Պահոց | 4:45 ա.

ԹԵՆԵՍԻ ՈՒԻԼՅԱՄՍ

19 Նյմ

Եթե ինչ-որ մի բան կրծոտում է քո հիշողությունը և պատառոտում է երևակայությունդ, լռությունը չի օգնի: Չի կարելի փակել այրվող տան դուռը բանալիով` այն հույսով, թե կմոռանաս հրդեհի մասին: Ինքն իրեն հրդեհի չի մարվի: Եթե ինչ-որ բանի մասին երկար ժամանակ լռում ես, այն աճում, աճում է լռության մեջ, ինչպես ուռուցքը…

Երբեք ոչ մեկին տրված չէ ոչինչ իմանալ: Մենք բոլորս դատապարտված ենք ցմահ միայնակ ազատազրկման սեփական մաշկի մեջ: Հավատացնում եմ ձեզ, դա է ճշմարիտը, և մենք պետք է նայենք դրա աչքերի մեջ: Մեզնից յուրաքանչյուրը պիտի կրի իր ցմահ ժամկետը այդ մենախցում: Ցմահ:

«Օրփեոսը իջնում է դժոխք» գրքիցpicture-tennessee-williams

ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ…

19 Նյմ

— Ահաբեկիչները երբևէ փորձե՞լ են առևանգել հայկական օդանավեր:

Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր նման հարցին կարձագանքեն միանշանակորեն` ոչ: Սակայն առավել տեղեկացվածները ոչ միայն հաստատակամ պատասխան կտան, այլև կթվարկեն մեկ տասնյակի հասնող համանման դեպքեր, երբ Երևանից մեկնող կամ Երևան ժամանող ինքնաթիռները զավթել են առանձին անհատներ կամ հանցավոր խմբեր: Մենք այսօր կպատմենք այդ դեպքերից միայն երկուսի մասին` առանձնացնելով նրանք, որոնք կատարվել են տեղական չվերթերի ժամանակ:

Դրանցից առաջինը պատահեց 1961 թվականի սեպտեմբերի 10-ին: Աշնանային խաղաղ օր էր: Երևան-Եղեգնաձոր չվերթի Յակ-12 ինքնաթիռը վաղ առավոտյան օդ բարձրացավ: Ինքնաթիռում ընդամենը երեք ուղևորներ էին: Անհրաժեշտ բարձրությունը հավաքելուց հետո Յակ-12-ը, որն արդեն սավառնում էր պետական սահմանի երկայնքով, շրջադարձ կատարեց և պատրաստվում էր ուղղություն վերցնել դեպքի մեկնումի վայրը, երբ հանկարծ երեք երիտասարդները միանգամից  ներխուժեցին օդաչուի խցիկ և սպառնալից ձայնով հրահանգեցին. «Չթեքվես: Քշիր Թուրքիա»: Նկատելով, որ օդաչու Էդիկ Բախշինյանը չի պատրաստվում հնազանդվել իրենց պահանջին, առևանգիչներից երկուսը բռնեցին նրա ձեռքերն ու թիկունքից դանակի մի քանի հարվածներ հասցրեցին: Երրորդ երիտասարդը անջատեց ռադիոկապը և գրավեց վիրավոր օդաչուի տեղը:1965

Ովքե՞ր էին նրանք: «Նորելուկ» օդաչուն 26-ամյա Հենրիխ Սեկոյանն էր, ով ԴՕՍԱԱՖ-ում օդաչուական դասընթացներ էր անցել ու վստահ էր, թե կկարողանա կառավարել մեքենան: Նրա հանցակիցներն էին Երևանի համալսարանի առաջին կուրսի ուսանող, 18 տարին նոր բոլորած Սերժ Թումանյանը և 27-ամյա բանվոր Գարեգին Մովսիսյանը: Հազիվ թե այդ երեքը պատրաստվում էին խորհրդային երկիրը լքել գաղափարական համոզմունքներից դրդված: Ավելի շուտ նրանց հրապուրել էր Արևմուտքի հեքիաթը, հանուն որի պատրաստ էին դիմել այդ ծայրահեղ քայլին և դեպի երազանք գնալու համար ընտրել Թուրքիայի տարածքով անցնող ճանապարհը:

