Պահոց | Նոյեմբերի, 2013

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

16 Նյմ

Ժամանակի ընթացքում` հարստանալով համատեղ ապրումների փորձով և գենետիկ փոխակերպման պտուղներով, մենք վերջապես խիղճը տեղադրեցինք արյան բաղադրության մեջ, մեր արտասուքի աղի մեջ, և ավելին, աչքերը վերածեցինք դեպի ներս ուղղված հայելու, ինչի արդյունքում դրանք անամոթաբար հերքում են այն, ինչը ջանում են հաստատել շուրթերը:

Ես կարծում եմ, մենք չենք կուրացել, այլ եղել ու մնում ենք կույր: Կույրեր, որոնք տեսնում են: Կույրեր, ովքեր տեսնելով չեն տեսնում:saramago

ԿԱՐԼՈՍ ԿԱՍՏԱՆԵԴԱ

15 Նյմ

Ամեն ոք գնում է իր ճանապարհով: Սակայն բոլոր ճամփաները, միևնույն է, գնում են ոչ մի տեղ: Կնշանակի` ճանապարհի ամբողջ իմաստն այն է, թե ինչպես այն անցնել: Եթե գնում ես հաճույքով, ուրեմն դա քո ճանապարհն է: Եթե քեզ վատ ես զգում, կարող ես ցանկացած պահի կանգ առնել` որքան էլ հեռու գնացած լինես: Եվ դա ճիշտ կլինի:

Անսիրտ ճանապարհը երբեք ուրախալի չի լինում: Հենց միայն այն բանի համար, որ դուրս գաս այդ ուղին, հարկ է լինում ծանրորեն աշխատել: Եվ ընդհակառակը, այն ճամփան, որը սիրտ ունի, միշտ հեշտ է: Որպեսզի նրան սիրես` առանձնակի ջանքեր չեն պահանջվում:castaneda2

ՋՈՒԼԻԱՆ ԲԱՐՆՍ

14 Նյմ

Կյանքը մի ընթացք է, որի ժամանակ քո բոլոր թույլ կողմերը անխուսափելիորեն բացահայտվում են: Երբ մեկի հետ երկար ես ապրում, ապա հետզհետե կորցնում ես նրան ուրախություն պարգևելու ընդունակությունը, իսկ ահա ցավ պատճառելու ընդունակությունը նույնն է մնում: Դուք նկատե՞լ եք, որ երբ մարդու մասին ասում են, թե նրան ճանաչում են երկար տարիներ, ապա դա միշտ նշանակում է, որ հիմա նրա հասցեին ինչ-որ ստորություն կասեն…

Ես վստահաբար գիտեմ` կա օբյեկտիվ ժամանակ և կա սուբյեկտիվ ժամանակ, որը դու կրում ես դաստակի ներսի կողմում` այնտեղ, որտեղ զարկերակն է: Եվ քո սեփական, այսինքն իսկական ժամանակը չափվում է հիշողության հանդեպ քո վերաբերմունքով:julianbarnes2011-482x298

ՊԵԼԵՄ ԳՐԵՆՎԻԼ ՎՈՒԴՀԱՈՒՍ

13 Նյմ

Որքան երկար եմ ապրում, այնքան հստակ եմ հասկանում, որ ամենակարևորը կյանքում հաստատապես իմանալն է, թե ինչ ես ուզում և թույլ չտալ, որ քեզ շեղեն ուղուց նրանք, ովքեր կարծում են, թե իրենք ավելի լավ գիտեն: Ես այնքան էլ վստահ չեմ, բայց իմ կարծիքով դա Շեքսպիրը կամ ծայրահեղ դեպքում` ոչ պակաս խելացի մի տղա էր ասել, թե հատկապես այն պահին, երբ դու սկսում ես զգալ կյանքի ամբողջ հմայքը, ճակատագիրը գաղտագողի մոտենում է քո թիկունքից` ձեռքին արճճե  ձողը: Այդպես է. ամեն կյանք իր ամպամած եղանակն ունի, սըր…wodehouse

ՌՈԱԼԴ ԴԱԼ

12 Նյմ

Եթե ուզում ես անպատիժ մնալ` երբեք ոչինչ կիսատ մի արա: Գնա առճակատման և ոչ մի բանի առաջ կանգ չառնես: Ստիպիր բոլորին մտածել, որ այն ամենն, ինչ դու անում ես, անքան անհավանական է, որ դրան պարզապես անհնար է հավատալ:

Եթե քեզ ինչ-որ բան հետաքրքրում է` ինչ էլ դա լինի, սուզվիր նրա մեջ գլխովին, բռնիր նրան երկու ձեռքերով, գգվիր, շոյիր, սիրիր, բայց ամենակարևորը` վարվիր նրա հետ այնպիսի մեծ կրքով, որին ընդունակ ես: Մի եղիր սառը: Տաք լինելը նույնպես բավարար չէ: Պետք է շիկացած լինել կրքից…Roald-Dahl_1692870c

ՈՒԻԿԼԻ ՔՈԼԻՆԶ

11 Նյմ

Ուշադիր ուսումնասիրեք ձեր կնոջը 24 ժամ անընդհատ: Եթե ձեր բարի տիկինն այդ ընթացքում հանդես չբերի մի որևէ հակասություն, ապա, թող տերը ձեզ պահապան լինի, դուք ամուսանացել եք հրեշի հետ:

Կանայք կարող են դիմակայել տղամարդկանց սիրուն, նրանց գեղեցիկ արտաքինին, նրանց հարստությանը, սակայն նրանց ուժից վեր է դիմակայել հաճոյախոսությանը, եթե, իհարկե, դա իրենց է հասցեագրված:

Երբ Աստված արարեց կնոջը, նա սկսեց խղճալ տղամարդկանց, և նրանց սփոփելու համար ստեղծեց ծխախոտը:Wilkie-Collins-1024_249152k

ԱՐԹՈՒՐ ՀԵՅԼԻ

10 Նյմ

Բոլոր մարդիկ միայնակ են, նույնիսկ ամբոխի մեջ:

Եթե մարդիկ, ովքեր իրենց շրջապատում են բարձր պատով, իրենք էլ երազում են, որ դուք այդ պատը փշրեք, և եթե դուք այդ բանը չեք անում, ապա երբեք իրապես չեք ճանաչի նրան, ով ապրում է պատից այն կողմ:

Ցավոք սրտի, մարդիկ չեն փոխվում: Համենայն դեպս, չեն փոխվում գլխավորում: Նրանք միայն հարմարվում են: Միշտ էլ կարելի է պատճառաբանություններ գտնել` արդարացնելու համար անգործությունը և, որպես կանոն, ծանրակիռ պատճառաբանություններ: Այդ պատճառով էլ շատ քչերն են ընդունակ պնդել այն, ինչին հավատում են կամ ձևացնում են, թե հավատում են:arthur-hailey

ՋԵԿ ԿԵՐՈՒԱԿ

9 Նյմ

Նրանք պար էին գալիս փողոցում ինչպես լարած խաղալիքներ, իսկ ես քարշ էի գալիս նրանց ետևից, ինչպես որ ամբողջ կյանքում քարշ կգամ նրանց ետևից, ովքեր ինձ հետաքրքիր են, քանի որ ինձ հետաքրքիր են միայն ցնորվածները, նրանք, որոնք խելքները գցում են կյանքի համար, զրույցների համար, փրկված լինելու ցանկության համար, ովքեր ամեն ինչ միանգամից են ցանկանում, ովքեր երբեք չեն ձանձրանում ու չեն ասում դատարկ բաներ, ովքեր միայն այրվում, այրվում, այրվում են, ինչպես հռոմեական ֆանտաստիկ դեղին մոմերը, որոնք սարդեր են ցրիվ տալիս աստղային երկնքում, իսկ կենտրոնում հայտնվում է կապույտ բռնկումը, և այն ժամանակ բոլորը բացականչում են. «Օհ-ո-ո-ո…»:

«Ճանապարհին» գրքիցjoshua budich jack kerouac

 

ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՎԻԱ

8 Նյմ

Ժամանակակից աշխարհը կառուցված է այնպես, որ ոչ ոք չի կարող զբաղվել նրանով, ինչ ինքն է ցանկանում, այլ ընդհակառակն, պիտի անի այն, ինչին ձգտում են ուրիշները: Մշտապես բոլորը մատնացույց են անում փողը. դրանից է կախված և այն, ինչ մենք անում ենք, և այն, ինչ մեզնից ներկայացնում ենք, ինչ ուզում ենք լինել, մեր աշխատանքը, մեր ամենաբաղձալի երազները, նույնիսկ հարաբերությունները նրանց հետ, որոնց մենք սիրում ենք:
Մենք բոլորս նման ենք իրար: Նպատակին տանող հազարավոր միջոցներից միշտ բնազդաբար ընտրում ենք ամենավատը:moravia653 2

Մի մոռացված լեգենդ

8 Նյմ

1950-ականներին Երևանում ապրել ու աշխատել է մի հմուտ քարագործ վարպետ, ով մեկ ձեռք է ունեցել: Բայց նույնիսկ մի ձեռքով նա կառուցել է մեր մայրաքաղաքի լավագույն շենքերը: Նրա մասին լեգենդներ են պատմում: Իսկ այսօր, ցավոք, ոչ ոք չի հիշում այդ վարպետին: Ինձ հաջողվեց գտնել նրա լուսանկարը: Սակայն անունը չգիտեմ, մինչդեռ այսպիսի մարդկանց մոռանալ չի կարելի:

 Հովիկ Չարխչյանմիձեռքանի քարագործ վարպետը, 1950

ԼԱՐՍ ՍՈԲԻ ՔՐԻՍՏԵՆՍԵՆ

7 Նյմ

Մենք մեկս մյուսի մասին գիտենք միայն այն, ինչը տեսնում ենք, իսկ տեսանելիությունը խաբուսիկ է, մենք խոշորացույցը խցկում ենք ծառի ոստի մեջ և չենք նկատում շրջապատի սաղարթը, մենք մեկուսացված ենք, ամեն մեկս` իր համար, իսկ իբրև դիտորդներ անօգնական ենք, մեր համբերությունը չի բավականացնում, ուրիշների մասին մենք քիչ բան գիտենք, մեր մասին` առավել ևս:

Կարևորն այն չէ, թե ինչ ես տեսնում, այլ այն, թե տեսնելիս ինչ ես մտածում:Lars Saabye Christensen

ԼՅՈՒԻՍ ՔԵՐՈԼ

6 Նյմ

— Ասացեք խնդրեմ, ես այստեղից ու՞ր գնամ:

— Իսկ ու՞ր ես ուզում գնալ,- պատասխանեց Կատուն:

— Ինձ համար միևնույն է,- ասաց Ալիսան:

— Այդ դեպքում նաև միևնույն է, թե ուր կգնաս,- նկատեց Կատուն:

— Միայն թե ինչ-որ տեղ հասնեմ,- պարզաբանեց Ալիսան:

— Ինչ-որ տեղ դու անպայման կհասնես,- ասաց Կատուն,- պետք է միայն բավականին երկար գնալ…Presence-Lewis-Carroll-Charles-Dodgson-631

«Հիշատակներս տար Հայաստան»

6 Նյմ

Lettre_Manouchian_1ՄԻՍԱԿ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՐ ԿՆՈՋԸ

«21 փետրվարի 1944 թ., Ֆրեն

Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս

Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:

Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:

2Բոլոր ունեցածներս կտակում եմ քեզ, քո քրոջը և նրա որդիներին: Պատերազմից հետո դու կկարողանաս, որպես իմ կինը, ստանալ պատերազմական թոշակ, որովհետև ես մեռնում եմ որպես Ֆրանսիայի ազատագրության բանակի կամավոր զինվոր: Պատերազմից հետո, բարեկամներիս օգնությամբ, որոնք հոժարությամբ պիտի ուզենան պատվել ինձ, հրատարակել տուր իմ պոեմները և այն գրվածքները, որոնք արժանի են կարդացվելու: Եթե հնարավոր է, իմ հիշատակներս տար Հայաստան իմ ազգականներին:

Քիչ հետո ես իմ 23 ընկերների հետ կմեռնեմ քաջությամբ և հոգու անդորրությամբ մի մարդու, որի խիղճը շատ հանգիստ է , որովհետև ես անձամբ ոչ ոքի վնաս չեմ հասցրել և եթե արել եմ, ես այդ արել եմ  առանց ատելության: Այսօր արևոտ օր է, արևին և իմ այնքան սիրած գեղեցիկ բնությանը նայելով է, որ մնաք բարով կասեմ կյանքին և ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի բարեկամներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վնաս են հասցրել կամ ցանկացել են ինձ վնաս հասցնել, բացառությամբ նրան, որ մեզ դավաճանեց իր կաշին փրկելու համար, և նրանց, որոնք մեզ ծախեցին: Ուժգին համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և  բոլոր բարեկամներին, որոնք ճանաչում են ինձ հեռվից կամ մոտից, կրծքիս սեղմում եմ բոլորիդ: Սնաք բարով: Քո բարեկամ , քո ընկեր, քո ամուսին`

Մանուշյան  Միշել  (ջանիկդ):

 

Հ . Գ.- Ես Պլեզանս փողոցի մեր տան ճամպրուկում ունեմ 15 հագար ֆրանկ, եթե կարոդ ես վերցնել, վճարիր իմ պարտքերը ե մնացածը նվիրիր Հայաստանին:

Մ. Մ.»:

GroupeManouchian

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

5 Նյմ

Ամուսնանալ, ընտանիք կազմել, ընդունել բոլոր ծնվող երեխաներին, պահպանել նրանց այս անկայուն աշխարհում և նույնիսկ առաջ ուղեկցել,- սա, իմ համոզմամբ, ամենամեծ բարիքն է, որ տրված է մարդուն: Այն, ինչ թվում է, թե շատերին հեշտությամբ է հաջողվում, չի կարող ծառայել իբրև առարկություն, թե իբր նախ ոչ բոլորին է հաջողվում իրականում, և երկրորդ` այդ քչերը մեծամասամբ  ոչ թե «ձեռք են բերում», այլ դա պարզապես «պատահում է» նրանց հետ: Ճիշտ է, դա այն «ամենամեծ» բարիքը չէ, բայց ամեն դեպքում կարևոր և խիստ պատվաբեր մի բան է (հատկապես այն պատճառով, որ այստեղ չի կարելի լիովին տարանջատել  «ձեռք բերելը» «պատահել»-ուց):

Մարդկային երկու հիմնական մեղքեր կան, որոնցից բխում են մնացածները. անհամբերությունն ու անփութությունը: Անթութության պատճառով մարդիկ արտաքսվեցին դրախտից, անփութության պատճառով նրանք չեն վերադառնում այնտեղ…

«Նամակ հորը»????????????

ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

5 Նյմ

Այս փաստաթուղթն այժմ պահվում է Մոսկվայում` Ռուսաստանի պետական արխիվի սոցիալ-քաղաքական պատմության բաժնի ֆոնդում:

 «ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար ընկ. Ստալինին

Ընկեր Միկոյանը խնդրում է Հայաստանը հակասովետական տարրերից մաքրելու նպատակով թույլատրել լրացուցիչ գնդակահարել 700 մարդ դաշնակերից և այլ հակասովետական տարրերից: Առաջարկում եմ գնդակահարել լրացուցիչ 1500 մարդ, իսկ ընդհանուր առմամբ նախկինում հաստատված թվով` 2000 մարդ:

 

ԽՍՀՄ ՆԳ ժողովրդական կոմիսար Եժով

22 սեպտեմբերի, 1937 թ.»:99036_1000

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

4 Նյմ

Երբ դու սովորում ես, դու սոսկ բացահայտում ես քեզ համար այն, ինչը վաղուց գիտես:

Երբ դու արարք ես գործում, դու ցույց ես տալիս, որ իսկապես այդ մասին գիտես:

Երբ դու սովորեցնում ես, ընդամենը հիշեցնում ես մեկ ուրիշին, որ այդ ամենը նա գիտի նույնքան լավ, որքան ինքդ:

Մենք բոլորս սովորում ենք, արարքներ ենք գործում և սովորեցնում ենք:

Քո միակ պարտականությունը քեզ տրված կյանքերից յուրաքանչյուրում այն է, որ հավատարիմ լինես ինքդ քեզ: Հավատարիմ լինել ևս ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի` անհնար է, բացի այդ դա կեղծավորության լավագույն նշանն է:

Ամենապարզ հարցերն իրականում ամենադժվարն են: Որտե՞ղ ես ծնվել: Որտե՞ղ է քո տունը: Ու՞ր ես գնում: Ի՞նչ ես անում: Մտածիր այս մասին ժամանակ առ ժամանակ, և հետևիր, թե ինչպես են փոփոխվում քո պատասխանները:1346663793563

ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՄՈԼԱԳԱՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

4 Նյմ

1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր գրչընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում, կարծե թե ի միջիայլոց. Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին:

Տարիներ հետո նրա մասին պիտի գրեին, թե պաշտոնապես ճանաչվել է հայ առաջին մոլգար մարդասպանը, նրա անունը պիտի հայտնվեր Սովետական մեծ հանրագիտարանի էջերում, նա պիտի դառնար գրքերի, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի հերոս, տեղ զբաղեցներ քրեագիտության դասագրքերում: Իսկ հեռավոր 1964-ին մարդիկ ընդամենը պատմում էին մի դաժան հանցագործի մասին, որն առավել հայտնի էր «Մոսգազ» մականվամբ, քանի որ իր զոհերի բնակարաններ էր թափանցում` ներկայանալով իբրև Մոսկվայի գազի ծառայության աշխատակից:manyak-1

Վլադիմիր Իոնեսյանը ծնվել էր Թբիլիսիիում, հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի պետական կոնսերվատորիան, աշխատանքի անցել թատոնում, սակայն շուտով նրան դատում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել կյանքը` ամուսնանում է, որդի է ունենում: Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ` կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում` նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: Մեկնում են Օրենբուրգ: Իոնեսյանն աշխատանքի է անցնում երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է «ճակատագրական կինը». Իոնեյանը թատրոնում ծանոթանում է պարուուհի Ալևտինա Դմիտրևնայի հետ, հանուն որի լքում է ընտանիքը և սիրուհու հետ մեկնում Մոսկվա` խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական ավտանգության ծառայության` ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություներ կատարում` հանուն հայրենիքի անվտանգության և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով: Հավատաց նրան Ալևտինան, թե՞ պարզապես կուզեր հավատալ, բայց մայրաքաղաքային կյանքի հմայքն ու հեռանկարներն առավել զորեղ գտնվեցին: Նա նույնիսկ ենթադրել չէր կարող, թե ում հետ էր կապում իր կյանքը և ինչեր էին իրենց սպասվում Մոսկվայում…

Ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս պատահեց, որ երեկվա երաժիշտը հանկարծ դարձավ արյունարբու մարդասպան: Այն տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել` առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ ավելի ուշ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը, հանգեին այն եզրակացությանը, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի, ինչն էլ իր հերթին յուրահատուկ բողոքի ձև էր` ավելին լինելու, բայց նվազագույնը ստանալու  անարդարության դեմ:

Այս հարցերի ճշմարիտ պատասխանը մենք թերևս երբեք չիմանանք: Իսկ 1963-ի ձմռանը, երբ Վլադիմիր Իոնեսյանը քայլում էր դեպի հանրախանութ` տուրիստական կացին գնելու համար, նա նկասկած արդեն վճռել էր իր անելիքըmanyak-3

Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին նախկին երաժիշտը Մոսգազի աշխատակցի անվան տակ մուտք գործեց բնակարան, որտեղ երեխա միայնակ էր ու սպանեց նրան: Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոցը: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սպանությունների հեղինակ դարձավ: Կալինինի փողոցում դարձյալ երեխայի սպանեց` 12-ամյա Միխայիլ Կուլեշևին` տնից տանելով գրիչ ու փոխառության թղթեր, իսկ Հոկտեմբերյան փողոցում կացնահարեց 74-ամյա կնոջը, որպեսզի հետո իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը:

Օրեր անց նույն քաղաքում նա հրձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկու վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու նկարագրեց հանցագործին: Իսկ Իոնեսյանը նույն գիշեր արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա:

Իվանովոյի դեպքերն ի վերջո սթափեցրին իրավապահներին: Համակարգը շարժվեց: Գործն անցավ անմիջականորեն ՆԳՆ նախարարի վերահսկողության ներքո: Դրանով սկսեց հետաքրքրվել ԱՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիա Խրուշչովը:

Իսկ այդ ընթացքում Իոնեսյանը շարունակում էր իր «հունձը»: Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում դեկտեմբերի 28-ին նա կացնահարեց 11-ամյա Ալեքսանդր Լիսովցին: Սպանությունը որքան դաժան էր, նույնքան էլ անիմաստ. մոլագարը հեռացավ` իր հետ ոչինչ չտանելով: Ամանորի տոների կարճ դադարից հետո նա վերստին գործի անցավ և ունվարի 8-ին Շերեմետևյան փողոցում սպանեց 46-ամյա Մարիա Երմակովային` կացնի 20 հարված հասցնելով կնոջը: Այս անգամ «Մոսգազի» ավարը փոքր-ինչ ավելին էր. Իոնեսյանն իր հետ տարավ սեղանի ժամացույցն ու հեռուստացույցը:manyak-2

Օրը ցերեկով կատարված հանցագործությունն ականատեսներ ունեցավ: Բնակիչներից ոմանք իրավապահներին պատմեցին, որ տեսել են, թե ինչպես կովկասյան արտաքինով երիտասարդը` հեռուստացույցը ձեռքին, նստել է մի բեռնատար մեքենա: Բեռնատարն արագ գտան: Վարորդը պատմեց, թե որտեղ է իջեցրել իր ուղևորին: Ճշտելով բնակարանը, խուզարկուները ներխուժեցին տուն սակայն այնտեղ գտան միայն Ալևտինա Դմիտրևնային: Նրան ձերբակալեցին ու նետեցին մենախուց: Հարցաքննության ժամանակ վերջինս պատմեց, որ Իոնեսյանը շտապ մեկնել է Կազան, և շուտով ինքն էլ պիտի գնա այնտեղ: Սա նպաստավոր վիճակ էր: Անմիջապես որոշում կայացրեց քրեական հետախուզության աշխատակիցներից մեկին գրիմավորել և Ալևտինայի կերպարանքով գնացք նստեցնել: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ էր: Կազանի կայարանում 1964 թ. հունվարի 12-ին սիրուհուն դիմավորելու եկած մարդասպանը ձերբակալվեց…

Կա պատմություն այն մասին, որ Իոնեսյանի հետ անձամբ զրուցել է նաև Նիկիտա Խրուշչովը: Զրույցից հետո նա հրահանգել է. «Որպեսզի 2 ժաբաթ հետո սա այլևս չլինի»: Այս վարկածը կարող է միանգամայն իրական լինել, քանի որ Իոնեսյանի ճակատագիրը վճռված էր ի վերուստ: Հաշվի առնելով հասարակության արձագանքը, իշխանությունները շտապում էին հնարավորինս արագ փակել այդ սև էջը: Երբ մամուլում հայտնվեց հաղորդում նրա ձերբակալման մասին, սկեցին հազարավոր նամակներ ստացվել քաղաքացիներից, ովքեր պահանջում էին ամենախիստ պատիժը:

Կենտկոմում նիստ գումարվեց: Որոշվեց կիրառել մահապատիժ` կախաղանի միջոցով: Նույնիսկ առաջարկություն հնչեց դա անել հրապարակավ: Սակայն որոշումը նույնքան արագ սրբագրվեց այն պատճառաբանությամբ, որ նպատակահարմար չէ կատարվածին սենսացիոն երանգներ հաղորդել:616592

Ինչպես և կարգադրել էր Խրուշչովը, ողջ քննչական և դատական գործընթացը տևեց ճիշտ երկու շաբաթ: 1964 թ. հունվարի 31-ին, ժամը 23.00-ին  Վլադիմիր Իոնեսյանը գնդակահարվեց: Նա ընդամենը 26 տարեկան էր:

Ի սկզբանե ամրագրված և տեսականորն «հիմնավորված» համոզմունք կար, թե խորհրդային հասարակարգում չէին կարող լինել սերիական մարդասպաններ ու մոլագարներ: Բայց ստացվեց այնպես, որ գործնականում դա ապացուցելու միակ ճանապարհը բոլոր հետքերը ոչնչացնելն ու լռելն էր: Իոնեսյանի սիրուհին նույնպես անպատիժ չմնաց: Նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, թեև որևէ ծանրակշիռ ապացույց չկար վերջինիս հանցակից լինելու մասին: Միայն 1972-ին դատավճիռը վերանայվեց և կինն ազատ արձակվեց:

Իոնեսյանը գնդակահարվեց, սակայն նրա սերմանած վախը դեռ երկար ժամանակ իշխում էր մարդկանց սրտերում: Շատերը սկսել էին տագնապով ու զգուշությամբ արձագանքել իրենց բնակարանների դռան թակոցներին, եղան նաև դեպքեր, երբ քաղաքացիները պարզապես դանակով հարձակվել էին ժեկ-ի աշխատակիցների վրա կամ ահազանգել միլիցիային: Իոնեսյան անունը դարձավ չարիքի հոմանիշ: Կա այսպիսի մի պատմություն` կապված ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու հետ: Ասում են, որ երբ ԽՍՀՄ-ում նրա դեմ գաղափարական արշավ էր սանձազերծվել, Կենտկոմի ազդեցիկ դեմքերից մեկը հայտարարել էր. «Բրոդսկին ավելի վտանգավոր է, քանի Իոնեսյանը: Եթե Իոնեսյանը միայն մարդկանց գլուխներ էր փշրում, Բրոդսկին գլուխներում վնասակար մտքեր է լցնում»:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆmanyak-6

Շուկշինի մահը

3 Նյմ

1974 թվականին ռուս գրող Վասիլի Շուկշինը նկարահանվում էր «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» ֆիլմում: Նկարահանող խումբը բնակվում էր «Դանուբ» շոգենավում: Հոկտեմբերի 1-ի գիշերը դերասանները հավաքվեցին միասին դիտելու ԽՍՀՄ- Կանադա հոկեյի խաղը, իսկ առավոտյան, երբ ընկերները մտան Շուկշինի սենյակը, որպեսզի նրան արթնացնեն, նա արդեն մեռած էր: Այս լուսանկարն արվել է նույն օրը:164428743

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ

3 Նյմ

Միտքը (թող որ նա վաղուց ծագած լինի մեր գլխում), կենդանություն է առնում միայն այն պահին, երբ նրան հավելվում է այնպիսի մի բան, ինչն այլևս չի համարվում մտածողություն ու այլևս տրամաբանական չէ: Այնպես որ մենք զգում ենք նրա իսկությունը ցանկացած արդարացման մյուս կողմում, ինչպես խարիսխ, որով նա բախվել է տաքացած արյանը, կենդանի մսին… Մեծ ընկալումը մտքի լուսավոր շրջանի մեջ կատարվում է միայն կիսով, մյուս կեսը` էության խավար ընդերքում, և այն առաջին հերթին հոգեվիճակն է, որից ամենասուրը միտքը պսակում է որպես ծաղիկ…

Դեպի միտք գնացող բոլոր ճանապարհները գալիս են հոգուց, բայց դրանցից ոչ մեկը ետ չի տանում:robert-musil-110~_v-image512_-6a0b0d9618fb94fd9ee05a84a1099a13ec9d3321

Սալվադոր Դալիի մահը

2 Նյմ

1984 թվականին հրդեհ բռնկվեց այն դղյակում, որտեղ միայնակ ապրում էր Սալվադոր Դալին: Չկար մեկը, որ նրան օգներ: Ծանր այրվածքներ ստացած ծերունին հրաշքով փրկվեց, բայց հետագա օրերն անցկացրեց անկողնում գամված: Հիվանդության օրերին Դալին միայն մեկ հոդաբաշխ նախադասություն արտասանեց. «Իմ ընկեր Գարսիա Լորկան»: Դալին վախճանվեց 1989-ի հունվարի 23-ին: Նրա կտակի համաձայն, նկարչին թաղեցին իր թատրոնի բեմի տակ:huge

%d bloggers like this: