Պահոց |

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

27 Մյս

Սա այն դաշտն է, ուր թվում էր՝ ամեն ինչ պիտի վերջանար…

Պիտի վերջանար մի ազնվագույն ժողովուրդ, մի մեծասքանչ լեզու եւ մի փառահեղ քաղաքակրթություն։ Բայց այստեղ ամեն ինչ նորից սկսվեց… Եվ սկսվեց մի այնպիսի ժամանակ, երբ մարդկային ամենահասարակ տրամաբանությունն իսկ ասում էր, թե այլևս ոչինչ չի կարող սկսվել, քանի որ բառացիորեն մեն-մենակ էինք արար աշխարհում, մենակ, անպաշտպան, ծվատված ու արյունաքամ…

Ճիշտ է, Սարդարապատի օրերին դեռ չէր հնչել Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց նրա էությունը, որպես ժողովրդի հավաքական ենթագիտակցություն ու բնազդ, կար, գործում էր և Սարդարապատի օրերին գործեց մինչեւ այդ պատմության մեջ չտեսնված ուժով ու թափով, գործեց բարձրագույն լարումով։

Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը, չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստղային ամենավսեմ ժամը։ Նրա պատմական խորին խորհուրդը մինչև հիմա լիովին չի գիտակցված ու չի գնահատված։ Դա կյանքի ու մահու սահմանագիծ էր և իր նշանակությամբ շատ ու շատ ավելին, քան լեգենդացած ու սրբագործված Ավարայրը։ Հայաստանն այն ժամանակ թեև Պարսկաստանից ոչ անկախ, բայց ներքին զորությամբ ու կենսահյութով էր լի։ Կենաց ու մահու հարցը սպառնալիորեն չէր կախված Ավարայրի վրա։

Ավարայրը պատերազմ էր հանուն հավատի։

Սարդարապատը պատերազմ էր հանուն կյանքի և ընդդեմ մահի։

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆa14

ԶՈՐԱՎԱՐ ՍԻԼԻԿՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

27 Մյս

37-7-1-1«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

 Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար:
Մենք չէինք ուզում կռվել.հանուն խաղաղության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրված ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը:Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ:Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:
 Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի  առաջ:
   Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթհայթել իրենց օրվա ապրուստը:
Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:
Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց:Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընդացգում կկազմակերպվի մի այնպիսի քաչարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:
 Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության,
 Հանուն ոտնակոխ եղած ճշմարտության՝
 Ոտքի կանգնեցեք: Դեպի՛  սրբազան պատերազմ»:

24. 5. 1918 թ16262_b

%d bloggers like this: