զարմանալի ոչինչ չկա, երբ այդ փալասը սկսում է որոշակի բավարարվածության զգացում ունենալ այն բանից, որ նա, ով տրորում է նրան իր ողջ անխղճությամբ և ում ճտքավոր կոշիկները պատված են ամենասուր երկաթե մեխերով, հանկարծ սայթաքում է և առանց իրեն վնաս պատճառելու թրմփում է հատակին:091022_selma

ՋԵՅՄՍ ՀԱՅՆՍ

13 Ապր

Դուք ձեզ կանխորոշում եք ըստ այն բանի, ինչը չեք հանդիսանում: Դուք ձեզ կանխորոշում եք` «բնականի», «բարոյականի», «պարկեշտի» մասին ձեր պատկերացումներից բացառելով Մեկ ուրիշին: Իսկ բոլոր «Մեկ ուրիշներից» ես Ամենաուրիշն եմ: Քանի որ պիտակներ կպցնելու իրավունքը մենաշնորհված է ձեզ պես ուղղամիտ մարդկանց կողմից, ինձ ընդամենը մնում է կողմնորոշվել իմ այլախոհության միջոցով: Եվ ես ընդունում եմ այն, ես հպարտանում եմ դրանով, քանի որ չունեմ արժանի այլընտրանք: Ես չեմ երազում ներհոսել ձեր աշխարհը, քանի որ այն կարող է գոյություն ունենալ միայն ինձ բացառելու գնով:

«Դասախոսի պատմածը» գրքիցScreen-Shot-2014-05-10-at-09.59.47-e1399712477779

Հովիկ Չարխչյան. «Մեր երկիրը մարդկանց երկիր չէ»

12 Ապր

Հարցազրույց գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

ՄԱՐԴԸ ՄԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՎՏԱՐՎԵՑ 

Պարոն Չարխչյան, հոգնել ենք խոսել քաղաքական թեմաներից: Եկեք էսօր խոսենք մեր ժամանակի մարդու մասին:

-Վերջին 20-25 տարիներին երկրի մեծագույն դժբախտություններից մեկը դարձավ այն, որ սովորական մարդը, անհատը վտարվեց ուշադրությունից: Մենք սկսեցինք խոսել հավաքականությունների մասին` ժողովուրդ, ամբողջ, զանգված: Մեզ համար հաճելի էր հանդես գալ այդ դիրքերից, որովհետև այդ դեպքում պատասխանատվություն չունես նրանցից յուրաքանչյուրի առջև: Իսկ ի՞նչ կա ավելի հեշտ բան, քան պատասխանատվությունից խուսափելը, հռետորական հարցադրումներ անելը, պահանջներ ներկայացնելը և այլն: Մարդը մեր ուշադրության կենտրոնից վտարվեց: Վտարվեց նույնիսկ գրականության մեջ, որովհետև երբ ինչ-որ ստեղծագործություն ես գրում, քեզ թվում է, թե քո հերոսներն առանձին անհատներ են, բայց երբ ամբողջական ստեղծագործությունը կարդում ես, նկատում ես, որ հեղինակին նույնիսկ քիչ է հետաքրքրում իր իսկ ստեղծած հերոսը: Նրան ավելի շատ հետաքրքրում է գաղափարը, նյութը, թեման, ասելիքը, քան կոնկրետ հերոսը: Ու սրանով էսօրվա մեր գրականությունը մեծ կորուստ կրեց: Պահանջներ ենք ներկայացնում` ասելով, թե ինչու է վատը մեր գրականությունը, որովհետև այնտեղ մենք մեզ չենք տեսնում:

Երբ Հրանտ Մաթևոսյանն Աղունի կերպարը ստեղծում էր, և մենք ասում էինք` Աղունը մեր մայրն է, մեր մայրերն Աղունի մեջ են, էսօրվա մեր գրականության մեջ չեմ կարող գտնել այն կերպարը, որ ասեմ` այ, սա իմ եղբայրն է, հորեղբայրն է, ընկերն է, բարեկամն է: Մենք առնչություն ունենք լուսնից իջած կերպարների, այլմոլորակայինների հետ: Ցավոք, նույնը նաև մշակույթի մյուս տեսակների մեջ է` թատրոն, կինո:

Մարդը գործիք է դարձել մշակույթում, որի միջոցով ինչ-որ հայացքներ, ինչ-որ ասելիք է փոխանցվում: Մինչդեռ պիտի լիներ ճիշտ հակառակը, ասելիքը պիտի բերեին-հանգեցնեին մարդուն և ասեին, որ չկա ավելի կարևոր բան, գերակա նպատակ, քան մարդն է` իր ազատություններով, իր շահերով, իր երջանկությամբ և այլն:

-Երեկ Հրանտ Մաթևոսյանի հոդվածներից մեկն էի կարդում` «Բանի աշխարհը»: Խորհրդային Միության փլուզումից հետո անցումային փուլի մասին է խոսում: Թվում է` այնքան արդիական նյութ է: Հոդվածն էսպես է սկսվում. «Նոր հազարամյակ եկավ: Ի՞նչ է եղել, ի՞նչ է լինում, ինչքանո՞վ ըմբռնեցինք, ինչքանո՞վ ենք ըմբռնում, ինչքանո՞վ ենք ժամանակի ընթացքի տերը և ինչքանո՞վ ենք նրա ենթական: Անդեմ ենթական»: Այս հարցադրումները թույլ տվեք ուղղել Ձեզ` ի՞նչ է եղել, ի՞նչ է լինում, ինչքանո՞վ ենք ըմբռնել, ինչքանո՞վ ենք ժամանակի ընթացքի տերը:

-Ցավոք, չըմբռնեցինք, որովհետև երբ անցնում էինք նոր հազարամյակ, չգիտես ինչու, օրացույցային ընկալում ունեինք, այսինքն` տարեթիվը փոխվեց, ու սկսեց նոր հազարամյակ: Ժամանակի զգացողությունը չներծծվեց մեր արյան մեջ: Եվ 21-րդ դար հասկացությունը դարձյալ շարունակում է մնալ օրացույցային մեզ համար: Գիտեք, Հրանտ Մաթևոսյանն իր ստեղծագործություններից մեկում հրաշալի միտք է արտահայտում: Ասում է`եթե գրականությունը ձևի և բովանդակության խնդիր է դնում, պիտի հասկանա, որ երբ փոխվում է ձևը, չի կարող չփոխվել բովանդակությունը: Այսինքն` մտածել, թե նոր ձևերի մեջ կարող ես տեղադրել հին բովանդակությունը, միամտություն է: Ձևն անպայման պիտի անդրադառնա բովանդակության վրա: Եվ երբ այսօր մեր շրջապատում ամեն օր, ամեն վայրկյան տեսնում ենք ձևերի փոփոխություն, պիտի հասկանանք, որ դրա հետ մեկտեղ փոխվում է բովանդակությունը: Իսկ մեզ մոտ կատարվեց ճիշտ հակառակը. մենք կառչած մնացինք կոնկրետ բովանդակություններից և փորձեցինք այդ բովանդակությունները բերել-խցկել նոր ձևերի մեջ: Չտեղավորվեց, հասկանո՞ւմ եք:

Դրա համար պետք է գտնեմ նոր բովանդակություն ձևին համապատասխան կամ պետք է գտնեմ նոր ձև, որն իր մեջ կներառի հին բովանդակությունը: Սա մի քիչ տեսական խնդիր է, բայց առանց այս տեսական մոտեցումների մշակույթը, արվեստը կամ մարդն իր պատկերացումների շրջանակով չի կարող ընկալել իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Դրա համար էլ գալիս է այդ աղճատումը: Այսինքն` մենք տեսնում ենք մի իրականությունը, որն ընկալում ենք բոլորովին այլ չափանիշներով: Եվ այստեղից էլ անհամապատասխանությունն է, մեր դժգոհությունը, մեր բողոքը, մեր ընդվզումը, մեր չհասկացված լինելը:

Այսօր մարդն իրեն չհասկացված է համարում իր շրջապատի կողմից: Ինչ-որ բան է ուզում ասել, ինչ-որ բան է պատրաստվում անել, բայց տեսնում է, որ չունի համախոհներ, որովհետև ոչ մեկը չի լսում նրան: Բոլորս կարող ենք շատ խելացի մտքեր արտաբերել, բայց կարո՞ղ ենք լսել, հասկանալ, ընկալել դրանք: Լսելու կուլտուրայի բացակայությունը բերում է ընկալելու կուլտուրայի բացակայություն: Եվ այն լավագույնը, որ այսօր ստեղծվում է, ընկալելու ունակությունից զրկված է: Ամեն մեկս ասում ենք այն, ինչ մտածում ենք առանց լսելու մյուսին, և այդքանով վերջանում է:

Մարդը, իսկապես, վտարված է: Քաղաքում գուցե այդքան ակնհայտ չէ, բայց գյուղում սարսափելի է: Գյուղացին հասկանում է, որ էս երկրում չէ, մի անմարդաբնակ կղզում է, որտեղ իրեն նետել և մոռացել են, և ինքը պարզապես պիտի պահպանի իր գոյությունը, մինչև ավարտվի այդ կյանքը, կամ մի ուրիշը գա, կամ չգիտեմ` ինչ կլինի: Նա չի գտնում այն թելերը, որոնք իրեն կապում են ընդհանուր երկրի, ռիթմի հետ:

ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ԱՐՄԱՏՆԵՐ, ՔՈ ՍԱՂԱՐԹԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՊՐԻ

Սոցիալական ցանցերի մասին խոսեցիք, Ձեր ֆեյսբուքյան էջում հաճախ եք տեղադրում հին, այսինքն` անցյալում արված լուսանկարներ, ինչպես նաև արվեստագետների, մտավորականների մտքեր: Դրանք մեծ հավանության են արժանանում մարդկանց կողմից: Տպավորություն է, որ մարդիկ կարոտում են իրենց անցյալը:

-Շատ կարևոր բառ ասացիք` կարոտել բառն անմիջական առնչություն ունի հիշողություն բառի հետ: Ես ընդամենը մի խնդիր ունեմ` արթնացնել հիշողությունը, որովհետև վերջին տարիներին մարդիկ սկսել են սարսափել իրենց անցյալից, առավելագույնը քողարկում են: Իրենց թվում է, թե վատ է, որ ապրում էին ուրիշ կարգերով երկրում: Դա ընդամենը պետական կարգ է, իսկ մարդկային կյանքը չի ենթարկվում այդպիսի պայմանականությունների: Իմ ծնողը մեղավոր չէ, որ ինքը Խորհրդային Միության քաղաքացի էր, և մեղադրել նրան միայն այն բանի համար, որ ապրել է այդ ժամանակներում`ասելով, մոռացության տուր կյանքդ, ինչպե՞ս կարելի է, կամ ինձ ասել` մոռացության տուր մանկությունդ: Սա աբսուրդ է:

Եվ երբ այսօր տեղադրում եմ, այսպես ասած, անցյալ դարի Երևանի, Հայաստանի պատկերներ, իմ խնդիրը մեկն է` մարդկանց ասել, որ ունենան իրենց հիշողությունը, ապրեն իրենց հիշողությամբ, որովհետև հիշողություն, անցյալ չունեցող մարդն արդեն մեռած է: Չի կարելի ապրել միայն այս օրով և ապագայի պատկերացումներով: Եթե չունես արմատներ, քո սաղարթը երբեք չի ապրի: Ինչ վերաբերում է համաշխարհային գրականությունից վերցրած ցիտատներին, դրանք ևս միտված են հիշողություն արթնացնելուն, որ կան մեծ մարդիկ, մեծ մտքեր, սնվեք դրանցից: Եթե ուզում եք, որ ձեր այսօրվա սերմը լավ բերք տա, պարարտացրեք ձեր հողը:

ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԲԱՆԵՐԻ ՄԵՋ Է ՄԵՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ

Ի՞նչն եք ամենաշատը կարոտում:

-Մարդկային հարաբերությունները… Չեմ պատկերացնում ավելի կարևոր բան, քան մարդկային հարաբերությունները: Բոլորին թվում է, թե երբեմն իդեալականացնում եմ այն, բայց իրականում այդպես չէ: Ապրել եմ գյուղում, մանկությունս, պատանեկությունս անցել են գյուղում: Իմ տունը եղել է գյուղը, ոչ թե չորս պատը: Իսկ էսօր ապրում եմ ինըհարկանի շենքում, որտեղ միայն դիմացիս հարևանին եմ ճանաչում: Նախկին ջերմությունը, փոխհարաբերությունները չկան, իրար ձեռք մեկնելու, մեկը մյուսով ապրելու, մեկի ուրախությամբ ուրախանալու, մեկի տխրությամբ տխրելու հարաբերությունները բացակայում են: Երբ մեր հեռախոսը զանգ է տալիս, գիտեմ` ինչ-որ մեկը զանգ է տալիս գործով: Ինձ զանգ չեն տալիս, որ հարցնեն` ինչպե՞ս ես ապրում:

Վերջերս մեկին մի դեպք պատմեցի. մի անգամ մեր գյուղում կայծակը խփել էր, կոլխոզի դեզը վառել: Ամբողջ գյուղը դուրս էր եկել դեզը փրկելու համար, կանայք ու էրեխեքը լաց էին լինում մի խոտի համար, որն իրենց սեփականը չէր: Հիմիկվա մտածողությամբ կասեին` վառվում է վառվի, մեզ ի՞նչ, մեր սեփականը չէ: «Մեզ ի՞նչ» բառակապակցություն չկար այն ժամանակ: Մեր սիրտը ցավում էր ցանկացածի համար, ում մատը փուշ էր մտնում, և մենք ոչ միայն պատրաստակամություն, այլև պատասխանատվություն ունեինք այդ փուշը հանելու: Այ, էս ամեն ինչը վերացավ, և երկիրն էլ դադարեց լինել մարդկանց երկիր: Մեր երկիրը մարդկանց երկիր չէ:

— Իսկ ինչի՞ երկիր է:

-Ինչ-որ ցանկությունների, պատկերացումների, պատրանքների, երազանքների, հիասթափությունների, դժբախտությունների երկիր է, բայց ոչ մարդկանց: Բոլորը մոռանում են, որ այդ ամեն ինչի ետևում մարդն է: Չի կարող լինել դժբախտություն` վերացական մի բան, որ օդից կախված է: Դժբախտությունն ինչ-որ մեկից է եկել, հավաքվել, կուտակվել և ամպի նման կախվել օդում: Եկեք գտնենք նրան, ումից պոկվեց այդ դժբախտությունը, այդ ամպն էլ կվերանա:

Կարելի է անվերջ ասել` մենք վատ ենք ապրում, մեզ համար ծանր է և այլն, ու ոչինչ չանել` այդ վատ վիճակը վերացնելու համար: Իսկ անելու մեկ ձև կա բոլոր ժամանակներում, հավատացնում եմ Ձեզ, դա պայքարը չէ, միտինգը չէ, պատերին խփելը չէ, գործ անելն է: Երբ բոլորս կգնանք մեր տեղերը, որտեղ կոչված ենք լինելու և մարդավարի կանենք մեր գործը, այդ ժամանակ կարթնանանք և կտեսնենք, որ մեր երկիրն էլ է երկիր դարձել: Սա է ամբողջ երկրի դժբախտության բանաձևը: Պարզագույն բաների մեջ է մեր դժբախտությունների բանալին:

ՏԱ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ԻՄ ԵՐԿԻՐԸ ԼԻ ԼԻՆԻ ԻՆՁ ՆՄԱՆ «ՀԻՄԱՐՆԵՐՈՎ»

Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

-Եթե շատ անձնական բան ասեմ` վախենում եմ, անհանգստանում եմ իմ տղաների վաղվա օրվա համար: Իսկ եթե ընդհանուր, վախենում եմ, որ կկորցնենք այն լավագույնը, որն այս երկրում, այս աշխարհում ստեղծվել է, որը պահպանման կարիք ունի: Ամեն օր տեսնում եմ այդ կորուստները և նաև տեսնում եմ, թե որքան անտարբերությամբ ենք մոտենում դրանց` ասելով, լավ, էս մի բանն էլ որ չլինի, աշխարհը փուլ չի գա` մոռանալով, որ այդ բաները հետզհետե պակասում են և մի օր էլ կվերջանան: Այդ դեպքում աշխարհն արդեն պետք չի լինի մեզ, քանի որ չեն լինի էն բաները, որոնք մեզ ապրեցնում են, լցնում են մեր ներսը` մեզ դարձնելով մարդ: Շատ կուզեի, որ այդ անհանգստությունը մի քիչ լիներ բոլոր սրտերում: Տագնապը ստիպեր մի քիչ սթափ հայացքով նայել այն ամենին, ինչ մեր շրջապատում կա:

-Էսօր շատերը մտածում են երկրից գնալու մասին: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Գնալ բառը կփոխարինեի փախչել բառով: Ամեն գնացողի մեջ փախուստ եմ տեսնում: Պիտի չսիրենք փախչողին` ինչ պատճառաբանությամբ էլ լինի, որովհետև ոչ մի պատճառաբանություն չի արդարացնում փախուստը: Իսկ ինչո՞ւ ես չեմ գնում, որովհետև հիմա՞ր եմ, իսկ նրանք խելացի՞ էին: Տա Աստված, որ իմ երկիրը լի լինի ինձ նման «հիմարներով», բայց ոչ փախչողներով, որովհետև հիմարների երկիրը կարելի է դարձնել խելացի, իսկ փախչողների երկիրն ինչո՞վ պետք է լցնես` ուրիշ տեղի փախչողներո՞վ:

-Ինչո՞ւ են փախչում:

-Մարդիկ պարզագույն պատկերացում ունեն. ասում են` մի անգամ ծնվել ենք, մարդավարի ենք ուզում ապրել, և այդ մարդավարի ապրելը պատկերացնում են էն միջավայրում, որտեղ որոշակի պայմաններ կան` մոռանալով, որ ապրելը միայն ուտելը, հագնելը, քնելն ու գլխի վերևը ծածկ ունենալը չէ, ապրելը մի քիչ ավելին է: Զրուցել եմ մարդկանց հետ, ովքեր երկրից գնացել են, բայց զղջում են դրա համար: Այդ զղջումը ոչինչ չի տալիս ինձ: Հիմա մի դաժան բան ասեմ` ներել բառը չեմ հասկանում: Հակաստվածաշնչյան բան եմ ասում: Ի՞նչ ասել է ներել, նշանակում է մոռանալ կամ չունենալ ինքնասիրություն: Տեսեք, եթե քեզ ինչ-որ մեկը վիրավորում է և դու ներում ես, նշանակում է` կամ հիշողություն չունես, որ քեզ վիրավորել են, կամ ինքնասիրություն չունես և այդ վիրավորանքը կուլ ես տալիս:

ԵՐԿՐԻՑ ՓԱԽՉՈՂՆԵՐԸ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ ԵՆ

Ներում ես, որովհետև չես ուզում լինել հիշաչար:

-Կարծում եք` հիշաչար լինելն առավելությո՞ւն է: Հակառակը` հիշաչար լինելն է լավագույն հատկություններից մեկը` հիշել և պատասխանել արժանվույն: Սա շատ ավելի մարդկային մոտեցում է, քան մոռանալ, կուլ տալ և ձև անել, թե նման բան չի եղել, քո ներքին ապրումները կեղծել, որպեսզի դուր գաս բոլորին: Եթե հանկարծ հայտնվեք ծանր իրավիճակում, և Ձեր ընկերը թողնի Ձեզ այդ վիճակում ու փախչի, ի՞նչ կմտածեք: Այդ դեպքում ինչո՞ւ արդարացնել նրա արարքը: Չէ՞ որ երկրից փախչողներն էլ դասալիքներ են, երկիրն են թողել ծանր վիճակում: Իսկ ինչո՞ւ պիտի հասկանամ նրանց: Իրենք փորձեցի՞ն հասկանալ երկրի դժբախտությունը, փորձեցի՞ն հասկանալ, որ երկիրն իրենց կարիքն ունի: Երբ նրանք սահմանը հատում են, անտարբեր եմ նրանց ճակատագրի նկատմամբ, որովհետև նրանք երկրի սահմանը չհատեցին, այլ մարդ լինելու և չլինելու սահմանը, իր հոր որդի լինելու և չլինելու սահմանը: Նրանց համար շատ հեշտ է մեղքը բարդել իշխանություններին: Իսկ իշխանություններն ովքե՞ր են, ձեր գյուղի ու քաղաքի էրեխեքը չե՞ն, ձեր մի մասնիկն են, ձեր միջավայրում մեծացած, ձեզ հետ սնված, Մարս մոլորակից հո չենք բերել լցրել այստեղ: Ո՞ւմ եք մեղադրում` ինքներդ ձե՞զ, թե՞ վախենում եք, որ ճշմարտությունը կասեն ձեր երեսին, որ ամեն մեղքի մեջ դուք էլ ձեր բաժինն ունենք: Մենք բոլորս ենք մեղավոր, և ունենք մեր մեղքի բաժինը:

-Օրինակ, ո՞րն է Ձեր մեղքի բաժինը:

-Պիտի բռնեի էն ձեռքը, որը չեմ բռնել, պիտի փակեի նրա ճանապարհը, որ չեմ փակել, պիտի տայի նրա գլխին, ում գլխին պիտի տայի ու չեմ տվել, պիտի անեի գործեր, որոնք կիսատ են ու դեռ չեմ արել… Շատ-շատ մեղքեր ունեմ: Իմ էրեխեքին մանկություն, պատանեկություն եմ պարտք, որը չկարողացա տալ, որովհետև էդպիսին էր վիճակը: Իմ ծնողների առջև չմարած պարտքեր ունեմ` հազարներով, հարյուր հազարներով… Դրանք էլ իմ մեղքերն են: Իմ մեղքը չէ՞, որ հիմա ես քաղաքում եմ, այլ ոչ թե իմ գյուղում (Հ. Չարխչյանը ծնվել է Արարատի մարզի Վանաշեն գյուղում- հեղ.): Գիտեք` երջանի՞կ եմ, որ քաղաքում եմ:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵՔԵՆԱ ԷՐ, ՈՐ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՑՆԵԻՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Իսկ ինչո՞ւ Ձեր գյուղում չեք:

-Որովհետև էն, ինչ անում եմ, ցավոք, միայն այստեղ է հնարավոր անել: Ուրիշ ոչ մի բան ինձ չի կապում այս միջավայրի հետ: Ես այնտեղի ծնունդ եմ, իմ աշխարհը, իմ միջավայրը, իմ ծնողները, եղբայրներն ապրում են այնտեղ, իմ ամեն ինչն այնտեղ է, ինչո՞ւ պիտի ես էստեղ լինեմ: Մի փախչող էլ ես եմ, չէ՞: Ճիշտ է, իմ փախուստը երկրի մեջ է, բայց դա նույնպես փախուստ է: Այ, էս փախուստների, քողարկվելու, իրար հետևում պահ մտնելու պահվածքի մեջ է ամբողջ երկիրի դժբախտությունն ու ողբերգությունը: Երբ կարողանանք այնքան ազնվություն ունենալ, որ խոստովանենք և ուղղենք այդ ամենը, մեր երկիրը կդառնա աշխարհի ամենալավ երկիրը: Ախր, երկիրը միայն արդյունաբերություն, գյուղատնտեսություն կամ բանկային համակարգը չէ, երկիրն ուրիշ բան էլ է: Ով մտածում է, թե աշխատավարձերը բարձրացնեն, երկիրը կդառնա երջանկության բուրաստան, չարաչար սխալվում է, չի դառնա: Ոչ լի խանութները, ոչ գործարանները մեզ երջանիկ չեն դարձնի, որովհետև մենք ուրիշ բանի պահանջ ունենք: Երբ կհասկանանք դա, երբ կվերադարձնենք դա, այն ժամանակ այդ ամենն ինքն իրեն կլինի:

-Ինչի՞ կարիք ունենք:

-Մարդկային հարաբերությունների… Եղել են ժամանակներ, երբ պետություն չենք ունեցել, բայց ապրել ենք, չէ՞: Իսկ ինչո՞վ ենք ապրել` այդ նույն մարդկային ջերմությամբ, իրար հասնելով: Պետությունն ընդամենը մեքենա էր, որ պիտի աշխատեցնեինք մեզ համար, ոչ ավելին:

-Բայց չաշխատեցրինք, չէ՞:

-Չաշխատացրինք, որովհետև մեր ձեռքերն ուրիշ բանով են զբաղված: Մեր ձեռքերով մեր գլխի վերևում պատ ենք սարքում` աներևույթ ու երևութական բաներից պաշտպանվելու համար: Այնինչ պիտի աշխատեինք: Այս երկիրն աշխատող ձեռքի կարիք ունի, ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև հոգին, սիրտը մաքրելու համար: Մեր մտավորականության անելիքը ո՞րն է, պիտի ճշտի, հասկանա, որ հազարամյակներ շարունակ խնդիրներ է ունեցել, դու էսօր ինչո՞ւ ես հեռու կանգնում այդ խնդիրներից, ձեռքդ վերցրու, քո ասելիքն ունես, քո բաժին անելիքն ունես:

ԼՈՒՍԱՆՑՔԻ ՍԵՐՈՒՆԴ ԵՆՔ

Ո՞նց կբնորոշեք մեր ժամանակը:

-Ես ասել եմ` լուսանցքի սերունդ ենք: Երկու ժամանակների բախման կետում հայտնվելով` վտարվեցինք լուսանցք: Մենք, էսպես ասած, կողքում արված գրառում ենք, որը կա´մ կօգտագործվի հիմնական տեքստի մեջ, կա´մ կջնջվի, կասվի` սա ավելորդ է: Որպեսզի տեքստ դառնանք, մեզնից է կախված, այդ լուսանցքի գրառման մեջ պիտի դնենք իմաստ: Հենց իմաստավորենք մեր գոյությունը, դառնանք իմաստավորված լուսանցքի գրառում, վերևում` ամպերի մեջ նստած Տերը մեզ կբերի տեքստ, կմտցնի ընդհանուր շարադրանքի մեջ, և կդառնանք պատմության էջ, ժամանակի մասնիկը: Իսկ եթե չիմաստավորենք, կջնջեն, կասեն` ո՞ւմ է պետք այս անիմաստությունը: Դա ենք մենք:

-Լուսանցքում են հայտնվել նաև կոշկակարը, դերձակը, հացթուխը…

-Որովհետև իրենց մի օր կանչեցին և ասացին` դուք պետքական մարդիկ չեք: Վերջին 25 տարվա մեջ տեսե՞լ եք, որ պետական մրցանակ ստանա մի հողագործ, մի բանվոր, մի շինարար: Նրանք չեն ստանում, չեն գնահատվում, նրանց չեն ասում, որ դուք եք պետության հիմքը, դուք եք մեր ժամանակի հերոսը, հասարակությունը պիտի ձեզնից օրինակ վերցնի: Իսկ այսօր հասարակությունն ումի՞ց է օրինակ վերցնում`մականունավորներից, քրեածին տարրերից, օլիգարխներից: Սա է հասարակության էսօրվա հերոսը: Սրան ենք մրցանակներ տալիս, ցուցադրում: Մշակութային գործիչների մեջ աստղերն ու աստղիկներ են շատացել, բայց ո՞ւր է այդ ջերմությունը, որ պիտի գար այդ աստղերից: Ինչո՞ւ չեմ տաքանում, ինչո՞ւ եմ մրսում այդքան աստղերի, կրակների առկայությամբ: Ի՞նչ ցուրտ է մտել մեջս, որ դուրս չի գալիս: Ինչո՞ւ մեր երկիրը տաք չէ, ո՞ւր կորան էդ խարույկները, ո՞վ հանգցրեց:

-Լավաշի հոտ էլ չի գալիս:

-Թոնիրը չի վառվում… Մեր թոնիրն է հանգել, դրա համար մեր լավաշը հում է: Բոլորս հանգցրինք այդ թոնիրը, ինչ ասես նետեցինք այդ թոնիրը, որ գոնե կրակ լինի, բայց կրակը մի բանից որ վառվում, ջերմություն է տալիս, մի դույլ ջրից, ավազից, մի մեքենա հողից, մի թեժ քարից ո՞նց կարող է կրակ լինել: Տարանք լցրեցինք թոնիրը բերնեբերան, հիմա ասում ենք` լավաշ չի ծնվում:

-Պարոն Չարխչյան, կա՞ մի հարց, որ հաճախ եք տալիս Ձեզ:

-(Ժպտում է- հեղ.) Ամեն Աստծու առավոտ երբ արթնանում եմ, հարցնում եմ ինձ` էսօր ի՞նչ եմ անելու, հետո երեկոյան ուզում եմ հասկանալ` արեցի՞ այն, ինչ պիտի անեի, եթե չեմ արել, զզվում եմ ինձնից, եթե արել եմ, գոհ եմ ինձնից: Լավ կլիներ, որ բոլորս արթնանայինք ու ասեինք` էսօրվա մեր անելիքը ո՞րն է և գնայինք զբաղվեինք մեր անելիքով, այլ ոչ թե պատուհանը բացեինք և ասեինք` է~ մարդիկ, ե՞րբ եք սկսելու անել, որ իմ բարձրությունից նայեմ ու գնահատեմ, թե ոնց եք անում: Գնահատողները շատացել են: Պատկերացնո՞ւմ եք դասարան, որտեղ ուսուցիչներն ավելի շատ լինեն, քան աշակերտները: Դա արդեն դասարան չէ: Իսկ դասարանում պիտի լինեն շատ աշակերտներ և մեկ ուսուցիչ, ով վաստակել է գնահատելու իրավունքը: Իսկ մինչև գնահատելը, պետք է ուսանել: Ուսանիր, որ վաստակես գնահատելու իրավունքը:

Հարցազրույցը վարեց Մարինե Մարտիրոսյանը

hetq.am59324

ՌՈՒԴՈԼՖ ՇԹԱՅՆԵՐ

11 Ապր

Մարդկանց մեծ մասը մտքեր չունի: Եվ սա չի ընկալվում պատշաճ խորությամբ հենց մտքեր չունենալու պատճառով: Մտքերի փոխարեն մարդիկ բավարարվում են բառերով:
Այն, ինչ առօրյա կյանքում մտածողություն է համարվում, մեծամասամբ բառեր են: Բառերով մարդիկ մտածում են ավելի, քան կարելի է պատկերացնել: Մտածում են բառերով և այս կամ այն հարցի պատասխանն ստանալու համար բավարարվում են բառերով, որոնք տարբեր բաներ են հիշեցնում: Բառի առաջացրած զգացողությունն ընկալվում է որպես բացատրություն, և մարդկանց թվում է, թե իրենց գլխում միտք է հայտնվել:0ICKaKtMK8A

ՅՈԵԼ ՀԱՀԹԵԼԱ

11 Ապր

Ես մտորում էի այն արխիվների մասին, որոնք հետզհետե կուտակվում են մեր ներսում. մարդիկ, որոնց տեսել ենք ընդամենը մեկ անգամ: Նրանք, որոնցից մենք վախենում էինք դպրոց գնալու ճանապարհին: Մեր հրապույրները: Մանկության ընկերները: Մարդիկ, որոնց կցանկանայինք հանդիպել: Մարդիկ, որոնց խոստացել էինք այցելել, բայց այդպես էլ չգնացինք: Մարդիկ, որոնց միշտ հանդիպում ենք հանկարծակի: Մարդիկ, որոնք հայտնվել են շատ տարիներ անց, դարձել են լավագույն ընկերներ ու կրկին անհետացել են: Թերթի լուսանկարների մարդիկ: Շարժասանդուղքի վրայի և ավտոբուսի պատուհանից երևացող մարդիկ: Նամակագրությամբ ծանոթներ: Համադասարանցիներ ու համակուրսեցիներ: Հեռու բարեկամներ, որոնց գոյության մասին չենք իմացել: Դեմքեր առանց անունի: Մարդիկ, որոնց ցանկացել ենք նկատել: Մարդիկ, որոնք մոռացել են մեզ:
Ամեն ինչ չէ, որ ընկալելի է մեզ համար, և հաճախ անհասկանալի է մնում հենց այն, ինչը մակերեսին է:

«Թիթեռ հավաքողը» գրքից65852396_1288202333_4_1

ԻԼԴԻԿՈ ՖՈՆ ԿՅՈՒՐՏԻ

11 Ապր

Դե ինչ, այսուհետ ես կվարվեմ երկաթյա կանոնի համաձայն, որ նախատեսված է նման դեպքերի համար. եթե դու ուզում ես նրան զանգահարել, ապա ամեն պարագայում սկզբում զանգ տուր լավագույն ընկերուհուդ: Եվ եթե նա իսկապես քո լավագույն ընկերուհին է, ապա քեզ կասի. «Մի զանգիր նրան»: Եվ եթե դու էլ իսկապես նրա լավագույն ընկերուհին ես, ապա կասես` «օ քեյ» և կնստես կարդալու մի լավ գիրք: Ահա այսպես էլ պարզ կդառնա, թե որոնք են լավ ընկերուհիներն ու լավ գրքերը:

«Սակագին լուսնի լույսի համար» գրքիցAutorin-Ildiko-von-Kuerthy

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՅՐՎՈՂ ՑԱԽԱՎԵԼԸ

10 Ապր

Սերգեյ Փարաջանովը մի աշխատանք ունի` շղթայից կախված է մորուքավոր տիկնիկ` ձեռքին ցախավել: Հեղինակն իր գործին տարօրինակ անուն է տվել` «Գողը երբեք լվացարար չի դառնա»: Անվանումը հավանաբար որևէ «գողական» երգի տող է, իսկ սյուժեն, ասում են, կապված է նրա բանտային կյանքի մի դրվագի հետ:
Մի անգամ Փարաջանովին ցախավել են տալիս ու հրամայում են ավլել բակը: Կինոռեժիսորին այնքան էլ չի հաջողվում լավագույնս կատարել դռնապան-ավլողի դերը: Բանտի պետը դա տեսնում ու նկատողություն է անում, թե աշխատանքն անավյուն է, անկրակ: Այդ ժամանակ Փարաջանովը գրպանից հանում է լուցկին և վառում է ցախավելը` ցույց տալով, որ իր գործն էլ «կրակ ունի»:kollage_6

ՖԵՆ ՑԶԻԶԱՅ

10 Ապր

Ընկալման երեք մակարդակներն են` սերմի վերածումը կենսական էներգիայի, կենսական էներգիայի վերածումը հոգևորի, հոգևորի վերածումը դատարկության: Հաջողության երեք մակարդակներն են` կենսական էներգիայի դրսևորումը, կենսական էներգիայի քողարկումը և կենսական էներգիայի փոխակերպումը:
Երբ դուք կանգնած եք բարձունքում, ձեր շուրջն աղոտ կերպով առկայծում է ամբոխը, և դուք չեք կարողանում տարբերակել, թե ինչն ինչոց է: Սակայն բավական է հայտնվեք ներքևում, այդ ժամանակ ճշմարտությունն ու կեղծիքը դառնում են տարբերակված, և դուք անմիջապես հասկանում եք ամբողջի իրական արժեքը:U1057P112T164D740F3180DT20071126165659

ՏԱՏՅԱՆԱ ԴՈՐՈՆԻՆԱ

7 Ապր

Ես կյանքից պահանջում եմ այն, ինչը չի կարելի պահանջել և մեղք է համարվում: Արդարություն: Դա մեղք է դիտվում, քանի որ «արդարությունը» սահմանվում է վերևներից, դա մահկանացուների գործը չէ: Յուրաքանչյուրն իր արդարությունն ունի, իր ճշմարտությունը, իր ցավը: Պետք չէ պահանջել, անհրաժեշտ է ընդամենը, որ ինքներս դա իրականացնենք, հետևողականորեն ու միշտ` բարությամբ և լիակատար ներումով:medium_e6bbd0e4f14653e91550765cd07d3f0c

ՋՈՆԱԹԱՆ ՔԵՐՈԼ

7 Ապր

Դա այն է, ինչի մասին ես մտածում էի վերջին երկու հուղարկավորությունների ժամանակ: Ահա այսպես դու հեռանում ես, իսկ «նրանք» մնում են: Կարծես ինչ-որ մեկը քեզ ճանապարհում է կայարանում: Գնացքը շարժվում է, դու ձեռքդ թափահարում ես պատուհանից, իսկ նրանք անխուսափելիորեն դառնում են ավելի փոքր ու փոքր: Ոչ միայն այն պատճառով, որ դու շարժվում ես և ֆիզիկական տարածությունը նվազեցնում է նրանց, այլ նաև այն պատճառով, որ նրանք նախկինի պես այնտեղ են: Դու մեծ ես, որովհետև մեկնեցիր դեպի նորը, իսկ նրանք սեղմվեցին, քանի որ հիմա տուն կգնան` իրենց ճաշին, հեռուստահաղորդմանը, շանը, թանաքին ու տեսարանին, որ բացվում է պատուհանից:

«Մեր ստվերի ձայնը» գրքիցreWalls.com-52491

%d bloggers like this: