Մամուլի անդրադարձ

26 Դկտ

Ի՞նչ արժե մարդը Հայաստանումtimthumb

NewsBook.am–ի զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը.
– Ի՞նչ կորուստներով ու ձեռքբերումներով է Հայաստանը մտնում նոր 2014 թիվ։
– Ձեռքբերումներ հազիվ կարողանամ նշել, իսկ կորուստներն այնքան շատ են, որ թվարկելու համար շատ ժամանակ կպահանջի։ Ցավալի իրավիճակում հայտնված երկիր ունենք, և չեմ կարողանում գտնել մի բան, որի համար կարելի է ոգևորվել, ուրախանալ։ Այս պահին հիշում եմ իմ ճանաչած մարդկանց, փորձում եմ կռահել, թե նրանք այս տարվա ո՞ր իրադարձության համար կուրախանային, և հավատացեք, որ չեմ գտնում ոչ մի այդպիսի դեպք կամ իրադարձություն։
– Պարոն Չարխչյան, ի՞նչ արժե մարդը Հայաստանում։
– Մարդը Հայաստանում արժե ճիշտ այնքան, որքան մարդն ինքն իրեն գնահատում է։ Շատ կարևոր է, որ մինչև ուրիշի գնահատելը դու գնահատես քեզ. Խոսքն այն մասին չէ, թե որքանով ես ծախվում, որովհետև, գաղտնիք չէ, այդ առքուվաճառքն էլ կա Հայաստանում։ Հարցն այն է, թե դու որքան ես կարևորում քո անձը. արդյոք գիտե՞ս քո արժանիքները, քո առանձնահատկությունը։ Եվ ես     Ձեզ հավաստիացնում եմ՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մարդն արժե այնքան, որքան գնահատում է ինքն իրեն։
– Միջին վիճակագրական հայը որքա՞ն է իրեն գնահատում։
– Յուրաքանչյուր գնահատվում է իր շատ–շատ տառապանքի ու չնչին երջանկության չափով։
– Ինչո՞ւ է հայի երջանկությունը չնչին, կյանքից շա՞տ բան է պահանջում, ինքն իրենից՝ ք՞իչ։
– Երջանկությունը պայմանավորված է նրանով, թե ինչ ունենք մենք։ Իսկ այն, ինչ մենք ունենք, բավարար չէ երջանիկ լինելու համար։ Անգամ մեկ ժպիտի համար բավարար չէ։
– Տարեվերջին արձանագրած խոշոր տապալումները, գուցե, իսկապես, վե՞րջն է և պատճա՞ռը նոր Հայաստանի սկզբի։
– Գիտե՞ք, վերջին օրերին անընդհատ հիշում եմ անցած քսանամյակի պատմությունը։ Եվ ինձ բռնացրել եմ նրանում, որ հաճախ, շատ հաճախ եմ համոզված եղել, որ վերջն է, որ ամենածայրահեղ կետն է, որ դրանից այն կողմ էլ հնարավոր չէ որևէ լավ բան հուսալ։ Բայց անցնում էր որոշ ժամանակ, և ավելի մեծ ողբերգություն էր պատահում։ Եվ այդպես, ցավալի կորուստների մի հսկայական շղթա ընկավ մի սերնդի ուսերին։ Ես քաղաքագետ չեմ, տնտեսագետ չեմ և սխալ կլինի, եթե ես հիմա այդ հարցերի շուրջ դատողություններ անեմ։ Բայց, ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանություն կոչվածը, որը պետության մարմնավորումն է, պարզապես չի ճանաչում իր ժողովրդին և միտք էլ չունի հաշվի նստել իր ժողովրդի հետ։ Որևէ իշխանություն չի կարող կայանալ, եթե նա խզել է իր կապերը իր ժողովրդի հետ։ Ցանկացած այդ կարգի իշխանություն դատապարտված է. Ընդամենը ժամանակի խնդիր է։ Այլ բան է, թե նրանց գնալուց հետո ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք մաքրելու նրանց թողած աղբը։
– Ամեն դեպքում, չենք կարող ասել, թե ջախջախված, ցածր ինքնագնահատականով ու քնած ժողովուրդ է, ում գլխին անվերջ կարելի է երկանք աղալ։
– Իհարկե, այդպես չէ։ Մենք բավական ակտիվ հասարակություն ունենք՝ իր իրավունքների, սկզբունքների համար պայքարող, արթուն։ Եվ ակտիվ հասարակությունը փողոց դուրս եկած մարդկանց թվով չէ միայն չափվում։ Եթե մի մասը իր պայքարը ծավալում է հրապարակներում ու փողոցներում, ապա մի մասն իր պայքարն անում է իր գրասեղանի մոտ, իր հողը մշակելով։ Եթե բոլորը փողոց դուրս գան, արդեն հեղաշրջում կլինի։ Եվ գուցե զարմանաք, բայց ես չեմ ուզում, որ հեղափոխություն լինի։ Ես գիտեմ, թե ինչ է հեղաշրջումը. այն անպայման ուղեկցվում է արյամբ, կոտորածներով, դաժանությամբ։ Ես կարծում եմ, որ դեռևս բոլոր միջոցները սպառված չեն, որ դեռ կան այլ միջոցներ, որոնցով հասարակությունը կարող է հասնել իր ուզած վիճակին։

– Եթե ոչ հեղաշրջում, ապա ի՞նչ միջոցներ եք առաջարկում։

– Գուցե պարզունակ թվա, բայց հասարակությունը հաղթում է իր կրթվածությամբ։ Հասարակության կրթվածության աստիճանով է որոշվում նրա կեցությունը, վիճակը։ Ձեր ասած հեղափոխությունը պետք է գիտակցության մեջ լինի։ Կարո՞ղ եք ասել, թե Հայաստանի բնակչության մեջ քանի հոգի է նյութական արժեք ստեղծում։ Հավատացնում եմ Ձեզ՝ չնչին մասը։ Ինչպե՞ս պետք է առաջընթաց արձանագրվի մի երկրում, որտեղ մարդիկ ոչինչ չեն արտադրում։
– Պարոն Չարխչյան, ինչպե՞ս արտադրեն, եթե երկրում գործարանները չեն գործում։
– Հենց դա է՝ երկրում ոչինչ չի արտադրվում, գրեթե ոչինչ չի արտադրվում։ Մենք միայն սպառում ենք։ Իմ հույսը հողագործներն ու սակավաթիվ բանվորներն են։
– Ի՞նչ եք մաղթում հողագործներին, բանվորներին և սպառողների դասին։
– Չեմ ասի՝ երջանկություն, հաջողություն, առողջություն։ Կուզեի, որ եկող տարում մարդիկ ավելի լավ ճանաչեին իրենց։ Ավելի հաճախ զրույցի նստեին իրենք իրենց հետ, հստակեցնեին՝ ի՞նչ են ուզում վերջապես և արդյո՞ք քայլեր անում են իրենց փնտրածին մոտենալու համար։ Ինքներս մեզ հետ անկեղծ լինենք և դրանից հետո կարողանանք նաև հաշտվել ինքներս մեզ հետ։

Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի

NewsBook.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s