ՄԻ ՍԳԱՎՈՐ ԻՆՔՆԱԹԻՌ` ԱՐԱԳԱԾԻ ԼԱՆՋԻՆ

31 Հկտ

Հիմա չեմ կարող ասել` Արագածի լանջերից մեկի վրա պահպանվե՞լ են վթարված ինքնաթիռի բեկորները, թե ժամանակը դա էլ է իր հետ սրբել-տարել (ըստ որոշ տեղեկությունների` այն արդեն լեռնալանջին չէ), սակայն հրաշալի հիշում եմ, որ տարիներ առաջ մարդիկ հաճախ էին խոսում այդ մասին ու զանազան պատմություններ էին պատմում: Ոմանք համառորեն պնդում էին, թե սեփական աչքերով ն տեսել ջախջախված մետաղե թռչունը ու դա օտար երկրի լրտեսական օդանավ է եղել, որը ցած են բերել մեր զենիթայինները` ռեակտիվ հրթիռների օգնությամբ: Բայց առավել գիտակներն անմիջապես հերքում էին այս վարկածը` ասելով, որ հրթիռի հարվածից ինքնաթիռը պարզապես մանր կտորների կբաժանվեր, մինչդեռ Արագածի վրա ընկածն անհամեմատ ամբողջական է ու խորտակիչ հարվածի հետքեր չունի:11

Մարդկանց չես մեղադրի վառ երևակայության դրսևորումների համար. լեռան անմատչելի հատվածում քաղաքացիական օդանավի ներկայությունն ուրիշ ի՞նչ ենթադրություններ կարող էր ծնել, առավել ևս, որ ինքնաթիռի իրանի վրա խոշոր տառերով գրված էր` «Air Line»: «Աերոֆլոտից» բացի այլ մակագրություն չտեսածների համար ամեն մի օտարատառ գրառումից լրտեսության ու դավադրության հոտ պիտի գար: Մինչդեռ իրականությունը, պարզվում է, շատ ավելի պարզ ու հասկանալի էր (եթե հաշվի չառնենք դրա նախապատմության զարմանալի շրջադարձերը):

Անշուշտ, առաջին հայացքից պիտի զարմանալի թվա, բայց լեռան լանջին հանգչող ինքնաթիռի առեղծվածային պատմության թելերը մեզ նախ և առաջ տանում են ոչ այլ տեղ, քան… գրախանութ:22

Եվ այսպես, ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ 1974 թվականին գրախանութներում հայտնվեց Անրի Թրուայայի «Սգավոր ձյունը» վեպի հայերեն թարգմանությունը: Ընթերցասերների ջանքերի շնորհիվ գրքի օրինակներն անմիջապես անհետացան վաճառասեղաններից: Բարձրարժեք ստեղծագործություն լինելով հանդերձ «Սգավոր ձյան» հանրահայտության հարցում քիչ դեր չխաղաց նաև այն փաստը, որ հեղինակը թեև ֆրանսիացի, բայց ազգությամբ հայ էր: Վեպն այն մասին էր, թե ինչպես լեռներում վթարի է ենթարկվում մի ինքնաթիռ, և երկու եղբայրներ որոշում են գնալ աղետի վայր ու թալանել զոհված ուղևորներին: Բայց այստեղ գտնում են կենդանի մնացած հնդկուհու, և այնուհետև իրադարձությունները ձեռք են բերում դրամատիկ ընթացք:

Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանին այս սյուժեն հատկապես գրավել էր: Եվ նա հաստատապես որոշեց այն վերածել ֆիլմի: «Սգավոր ձյունը» կինոնկարի նկարահանման աշխատանքները «Հայֆիլմը» սկսեց 1978-ին: Գլխավոր դերերում հանդես էին գալիս Արմեն Ջիգարխանյանն ու Գուժ Մանուկյանը: Հասկանալի է, որ ֆիլմի հիմնական իրադարձությունները պիտի ծավալվեին լեռներում` աղետի ենթարկված ինքնաթիռի մոտ: Հայաստանում լեռների պակաս չկար: Բայց որտեղի՞ց գտնել ինքնաթիռը: Ստեղծագործական խումբը հաստատապես որոշել էր, որ ամեն բան պետք է առավելագույնս մոտ լիներ իրականին, այնպես որ ի սկզբանե բացառվում էին տաղավարային նկարահանումները կամ իբրև բուտաֆորիա ծառայող յուրաքանչյուր ինքնաշեն մակետի առկայությունը: Ու մինչ իրավիճակից ելքեր փնտրելու տարբերակներ էին քննարկում, պատահականություն իր ոտքով նրանց դուռը եկավ:33

Թերևս նման դեպքերի համար է ասված. «Չկա չարիք առանց բարիքի»: Բանն այն է, որ ֆիլմի ստեղծումից հինգ տարի առաջ` 1973 թվականի դեկտեմբերի 21-ին արտակարգ պատահար էր գրանցվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Այդ մասին առկա պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ ձմեռային ու մառախլապատ մի օր օդանավակայան վայրէջքի էր եկել Յակ-40 ինքնաթիռը: Վատ տեսողության պայմաններում օդաչուները դժվարացել էին տեղանքում ճիշտ կողմնորոշվել: Արդյունքում ստացվել էր այն, ինչը մասնագետներն անվանում են «կոշտ» վայրէջք: Պետք է ենթադրել` պատահարը եղել էր այնքան կոշտ, որ ինքնաթիռն ուղղակի շարքից դուրս էր եկել: Բարեբախտաբար, Յակ-ում ուղևորներ չէին եղել, իսկ անձնակազմի 3 անդամները լուրջ վնասվածքներ չէին ստացել: Մի քանի ամիս անց հատուկ հանձնաժողովը որոշեց, որ օդանավն այլևս պիտանի չէ շահագործման համար և դուրս գրեց: Վիրավոր մեքենան տեղ զբաղեցրեց պահուստային թռիչքուղու վրա: Դժվար է ասել, թե որքան պիտի նա այդպես լքված ու մոռացված մնար, եթե նրա գոյության մասին չիմանային կինոգործիչները:44

Ավիացիայի ոլորտի պատասխանատուների հետ համաձայնություն ձեռք բերվեց շատ արագ: Իսկ որ Թրուայայի վեպում դեպքերը ծավալվում էին ալպյան լեռներում, իսկ օդանավն էլ պատկանում էր օտար ավիաընկերությանը, դա շտկելը նույնպես  որևէ բարդություն չէր ներկայացնում: Պետք էր ընդամենը ջնջել ինքնաթիռի տարբերանշաններն ու ռուսերեն գրությունները և փոխարենը նկարել այդ անորոշ «Air Line»-ը:

Նկարահանման տեղանքը մոտ էր Արագածի լեռնագագաթներին, և հսկա ինքնաթիռն այնտեղ հասցնելը դեռ հոգսերից միայն մեկն էր: Հաջորդը դրա համար ճանապարհ գտնելն էր: Եվ այդ ժամանակ գործի դրվեց ծանր տխնիկան: Մի քանի մետր հաստություն ունեցող ձյան և սառույցի շերտի մեջ ճանապարհ բացվեց դեպի նկարահանման հրապարակ: Ինքնաթիռն Արագած տեղափոխվեց երկու մեծ կտորների բաժանելուց հետո: Տեղում հարկ եղավ ևս մի քանի մասնատումներ կատարել` վթարային քաոսայնության տպավորությունը ստեղծելու համար: (Առանձնակի շնորհակալություն է պետք հայտնել բլոգեր Արմեն Գասպարյանին, ում հաջողվել է ընտանեկան արխիվում գտնել այդ օրերին վերաբերող երկու բացառիկ լուսանկար` ինքնաթիռը և ձյուների միջով անցնող ճանապարհը):

«Սգավոր ձյուն» կինոնկարը էկրան բարձրացավ մեկ տարի անց: Ֆիլմի արժանիքների մասին հանդիսատեսի կարծիքը բաժանվեց: Իսկ ի՞նչ ճակատագիր էր վիճակվել գործողության գլխավոր «հերոսին»` ինքնաթիռին: Որքան էլ տարօրինակ թվա, բայց նկարահանումների ավարտից հետո այն այդպես էլ մնաց Արագածի լանջին: Նրանք, ովքեր այսօր պնդում են, թե օդանավն այլևս հին վայրում չէ, ասում են նաև, որ ինքնաթիռը տարել են մարդիկ, ովքեր մանագիտացել էին արժեքավոր մետաղներ հանձնելու գործում:55

Ես չգիտեմ, գուցե նաև այդպես է: Բայց այս պատմությունն ավելի շատ այն մասին էր, թե ինչպես երբեմն միանգամայն տարբեր իրադարձություններ կարող են ամենաանսպասելի շրջադարձերն ունենալ, իսկ անհամատեղելիները կարող են խաչվել, եթե այդպես են կամեցել հանգամանքները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

One Response to “ՄԻ ՍԳԱՎՈՐ ԻՆՔՆԱԹԻՌ` ԱՐԱԳԱԾԻ ԼԱՆՋԻՆ”

  1. gayane Նոյեմբերի 1, 2014 at 1:01 ա. #

    Ֆիլմը չեմ հայել։Վիպակը կարդացել եմ շատ վաղուց ,,Գարուն,, ամսագրում, եթե չեմ սխալվում։որքան հիշում եմ, հնդկուհին էլ էր մահացած։ Դիակի շուրջ էր ծավալվում գործողությունները։ եթե Սխալ եմ հիշում, խնդրում եմ, ուղղեք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s