Ընդամենը 5 րոպե պահանջվեց համոզվելու համար, որ Սեկոյանի մոտ ոչինչ չէր ստացվում: Օդանավը չէր ուղղվում և ընթանում էր դեպի ներքև: Այդ ժամանակ առևանգիչները ղեկի մոտ վերադարձրեցին արյունաքամվող Բախշինյանին, դանակը պահեցին կոկորդին և սպառնացին սպանել, եթե նա ինչ-որ բան անի իրենց ցանկությանը հակառակ: Մեքենան շտկվեց և բարձրացավ վեր: Տեսնելով, որ իրավիճակն արդեն վերահսկվում է, օդանավի նոր տերերը հանգիստ շունչ քաշեցին: Բայց հենց այդ հանգստությունն էլ ճակատագրական դարձավ արկածախնդիրների համար: Օգտվելով վերջիններիս զգոնության նվազումից, Էդիկ Բախշինյանը հանկարծ ղեկը կտրուկ աջ թեքեց, իսկ հետո կտրուկ ներքև սլացավ: Ցնցումից ահաբեկիչներն այս ու այն կողմ ընկան: Դա էլ հենց անհրաժեշտ էր: Հաշված վայրկյաններում օդաչուն ինքնաթիռը տարավ վայրէջքի: Ներքևում գյուղեր էին ու խաղողի այգիներ: Ընտրելով առավել անվտանգ տարածք և ջանալով, որ հարվածը հնարավորինս մեղմ լինի, Բախշինյանը մի վերջին անգամ էլ ուղղեց մեքենայի թևերը, որից հետո Յակ-12-ը բախվեց հողին…511945_600

Մոտակա բնակավայրերից ու դաշտերից օգնության շտապեցին մարդիկ, ովքեր նկատել էին ինքնաթիռի տարօրինակ թռիչքն ու անկումը: Հետո` ավելի ուշ, պաշտոնական ամփոփագրերում նշվելու էր, թե ահաբեկիչներից մեկը` Գարեգին Մովսիսյանը մահացել էր ինքնաթիռի վայր ընկնելու արդյունքում: Սակայն կան պատմություններ այն մասին, որ իրականում ամենաքիչը նա էր տուժել և նույնիսկ փորձել էր աղետի վայրից փախուստի դիմել, սակայն հետապնդող կոլտնտեսականները նրան սպանել էին` բահերով հարվածելով: Մյուս երկուսը, որոնց ևս որսացին գյուղացիներն ու հանձնեցին դեպքի վայր հասած իրավապահներին, շաբաթներ անց դատապարտվեցին հայրենիքի դավաճանության համար և գնդակահարվեցին:

Oդաչուն, ով բարդ վիրահատություն տարավ և ծանր օրեր անցկացրեց հիվանդանոցում, պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով: Ասում են, թե իբր նա երկար ժամանակ փողոց դուրս չէր գալիս` խուսափելով մահացածների հարազատների վրեժխնդրությունից…

Օդային ոդիսականի մեկ այլ պատմություն տեղի ունեցավ նախորդից 2 տասնամյակ հետո:512101_600

Աշխաբադ քաղաքի 23-ամյա բնակիչ, Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Պյոտր Յակիմենկոն, երբ 1983 թվականի հունվարի 25-ին ոտք դրեց Հայաստանի մայրաքաղաք, բնավ մտադրություն չուներ հետագա օրերին ծանոթանալու Երևանի տեսարժան վայրերի հետ: Հենց նույն օրը նա «Էրեբունի» օդանավակայանում ձեռք բերեց Երևան- Բերդ չվերթի տոմսը` զարմանք պատճառելով Շամշադինի շրջան մեկնողներին, որոնք հազվադեպ էին իրենց կողմերում տեսնում սլավոնական արտաքինով մարդկանց: Յակ-40 ինքնաթիռն այդ օրը 6 ուղևոր էր տեղափոխում: Նրանցից ոչ ոք նույնիսկ կռահել չէր կարող, որ իրենց հետ օդ էր բարձրանում վտանգավոր ահաբեկիչը, ում հագուստի տակ ամրացված էր ինքնաշեն պայթուցիկ սարքը:

Երբ Երևանն արդեն ետևում էր մնացել, մինչ այդ արդեն անհանգիստ պահվածքով բոլորի ուշադրությունը գրաված Պյոտրը կանչեց ուղեկցորդուհի Ղազարյանին և նրա միջոցով օդանավի անձնակազմին փոխանցեց իր պահանջը` անհապաղ փոխել թռիչքի ուղղությունը և գնալ դեպի Թուրքիա: «Ես անբուժելի հիվանդ եմ: Կորցնելու ոչինչ չունեմ: Որոշում կայացնելու համար ձեզ տալիս եմ 5 րոպե ժամանակ: Հակառակ պարագայում կպայթեցնեմ ինքնաթիռը»,- գրված էր նրա երկտողում:

Օդանավի հրամանատար Վարդան Սարգսյանը անմիջապես կապվեց դիսպետչերական կետի հետ և ներկայացրեց իրավիճակը: «Երկրից» եկող հրամանը կտրական էր. «Ոչ մի դեպքում պետական սահմանը չհատել: Փորձեք վայրէջք կատարել Լենինականում»: Վերջնագիր-պահանջից հետո օդ բարձրացան կործանիչները, ովքեր հրաման ունեին անմիջապես ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռը, եթե փորձ արվեր շեղվել նախանշված երթուղուց:

Իրավիճակը կրիտիկական էր: Ինչպե՞ս վարվել: Ցանկացած համաձայնություն բոլորի համար հավասարազոր էր մահվան: Եվ այդ պարագայում ելք չէր մնում, քան ինչ-որ հրաշքով մոլորեցնել ահաբեկչին: Ու պատանդները այդպես էլ վարվեցին: Անձնակազմի անդամները Յակիմենկոյին ասացին, թե  հարմար կլինի, եթե վայրէջք կատարեն Կարսում, որը սահմանից այնքան էլ հեռու չէ: Յակիմենկոն համաձայնեց: Նրան հույսերով կերակրելու և հանգիստ վիճակում պահելու դժվարին գործին ձեռնամուխ եղան նաև շամշադինցի ուղևորները, ովքեր զրույցի բռնվեցին պայթուցիկով երիտասարդի հետ` ուշադրությունը շեղելու նպատակով:

Իսկ մինչ այդ Յակ- 40-ը մոտեցավ ու վայրէջք կատարեց Լենինականի օդանավակայանում: Հնարամիտ օդաչուները ընտրել էին վազքուղուն մոտենալու այնպիսի անկյուն, որտեղից տեսանելի չէին ներքևում կայանած կարմիր աստղերով ինքնաթիռները: Միայն այն ժամանակ, երբ Յակ-40-ի անիվները բախվեցին գետնին, ահաբեկիչը հասկացավ, թե ինչպիսի չար կատակ են խաղացել իր հետ: Իրավիճակն այլևս անելանելի էր. ինքնաթիռին արդեն մոտենում են հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, կաշվե բաճկոններ հագած պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները:12345

Յակիմենկոն որոշեց վերջին քայլ անել` գործի դնել պայթուցիկը: Բայց նույնիսկ այս դեպքում էլ բախտը նրան չժպտաց. ինքնաշեն ռումբը չաշխատեց:

Ահաբեկիչին ձերբակալեցին: Ստուգելով պայթուցիչ սարքի բաղադրությունը` մասնագետներն արձանագրեցին, որ քիմիական ռեակցիան ներսում ընթանում էր, և եթե 20 րոպե ուշացվեր նրա վնասազերծումը, ապա պայթյունը կորոտար:

Սովետական արդարադատությունն այս պատահարի միակ մեղավորի նկատմամբ կիրառեց այն ժամանակների համար այլընտրանքային համարվող որոշումներից մեկը` ազգությամբ ուկրաինացի Յակիմենկոյին ճանաչեց անմեղսունակ: Բժիշկների ու հոգեբանների եզրակացության մեջ նշվում էր, թե նա երկար տարիներ տառապել է անլիարժեքության բարդույթով, և ինքնաթիռ առևանգելու փորձին էր դիմել, քանի որ, իր խոսքերով ասած, մտադրվել էր հեռանալ այդ «կեղծ ու սահմանափակ» երկրից ու գնալ Միացյալ Նահանգներ: Իսկ ԽՍՀՄ-ում այդպիսի բան կարող էին մտադրվել միայն հիվանդները:

«Հիվանդին» տեղափոխեցին Դնեպրոպետրովսկի հոգեբուժարան: Հայկական ինքնաթիռի անհաջողակ առևանգչի հետագա ճակատագիրը այնքան էլ հստակ չէ: Ասում են, թե 1989 թվականի ամռանը նրան ազատ են արձակել: Այլ աղբյուրների համաձայն, ձերբակալությունից մեկ տարի անց Յակիմենկոն վախճանվել է խորհրդավոր հանգամանքներում…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: