Պահոց | 11:46 ա.

ԱՐԴՅՈ՞Ք ՍԱ Է ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ ՄԱՅԿՈՊՈՒՄ

21 Հկտ

Հայտնի է, որ 1918 թվականին Եղիշե Չարենցի հարազատները Կարսից գաղթելուց հետո բնակություն են հաստատել Մայկոպ քաղաքում: Նրանց տունը գտնվել է Կրեստյանսկայա փողոցում: Չարենցն ինքը բազմիցս այցելել է Մայկոպ, ապրել ու ստեղծագործել է այդ տանը: Այսօր արդեն Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությանը կից գործող պատմական և մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը նշում է, որ վերոհիշյալ փողոցի 248-րդ տունը համարվում է հուշարձան, քանի որ հենց այնտեղ է բնակվել հայ մեծ բանաստեղծը, և շինությունը պահպանվում է պետության կողմից: Հուշարձանը նույնիսկ իր հատուկ կոդն ունի` 100018000: Նույն բանն են հաստատում նաև Մայկոպի իշխանությունները:
Ինձ հաջողվեց գտնել այդ շինության լուսանկարը, որը ներկայացնում եմ ձեզ: Ցավոք, այստեղ չեք տեսնի որևէ ցուցանակ, ինչը կարող էր վկայել կառույցի պատմական հուշարձան լինելու հանգամանքը: Ավելին, այժմ տեղում գործում է հարսանյաց սրահ, որը պատկանում է անհատ ձեռներեց Ֆաթմա Մահմուդի Իվանովային: Առաջին հայացքից նույնիսկ կասկածելի է թվում, թե հատկապես այս տանն է բնակվել Սողոմոնյանների ընտանիքը:
Հայտնի է, որ Կրասնոդարի երկրամասում և մասնավորապես Մայկոպում գործում է բավականին մեծ և ազդեցիկ հայկական համայնք: Ցանկության դեպքում նրանք կարող են ոչ միայն խնդրին հստակություն հաղորդել, այլև տեղում ըստ արժանվույն ներկայացնել մեր հանճարեղ գրողի անվանն ու հիշատակին առնչվող յուրաքանչյուր պատմական վայր կամ կառույց:
 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆՉարենցի տունը մայկոպում Կրեստյանսկայա 248

%d bloggers like this: