1960-ականներին Գուրգեն Մահարին գրում էր մանրապատումների մի շարք, որն անվանել էր «Քանդակներ»: Բովանդակային բազմազանությամբ օժտված շարքում կային նաև գործեր, որտեղ արտահայտվում էր գրողի վերաբերմունքն այդ օրերի քաղաքական իրավիճակի ու միջազգային անցուդարձի նկատմամբ: Դրանցից մեկն էլ այս հատվածն է, որը Մահարին վերնագրել է «Չինական թվաբանություն»: Գրվել է 1963 թվականին: Հրապարակվում է առաջին անգամ:
Հ. Չարխչյան
«ՉԻՆԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
Զարմանալի մարդիկ են չինացիները:
Ասենք, ոչ թե չինացիները, այլ այս մեծ ժողովրդի, ինչպես ընդունված է ասել, ղեկավար շրջանները:
Նրանք գտնում են, որ կարելի է մի քանի միլիոն չինացի և ոչ չինացի զոհել հանուն մարդկության երջանկությանը: Այդ նորօրյա փանջունիները երազում են մարդկային երջանկության հաղթանակը Ծապլվարի, տվյալ դեպքում` հողագնդի ավերակների վրա:
Այս` միևնույն է, թե ասել, հանուն անասնապահության բարձրացման, անհրաժեշտ է մի քանի միլիոն մանր և խոշոր եղջերավոր անասուն մորթել:
Մենք չգիտենք` չինական ղեկավարները իրենց մանր, թե՞ խոշոր եղջյուրավոր են համարում, մենք կուզենայինք միայն, որ այս խնդիրը դրվեր քվեարկության: Այն ժամանակ հայտնի կլիներ, թե քանի չինացի է երազում մեռնելու մասին: Իսկ ղեկավարները… Մտնու՞մ են արդյոք նրանք մեռնեղների թվի մեջ: Այն ժամանակ կերևար այս զարմանալի թվաբանության ողջ անհեթեթությունը:
Գալով ոչ չինացիներին- նրանք մեռնել չեն ուզում: Որովհետև հանուն մարդկության երջանկության ոչ թե մեռնել, այլ ապրել ու աշխատել է հարկավոր:
Հօգուտ սրա կքվեարկի ողջ մարդկությունը, չին ժողովուրդն էլ հետը: Ղեկավար շրջաններն էլ, ամենայն հավանականությամբ, առանձին ախորժակ չունեն մեռնելու:
Էլ ո՞վ պիտի մեռնի:
Սա ինչ անօրինակ, տարօրինակ չինական տրամաբանություն է…