Պահոց | Մարտի, 2014

ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

8 Մրտ

«Ես երջանիկ եմ, որ կին եմ ծնվել, քանի որ կինը տղամարդուց ավելի մեծ հնարավորություններ ունի: Տղամարդիկ մեկ մասնագիտություն են ունենում, իսկ կանայք կարող են ապրել այն բոլոր տղամարդկանց կյանքերով, որոնց սիրում են: Սպան նրա համար կբերի պատերազմ, նավաստին` օվկիանոսը, դիվանագետը` ինտրիգներ, գրողը` ստեղծագործելու ուրախությունը… Կինը կարող է ապրել տասնյակ կյանքերի հույզերը` ազատված լինելով ամենօրյա ձանձրույթից ու խամրումից»:

«Սիրո փոխակերպումները» գրքիցJCfXac-iH5c

ԲՈՐԻՍ ՎԱՍԻԼԵՎ

8 Մրտ

Կնոջը կարելի է զրկել սիրուց, բայց դեռ ոչ մեկին չի հաջողել նրան զրկել սիրո հույսերից: Քանի անգամ էլ նրան մոլորեցնեն, քանի անգամ էլ նա խաբվի, կինը համառորեն կշարունակի հավատալ` ունենալով հազարից մեկ հնարավորություն: Այդպիսին է նա ստեղծված, և ոչ մի սոցիալական, գիտատեխնիկական և այլ առաջընթացներ չեն կարող ոչինչ փոխել:3460

Եղիշե Չարենցի նամակը Մամիկոն Գևորգյանին

8 Մրտ

yerkir-nairi-1-copyՍիրելի Մամիկոն,

Մի՞թե վիճակված է վերուստ ինձ, թափառականիս, այնպես էլ «անլուր» մնալ, այդտեղի կյանքին անհաղորդ, եւ ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է այդ բանում մեղավոր, քան ինքը Մամգուն իշխանը, որից ես մի «записка» եմ ստացել միայն 9 պունկտից, որոնցից ամեն մեկը մի մեծ նամակի նյութ է, իսկ ամենավերջինը («Մի երկար նամակ գրել»)- հույս ու ավետում!
Օ, սիրելի Մամգուն, հայտնում եմ քեզ հենց էս գլխից, որ ես, Հայաստանից դուրս գալուս օրից, եւ ոչ մի նամակ չեմ ստացել որեւէ մեկից, եւ ոչ ոքի չեմ գրել (ի բաց առյալ քեզ գրած նամակս). հասկանալի թող լինի ուրեմն քեզ, իշխանիդ, թե որքան ուրախություն կարող է պատճառել ինձ, պոետիս, քո գրությունը, որը (a priori կարելի է ասել) այնքան հետաքրքիր բաներ պիտի որ պարունակե իր մեջ: Օ, սիրելի Մամգուն, լսի՛ր թախանձանքներիս եւ գրիր. գրիր քո մասին, Պետթատրոնի մասին, «Նորքի» մասին, գրական անցուդարձի մասին,- մի խոսքով – ինչի մասին որ կուզես,- եւ, վկա է էս գրիչս, որ քո էդ ըղձալի նամակի ամեն մի բառի համար հազարապատիկը կվարձատրի քեզ ալլահը, կամ, կուզե՞ս, նույնիսկ ես – նամակներով, գրքերով, ինչով կուզես!!
Ամենից առաջ «Նորքը»: Ի՞նչ է անում: Լույս կտեսնի՞, թե ոչ: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ բովանդակությունը: Հետո – Պետթատրոնը: Ի՞նչ ծրագիրներ ունի: Գրել էիր, որ դեկտեմբեր ամսին կխաղացվի իմ «Կապկազը». հօ՞դս ցնդեց արդյոք, թե դեռ լույս աշխարհ չի տեսել: Ի՞նչ են անում այդտեղ գրականները. հետաքրքիր է քո կարծիքը մեր արդի գրական իրականության մասին: Այստեղ է ընկ. Կարինյանը. նրա ասելով — ամայություն է, մեռյալ կետ, սպիտակ նիրվանա:
Եթե քեզ հետաքրքրում է իմ, նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա: Չգիտեմ – կրիզի՞ս է, թե վերջ: Ոչ մի հատիկ թեմա, կամ թեմայանման մի բան չի պղտորում երեւակայությանս ջինջ մաքրությունը, ներողություն — դատարկությունը! Անամպ երկինք է հիմա երեւակայությունս, անարեգակ խավար: Պատճառը ես գիտեմ: Կուզե՞ս – քեզ էլ կասեմ, բայց ոչ ոքի չասես: Անցյալ ձմեռվա ընթացքում Երեւանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է` արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նայիրյան էր, ռոմանտիկ, տեղական: Ոնց որ կավիճով գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրա — Եվ ահա ճակատագրական մի ձեռք օրերի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռ – ու տեղը թողեց — բաց տարածություն: Շատ ուրախ եմ: Ինձ ավելի քան երեխայացնում էր այդ ռոմանտիզմը: Շնորհակալ եմ 1923 թվի Երեւանից: Բայց բանը նրանումն է, որ վերոհիշյալ «բաց տարածությունը» դեռ չի բեղմնավորվել! Եւ կբեղմնավորվի՞ արդյոք, եւ ինչո՞վ, եւ ե՞րբ — անհայտ է ինձ, պոետիս,- բայց մի բան ես զգում եմ, պարզ է ինձ համար. ինչով էլ որ բեղմնավորվի սրանից հետո իմ նայիրյան ռոմանտիզմից ազատագրված հոգին — բերքը ավելի բարձր, ավելի-ավելի լիքը ու հասուն կլինի, քան առաջվանը. ռոմանտիզմը, ինչ գույնի էլ նա լինի, մանկական է, երեխայական հասակը բնորոշող, ինչպես կրոնը մարդկային հասարակությունների զարգացման մեջ, — կամ ընդհակառակը` ծերության, մայրամուտային գոյավիճակի արգասիք է (որ վերջին հաշվով միեւնույնն է. երեխան եւ ծերուկը քչով են տարբերվում իրենց հոգեկանում) — ուրեմն, սիրելի Մամգուն, կեցցե կոնկրետ, պոզիտիվ վերաբերմունքը դեպի կյանքը,- մի վերաբերմունք, որ լուրջ է, ինչպես հարկ է լինել ամեն մի հասակն առած մարդու — եթե միայն այդ մարդը առողջ է ու կենսունակ եւ իրեն կապված է զգում վերելքի ճանապարհին գտնվող, հաղթող դասակարգին:
Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու ես չեմ կարող շարունակել «Երկիր Նայիրին». նրա ժամանակն անցավ: Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից — եւ իմ առաջ հիմա, դեռեւս մշուշանման, ուրվագծվում է մեր, մարդկային, համամարդկային այսօրվա կոնկրետ կերպարանքը եւ ապագա կենցաղը (սովետական կարգեր +ամերիկանիզմ) — այդտեղ է ահա, որ նոր հյութեր պիտի գան, եթե միայն նրան վիճակված է գտնել — իմ ստեղծագործական կարողությունը: 

yerkir-nairi-2-copyԷսպես: Սրանով վերջացնենք: Մոսկվայում ձանձրացել եմ, բայց Հայաստան չեմ ուզում գալ. կուզեի գնալ Եվրոպա, գնալ Ամերիկա. գոնե աչքերով հաղորդակից լինել այն կուլտուրային, որի անունն է մաշինիզմ եւ տեխնիցիզմ – որի մասին այնքան անճարակ երեխայություններ է գրում Леф-ը,- եւ այնքան հանճարեղ – Ուելսը: 
Բայց թուղթս վերջացավ: Օ, սիրելի Մամգուն — գրի՛ր: Եթե այս նամակս էլ անպատասխան մնաց – կմնա այս մի հատիկ տրադիցիան էլ կտրել Երկիր Նայիրիի հետ. չգրել անգամ մի նայիրցու — եւ պատասխան չսպասել:
Հասցես, որ չասես թե չգիտեի. Москва, Армянск. пер., д. N 2, Д. К. С. А., Егише Чаренцу.
Բարեւներ ինձանից ու Արփիկից:
Քո` Չարենց
Մոսկվա, 1924, 8, II

Մամուլի անդրադարձ

8 Մրտ

Հերթական անամոթությունը՝ ոչ պակաս անամոթ պատճառաբանությամբ. Հովիկ Չարխչյան

NewsBook-ի զրուցակիցն է գրող, թարգմանիչ Հովիկ Չարխչյանը.
— Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելու որոշումը տուրիզմի խթանման միջո՞ց է, թե՞ հերթական անփույթ վերաբերմունքը պատմամշակութային արժեքների նկատմամբ:
— Ես կասեի՝ այդ որոշումը Մշակույթի նախարարության հերթական անամոթությունն է, ինչը հիմնավորվում է ոչ պակաս անամոթ պատճառաբանությամբ: Կարելի է կարծել, թե զբասաշրջիկները Հայաստան են գալիս միայն նրա համար, որպեսզի տաճարի տարածքում սուրճ խմեն: Նույն սրճարանը կարելի է կառուցել ցանկապատից 5-10 մետր այն կողմ, և չեմ կարծում, թե զբոսաշրջիկները կուշաթափվեին այդ 10 մետրը ոտքով կտրել-անցնելուց:
— Պարոն Չարխչյան, որտեղի՞ց մեզ այդ մոլուցքը անընդհատ հինը քանդելու, ձևախեղելու, հենց այդ տարածքում ինչ-որ նոր բան կառուցելու: Ինչո՞ւ ենք մենք այսքան շատ սիրում քանդել:
— Ամբողջ ողբերգությունն այն է, որ ինչպես մյուս ոլորտները, մշակույթի ոլորտնն էլ ղեկավարվում է այնպիսի մարդկանց կողմից, որոնց սրտում, հոգում, արյան մեջ մշակութային հատիկ անգամ գոյություն չունի: Մարդիկ, ովքեր չեն հասկանում մշակութային արժեքի կարևորությունը, ինչպե՞ս կարող են հարգանքով ու պատկառանքով վերաբերվել դրանց: Պատմամշակութային արժեքներն այդ մարդկանց համար ընդամենը հարմար տարածքներ են, որոնք պետք է օգտագործել և եկամուտներ քաղել հնարավորինս արագ ու հնարավորինս շատ: Այն, ինչ կատարվում է Գառնու տաճարի շուրջ, չոր հաշվարկ է. թե չէ՝ ի՞նչ մշակույթ, ի՞նչ հոգևոր ոլորտ: Եվ նստել բացատրել մարդուն մշակութային արժեքի պահպանման կարևորության մասին, երբ նա արդեն որոշել է ամեն գնով բիզնես ծրագիրն իրագործել, ժամանակի անիմաստ վատնում է:
— Հիմա մենք մշակույթի ոլորտը կառավարողներին ենք մեղադրում, բայց ես հիշում եմ, թե ինչպես շարքային քաղաքացիները ջարդեցին Կորյունի արձանի քիթը, Մարտիրոս Սարյանի արձանի եղունգներին էին լաք քսել, գողացել էին Հրաչյա Ներսիսյանի բրոնզե դիմաքանդակը:
— Իհարկե, վանդալիզմի հարյուրավոր դեպքերի ենք ականատես եղել: Կրկնում եմ՝ բոլոր ոլորտներում այդ նույն ողբերգությունը կա՝ սկսած կրթության ոլորտից, վերջացրած՝ մշակույթով: Մենք դաստիարակում ենք մի սերունդ, որը տարրական հարգանք չունի իր պատմության, իր արժեքների նկատմամբ: Այստեղից էլ՝ այդ շղթայական ռեակցիան. մի օղակը կտրվեց, խաթարվեց՝ ամբողջ շղթայի վրա է անդրադառնալու: Էսքան որ ասում ենք, սթափության կոչ ենք անում, որ այսպես չի կարելի, որ այսօրվա փոքր բացթողումը վաղվա աղետի է վերածվելու, որ այսօրվա փոքրիկ սայթաքումը վաղվա գահավիժումին է հանգեցնելու:
Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանիtimthumb

ՌՈԲԵՐՏ ԻՐՎԻՆ

7 Մրտ

Յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է սեփական ճակատագիրը: Ճակատագիրը պատմությունն է, որ գրառված է նրա սրտում, նրա երիկամի ու ոսկորների վրա, և լուսարձակվում է մարդու առաջ նրա ապագան: Ինչ-որ տեղ` յուրաքանչյուր մարդու ներսում գտնվում է ճակատագիրը, ցավեցնող, ինչպես երիկամի քարը: Դա ղսմաթն է, դա պատմությունն է, որ հորինում է մարդուն: Մարդկանց մի խմբի ճակատագրերից ստացվում են փոքր պատմություններ, մեկ այլ խմբից` խոշոր, էպիկական: Մեծ պատմությունները խժռում են փոքրերին: Եվ մենք հիմա ինչ-որ մեկի պատմության դրվագներն ենք:

«Արաբական մղձավանջ» գրքից2866

ՊԱՅԾԱՌԱՏԵՍԸ, ՈՐ ԵԿԵԼ ԷՐ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՅԵՐԻՆ

6 Մրտ

Մեր կյանքը լի է զարմանահրաշ ու անհավանական իրադարձություններով: Ոմանք դրանց հավատում են, մյուսները շարունակում են մնալ թերահավատ, սակայն մարդկանց փոփոխական վերաբերմունքը չի նվազեցնում նման երևույթների ու դեպքերի առատությունը, ինչպես որ մարդկային հնարավորությունները չեն դադարում ապշեցնել իրենց սահմաններ չճանաչող նորանոր թռիչքերով:

Այսօր ուզում ենք պատմել ավելի քան քառորդ դարի վաղեմություն ունեցող մի դրվագ, որը ոչ միայն  արժանի է ուշադրության, այլև հանիրավի մոռացության է մատնվել, մինչդեռ այն ամենը, ինչ պատրաստվում ենք շարադրել ստորև, վառ երևակայության արգասիք չէ, այլ բազմաթիվ մարդկանց աչքի առաջ և նրանց անմիջական մասնակցությամբ կատարված իրողություն:eksta-1

Մեր հերոսը ոուս նկարչուհի Լարիսա Կորաբելնիկովան է: Նրա բացառիկ ընդունակությանը դժվար է այլ անուն տալ, քան պայծառատեսություն: Նա կարողանում էր ինֆորմացիա ստանալ ու փոխանցել տարածության վրա` օգտվելով քարտեզներից ու լուսանկարներից: Էքստրասենսի այս բնատուր շնորհը 1980-ականներին արդեն գիտնականների ուշադրության կենտրոնում էր: Պարահոգեբանության մասնագետներն այն տարիներին ջանում էին ամեն կերպ գտնել հոգեֆիզիոլոգիական երևույթների բացատրությունը` անվերջանալի լաբորատոր փորձերի ու դիտարկումների միջոցով: Շատերի թվում Կորաբելնիկովայի ընդունակություններով հետաքրքրվում էր նաև ՏԱՍՍ-ի թղթակից Ալեքսանդր Բոնդարենկոն և պարբերաբար այցելում էր լաբորատորիա: Դիտումներից բացի թղթակիցը ջանում էր գտնել այնպիսի անհերքելի փաստարկներ և այնպիսի իրավիճակներ, որոնք թույլ կտային գործնականում ի հայտ բերել եզակի ֆենոմենը և  ըստ այդմ մեընդմիշտ վերջ դնել նրա հանդեպ առկա անվստահությանը: 1988 թվականի Լենինականի երկրաշարժը տեղի ունեցավ հենց այդ օրերին:

1988 թ. դեկտեմբերի 9-ին Կորաբելնիկովան անձամբ զանգահարեց Բոնդարենկոյին և ասաց.

— Հայաստանում փլատակների տակ դեռ բազմաթիվ կենդանի մարդիկ կան: Եթե հաջողվի հասնել այնտեղ, ապա լուսանկարների ու քարտեզների օգնությամբ ես կարող եմ ասել, թե որտեղ փնտրեն աղետյալներին:

Հաջորդ օրն իսկ թղթակիցը գործի անցավ: Նա դիմեց Կարմիր Խաչին, Մոսկվայում Հայաստանի ներկայացուցչություն, Կանանց կոմիտե, իսկ մեկ օր անց հաջողվեց ձեռք բերել Կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի համաձայնությունը: Պայծառատեսն ու թղթակիցը ինքնաթիռով Երևան մեկնեցին անմիջապես:shiryayevs

Այն, ինչի ականատեսը եղան Հայաստանում, վեր էր պատկերացումներից: Ամենուր քաոսային իրարանցում էր տիրում: Իսկ աղետի հարվածներից ուշքի չեկած, ուժասպառ և տանջահար մարդիկ հենց լսում էին, թե ինչու էին ժամանել ռուս ընկերները, դա նրանց մոտ կամ բուռն զայրույթ էր հարուցում, կամ լավագույն դեպքում` դառը քմծիծաղ. «Այս սարսափելի պահին ի՞նչ գուշակության ժամանակն է»: Երևանի կոմերիտմիության շտաբում անհամեմատ զուսպ գտնվեցին և բացատրեցին, որ երկրաշարժի գոտում հիմա դժվար է գտնել լուսանկար կամ քարտեզ, ամեն բան փլատակների տակ է, իսկ դրան էլ գումարվել են ուժեղ սառնամանիքները` կասեցնելով փրկարարական աշխատանքների ընթացքը: Աղետյալների օգնության և անհետ կորածների որոնման կենտրոնում ուղղակի առաջարկեցին` եթե օգնել եք ուզում, նստեք այստեղ ու հեռախոսազանգերին պատասխանեք: Եվ նրանք նստեցին…

Կենտրոնը գտնվում էր Կոնսերվատորիայի շենքում: Հենց այստեղից էլ Լարիսա Կորաբելնիկովան սկսեց ապացուցել, որ իր ժամանումն անօգուտ չէ, իր նկատմամբ վերաբերմունքն` անարդար:

Որքան էլ զարմանալի թվա, բայց Հայաստան ժամանած պայծառատես կնոջ  մասին այնուամենայնիվ մարդիկ իմացան շատ արագ, ու սկսվեց վերջին հույսից կառչող հարազատների հոսքը: Լարիսային հարցնում էին, թե նա կարո՞ղ է կանգնել փլատակների մոտ և ասել` մարդիկ քարերի տակ դեռ կենդանի են, թե՞ ոչ: Ու երբ լսում էին բացասական պատասխան, հեռանում էին մեծ հիասթափությամբ: Կնոջ համար դժվար էր համոզել, որ ինչ-որ բան իմանալու համար անհրաժեշտ է նախ և առաջ ինֆորմացիա կրող որևէ իր, ու միայն այդ դեպքում կարող է գործի դնել իր հրաշագործ շնորհը: Կորաբելնիկովայի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ դիտելով 12 երեխաների լուսանկարները, նա անսխալ պատասխանեց, որ 5-ը զոհվել են, 6-ը գտնվում են ծանր վիճակում և միայն մի աղջնակ է ողջ ու անվնաս:

Հայաստանցիների վրա հատկապես ցնցող տպավորություն գործեց այն դեպքը, երբ նրան դիմեց մի տղամարդ` պատմելով, թե իրեն ասել են, որ որդին զոհվել է, բայց նա լսել է, որ վիրահատությունից հետո տղային տեղափոխել են Երևան: Սակայն մայրաքաղաքում գտնել չի հաջողվել: Սեղանին փռելով մի հսկա քարտեզ, Լարիսան երկար նայեց դրան ու վերջապես ասաց. «Ձեր տղան ողջ է: Նրան տեղափոխել են Ղրիմ»: Եվ դա իսկապես այդպես էր….eksta-2

Դեկտեմբերի 13-ին պայծառատես կինն ու նրա լրագրող ընկերը վերջապես մեկնեցին Լենինական: Ավերված քաղաքում հյուրերին մի փոքրիկ տեղ հատկացրեցին քաղաքի կինոթատրոնի մոտակայքում: Շատ ավելի ուշ Լ. Կորաբելնիկովան պիտի վերհիշեր իր զգայացունց տեսիլքի մասին. «… Երբ մենք քայլում էինք Լենինականի փողոցներով, ինձ հանկարծ ապշեցրեց այն, որ այդ սառնամանիքին ոմանք շրջում էին առանց հագուստի: Այդ մասին ասացի Սաշային: Նա զարմացավ ու ասաց, որ ոչ մի մերկացած մարդ չի տեսնում: Եվ այդ ժամանակ հասկացա, որ ես տեսնում եմ մահացածներին: Նրան արդեն պատկանում էին մեկ այլ աշխարհի, մինչդեռ հոգիները դեռ չէին գիտակցում այդ բանը: Ինձ թված, որ սիրտս չի դիմանա: Մահացածները գալիս էին իրենց հարազատների մոտ, սակայն վերջիններս նրանց չէին տեսնում ու չէին լսում»:

Աղետյալների օգնության շտաբում, վահանակների վրա փակցված էին փնտրվողների ցուցակները և մի քանի լուսանկարներ: Կորաբելնիկովան որոշեց սկսել հենց դրանցից: Նա մեկ առ մեկ թվարկեց նրանց անունները, ովքեր կենդանի էին: Լսելով այդ մասին, մարդիկ սկսեցին գալ ու բերել հարազատների անձնագրերն ու նկարները: Այնուհետև Լարիսան և Ալեքսանդրը այցելեցին քաղաքի կայազորի ղեկավարներին և այստեղ ևս առաջարկեցին իրենց ծառայությունը: Կայազորի պետն ասաց, որ քաղաքի անձնագրային ծառայությունների շենքերն ավերվել են, և անհնար է գտնել անհրաժեշտ փաստաթղթերը: «Լավ կլինի` Երևան վերադառնաք: Այստեղ անելիք չունեք»:

Մարդկանց անսահման վշտի մեջ օգնության եկածներն իրենց զգում էին չհասկացված ու միայնակ: Ոչինչ չէր մնում անել, քան վերադառնալ մայրաքաղաք: Սակայն նահանջելու մասին խոսք լինել չէր կարող:17_spitak_1

Երևանում հնարամիտ Ալեքսանդր Բոնդարենկոն որոշեց դիմել հայ գործընկերների օգնությանը: Նրանք գնացին «Արմենպրես» գործակալություն: Այստեղ հուշեցին, որ կարելի է դիմել քաղաքաշինության վարչությանը: Շտապեցին այնտեղ: Բացատրեցին, համոզեցին: Շուտով սեղանին դրվեց Լենինականի ընդարձակ քարտեզը: Այնտեղ արդեն կարմիր գույնով նշված էին փլուզված շինությունները: Լարիսան կենտրոնացավ ու սկսեց ձեռքի ափերը շարժել քարտեզի երկայնքով: Հանկարծ նա կանգ առավ, ցույց տվեց մի կետ և ասաց. «Այստեղ դեռ շատ կենդանի մնացածներ կան: Սա ի՞նչ շինություն է»: Պարզվեց, որ դա Լենինականի կոմպրեսորների գործարանն է:

Աշխատակիցներից մեկը թուղթ ու գրիչ վերցրեց և սկսեց մեկ առ մեկ նշել այն բոլոր վայրերը, որոնք ցույց էր տալիս պայծառատեսը: Դեկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի դրությամբ Կորաբելնիկովան մատնացույց էր արել 18 հասցե, որտեղ դեռ կենդանի մնացածներ կային: Այնուհետև մեջտեղ բերվեց Սպիտակ քաղաքի քարտեզը: Սպիտակում նա կարողացավ մատնանշել 15 ավերված շինություն, ուր ողջեր կային: Հայաստանի Պետշինի նախագահի տեղակալ Ա. Ալեքսանյանն այդ գրառումներով մեկնեց Լենինական: Նույն օրը երեկոյան «Ժամանակ» հեռուստատեսային լրատվական ծրագրով հաղորդեցին. «Այսօր Լենինականի կոմպրեսորների գործարանի փլատակների տակից դուրս են բերվել կենդանի մնացած 27 քաղաքացիների»:

Շատ չանցած նրանց այցելել մի գեներալ` իր հետ բերելով Սպիտակի նոր քարտեզներ: Լարիսան դրանք ևս զննեց ու կանգ առավ մի կետի վրա: «Այստեղ ևս կենդանի մնացած շատ մարդիկ կան, բայց նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Եթե արագ դուրս չբերեք, բոլորը կզոհվեն»: Իսկ հետո հարցրեց. «Դա ի՞նչ շինություն է»:

— Վերելակների գործարանն է,- պատախանեցին նրան:

Սպիտակում, դժբախտաբար, օգնությունը ժամանակին տեղ չհասավ: Հաջողվեց փրկել ընդամենը մեկի կյանքը:

Լարիսա Կորաբելնիկովան և Ալեքսանդր Բոնդարենկոն Հայաստանում մնացին մոտ մեկ շաբաթ: Երկու ամիս անց Ա. Բոնդարենկոն մոսկովյան «Երիտասարդական կյանք» հանդեսի համարներից մեկում հրապարակեց «Անուղղակի նյութեր» վերտառությամբ հոդվածը` աղետի գոտի կատարած իրենց ուղևորության մասին: Դա սեփական արարքի ինքահաճո շարադրանք չէր, այլ փաստագրություն փրկված կյանքերի և դրանց համար ամեն գնով պայքարող մարդկանց մասին:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆf_18

Վազգեն Սարգսյանի «անպատասխան սերը»

5 Մրտ

Այսօր` սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ, Life.panorama.am-ը կներկայացնի նրա կյանքից մի բացառիկ դրվագ, որը մինչև  այժմ հայտնի է շատ քչերին: Մենք զրուցել ենք 1996-98-ին  ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալի, սպարապետի վաղեմի ընկերոջ` Հովիկ Չարխչյանի հետ, ով ներկայացրել է մեզ մի փոքրիկ, բայց ուշագրավ պատմություն Վազգեն Սարգսյանի կյանքից:

Նրա խոսքով, Վազգենը շատ էր սիրում կինոարվեստը, երազում էր որևէ մասնագիտություն ձեռք բերել, որը կապված կլիներ կինոյի հետ: Հայտնի է, որ նա նույնիսկ նկարահանվել է «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմում, որտեղ խաղացել է զինվորի էպիզոդիկ դեր, ինչպես նաև մի քանի ֆիլմերում եղել է ռեժիսորի ասիստենտ:

1986-87 թվականներին, վերջնականապես որոշելով իրեն նվիրել այս բնագավառին, Վազգենը մի օր նստեց ինքնաթիռ ու մեկնեց Մոսկվա`ընդունվելու Մ.Գորկու անվան ինստիտուտի սցենարային բաժին:

«Բոլորս ուրախ ճանապարհ դրեցինք նրան Մոսկվա, սակայն, չէր անցել ընդամենը մի քանի օր, Վազգենը նորից հայտնվեց Արարատում, գնացինք իմանալու, թե ինչ է պատահել»,-հիշեց Հովիկ Չարխչյանը:

Երբ Վազգենին հարցնում են` ինչո՞ւ է նա վերադարձել, վերջինս պատասխանում է. «Առաջին քննության ժամանակ հանձնարարեցին 4 ժամում գրել որևէ պատմվածք: Եթե ես 4 ժամում կարողանայի պատմվածք կամ սցենար գրել, այն էլ` օտար լեզվով, էլ իմ ինչի՞ն էր պետք ինստիտուտ ընդունվելը»:

Հենց  այս փորձն էլ Վազգենի վերջին և անպատասխան սիրո խոստովանությունն էր կինոյին:

Հեղինակ Աննա Բաբաջանյան3

ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

5 Մրտ

Սերն ինձ ոչ միայն լիովին շոշափելի ֆիզիկական բավականություն է պատճառել: Մտածելով նրա մասին, ես ճաշակել եմ մի տեսակ ինտելեկտուալ բավականություն: «Սիրով զբաղվել» արտահայտության մեջ կա դրա առանձնահատուկ, զուտ բառային հմայքը, ինչը զրկում է նրան իմաստից: Ինձ գերում է «զբաղվել» նյութական, կոնկրետ բառի  համադրությունը «սիրել» բառի պոետական աբստակցիայի հետ:

Սերը ամենահաճելի, ամեաիրական և ամենաճշմարիտ բանն է աշխարհում: Եվ կարևոր չէ, թե ինչ գին կվճարես նրա համար:

«Բարև, թախիծ» գրքից6704525-un-jour-un-destin-francoise-sagan-la-fureur-de-vivre

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

5 Մրտ

Սովը, աղքատությունը անցողիկ բաներ են, մնայունը անկախությունն է: Այլ հարց է, որ ժողովուրդը պիտի տեսնի իր զոհողությունների արժեքը, նա պիտի տեսնի թունելի վերջում շողարձակող լույսը: Ձայնս տաք տեղից չի գալիս: Պարզապես ես հավատում եմ Հայաստանի ապագային:

Շատ լավ տեսնում եմ, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ անկախություն բառն արտասանելիս չկա ոգևորություն: Դա ցավալի է, բայց փաստ է: Մենք` այս պետության պատասխանատուներս չպետք է թույլ տանք, որ անկախությունը, ազատությունը, հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ: Մենք կկործանվենք, եթե ժողովուրդը սկսի ատել այս գաղափարները:Andranik-Qocharyan_Vazgen_S1

 

ԱԼԱՆ ՄԱՐՇԱԼ

5 Մրտ

Աշխարհի վրա չկան երկու մարդ, ովքեր ինչ-որ մի որոշման կհանգեն միանման ճանապարհով: Եվ, մարդու հանդեպ սրտացավություն հանդես բերելիս, ծանր պահերին նրան օգնության ձեռք մեկնելիս պետք չէ տեսադաշտից բաց թողնել, որ ամեն մեկի ուսերին ընդհանուր խնդիրների լուծման իր ուղին է, այլապես ձեր օգնությունը ոչ մի արժեք չի ունենա:

Յուրաքանչյուր առանձին դեպքի համար ուշադրություն է պահանջում ոչ թե բուն խնդիրը, այլ դեպի այն տանող ճանապարհը:O-AM_s_OBE

Երևան դեժավյու

3 Մրտ

g_imageԵրևան քաղաքի ամենաաշխույժ ու կոլորիտային հատվածներից մեկը Երևանի պետական համալսարանն ու դրան հարակից տարածքն էին: Քաղաքի այս հատվածը 30-ականներին ուսանողական թաղամասի համար էր նախատեսված: Այս տարածքում էին տեղակայված հիմնական բուհերը:

«Երևան դեժավյու»-ի այս թողարկմանը` Գետառի, Շախմատի տան, ուսանողների սիրելի սրճարանի և օղակաձև զբոսայգու մասին:

80-ականների ուսանողության, նրանց սիրելի զբաղմունքների ու մոռացված միտինգի դեժավյու՝ Պետական համալսարանի նախկին ուսանող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:

«Այս հատվածը, եթե համեմատելու լինենք 20, 30 տարի առաջվա հետ, շատ արմատական տարբերություններ կան»,- ասում է Հովիկ Չարխչյանը:

Այս հատվածում էր նաև հիմա արդեն «կապանքների» մեջ հայտնված Գետառը, որը հոսում էր Բանասիրական ֆակուլտետի պատուհանների տակով: Գետի վրա կամուրջ կար, դրանից այն կողմ պաղպաղակ էին վաճառում, դա ուսանողների ամենասիրելի վայրն էր:

Մի փոքր ներքև գտնվում էր քաղաքի ամենասիրելի սրճարաններից մեկը, որտեղ բացառապես ուսանողներ էին հավաքվում: 

«Հետագա տարիներին եղել եմ քաղաքի լավագույն սրճարաններում, բայց դրանցից որևէ մեկը չեմ փոխի այդ սրճարանի, դրա միջավայրի հետ»,- ասում է համալսարանի նախկին ուսանողը:

83 թվականին, երբ գրականագետ Հովիկ Չարխչյանն ընդունվեց համալսարան, աշնանը բուհում կատարվեց մի աննախադեպ երևույթ, ինչն այդ տարիների համար շատ անսպասելի էր ու զարմանալի: Ռուսական ֆակուլտետի թոշակները բարձրացրել էին, իսկ հայկականինը` ոչ: Խնդիրը ոչ թե գումարն էր, այլ տարբերությունը, որ դրվում է հայերենով ու ռուսերենով ուսուցման միջև: Լուրը տարածվելուց քիչ անց դեպի համալսարանի գլխավոր աստիճաններ է հոսում ուսանողների բազմությունը:

«Ես հիշում եմ, որ մենք աղմկում էինք, ինչ-որ բաներ վանկարկում»,- պատմում է Հովիկ Չարխչյանը:

Ցույցը երկար չի տևում, տարածքում են հայտնվում պաշտոնյաներն ու իրավապահ մարմինները, ուսանողներին տանում են մեծ դահլիճ` հարցը քննարկելու համար: Որևէ բանակցություն, սակայն, չի լինում, սպառնալիքներ են հնչում, հաջորդ օրերին ուսանողների հեռացումներ են լինում, որոշներին կանչում են հարցաքննության… Այսօր արդեն այս միտինգի մասին չեն հիշում:

Գետառի շուրջ հյուսված լեգենդների, օղակաձև զբոսայգու և Կարաբալայի, Շախմատի ու Կամերային երաժշտության տան այլմոլորակային լինելու, Չարենցի արձանի լեգենդի մասին` մանրամասն` տեսանյութում:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Մարի Թարյան

ԴԱՎԻԴ ԳՐՈՍՄԱՆ

3 Մրտ

Պահեր են լինում, երբ կատարում ես աննշան մի քայլ, ընդամենը մազի չափ մի շարժում սովորական ճանապարհից այն կողմ, ու դրանից հետո դու արդեն պարտավոր ես առաջ մեկնել երկրորդ ոտքդ, և ահա արդեն անծանոթ ուղու վրա ես: Դրանից հետո քո յուրաքանչյուր քայլը քիչ թե շատ տրամաբանված է ու բխում է նախորդից, քանի դեռ դու հանկարծ չես արթնացել մղձավանջից… Հավանաբար միշտ որևէ մեկը պիտի զոհաբերի իրեն, որ մյուսները կարողանան սկսել նոր կետից:GROSSMAN

ԼՈՐԵՆՍ ՍԹԵՌՆ

3 Մրտ

Հետաքրքիր է դիտել մանուքների իշխանությունը մարդկային մտքի վրա: Որքան կարևոր դեր են դրանք խաղում մարդկանց և իրերի նկատմամբ մեր կարծիքների ձևավորման ու զարգացման գործում: Մի որևէ դատարկ բան, թեթև ինչպես օդը, կարող է մեր հոգում համոզմունք սերմանել և այնպես հեշտությամբ այդ բանն այնտեղ հաստատել, որ ողջ Էվկլիդեսյան ապացույցները, որոնք գործի կդրվեն հերքելու նպատակով, անզոր կգտնվեն սասանելու դրանց:sterne

ԺԱՆ-ԿԼՈԴ ՄՈՒՐԼԵՎԱ

2 Մրտ

Ամոթ ձեզ: Ամոթ: Մեր երկիրը պառկած է` թաթերը դեպի վեր: Ահա ձեզ ճշմարտությունը: Այն դարձել է պառավ կնանիքի երկիր: Դուք ավելի լավ կանեիք` ձեր զավակներին կյանքի ու փառքի համը ներարկեիք: Սովորեցրեք նրանց տիրապետել զենքին, մարտնչել: Որ երազեն հաղթանակների մասին: Նվաճումների մասին: Նրանց պետք  իբրև արծիվներ մեծացնել, իսկ դուք նրանց դարձրել եք թրջված հավեր…

«Մեռած արքայի վիշտը» գրքիցJean-Claude Mourlevat

ԺՈՐԺ ՊԵՐԵԿ

2 Մրտ

Երբեմն նրանք ցանկանում էին, որ ամեն ինչ մնար այնպես` ինչպես կար, առանց փոփոխությունների: Այդ ժամանակ նրանց պետք կլիներ ընդամենը լողալ հոսանքի հետ: Կյանքը օրոր կասեր նրանց համար: Ամիսները կձգվեին իրենց հերթով` առաջիկա տարիների համար կուտակվելով անփոփոխ ու ոչինչ չդրդելով նրանց: Ոչ մի ցնցում, ոչ մի դժբախտ պատահար ի զորու չէր լինի խախտելու նրանց օրերի ու գիշերների ներդաշնակ շղթան` իրենց համարյա անորսալի ելևէջներով, միևնույն նյութի անվերջանալի կրկնությամբ: Նրանց երջանկությանը սահման չէր լինի:

Իսկ երբեմն էլ նրանց թվում էր, որ այլևս այդպես չի կարող շարունակվել: Նրանք փափագում էին մարտնչել և հաղթել: Նրանք ուզում էին կռվել ու նվաճել իրենց երջանկությունը: Բայց ինչպե՞ս կռվել: Ու՞մ դեմ: Ինչի՞ դեմ: Նրանք ապրեցին տարօրինակ, անկայուն աշխարհում, չարչիական քաղաքակրթության նախկին արտացոլանքի մեջ, որտեղ ամեն քայլափոխի բարեկեցության բանտեր ու երջանկության գայթակղիչ թակարդներ էին տեղադրված…

«Իրեր» գրքիցtumblr_inline_mkq9ccSZl91qz4rgp

ՄԻԼՈՐԱԴ ՊԱՎԻՉ

1 Մրտ

Սերը տարվա իր եղանակներն ունի: Իր գարունը, ամառը, աշունն ու ձմեռը: Տարվա եղանակներից յուրաքանչյուրի ներսում կան նրա սեփական` փոքրիկ տարվա եղանակները: Դրանք նույնպես չորսն են: Օրինակ, սիրո ամառն ունի իր բոլորովին փոքրիկ աշունը, ձմեռը, գարունն ու ամառը… Իսկ երբ վրա կհասնի ձեր ձմռան ձմեռը, դուք կսպասեք գարնանը: Բայց դա կլինի ոչ թե նախկին սիրո գարունը, այլ ինչ-որ նոր բան…seasons

ՈՒՐՍՈՒԼԱ ԼԵ ԳՈՒԻՆ

1 Մրտ

Մարդը ցանկանում է տեսնել այն նպատակը, դեպի ուր նա շարժվում է, սակայն տեսնել չի կարող, քանի դեռ չի թեքվել ետ, քանի դեռ չի վերադարձել իր ակունքներին, չի պահպանել նրանց հիշատակն իր հոգում: Եթե նա չի ցանկանում դառնալ մի տաշեղ, որն անզոր է իրեն քշող գետակի ջրերի դեմ,  ապա պարտավոր է ինքը դառնալ գետակ, դառնալ ավելի ուժեղ, քան իրեն քշող հոսանքը, և անցնել ճանապարհը ակունքից մինչև ծովափի գետբերանը:201955

%d bloggers like this: