ԱՐՁԱԿԱԳՐԻ ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՕՐԱԳՐԻՑ

25 Ապր

Խորհրդային տարիներին մոռացումի, ժխտողականության մթնոլորտ էր: Խորհրդային Միությունը Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար լռում էր Հայոց ցեղասպանության մասին: Եվ ահա 1965թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 50-ամյակի օրերին, ԽՍՀՄ-ում բարձրացավ ընդվզումի առաջին խոշոր ալիքը: Իշխանությունների կողմից արգելված ցույցերի արդյունքում Խորհրդային իշխանությունները թույլատրեցին, որ Մայր Աթոռը Ապրիլի 24-ին Սուրբ պատարագ մատուցի եւ հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցի: Արդեն 1967-ին Երեւանում Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը: Պաշտոնական լռության պատնեշը քանդվեց, ու հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձավ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի պատմությունը: «Ժողովուրդ»-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընթերցողներին ներկայացնում է նշանավոր արձակագիր Մկրտիչ Արմենի անձնական օրագրից չհրապարակված, բացառիկ հատվածներ` 1965-ի ապրիլքսանչորսյան դեպքերի վերաբերյալ, որոնք տրամադրել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

 ***

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, արժանի է հատորներով նկարագրության: Այս օրը, ինչ խոսք, անմոռանալի եւ շրջադարձային էր ինչպես հայ ժողովրդի կյանքում, այնպես էլ անձնապես ամեն մի հայի: Արդեն իսկ երեկ եւ մինչեւ անգամ երեկ չէ մյուս օրը հայտնի էր, որ մեր երիտասարդությունը պատրաստվում է դուրս գալ մասսայաբար նշելու Հայ եղեռնի հիսունամյակը: Թռուցիկներ եւ նկարներ էին տարածել դպրոցներում, ինստիտուտներում, հիմնարկներում եւ այլուր, փակցրել էին պատերի վրա: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, վեր էր ամեն մի սպասածից…

***

Ես շտապեցի հրապարակ, գիտենալով, որ այնտեղ է հավաքվելու երիտասարդությունը: Եվ, իրոք, Լենինի արձանի մոտ հավաքված էին մի քանի հազար մարդ: Տրիբունայի վրա ոչ ոք չկար, թույլ չէին տվել, եւ երիտասարդ հռետորները բարձրացվում էին հավաքվածների թեւերի վրա եւ այդպես խոսում: Շատերի կրծքերին կային սեւ կտորներ «50» թվանշանով եւ ձիթենու ճյուղով, կամ սեւ թղթիկներ նահատակված մտավորականների նկարներով, մեջտեղում Կոմիտասի նկարը:

***

Մտա փոստ եւ զանգ տվեցի Գրողների միություն: Պարզվեց, որ աշխատակցուհին գալու է ժամը մեկին: Ես կանգնեցի այդտեղ մինչեւ ժամը մեկը: Բոլորը բղավում էին «հողերը, հողերը, հողերը»…Ապա սկսեցին բղավել«Շիրազ, Շիրազ»…Որոշեցին գնալ նրա տունը եւ քայլեցին մինչեւ «Արմենիա» հյուրանոցը, բայց ղեկավարները որոշեցին ետ դառնալ եւ ետ դարձան: Արտասահմանից եկած հայ տուրիստները, հյուրանոցի առջեւ ավտոբուսում նստած, լաց էին լինում հուզմունքից:

***

Տերյան փողոցի ձախ թեւի վրայի սեւ շենքի երկար պատշգամբում կանգնած էին պիոներները փողկապներով: Երիտասարդները ձեռքով արեցին նրանց, իջեք վար: Սկսեցին բղավել. «մենք ձեզ համար ենք մտածում, երեխաներ»… Եվ այդտեղ ես ականատես եղա մի գարշելի տեսարանի: Տարիքով մի կին, միջին տարիքի, կամ դպրոցի վարիչը կամ այդպիսի մի այլ պնակալեզ, սարսափած սկսեց ներս տանել պատանիներին: Անասուն, քաղքենի, զուրկ հայկական արյունից, ստրկական հոգի…Բայց ավելի գարշելին դեռ առջեւումն էր: Հասնելով Պոլիտեխնիկ ինստիտուտին, ցուցարարները հրավիրեցին դրա ուսանողներին միանալ իրենց: Սակայն շենքի դուռը խուլ փակ էր, իսկ ուսանող-ուսանողուհիները նստել եւ խմբվել էին բոլոր հարկերի լուսամուտների մոտ, նայում էին դուրս: Նրանց փակել էին եւ դուրս չէին թողնում…Մի ուսանող, երրորդ հարկից, մինչեւ իսկ հասկացրեց ձեռքով-ոտքով. «ի՞նչ անենք, ուզում ենք գալ-միանալ, բայց չեն թողնում»:

***

Ցուցարարների գլխավոր մասն արդեն դուրս էր եկել Աբովյան, եւ Պոլիտեխնիկական ինստիտուտի մուտքի մոտ հավաքված մի քանի հարյուրը շտապեցին հասնել նրանց: Հետագայում իմացանք, որ համալսարանի հանրակացարանում փակել էին դռները ու ուսանողներին որպես ստրուկների պահել այնտեղ, բայց նրանք կեցցեն, ծեծել էին բանտապետներին, ջարդել դռները եւ նետվել դուրս: *** Կոմիտասի գերեզմանի մոտ ելույթներ ունեցան շատերը, այդ թվում Սիլվան, Պարույրը, Վարագը (Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սեւակը, Վարագ Առաքելյանը` հեղ.): Մոտենում էր Օպերայի թատրոն գնալու ժամանակը, հարկավոր էր գնալ տուն, մի փոքր հանգստանալ եւ կարգի բերել ինձ: Միտինգն ավարտվել էր, երբ ես նստեցի տրանսպորտ եւ եկա տուն: Վեցն անց կես շտապեցի դեպի Օպերա: Առաջին բանը, որ տեսա Լենինի պողոտայում, դա տասնյակ հազարավոր երիտասարդության ցույցն էր, որն անցնում էր եւ բղավում «հողերը, հողերը»…

***

Դեռ իմ հրապարակում եղած ժամանակ, նախքան ցուցարարների շարժվելը, եկան եւ ամբիոն բարձրացան Քոչինյանը (Անտոն Քոչինյանը` հեղ. ), Վիկտոր Համբարձումյանը, Էդվարդ Թոփչյանը, էլի մի քանի մարդ, որոնց թվում նաեւ մի դեգեներատ, որը, ինչպես հետո իմացա, կոչվում էր Բադալ Մուրադյան: Նա բաց արեց միտինգանման բանը, խոսք տվեց Քոչինյանին, Համբարձումյանին, ապա բաց թողեց մի ապուշագույն կոչ, որը ռեկորդային էր իմ բոլոր լսածներից. «Իսկ այժմ, ընկերներ, ովքեր գործ չունեն այստեղ, թողեք հրապարակը, թողեք հրապարակը, թողեք հրապարակը»: Ի դեպ, կոչն ավելորդ չէր, այլ խիստ իրավացի: Հենց ինքն ու իր կոլեգաները «թողեցին հրապարակը», իսկ ցուցարարները մնացին:

***

Դեռ հրապարակում ցուցարարներից մեկը բարձրացավ ամբիոն եւ Քոչինյանին տվեց մի դաստա թղթեր, ցուցարարների պահանջները, խնդիրները, բանաձեւերը: Քոչինյանը բարձրացրեց թղթերը բռնած ձեռքը, այսինքն թե ինձ մոտ են, ապահով կացեք: Եվ ահա երեկոյան, ցուցարարները պահանջել էին, որ ներս թողնեն իրենցից մի քանի հոգու իմանալու համար այդ թղթերի պատասխանը: Նրանց ներս էին թողել եւ… այնքան ծեծել, որ շտապ օգնություն էին կանչել տանելու համար: Սա ես գրում եմ իմ լսածը…

***

Այն, ինչ որ պիտի անեին կառավարության խայտառակաբար փախած անդամները, արեց կաթողիկոսը (Վազգեն Ա-ն` հեղ.): Օթյակում նստած, եւ, չգիտես ինչու ոչ նախագահության սեղանի մոտ հրավիրված, նա վեր կացավ, բացեց իր գլուխը եւ լի սքանչելի խոսքով , արժանի ամեն մի իսկական կոմունիստի եւ հայի, խիստ հեռատես ու տակտով, խիստ անկեղծ, խիստ քաղաքական հասունությամբ եւ մարդկային իմաստությամբ, դիմեց երիտասարդներին: Ճիշտ է, նրա լռելուց հետո վերջիններս աղմկում էին, բայց դա ոչ թե խանգարելու համար, այլ որ ամեն մեկն ուզում էր ասել իր ասելիքը: Ընդհակառակը, նրանք մեծ հարգանքով էին վերաբերվում կաթողիկոսին, միակ մարդուն կառավարությունից եւ կուսակցությունից, որն ազնվություն ունեցավ խոսել ժողովրդի հետ:

***

Ես սարսափելի հոգնած էի, բայց ոչ այնքան մի քանի ժամ տեւող երթից, որքան որ ներքին ապրումներից ու զայրույթից: Եկա տուն, իսկ ցուցարարները դեռ մինչեւ ուշ գիշեր շրջում էին: Այդ մասին այլեւս, ես իրազեկ չեմ որպես ականատես:

1965թ. ապրիլի 24

Աննա Բաբաջանյան

http://armlur.am/50-600x412

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s