Անշուշտ, հիշում եք Կոստան Զարյանի «Նավը լերան վրա» վեպի գործող անձանց ու նրանց պատմությունը. ստեղծագործության հերոսը` նավապետ Արա Հերյանը, Բաթումի քաղաքում նավ է գնում, գնացքով տեղափոխում է Հայաստան, այնուհետև եզներով քաշում են մինչև Քանաքեռ, սակայն իրադարձությունների կտրուկ փոփոխության արդյունքում նավը երկար ժամանակ մնում է կես ճանապարհին:
Այս պատմությունն իրական հիմք ունի: Իրոք, Արաքսի ծանծաղուտներում եղել է այդպիսի լքված մի նավ, որը հետագայում Սևանա լիճ է տեղափոխվել: Խոսքը «Սեստրիցա Նյուշա» շոգենավի մասին է: Սև ծովում նավարկող շոգենավը ժամանակին ցարական իշխանությունները ցանկանում էին Բաթումիից Վանա լիճ տանել: Սակայն փոխադրումն իր ավարտին չհասավ Առաջին աշխարհամարտի պատճառով, և «Նյուշան» նավարկելու փոխարեն մոռացության էր մատնվել: Սիմոն Վրացյանն իր հուշերում գրում է, որ այն գտնվել է Շահթախթում: Ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, 1920 թվականի սեպտեմբերի սկզբին իրականացվում է նավի տեղափոխումը Շարուրից Երևան, իսկ այնտեղից էլ Ելենովկա: Վավերագրերը պահպանել են այդ առաքելության իրականացնողների անունները` սպա Թումանյանը, Հայաստանի խորհրդարանի անդամ Տիգրան Ծամհուրը (հենց նա էլ նավը վերանվանում է «Գեղանուշ»), ծովակալության սպաներ Գարագաշյանը, Հերյանը (նկատեցի՞ք, վեպի հերոսի փաստացի նախատիպը) և իհարկե… Կոստան Զարյանը: Այս իմաստով վեպը որոշ առումով ձեռք է բերում նաև ինքնակենսագրական բնույթ: Հավելնք, որ ի վերջո «Գեղանուշը» հասցվեց Սևան: Խորհրդային տարիներին այն կրկին վերանվանվեց և կոչվում էր «Անաստաս Միկոյան»:
Հովիկ Չարխչյան
Like this:
Like Loading...
Պիտակներ՝ Հովիկ Չարխչյան, նավ, ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